Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՏՐԱՄԱԴՐՎԵՍ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ



ԻՆՉՊԵՍ ՏՐԱՄԱԴՐՎԵՍ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻԱրթուրը զարմիկիս որդին է: Նոր է զորացրվել ու դեռ հոգով-սրտով Արցախի չքնաղ, զորավոր կենսադաշտով ողողված վայրերից մեկում է, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2016թ., կենաց-մահու կռիվներն էին գնում:

«Դե՛, ո՞նց էր ծառայությունդ»,- հարցիս առանց երկար-բարակ մտածելու, ուրախ ժպիտով երկու տարվա ընթացքում ակնհայտորեն առնականացած տղան ասում է. «Դեռ երկու տարի էլ կծառայեի: Կատակ չեմ անում. բանակի առօրյան արդեն այնքան հարազատ, սովորական էր դարձել, որ հիմա դժվար եմ հարմարվում: Եկած-չեկած` հազար ու մի խնդիր է բարդվում ուսերիդ»: Իսկ ինքն իր ներկայությամբ արդեն շուրջբոլորը լցրել է վստահության, ջերմության ու լավատեսության ալիքներով:

Արթուրին «առաջադրում եմ» մեր զրույցի պայմանը՝ այնպես պատասխանել հարցերիս, որ նոր հանգամանքներին հարմարվելու առաջին կարևոր փուլն անցնող նորակոչիկներն օգտակար տեղեկություններ քաղեն:

 

-Եթե շատ մտածես՝ ոնց է լինելու, ոնց ես հարմարվելու՝ արդեն իսկ դժվար կլինի: Իսկ եթե հենց սկզբից տրամադրվես, որ ամեն ինչ թեթև ու հեշտ է անցնելու, այդպես էլ կլինի: Երեկվա պես հիշում եմ, թե ինչպես գնացի, ու ահա արդեն տանն եմ: Չեմ նկատել, թե ինչպես թռավ ժամանակը:

-Ոտք դրեցիր զորամաս: Առաջին զգացողություններիդ մասին պատմիր:

-Ծիծաղելի է, բայց բանակային կյանքը պատկերացնում էի միայն որպես դիրքեր: Երբ մեզ զորամաս բերեցին, ու տեսա երեք-չորս հարկանի շինությունները, ինձ թվաց, թե մեզ բերել են ինչ-որ հերթական կանգառ, որից հետո կտեղափոխեն առաջնագիծ:

-Զորամաս մուտք գործելուց հետո ի՞նչ պետք է անես արագ հարմարվելու համար: 

-Պատրաստի դեղատոմս չկա: Յուրաքանչյուրն այս խնդիրը իր ձևով է լուծում: Սակայն մի քանի կարևոր նախապայման կարող եմ թվարկել: Առաջինը՝ հենց սկզբից համակերպվելն է այն մտքին, որ ինչ էլ լինի, երկու տարի բանակում ես: Հաջորդը՝ շփման համար բաց լինելն է: Միայնություն փնտրելը, առանձնանալը լավ չի դիտվում: Սա չի նշանակում, թե պետք է նստես, ամբողջ կյանքդ ինչ-որ մեկին պատմես: Պարզապես պետք է փորձես բոլորի հետ լեզու գտնել: Իսկ հետո արդեն շատ հեշտ կլինի այն մարդկանց շրջանում, որոնց հետ երկու տարի ես անցկացնելու:

-Ի՞նչ կասես հաճախ շրջանառվող և զգայուն «միջանձնային հարաբերություններ» թեմայի մասին: 

-Մասնագիտությունս շատ օգնեց ճիշտ հարաբերություններ կառուցելու հարցում: Երբ ասում են` սանհրահանգիչներին շատ են սիրում, ճիշտ է: Օր չի եղել, որ ամենատարբեր առողջական խնդիրներով ինձ չդիմեին: Առողջ միջանձնային հարաբերությունների համար շատ կարևոր է նաև զորամասի դրվածքը: Մեր վաշտն իր կարգապահությամբ միշտ առանձնացել է զորամասում: Սա հրամկազմի ձեռքբերումն է: Մշտական վերահսկողությունը ու զինվորների պարտականությունների ճիշտ բաշխումը ամենակարևոր գործոններն են:  Շատ  լավ վաշտի հրամանատար եմ ունեցել՝ կապիտան Գեղամ Մեսրոպյանը: Նա հիանալի է տիրապետում զինվորական մասնագիտությանը ու շատ լավ կազմակերպիչ է: Ինչ վերաբերում է միջանձնային հարաբերությունների բացասական դրսևորումներին. երբ հատկապես տարբեր խմբեր են ձևավորվում, ապա բախումներն անխուսափելի են: Երբ «արյունները եռում է», ամենահասարակ բանը կարող է  «հարցեր պարզելու» առիթ դառնալ: Նման դեպքերում հմուտ, խելացի հրամանատարի դերն անգնահատելի է: Մի պայմանագրային  սպա ունեինք, որ ստանձնել էր հաշտարարի պարտականությունը: Նրան միշտ հաջողվում էր ցանկացած բախման դեպքում այնպիսի լուծում գտնել, որ բոլորին գոհացնում էր:

-Ինչպե՞ս էին պարտականությունները բաշխվում:

-Յուրաքանչյուրը ներգրավված էր այն գործում, որին վարժ էր ու սովոր: Կանոնադրորեն նախատեսված ոչ մի գործ չկար, որ իր կատարողին չգտներ: Մի խոսքով՝ փոխշահավետ ներգրավվածություն:

-Զորամասի հետ կապված հետաքրքիր մի որեւէ դեպք պատմիր:

-Առաջին Նոր տարին է շատ տպավորվել: Իսկական տոն էր: Շատ լավ էին կազմակերպել: Զորամասը մեկը մյուսի ետևից նվիրաբերություններ էր ստանում: Անհատ բարեգործներ, կազմակերպություններ, մեր ծնողները այնքան ուտելիք էին ուղարկել, որ սեղաններին դնելու տեղ չկար: Այնքան գեղեցիկ սեղան էր ստացվել, որ ափսոսում էինք ձեռք տալ, սպասում էինք ժամը 12-ին: Կեսգիշերին՝ ժամացույցի զարկերի հետ, երբ սկսեցինք բաժակ բաժակի խփել, մեր զորամասի շտաբի պետը «Ձմեռ պապի»  ուղեկցությամբ մտավ ճաշարան: Բոլորս մի մարդու պես լռեցինք: «Ձմեռ պապը» սկսեց խոսել՝ «թավ մորուքը» ցած ձգելով, ու ճանաչենցինք մեր գնդի հրամանատարին… Այդ օրը երբեք չեմ մոռանա. ամենաուրախ ու ջերմ Նոր տարին էր:

-Ինչպե՞ս  դարձար վաշտի սանհրահանգիչը:

-Սա առանձին պատմություն է: Զորամաս հասնելուս առաջին օրը, մինչև մեզ ըստ վաշտերի կբաշխեին, տարան բուժկետ`  մեր առողջական վիճակը մի անգամ էլ ստուգելու: Ինձ հետ վերցրել էի բժշկական քոլեջի ավարտական փաստաթղթերս, բժշկական համալսարանի 3-րդ կուրսում սովորելու վկայականս:  Դեռ ուսադիրների աստղերից բան չէի հասկանում. բուժկետում մոտեցա ամենամեծ աստղերը կրող զինվորական բժշկին. պարզվեց՝ բուժծառայության պետն է: Ասացի` «Ուզում եմ հետագայում սանհրահանգչի պաշտոն զբաղեցնել»: Սեղանին մի թերթ էր դրված. անկյունից մի փոքր կտոր պատռեց ու ասաց. «Անուն, ազգանո՞ւնդ»: «Ջիլավդարյան Արթուր»: Դժվար արտաբերվող ազգանունս մի կերպ գրեց ու հարցրեց՝ «Ո՞ր վաշտում ես լինելու»: Չգիտեի: Ասաց. «Ոչինչ, կարևոր չի, գնա՛»:  Մտածեցի՝ կմոռանա: Շուրջ 40 օր էր անցել: Հանգստի ժամ էր: Մեկ էլ նույն զինվորականը, այդ նույն թղթի կտորով մտավ ներս: Մի կերպ դժվար արտաբերվող ազգանունս կարդաց: Անմիջապես վեր թռա. «Մոտեցի՛ր վաշտիդ հրամանատարին»: Այսպես ինձ ուղարկեցին սանհրահանգչի քառամսյա դասընթացներին՝ Երևան: Հրաշալի դասընթաց էր: Այստեղ մանրամասն, քայլ առ քայլ սերտում էինք գործնական պարապմունքներում խաղարկվող հազարավոր սցենարներ:

ԻՆՉՊԵՍ ՏՐԱՄԱԴՐՎԵՍ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ-Վերադարձար զորամաս, բարձրացար դիրքեր: Ի՞նչ նոր զգացողություններ ունեցար: Ինչպե՞ս վարժվեցիր դիրքային ծառայությանը:

-Սկզբում մի քիչ դժվար էր: Բայց անընդհատ ուշադրության կենտրոնում էինք: Սպաները մշտապես գալիս, ստուգում էին նորեկներիս: Գնդի հրամանատարը այդ հաճախակի «հյուրերից» էր:  Պատերազմի ակտիվ մասնակից է:  Շատ հետաքրքիր պատմություններ էր անում մարտական գործողություններից, կարևոր նրբություններ բացատրում: Ժամանակն աննկատ թռչում էր, իսկ մեր երևակայության մեջ կենդանանում էին այս տեղանքում ընթացած հերոսամարտերի տեսարանները…

– Դիրքային ծառայությանդ փորձից ելնելով՝ ի՞նչ կասես անվտանգության կանոնների մասին, որոնց չտիրապետելը կամ չպահպանելը երբեմն ողբերգական դեպքերի է հանգեցնում: 

-Շատ դեպքեր հենց անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով են լինում: Մի ուսանելի դեպք պատմեմ: Մեր ականանետավորներից մեկը երկրորդ գծից մինչև դիրք տանող խրամուղին փորձել էր շրջանցել. կարճ արահետով փորձել էր հասնել դիրքին` տեղանք, որտեղ միայն ականապատողներն էին մինչև այդ գործ արել: Արահետից ընդամենը փոքր-ինչ շեղվելով՝ գնացել և հենց մերոնց  տեղադրած ականի վրա պայթել էր: Կորցրել էր երկու ոտքը, մի աչքի տեսողությունը: Խրամուղիներն հենց նրա համար են ստեղծված, որ զինվորականներն անվտանգ ու ապահով տեղաշարժվեն: Մեկ րոպե առաջ տեղ հասնելու համար կյանքդ ու առողջությունդ վտանգելն առնվազն հիմարություն է: Դիտարկվող վայրերում ծխախոտի կամ մի այլ լույսի աղբյուրը կարող է ճակատագրական լինել: Թվում է, թե մի փոքրիկ լույսն ի՞նչ է, աննկատ կմնաս: Բայց քանի որ դրանք նաև ջերմություն են արձակում, հակառակորդի ջերմատեսիլ սարքերը որսում են, ու հակառակորդը մի մեծ սպիտակ լույսի գունդ է տեսնում: Անմիջապես թիրախ ես դառնում: Կան տեղամասեր, որոնց միջդիրքային հեռավորությունը շատ փոքր է: Այս դեպքում ցանկացած ավելորդ ձայն քո գտնվելու տեղը մատնում է: Պետք է միշտ հիշել, որ հույսը, թե քեզ բան չի պատահի, զգոնությունը կորցնելու պատճառ չէ: Մեր զինվորների ապահովության համար այս պահին բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են. ամբողջ շփման գծով մեկ բոլոր դիրքերում առկա են ջերմատեսիլ սարքեր, տեսախցիկներով դիտարկվում է ամբողջ պահպանության շրջանը: Ցանկացած շարժում դիտարկելի է: Զգոն լինելով՝ թշնամու ցանկացած սադրանք կարելի է կասեցնել:

-Հայաստանցի-արցախցի տարբերակված մոտեցում երբեւէ զգացե՞լ ես: 

-Ո՛չ, բացարձակապես ո՛չ: Բազմաթիվ լավ արցախցի ընեկրներ եմ ձեռք բերել, որ եղբոր չափ թանկ են ինձ համար: Մեր դիրքի ավագին օրինակ բերեմ: Արցախցի է, պայմանագրային զինծառայող: Դիրքի տղաներով անչափ հարգում ու սիրում էինք նրան: Իր գործի իսկական նվիրյալ է: Կրտսեր սերժանտ, պայմանագրային Վրեժ Հայրապետյանը մեզ համար և՛ ավագ եղբայր էր, և՛ ընկեր և՛ հրամանատար:

Վերջում կրկին ուզում եմ իմ նորակոչիկ եղբայրներին մի բան հիշեցնել՝ ինչպես տրամադրվես, այնպես էլ կանցնի ծառայությունդ: Ցանկանում եմ, որ աչքները փակեն-բացեն ու հասկանան. պատվով ավարտել են իրենց կյանքի ամենակարևոր փուլերից մեկը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1301) 7.08.2019 - 13.08.2019, Բանակ և հասարակություն


08/08/2019