Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓՈՔՐ ՄՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ
ՓՈՔՐ ՄՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրում հայկազունների երդման արարողությունն էր։ Վարժարան նշված ժամանակից շուտ հասա։ Քաղաքի ծխից ու փոշուց կտրվելով՝ որոշեցի շրջել տարածքում՝ վայելելով Քանաքեռավանի մաքուր օդը։ Ամենուր հոգատար եւ խնամող ձեռքի ներկայությունն զգացի։ Պատերին հայրենասիրական ոգով արված պաստառներ են՝ պատգամներ, որոնցից հատկապես մեկը շատ տպավորվեց. «Թշնամիները նման են շների. որքան վախեցար, այնքան կհարձակվեն»։ Կրթահամալիրի սաները վերջին փորձերն էին կատարում, վերջին հրահանգավորումներն ստանում։
-Գիտե՞ք՝ ով է Փոքր Մհերը,- հարցնում եմ։
-Դավթի եւ Խանդութի որդին,- ասում է խաժ աչքերով մի տղա։
-Մեծ Մհերի թոռը,- լրացնում է մյուսը,- Վանի մոտ գտնվող Ագռավաքար այրում է փակվել, երբ աշխարհում արդարություն եւ առատություն լինի, դուրս կգա…
Կրթահամալիրը ստեղծվել է 2001 թվականին։ Այստեղ հանրակրթական բոլոր առարկաներին զուգահեռ, մեծ ուշադրություն է դարձվում ռազմական եւ մարզական կրթությանը։ Սաներին նախապատրաստում են ինքնուրույն կյանքի, ապահովում նախազորակոչային պատրաստությունը, արշավներ են կազմակերպում, մրցումներ, բանակումներ։ Շատերը հետագայում իրենց ուսումը շարունակում են ռազմական բուհերում։
Կրթահամալիրի պետը գնդապետ Ա. Մուրադյանն է։ Նա կարեւորում է ուժեղ եւ ամուր բանակի դերը. պատերազմի բովով անցած մարդիկ լավ գիտեն խաղաղության գինը։ Մինչեւ Արցախյան պատերազմը նա ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, նաեւ զինվորական ամբիոնը՝ ինժեներ-սակրավորի մասնագիտությամբ։ Ավարտել է նաեւ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան, ստացել երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Կարող էր, իհարկե, հանգիստ իր գիտական գործունեությամբ զբաղվել, բայց նա հայի այն տեսակն է, որ երբ հայրենիքը վտանգի մեջ է, ընտրում է միայն մի մասնագիտություն՝ հայրենիքի զինվոր։ Արցախյան կռիվներին մասնակցել է սկզբում Ս. Աչիկգյոզյանի հրամանատարությամբ գործող Սպայական գնդի կազմում, ապա «Կոմանդոս» ջոկատում։
-Պատերազմին պատրաստ եմ մեկնել. խորհրդային բանակի փորձն ու գումարած ինժեներ-սակրավորի մասնագիտությունը, բայց զինվորական գործը միայն աջ ու ձախ քայլք չէ, զենքին տիրապետելը չէ։ Նվիրումն ու ոգին էլ զենքին հավասար ուժ ունեն։ Այսօր կրթահամալիրում արվում է հնարավորը, որ վաղվա զինվորները դաստիարակվեն ազգային գաղափարներով, ճանաչեն ազգի մեծերին, իմանան իրենց պատմությունը, ազգային արժեքները, անաղարտ պահեն մեր ոսկեղենիկ հայերենը։ Այսինքն՝ լինեն կիրթ, բանիմաց, ուժեղ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ ոգով։
…Սկսվում է միջոցառումը։ Հուզված եւ խանդավառված էին թե՛ ծնողները, թե՛ հյուրերը, իսկ ամենաշատը այն 52 տղաները, ովքեր հայկազուն են օծվելու։ Շարահրապարակով սպիտակ ձին հեծած, Թուր Կեծակին հզոր բազուկներում բռնած, հաղթարշավ անցնում է Փոքր Մհերը, ու ողջ շարահրապարակը թնդում է.
-Ով քնած է, արթուն կացեք,
Ով արթուն է, ելեք, կեցեք…
Լսո՞ւմ եք, հայկազուններն են երդվում. «Արժանանալով հայկազունի կոչմանը՝ երդվում եմ բարձր պահել ազգիս, հայրենիքիս, կրթահամալիրիս, ընտանիքիս ու իմ պատիվը, լինել արժանի հետեւորդը Հայկ նահապետի։ Սովորել ջանասիրաբար եւ հաղթահարել կրթության բոլոր դժվարությունները։ Ապրե՛լ եւ հաղթե՛լ, հաղթե՛լ եւ ապրե՛լ»։ Ու երդման ամեն բառից հետո հավատդ է՛լ ավելի է հզորանում՝ մեր թանկ ու սուրբ հողը՝ մեր հնօրյա եւ նորօրյա հերոսների արյամբ է՛լ ավելի սրբացած, այսօր էլ հուսալի պաշտպաններ ունի։
Երդումից հետո համբուրում են դրոշը, Քուռկիկ Ջալալու եւ Թուր Կեծակի զորությունն ստացած, հաց եւ գինով էլ ամրացնելով իրենց երդումը՝ մոտենում են կրթահամալիրի խորհրդի նախագահ Գեւորգ Մալխասյանին, որը սիրով ու ջերմությամբ նրանց է հանձնում Խաչ պատերազմի հավերժանշանը։ Նորընծա հայկազունները, զինվորական ձիգ կեցվածք ընդունելով, խրոխտ արտաբերում են՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
Ներկաներին հատկապես հիացնում է «Կարիճների» ռազմամարզական ցուցադրական ելույթը։ Առաջադրանք էր տրված ոչնչացնել «հակառակորդին»։ «Կարիճները» զարմանալի ճկունությամբ մի ակնթարթում հայտնվում են արագ ընթացող «թշնամու» զրահամեքենայի տակ, հետո թռչում մեքենայի վրա։ Մի քանի կրակահերթ եւ՝ առաջադրանքը կատարված է։ «Հակառակորդին» ոչ միայն ոչնչացրել են, այլ անգամ ռազմավար են վերցրել։ Ծափերի տեղատարափ է։ Ապա հաջորդում է պարգեւատրման արարողությունը։ «Հայկազունական փառք» նշանին են արժանանում նախկին հայկազունները, ովքեր այսօր բարեխիղճ եւ նվիրումով ծառայում են ազգային բանակում։ Շնորհակալագրեր են հանձնվում վարժարանի մշտական աջակիցներին, բոլոր նրանց, ովքեր սիրով օգնում եւ սատարում են «Փոքր Մհերին»։ Միջոցառմանը ներկա էին Վ. Սարգսյանի անվան ՌԻ պետ գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, «Ա. Շիրակացի» կրթահամալիրի տնօրեն Ալիխանյանը, արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը, կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցներ, Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկներ, մանկավարժներ, աշակերտներ։ Բոլորն էլ ոգեւորված էին եւ խանդավառված։
-Կրթահամալի՛ր, զգա՛ստ, հանդիսավոր երթի,- հրամայում է գնդապետ Հրանտ Աղաջանյանը, եւ կրթահամալիրի դասակներն անցնում են երգով։
Ջերմ խոսքերը, բարեմաղթանքները, տոնական տրամադրությունը թեւածում են «Փոքր Մհերում»։ Միջոցառումն ավարտվել է։ Ծնողները շնորհավորում են իրենց զավակներին, շնորհակալության ջերմ եւ անկեղծ խոսքեր ասում կրթահամալիրի պետին, աշխատակիցներին եւ հայկազուն որդիների հետ տուն գնում. մեկ շաբաթ արձակուրդ է։
…Հետդարձի ճանապարհը մարդաշատ է։ Այդ հրաշալի միջոցառման տպավորության տակ մենք ավելի ազնիվ ենք զգում, ավելի ազգասեր ու ավելի հայրենապաշտ։ Ճանապարհը վերընթաց է, ու ինձ թվում է, թե դեպի Մհերի դուռն ենք գնում…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Լուս.՝ Գ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան