Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՐՑԱԽՑԻ ԵՄ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՈՐԴԻ»



«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՐՑԱԽՑԻ ԵՄ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՈՐԴԻ»11-ամյա Միշա Գրիգորյանը շատ փոքր էր, երբ մարդկանց սրտերը գերեց իր «Փոքրիկ ղարաբաղցին» երգով: Հետո նա երկրորդ մրցանակ շահեց հեղինակավոր «Նոր ալիք» մրցույթում: Միշայի տաղանդը փայլեց նաեւ «Ռուսաստանի ձայնը» մրցույթի ժամանակ, եւ նա հասավ եզրափակիչ փուլ: Միշան զինվորականի որդի է, նրա հայրը պաշտպանության բանակի նվագախմբի ղեկավարն է արդեն 25 տարի, իսկ մեր զրույցի օրը Միշայի ավագ եղբայրը զորակոչվեց բանակ:

 

-Միշա ջան, արի մեր զրույցն սկսենք քո ընտանիքից: Ես գիտեմ, որ հայրդ զինվորական է, բայց չգիտեմ, թե ինչո՞վ են զբաղվում մայրդ, ընտանիքիդ մյուս անդամները:

-Հայրս ե՛ւ զինվորական է, ե՛ւ երաժիշտ: Նա արդեն 25 տարի ղեկավարում է Արցախի բանակի զինվորական նվագախումբը: Մայրս երգեցողություն է դասավանդում մանկապարտեզում: Ես ունեմ մեկ քույր եւ մեկ եղբայր: Քույրս ծրագրավորող է, եղբայրս այս պահին զորակոչվում է բանակ, եւ արդեն կարող եմ ասել, որ նա զինվոր է:

-Դու է՞լ ես զինվոր դառնալու, թե՞, որպես տաղանդավոր տղա, հայրենիքին պիտանի կլինես քո երգով:

-Ես կարծում եմ՝ սահման պահելը բոլոր տղաների պարտքն է, եւ տաղանդավոր տղաները նույնպես պիտի զինվոր դառնան ու պաշտպանեն հայրենիքը: Ես անպայման ծառայելու եմ բանակում, կարծում եմ, սահման պահելը չի խանգարի իմ մասնագիտական հաջողություններին, այլ կնպաստի:

-Պատկերացնում եմ, թե որքան շատ ես աշխատել նման հաջողություններ ունենալու համար, այդքան բարձրորակ եւ գեղեցիկ երգեցողության հասնելու համար: Իսկ խաղալու, ընկերների հետ շփվելու, չարություն անելու ժամանակ մնացե՞լ է…

-Սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Առհասարակ, խաղալ սիրում եմ: Նաեւ սիրում եմ նկարել, լողալ ու երգեր լսել:

-Մա՞յրդ է քեզ երգել սովորեցրել, թե՞ հայրդ: Փաստորեն երկուսն էլ երաժիշտ են:

-Ոչ մեկը, ոչ մյուսը: Ես շատ փոքր տարիքից ինքնուրույն երգել եմ, մի անգամ հայրս նկատեց, որ իմ երգած երգերը նվագում եմ դաշնամուրով եւ ինձ տարավ «Արցախի ձայներ» խմբի ղեկավար և պրոդյուսեր Լիրա Քոչարյանի մոտ: Երեք տարեկանից (արդեն 8 տարի) ես «Արցախի ձայներ» խմբի անդամ եմ: Մենք շատ ենք շրջագայել, եղել ենք Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում: Ես շատ երգեր եմ սովորել այս ընթացքում: Շատ լավ հիշում եմ իմ առաջին բեմելը 4 տարեկանում «Ջամայկա» երգով, որի բառերը չէի հասկանում եւ մեծ դժվարությամբ սովորեցի: Հիշում եմ իմ հուզմունքը:

-Իսկ հիմա չե՞ս հուզվում:

-Հիմա գրեթե չեմ հուզվում, ութ տարվա ընթացքում աստիճանաբար սովորեցի տիրապետել ինձ, որովհետեւ հուզմունքը երգողի առաջին թշնամին է: Պրոդյուսերական կենտրոնում ես նաեւ սովորում եմ դաշնամուր եւ հարվածային գործիքներ նվագել:

-Միշա, «Ռուսաստանի ձայնը» մրցույթի ժամանակ դու ասացիր, որ Հայաստանից ես, Ստեփանակերտից: Դրանից հետո խնդիրներ չառաջացա՞ն:

-Ո՛չ, ես ցանկացա եւ այդպես ասացի:

-Ասացիր, որ շատ երկրներում ես եղել, ո՞ր երկիրն է քեզ ամենից շատ դուր եկել:

-Արցախը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է, քանի որ շատ սիրուն բնություն ունի եւ շատ հյուրասեր մարդիկ: Բոլոր զբոսաշրջիկներն էլ ասում են, որ արցախցիների պես հյուրընկալ մարդիկ աշխարհի ոչ մի երկրում չեն տեսել: Արցախցիները նաեւ քաջ են, շատ են սիրում իրենց հայրենիքը: Արցախյան խոհանոցը նույնպես ամենալավն է: Ես շատ եմ սիրում մեր ազգային կերակուրները. օրինակ՝ կորկոտը: Ես շատ հպարտ եմ, որ արցախցի եմ ու զինվորականի որդի:

Զինվորականն է երկրին խաղաղություն բերողը: Եթե պատերազմ լինի, ուսուցիչը չի կարող սովորեցնել, երաժիշտը չի կարող նվագել: Այսինքն՝ զինվորականի մասնագիտությունն ամենակարեւորն է: Եվ ամենավտանգավորը: Զինվորականը պատրաստ է անգամ իր կյանքի գնով խաղաղություն նվիրել մեզ:

Զինվորականները շատ հարգված ու սիրված են Արցախում: Զինվորական լինելը հպարտություն է մեզ մոտ:

-Հայրդ քեզ երբևէ տարե՞լ է զորամաս:

-Շատ հաճախ: Ես սիրում եմ շփվել զինվորների հետ: Շատ եմ սիրում զինվորական համազգեստը: Շատ եմ սիրում լսել զինվորական նվագախմբի կատարումները. կարելի է ասել՝ ես ամբողջ կյանքում լողացել եմ այդ երաժշտության մեջ, ու այն ինձ մեծ հաճույք է պատճառել:

-Միշա ջան, արի մի քիչ էլ խոսենք քո ծրագրերի մասին:

-Հիմա ես փորձում եմ հայկական ժողովրդական երգեր կատարել: Դրանք շատ գեղեցիկ, բայց և շատ դժվար են, բայց ես կհաղթահարեմ: Ես պարտավոր եմ շատ լավ երգել մեր ազգային երգերը:

-Ի՞նչ երազանքներ ունես` կապված քո մասնագիտության հետ:

-Ուզում եմ Գրեմի շահել իմ երկրի համար:

-Քե՞զ համար, թե՞ քո երկրի…

-Մեր բոլոր մրցանակները առաջին հերթին մեր հայրենիքի համար են, հետո՝ մեր: Իմ ծնողները այդպես են մտածում, եւ այդպես են մտածում բոլոր մարդիկ, ովքեր իմ կողքին են:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1300) 31.07.2019 - 6.08.2019, Հոգևոր-մշակութային


01/08/2019