Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հարցազրույցը ռուսական «РИА НОВОСТИ» լրատվական գործակալությանը (http://www.ria.ru/interview/20110928/445212574.html): Զրույցը վարում է հատուկ թղթակից Իվան Կոնովալովը:

-Աշխարհի առաջավոր երկրների, այդ թվում Ռուսաստանի բանակներում կատարվում են մեծածավալ բարեփոխումներ: Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի բանակում:

-Հայաստանի ԶՈՒ բարեփոխումները սկսվել են 2006թ.: Դրանց նպատակն է ստեղծել արդյունավետ պաշտպանական համակարգ, որը չպետք է լինի գործող որևէ մոդելի պարզ կրկնօրինակը, այլ՝ զուտ ազգային՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի անվտանգության համակարգի յուրահատկությունը:

Մեր գլխավոր ելակետը երկրի պաշտպանական համակարգը շուկայական հարաբերությունների պահանջներին համապատասխանեցնելն է: Երկրների մեծ մասի ռազմական գերատեսչություններն այսօր բախվում են բյուջեի կոշտ շրջանակներում աշխատելու անհրաժեշտությանը, ինչն առավել ևս հրատապ է Հայաստանի պաշտպանության նախարարության համար՝ հաշվի առնելով մեր հնարավորությունները: Մենք, օրինակ, առայժմ չենք շտապում արագացնել բանակի համալրման զուտ պայմանագրային սկզբունքին անցնելու գործընթացը: Զորակոչը կպահպանվի: Ծրագրում ենք պայմանագրայինների քանակը հայկական բանակում հասցնել 35-40%-ի: Այսպիսով, մեր պաշտպանական բարեփոխումների ելակետը մեր տնտեսական հնարավորություններն են և մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները:

-Ի դեպ՝ սպառնալիքների մասին. ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հավանական Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության վերսկսումը:

-Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսումը միանգամայն հավանական է: Մեր անվտանգության տեսանկյունից մենք ավելի ճիշտ ենք համարում ելակետ ընդունել այն, որ մարտական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի և պատրաստ լինել դրանց, քան Ղարաբաղում նոր պատերազմ լինելու մասին ենթադրություններ անել: Այս առումով ուզում եմ շեշտել խիստ կարևոր մի հանգամանք. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների միջև համագործակցությունը ապահովված է ամենաբարձր մակարդակով: Մեր զինված ուժերի ռազմավարական, օպերատիվ պլանավորումն ու մարտական պատրաստությունը իրականացվում է համաձայնեցված կերպով:

-Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության ի՞նչ առանցքային կողմեր կառանձնացնեիք:

-Ռուսաստանը մեզ համար պարզապես ռազմավարական գործընկեր չէ. գործընկերներ մենք շատ ունենք: Իսկ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հարաբերություններ են: Հանրապետության տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որն ընդգրկված է Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մեջ: Սկզբունքային կարևորություն ունի այն, որ օպերատիվ պլանավորումը մենք իրականացնում ենք համատեղ, մեր ՌՕՈՒ և ՀՕՊ զորամասերը համատեղ են իրականացնում մարտական հերթապահությունը:

1993թ.-ից հայկական ԶՈՒ զինծառայողներն ուսանում են Ռուսաստանի ռազմական ուսումնական հաստատություններում: Իսկ 2006թ.-ից այդ ուսումնառությունն իրականացվում է արդեն անհատույց հիմունքներով՝ ամեն տարի հատկացվող քվոտաների համաձայն: Օրինակ՝ 2011թ. Ռուսաստան վերապատրաստվելու է ուղարկվել 55 սպա: Շատ կարևոր մեկ այլ հանգամանք է մեր երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը. չէ՞ որ հայկական բանակը սպառազինված է համարյա միայն խորհրդային և ռուսական արտադրության ռազմական տեխնիկայով:

-Ինչպե՞ս է իրականացվում համագործակցությունը ռուսական պաշտպանա-արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) հետ:

-Հայաստանի պաշտպանության նախարարության և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև 2010թ. օգոստոսի 20-ին կնքված հուշագրի համաձայն՝ ծրագրվում է Հայաստանի տարածքում ստեղծել սպառազինության ու ռազմական տեխնիկայի նորոգման և տեխնիկական սպասարկման մի շարք կենտրոններ և համատեղ ձեռնարկություններ: Դա նախևառաջ վերաբերում է զրահատանկային տեխնիկային, ՀՕՊ միջոցներին, ռուսական արտադրության տարբեր տեսակի ուղղաթիռներին, ինչպես նաև «УАЗ» ավտոմեքենաների պարկին: Օրակարգում է նաև «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելոռուսական ֆինանսաարդյունաբերական խմբում Հայաստանի մի քանի ձեռնարկությունների ընդգրկման հարցը: Պաշտպանության նախարարության բեռնատար ավտոպարկի նորոգմամբ և սպասարկմամբ կզբաղվի արդեն ստեղծված «КАМАЗ-Армения» համատեղ ձեռնարկությունը:

-ԽՍՀՄ-ի օրոք Հայաստանի տարածքում քիչ չէին պաշտպանական ձեռնարկությունները: Ի՞նչ հնարավորություններ ունի հայկական պաշտպանա-արդյունաբերական համալիրն այսօր:

-Խորհրդային ժամանակներում ռազմական նշանակության վերջնական արտադրանք Հայաստանում չէր թողարկվում: Սակայն ՊԱՀ-ի ձեռնարկություններ շատ կային: Ըստ որոշ գնահատականների՝ հայկական ձեռնարկություններն արտադրում էին ռազմական էլեկտրոնիկայի ամբողջ համամիութենական ծավալի մինչև 40%-ը: 1990-ական թթ. մենք ստեղծեցինք արդյունաբերական հզորություններ, որոնք ունակ էին ապահովելու ԶՈՒ կարիքները՝ կապված հրաձգային զենքի և որոշ հրետանային համակարգերի զինամթերքի հետ:

Այսօր քիչ չեն սեփական կարիքների համար ռազմական տեխնոլոգիաների բնագավառի մեր մշակումները, որոնց մեծ մասը սերիական արտադրության է: Որոշ բաներ էլ մտադիր ենք շուկա հանել: Օրինակ՝ բարձր հաճախության լայնաշերտ ուժեղացուցիչներ՝ «С-125» և «ОСА-АК» ՀՕՊ ԶՀՀ ռադիոտեխնիկական համակարգերում օգտագործելու համար, շարժվող թիրախների ընտրության համակարգեր՝ ՀՕՊ և ՌԼԿ համալիրների համար, փոքր չափի թվային ՌԼԿ-ներ, հրետանային հետախուզության օպտիկա-էլեկտրոնային համակարգեր, տեղեկույթի գաղտնագրման սարքավորում, հակատանկային հրթիռային համալիրների և շարժական զենիթահրթիռային համալիրների վարժասարքեր և շատ այլ բաներ:

-Սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Դրանք նո՞ւյնպես հանվելու են սպառազինության միջազգային շուկա:

-Արդեն մի քանի տարի է, ինչ մեր գիտահետազոտական ինստիտուտները և ՊԱՀ ձեռնարկությունները մշակում են տարբեր տեսակի անօդաչուներ, որոնց շարքում ես կառանձնացնեի նախևառաջ «Կռունկ-25»-ը: Բոլոր ԱԹՍ-ները զորքերում հաջողությամբ կիրառվում են հետախուզության և տեղեկույթ հավաքելու համար, և մենք կարծում ենք, որ մեր մշակումները միանգամայն մրցունակ կլինեն միջազգային շուկայում: «Կռունկը» միջին դասի անօդաչու է: Հագեցած է հետախուզական սարքավորումով: Բացի հետախուզական գործառույթներից, «Կռունկ» անօդաչուները ինտեգրված են նաև հրետանու ղեկավարման համակարգին:

Քիչ չէին մեկնաբանություններն այն առթիվ, թե Հայաստանն իր սահմանափակ ռեսուրսներով ինչպե՞ս կարողացավ այդքան արագ յուրացնել այդ հեռանկարային ռազմական տեխնիկայի արտադրությունը: Պարզապես ժամանակին վերանայվեց կադրային քաղաքականությունը, և մասնագետները կարողացան ճիշտ կազմակերպել իրենց գործը: Նաև կյանքը ստիպեց. սահմանում մեզ այդ տեխնիկան խիստ անհրաժեշտ է, չէ՞ որ մենք արբանյակային խմբավորումներ չունենք:

-Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում խփվեց ադրբեջանական անօդաչու՝ ինչպես հաղորդվեց, իսրայելական արտադրության…

-Ադրբեջանական խփված ԱԹՍ-ը մենք մանրամասն ուսումնասիրել ենք: Դժվար է ասել, թե ում արտադրանքն է այն, քանի որ դրա բաղկացուցիչները տարբեր երկրներից են, ընդ որում՝ բոլորն էլ կրկնակի նշանակության:

-Ռուսաստանի՝ «С-300 ПМУ-2 фаворит» զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանին վաճառելուց փոխվե՞լ է արդյոք ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

-Դրա մեջ մենք ոչ մի խնդիր չենք տեսնում: Դա նորմալ բիզնես-գործարք է: Ռուսաստանը սպառազինությունների առաքումն իրականացնում է միջազգային իրավունքի նորմերին խիստ համապատասխան: Բացի դրանից, «C-300»-ը ոչ թե հարձակողական, այլ զուտ պաշտպանողական համակարգ է: Նշեմ նաև, որ Հայաստանը չունի խոցման այնպիսի միջոցներ, որոնց դեմ ուղղված է այդ ահեղ զինատեսակը: Ավելին, դիմակայության ռազմական փուլի վերսկսման դեպքում մենք մտադիր չենք ավիագրոհների ու ռմբահարությունների ենթարկել բնակավայրերը, հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար մենք ունենք այլ՝ ավելի արդյունավետ միջոցներ:

Հավելեմ նաև, որ մեր «C-300» համալիրներն արդեն վաղուց մարտական հերթապահություն են կատարում ինչպես ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում, այնպես էլ ավտոնոմ ռեժիմում, և մենք շատ ավելի լավ գիտենք այդ համակարգերի առավելություններն ու թերությունները՝ հաշվի առնելով դրանց շահագործումը լեռնային տեղանքում:

-Վերջերս Թուրքիան համաձայնեց իր տարածքում ծավալել Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի շարժական ռադար: Դա ճշգրտումներ կմտցնի՞ Հայաստանի պաշտպանական ռազմավարության մեջ:

-Թուրքիայում եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցների տեղակայումը պետք է հուզի սոսկ այն երկրներին, որոնք ունեն հրթիռային հարձակման միջոցներ: Մենք չունենք: Ինչ վերաբերում է այն բանին, որ այդ համակարգի միջոցով դիտարկելի կդառնա Հայաստանի ամբողջ տարածքը, ապա կարծում եմ, որ Թուրքիան առանց այդ էլ բավարար միջոցներ ունի դրա համար:

-Ռուսաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ Գաբալայի ՌԼԿ վարձակալության վճարի հարցում, և գործընթացը դեռ ավարտված չէ: Հայաստանի պաշտպանության նախարարությունում հետևո՞ւմ են դրան:

-Իմ կարծիքով, Ադրբեջանում Ռուսաստանի ներկայությունը բարենպաստ ազդեցություն ունի ամբողջ տարածաշրջանում իրավիճակի վրա: Եւ այդ տեսանկյունից Գաբալայի շուրջ իրավիճակը կարևոր է մեզ համար: Եթե տեսականորեն, ես շեշտում եմ՝ տեսականորեն ենթադրենք, որ ռուսներն այնտեղից հեռանում են, ապա դրանից ոչ ոք չի շահի: Ավելին, կարծում եմ, որ Գաբալայի կայանը ինչ-որ չափով ավելի խոցելի կդառնա:

-Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և միաժամանակ ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում…

-Վաղուց ակնհայտ է դարձել, որ ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն անվտանգության խնդիրների լուծման համար որդեգրել են սկզբունքորեն միանման մոտեցումներ, իսկ սպառնալիքների համապարփակ բնույթը հետին պլան է մղել եղած հակասությունները՝ կողմերին ստիպելով ավելի ու ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները: Հայաստանն այս առումով հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հաշվի առնելով ինչպես իր, այնպես էլ գործընկերների ու դաշնակիցների շահերը: Մեր խաղաղապահների դասակը առաքելության է մասնակցում Կոսովոյում: Հայաստանի զորախումբը վաշտի կազմով ընդգրկված է Աֆղանստանում խաղաղություն ապահովող միջազգային ուժերի մեջ. զորախմբի կազմը փոխվում է կես տարին մեկ:

ՆԱՏՕ-ի ձևաչափով համագործակցությունը երկու կողմերին էլ հարստացնող գործընթաց է, այն կարևոր է, առավել ևս, որ հայկական բանակը ստեղծել են նախկին խորհրդային սպաները՝ խորհրդային կանոնագրքերի ու ռազմական դասագրքերի հիման վրա: Կարծում եմ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ խորհրդային ռազմարվեստը հերթական անգամ ապացուցեց, որ լիովին կայացած է: Բայց ժամանակն անցնում է: ՆԱՏՕ-ական համակարգն, օրինակ, շատ բյուրոկրատական է և՛ մարտավարական, և՛ օպերատիվ-մարտավարական մակարդակներում, բայց այնքան է մեքենայացված, որ թույլ է տալիս շատ օպերատիվ ընդունել բոլոր որոշումները: Մենք յուրացնում ենք այս փորձը:

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին, ապա վերջին որոշումներից կառանձնացնեի 3-րդ բանակային կորպուսի գնդերից մեկի հիման վրա կազմավորումը հատուկ նշանակության 3-րդ բրիգադի, որն արդեն ընդգրկված է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) կազմում, և դրա ստորաբաժանումների ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն» անունը կրող ամենամյա համատեղ օպերատիվ զորավարժություններին, ինչպես դա եղավ Ղազախստանում՝ 2009թ., և Ռուսաստանի Դաշնությունում՝ անցյալ տարի: