Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՌՈՒԲԵ՛Ն
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՌՈՒԲԵ՛Ն

Հերոս-ազատամարտիկ Ռուբեն Գառնիկի Բաղդասարյանի անունը կրող Կոտայքի մարզի Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 26-ին նշվեց նրա ծննդյան 47-րդ տարեդարձը։

Ռուբեն Բաղդասարյանը ծնվել է 1964թ. Ապարանի շրջանի Զովունի գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ Վերադարձել եւ անցել է աշխատանքի` օգնելով ծնողներին հոգալու բազմանդամ ընտանիքի հոգսերը։

Երբ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, Ռուբենը Ազատության հրապարակից տուն չէր գալիս։ Հմուտ կազմակերպիչ էր, նվիրյալ։ Տեսնելով, որ սահմանամերձ շրջաններում թշնամին սկսել է իր ոտնձգությունները, հենց Ազատության հրապարակում կազմավորում է ջոկատ եւ մեկնում սահման։ Ջոկատի տղաները տարբեր բնակավայրերից էին՝ Սյունիքից, Տավուշից, Գանձակից, Արցախից, Տաշիրից։ Ազատության միակ ճանապարհը` զինված պայքարը, նրանց տարավ վտանգված հայրենի սահմաններ՝ Երասխավան, Ոսկեպար, Կոռնիձոր, Շահումյան, Մանաշիդ, Կիչան, Սրխավենդ։ Երկու անգամ վիրավորվեց, սակայն դեռ չապաքինված` նորից մեկնեց ռազմի դաշտ։

1992թ. հունիս… Թշնամին անցել էր լայնածավալ հարձակման։ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մատույցներում ընկերները անհավասար մարտեր էին մղում։ Ռուբենը չէր կարող տանը մնալ։ «Երբ վիրակապով ոտքին հագավ իմ հողաթափը, ես փորձեցի նրան հետ պահել, հիշեցնել իր վերքի մասին,- վերհիշում է Արեւ մայրը,- սակայն տղաս կատակի տվեց. «Մամ ջան, հողաթափդ անպայման կբերեմ։ Կամ էլ գալուց հետո նորը կառնեմ»։

Ուղղաթիռով հասան Խաչենի հովիտ։ Երկու անգամ պտույտ գործելով թշնամու դիրքերի վրա` ուղղաթիռից խոցեցին թշնամու մի քանի միավոր զրահատեխնիկա, սակայն թշնամու արկից խոցվեց նաև մերոնց ուղղաթիռը։ Զոհվեցին Արամ Մխիթարյանը, Լեւոն Հարությունյանը, անձնակազմի մյուս անդամները…

Ռուբենի ընկերները, եղբայրը՝ Էդիկը, ուղղաթիռի ընկած տեղում հուշակոթող են տեղադրել, որը դարձել է ուխտատեղի։ «Որդուս հետ զոհված Լեւոնի քրոջ հետ (Լեւոնը Քոլատակից էր) եղանք այդ վայրում,- պատմում է Ռուբենի մայրը,- Պատերազմը նոր էր ավարտվել։ Մարդահասակ խոտերի միջից քույրը գտավ եղբոր մի կոշիկը, ուշագնաց եղավ»…

Հերոսի անունը կրող դպրոցում Արիության դաս է: Մասնակցում են ՀՀ ՊՆ Տ եւ ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, պատմական գիտությունների դոկտոր Արմեն Կարապետյանը, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի պետ, գնդապետ Արայիկ Մուրադյանը, Ռուբենի մարտական ընկերները՝ Ալեքսան Հակոբյանը, Գրիշա Ջավալյանը, Ալիկ Բալոյանը, Հենրիխ Հայրապետյանը, Վարդան Վարդանյանը, Սամվել Սողոմոնյանը, Արսեն Գեւորգյանը, Սուրեն Սահակյանը, Սարուխան Մանասյանը, Սամսոն Աթսյանը, Ջիվան Վարդանյանը, գնդապետ Կիմ Գիլոյանը, մայոր Աշոտ Երիցյանը։ Դպրոցի տնօրեն Վարդան Ղազարյանը, զինղեկ Արթուր Հովհաննիսյանը, ուսուցչական ամբողջ կոլեկտիվը հերոսին եւ հայոց անկախության 20-րդ տարեդարձին նվիրված գրական-գեղարվեստական հետաքրքիր ներկայացում էին կազմակերպել։

-Այսօր ծննդյան, ոգեկոչման օր է, հայոց անկախության 20-րդ տարեդարձը – դիմելով ներկաներին՝ ասում է Ռուբենի եղբայրը` փոխգնդապետ Էդիկ Բաղդասարյանը։- Անկախության մեկ տարին դեռ չէր լրացնել, երբ եղբայրս զոհվեց, սակայն հիշում եմ այն ոգեւորությունը, այն ուրախությունը, որը համակել էր նրան։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր ներկաներին, դպրոցի տնօրինությանը, միջոցառման կազմակերպիչներին, պաշտպանության նախարարությանը, եղբորս մարտական ընկերներին, Զովունի համայնքի ղեկավար Սերժիկ Ավետիսյանին, ով չի մոռանում գյուղի հանգստարանում ննջող 7 զոհերի ծննդյան, մահվան օրերը, տոնական օրերին ամեն կերպ օգնում, աջակցում է նրանց ընտանիքներին, սատար կանգնում վիրավոր ու հաշմանդամ ազատամարտիկներին։ Շնորհակալ եմ բոլորիցդ եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասել` շնորհավոր ծնունդդ, եղբայր…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ