Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՑՐՎԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ…
ԶՈՐԱՑՐՎԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ…

ԶՈՐԱՑՐՎԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ…Կառլեն Հակոբյանը մարտարվեստի դպրոցում իմ և որդիներիս ուսուցիչն էր: Զուսպ, պարտաճանաչ, իր գործին նվիրված երիտասարդ մարզչին սաները միշտ մեծ հարգանքով ու սիրով էին վերաբերվում: Ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև անվճար ընդունվել մագիստրատուրա: Երկրորդ անգամ չի ցանկացել օգտվել տարկետման իրավունքից, մեկնել է ծառայելու: Օրերս իմացա, որ վերադարձել է բանակից: Կապավոր է եղել: Շատ հետաքրքիր էր՝ ծառայության մասին ի՞նչ կպատմի, ինչպե՞ս է անցել ուսյալ և մարտարվեստով կոփված երիտասարդի բանակային կյանքը:

 

-Բանակում հասկացա, որ ճիշտ էր մինչև մագիստրատուրան ծառայության մեկնելու որոշումս. նույնիսկ ավելի շուտ պետք է գնացած լինեի: Բոլոր զինվորներն ու անմիջական հրամանատարներս ինձնից մի քանի տարով փոքր էին: Այս առումով սկզբում մի քիչ դժվար էր, բայց շուտով հարմարվեցի:

-Կապավոր ես եղել. ծրագրավորողի մասնագիտությունդ օգտակար եղա՞վ ծառայությանդ ընթացքում:

-Իմանալով, որ ծրագրավորող եմ, ինձ մի խնդիր առաջադրեցին՝ «Կկարողանա՞ս գլուխ բերել»: Ստանձնեցի: Ստացվեց, ու զորամասի շտաբում իմ մշակած համակարգչային ծրագրով այժմ էլ աշխատում են համալրման բաժանմունքում: Բազմաթիվ հարցեր կան, որ մինչև այդ թղթաբանական հսկայական աշխատանք էին պահանջում, իսկ հիմա արդեն թվայնացված տարբերակով հեշտությամբ կազմակերպվում են: Հիմա իմ առջև այս ծրագրի ավելի կատարելագործված տարբերակը մշակելու խնդիր եմ դրել:

-Որպես թարմ հիշողություններով ու զգացողություններով բանակից վերադարձած մարդ՝ մի քիչ ծառայողական հարաբերություններից խոսիր. որո՞նք են, ըստ քեզ, զորամասային կյանքի ճիշտ ու արդյունավետ ընթացքի, բարենպաստ մթնոլորտի ձևավորման ամենակարևոր նախապայմանները: 

-Առաջինը՝ հրամանատարական կազմի արհեստավարժությունն ու մարդկային դրական հակտանիշներն են: Հրամանատարի տրամադրվածությունը ծառայության ու զինվորի հանդեպ, վարքն ու անձնական օրինակը շատ կարևոր են:  Նրան պետք է հարգեն, սիրեն, վստահեն: Այս դեպքում զինվորը միշտ նրա  կողքին ամուր կկանգնի: Երբ զգում ես հրամանատարի սրտացավությունը զինվորի ամենատարբեր խնդիրների հանդեպ, ինքդ էլ  պարտավորված ես զգում… Ծառայողական առօրյան ու հարաբերությունները կազմակերպող հրամանատարական ամենակարևոր օղակը վաշտի ու դասակի հրամանատարներն են, որոնք պետք է  ի ծնե առաջնորդ լինեն: Եթե այդ պաշտոնում ճիշտ մարդ է նշանակված, ծառայողական և միջանձնային անցանկալի խնդիրների առաջացման հնարավորությունը չնչին է լինում:

Իհարկե, բացի անմիջական հրամանատարներից, զորամասում այնպիսի սպաներ ունեինք, որոնց հետ հազվադեպ էինք ուղղակի շփում ունենում, բայց միայն այն, որ գիտեինք, թե ի՜նչ փառավոր ուղի են անցել, թե Ապրիլյան քառօրյային ի՜նչ սխրանքներ են գործել, բավական էր, որ նրանցից դասեր առնեինք:

-Իսկ սերժանտնե՞րը:

-Ամեն դեպքում որոշիչը ո՛չ ուսադիրն է, ո՛չ էլ բարձրագույն կրթությունը: Եթե լավ կրթություն ստացած սերժանտը նաև հրամանատարական որակների է տիրապետում, իհարկե, որպես կրտսեր հրամանատար իր տեղում կլինի: Բայց լինում են դեպքեր, որ զինվորը թե՛ իր հասունությամբ, թե՛ մարդկային ու առաջնորդի որակներով գերազանցում է սերժանտին: Ակամա դերերի վերաբշխման խնդիր է առաջանում: Իսկ եթե հեղինակություն ձեռք բերած զինվորը բացասական  կերպար լինի, համապատասխանաբար սխալ հարաբերություններ կձևավորվեն:

-Ծառայությունից առաջ մարզիչ էիր, նաև մարտական գիտելիքներ ու հմտություններ էիր փոխանցում սաներիդ: Դրանք որքանո՞վ պետք եկան բանակում:

-Իհարկե, շատ օգտակար եղան: Նախ բոլոր հանգամանքներում քեզ վստահ ես զգում: Ինչ վերաբերում է այնտեղ պարապելուն, ազատ ժամերին հիմնականում հետախույզ տղաների հետ էինք պարապում: Միասին մարզվում էինք, որոշ հնարքներ էինք հղկում:

ԶՈՐԱՑՐՎԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ…-Ի՞նչ կարևոր գործոններ կան զինվորների շրջանում համերաշխ համակեցություն ձևավորելու համար: 

-Ես միշտ աշխատել եմ, որ լավ միջավայր ստեղծվի, համախմբված լինենք: Փոխօգնությունը և պարտականությունների կատարման ընթացքում հավասարությունը ամենակարևոր գործոններն են: Բոլոր զինվորները հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն զորամասում: Եթե պետք է, մի տեղ ես կօգնեմ ուրիշին, մի ուրիշ տեղ նա ինձ կօգնի: Ճիշտը սա է: Բանակը տարբերակված մոտեցման տեղ չէ: Լինում են մարդիկ, որ ինչ-որ բանով փորձում են վերևից նայել մյուսներին: «Սա չե՛մ անի, սա ինձ համար չի՛»: Այդպիսիները ոչ մի կերպ չեն ուզում հարմարվել ընդհանուր օրակարգին: Սրանք անցուդարձին անհաղորդ գալիս ու գնում են՝ առանց բանակին որևէ բան տալու կամ բանակից որևէ դաս քաղելու: Նման մարդկանց մեջ չկա երկրի տեր լինելու գաղափարը: Բայց սա արդեն կրթության, դաստիարակության խնդիր է: Դեռ մանկապարտեզից ու դպրոցից պետք է երեխայի մեջ տղամարդկային արժանապատվություն և պատասխանատվություն դաստիարակվի, տեր լինելու կամք ու գաղափար սերմանվի:

-Ի՞նչ հոգեբանություն է ձևավորում դիրքային ծառայությունը:

-Այս մի կոնֆետը, օրինակ,- ձեռքն է վերցնում մի ընկույզաչափ շոկոլադ,-յոթ հոգով հավասար կիսում էինք: Ուտելիքն ու ջուրը հավասրապես բաշխում էինք:

-Սննդի, ջրի պակաս հո չկա՞ր:

-Չէ՛, շատ լավ են կերակրում: Բայց լինում են դեպքեր, ասենք` հերթափոխ է, տղերքը վերևի դիրքից իջնում են: Հո առանց կերակրելու չե՞նք ճանապարհի: Մեզ մոտ կանգառ են անում: Երբ գիտես, որ երկու ժամը լրացավ, հիմա տղերքը մրսած հերթապահությունից վերադառնալու են, վառարանը վառում ես, թեյը դնում ես վրան… Դիրքը սրտացավություն է ձևավորում. «Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» դիրքորոշում:

-Տեսնում եմ, ծառայության մասին դեռ ներկա ժամանակով ես խոսում, դիրք բառն էլ յուրահատուկ հնչերանգով ես արտաբերում…

-Շատ եմ սիրել իմ դիրքը… Բառերով չես բացատրի դրա հետ կապվածությունդ: Մեր դիրքը երկրորդ գծում էր: Չնայած տեղանքը բարձր էր, բայց մյուս` ավելի բարձրադիր դիրքերում ամպերն ու սարերի գագաթները ոչ թե վերևում են, այլ ոտքերիդ տակ: Այստեղ մենք հակառակորդի հանդեպ գերիշխող դիրքում ենք, իսկ տղաների հիմնական «հակառակորդը» եղանակային պայմաններն են: Տեղանքը դժվարանցանելի է ու տարվա մեծ մասը ձյան հաստ շերտի տակ է:

Դիրքդ քո տունն է. սկսում ես այսպես ընկալել: Մի ավանդույթ կա բանակում, կոչվում է` « Дембельский аккорд»: Զորացրվելու պատրաստվող զինվորներն իրենց նախաձեռնությամբ ինչ-որ հիշատակ են թողնում զորամասում: Տղաներով որոշեցինք, որ մեր « Дембельский аккорд»-ը կլինի մեր մարտական դիրքի հիմնավոր բարեկարգումը: Միշտ էլ ամրաշինական աշխատանքներ անում էինք, բայց ուզում էինք մի քիչ էլ առաջ անցնել: Ուզեցինք կատարելության հասցնել դիրքի տարածքի բոլոր հատվածները` գետնատնակի ներքին հարդարումից մինչև լավագույն ամրաշինական պայմանների ապահովումը: «Լավ եք մտածել: Ի՞նչ է պետք, տղե՛րք, դուք միայն ասեք»,- ասաց զորամասի հրամանատար  Հրայր Աթոյանը, և այնուհետև ինչ շինանյութ ու  գործիքներ պետք լինեին, անմիջապես ապահովում էր, հաճախ` իր անձնական միջոցներից: Ներքին հարդարման գործերը՝ որպես ներկարար, Դավիթը, Սաքոն, դիրքի ավագ Արմենն էին անում:   Իսկ ամրաշինական աշխատանքները` ես, Նվերը, մյուս Դավիթն ու Հակոբը: Յուղանկարները, քարտեզը, որոնցով գետնատնակի ներքին հարդարանքն ավարտելուց հետո զարդարեցինք պատերը, նախկին զորակոչի տղաներն էին նվիրել զորամասին:

ԶՈՐԱՑՐՎԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ…-Այնպես ես խոսում, զգում եմ, որ արդեն կարոտում ես դիրքդ:

-Իհարկե, կարոտում եմ: Ավելին ասեմ: Տղաներով որոշել ենք` հինգ տարի հետո անպայման գնալու ենք ծառայող տղերքին հյուր, նստենք, հիշենք մեր ծառայության շրջանը…

– Ինչպե՞ս էիր Հայրենիք հասկացությունը ընկալում մինչև զորակոչվելդ ու ինչպե՞ս ես ընկալում հիմա:

-Սկզբում ռոմատնիկ գաղափար էր: Իսկ հետո արդեն Հայրենիքը ընկալում ես որպես քո պահպանությանը վստահված տարածք: Երբ հերթապահ ես, Հայրենիքիդ տվյալ հատվածի պատասխանատուն դու ես: Իրատեսությունը, իրավիճակի,  ռեսուրսների սթափ գնահատումն է դառնում հիմնական կողմնորոշիչդ:  Ու նաև համոզմունք ու դիրքորոշում է ձևավորվում՝ «պիտի՛ անես»: Բանակն այս «պիտի՛ն» է սովորեցնում. ոչ թե ստիպված ես, այլ` «սա քո պարտքն ու արժանապատվությունն է» իմաստով:

-Իսկ երբ գալիս ես ետ` քաղաքացիական կյանք, ընդարձակվո՞ւմ է Հայրենիք հասկացությունը:

-Այսպես կասեմ. զգում ես, որ ծառայությունդ չի ավարտվել: Հիմա էլ պետք է ծառայես այլ բնագավառներում և օգուտ տաս երկրիդ, ու առաջին հերթին՝ որպես հակամարտության մեջ գտնվող երկիր, բանակիդ: Թե ի՞նչ միջոցով դա կանես, քո ընտրությունն է: Ես իմ մշակած  թվայնացված ծրագրով եմ ուզում օգտակար լինել. այն ավարտուն  տեսքի բերելուց հետո անհատույց կտրամադրեմ մեր բանակին:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ