Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻ ԳԻՇԵՐ ՈՒ ՄԻ ԼՈՒՍԱԲԱՑ
ՄԻ ԳԻՇԵՐ ՈՒ ՄԻ ԼՈՒՍԱԲԱՑ

ՄԻ ԳԻՇԵՐ ՈՒ ՄԻ ԼՈՒՍԱԲԱՑԴեռ երեկ հայրենիքը փայլուն-գեղեցիկ բառերի շարան էր՝ սրբություն սրբոց, աչքի լույս, ամենագեղեցիկը, ամենաքաղցրը, ամենասիրելին, ամենահարազատը, ամենամտերիմը: Կյանքից թանկը…

Առավոտյան բանակ է գնալու: Բայց քունը չի տանում, հայրենիք բառը եկել ու մեխվել է ուղեղի մեջ: Դեն է նետել բառերի գույնզգույն քրջերը, եկել ու նստել է աթոռին՝ նոր ու օտար: Ուզածն ի՞նչ է: Իր բաժինը երկու տարի է, կտա, կպրծնի: Սպասել է, որ բոլորը քնեն: Որ գիշերվա լռության մեջ անկեղծության ձայնն ավելի տիրական հնչի: Որ էդ ձայնից հազար անգամ հնչած մտքերը թաքնվեն ծակուծուկերում՝ իրեն թողնելով ճշմարտության հետ մենակ:

-Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի զորակոչվեմ:

-Հպարտ եմ, որ պիտի պաշտպանեմ սուրբ հողս:

-Չեմ վախենում թշնամու գնդակից:

Հակառակի պես ժամանակը փոխել է ռիթմն ու քառատրոփ վազում է առաջ՝ դեպի լուսաբաց, դեպի բանակային կյանքի առաջին օրը, որը կլուսանա տանն ու կմթնի մեծ ու նեղլիկ զորանոցում: Ու ճշմարտությունն այն է, որ ոչ մի հպարտություն էլ չկա: Ո՞ւմ բանակ չեն տանում: Տարիքդ եկավ, դու միայն մի անուն ունես՝ զորակոչիկ: Դու էլ ես զորակոչիկ, մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 1-ին մրցանակ շահած ընկերդ էլ, 6-րդ դասարանից դպրոցը լքած համադասարանցիդ նույնպես: Դե, հպարտացիր, տեսնեմ՝ ինչո՞վ ես հպարտանում: Ինքը հաստատ հպարտանալու պատճառ չունի, որովհետեւ ճշմարտությունն այն է, որ լավ էլ վախենում է թշնամու գնդակից: Ու չի հասկանում, թե ինչպես կարող է չվախենալ: Էդ ո՞նց է, որ ուրիշները չեն վախենում, երբ ընդամենը 18 տարեկան են ու անսահման սիրում են կյանքը…

…Ինքը վախենում է: Ինքն ուզում է արթնանալ տաք ու փափուկ անկողնում ու տեսնել, թե ինչպես են լուսաբացի արեւի տակ փայլում լուսամուտից ներս խցկված խնձորենու ողորկ, կարմրաթուշ պտուղները: Ինչպես են մուգ ծիրանագույն տատրակները ճյուղից ճյուղ թռչկոտում անուշ ծլվլոցով: Ուզում է աչքերը կիսափակ առավոտ կանուխ լսել փոքրիկ սեղանին կաթով սուրճ ու իր սիրած շաքար-չորակին դնող մոր հողաթափերի քստքստոցն ու հոր աշխատանքից կոշտացած մատների փշփշոտ հպումը մազերին: Ուզում է ամեն օր արթնանալ իր սենյակում՝ հարազատ իրերի ծանոթ դասավորությունն աչքի առաջ: Աննայի հետ թափառել քաղաքի փողոցներով: Ուզում է ընկերների հետ ժամերով նստել սրճարանում: Ուզում է երեքամյա եղբոր համար հեքիաթ կարդալ քնելուց առաջ, զգալ նրա փափլիկ թաթիկների հպումն իր պարանոցին: Ուզում է… Թվարկելով չի ավարտվի:

Վաղը կզրկվի այս ամենից: Առնվազն երկու տարով կզրկվի: Հանուն հայրենիքի: Ասես զգաց նրա ծանր-անհանգիստ շնչառությունը՝ մոտ, համարյա իր քթի տակ:

-Չե՞ս քնել,- հայրն էր:

Վախեցած նստեց: Թվաց՝ հայրը լսել է իր մտքերը: Նա ճիշտ իր տարիքին էր, երբ կամավոր գնաց կռիվ: Ոտքը թողեց Արցախում ու հետ եկավ՝ մեդալներով կուրծքը զարդարած: Հայրը հաստատ գիտի, թե ինչ է հայրենիքը, բայց պատմել չի սիրում: Այ, եթե պատմեր, եթե վերջ տար ցավը ծխախոտի ծխի հետ ներս անելու՝ պատերազմից մնացած սովորությանը, գուցե ամեն բան ուրիշ լիներ: Գուցե հայրենիքը չգար ու չշնչեր սենյակում ուշ գիշերով, չխցկվեր ուղեղն ու սրտի մի անկյունում չթրթռար երկչոտ: Բայց հայրը լռում է:

Վաղը էս ժամին իր տաք ու փափուկ անկողնու փոխարեն…Պատկերացրեց մեծ ու երկար զորանոցի նեղլիկ երկաթե մահճակալները: Ասես լսեց դրանց մետաղյա ճռճռոցը ու ավելի ամուր փաթաթվեց մետաքսե փափուկ ծածկոցով: Կարթնանա հրամանով, կուտի հրամանով, կշնչի հրամանով: Հայրենիքը մի պտույտ կանի երկրով, ինչքան 18 տարեկան տղա տեսավ, կորդեգրի: Միանման հագուստ կհագցնի, բոլորի գլուխը կսափրի միանման, կկերակրի միանման, կսիրի միանման: Կսիրի՞ որ: Սրբություն սրբոցը, աչքի լույսը, ամենագեղեցիկը, ամենասիրելին, ամենամտերիմը, ամենահարազատը: Կյանքից թանկը: Տեսնես այս բառերն ո՞վ է հորինել:

-Ամեն ինչ լավ կլինի, մի՛ մտածիր,- հոր ձայնը լսվում էր այնտեղից, որտեղ հայրենիքն էր շնչում քիչ առաջ: Հայրենիքն ինչո՞ւ պիտի իր հոր ձայնով խոսեր:

-Երբ սահման հասնես, կհասկանաս, թե ով ես եւ ինչու ես այդտեղ:

Վարագույրի ճեղքից ներս ընկած լուսնի շողը լուսավորում էր հոր մռայլ կիսադեմը: Վեր կացավ անկողնուց: Հայրն արդեն գնացել էր, մայրը խոհանոցում ամաններն էր չխկչխկացնում: Գուցե հայրենիքն ավելի իրական է ու մոտ, քան թվում է: Գուցե նրան կորցնում ես հեռուներո՞ւմ փնտրելիս: Գուցե ամեն ինչ շատ պարզ է, ու հայրենիքը ճանաչելու համար բարդ բանաձեւեր հորինելու կարիք չկա:

Մտավ խոհանոց:

-Արթնացրի՞ քեզ,- մայրը ժպտաց նույն ժպիտով, որ վերջին ամիսներին էր հայտնվել դեմքին: Էդ ժպիտը բառերով չես նկարագրի: Կամք, ուժ, սեր, հպարտություն, հույս…ամեն ինչ կար էդ ժպիտում:

-Չէ՛, քունս չի տանում:

Մայրը ուղղեց ծաղկավոր գլխաշորը, որ միայն խոհանոցում էր կապում, ափսեի մեջ հալվա լցրեց ու դրեց սեղանին:

-Կե՛ր:

Հալվան տաք էր ու համեղ: Բերանը վառելով կերավ ամբողջը:

-Քեզ համար բալի հյութ էի բերել: Ինձ էլ թվաց՝ քնած ես: Մի քիչ նստեցի աթոռին ու դուրս եկա:

ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻՆ. Գուցե հենց մայրն է հայրենիքը: Նա, որ կարողանում է կուլ տալ արցունքն ու ժպտալով ասել.

-Բա ո՞նց, տղա է, պիտի ծառայի, նրա փոխարեն ո՞վ է պաշտպանելու սահմանը, հո չի՞ նստելու կողքս, Արշակի համար գուլպա գործի:

ԱՄԵՆԱՔԱՂՑՐԸ. Գուցե Արշակն էլ է հայրենիք:Մի օր զորակոչը նրան էլ կտանի սահման: Բայց այսօր նա փոքրիկ-անուշ երեքամյա տղա է եւ պիտի ապահով ու երջանիկ մանկություն ունենա: Ու ինքը նրան պաշտպանելու համար կյանքն անգամ չի խնայի:

ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑԸ. Իսկ եթե հայրենիքը Աբգար պա՞պն է, որ փոքրիկ, արեւագույն խաչքար դարձավ գյուղի գերեզմանոցում: Կամ Արամ հորեղբոր նկարն է Եռաբլուրում, բազալտի վրա, ավտոմատն ուսին: Եվ որի մեդալը իր դպրոցական վերնաշապիկին կախեցին տարիներ առաջ, միջոցառման ժամանակ:

ԱՄԵՆԱՀԱՐԱԶԱՏԸ. Արդյոք հայրենիքն իր տունը չէ՞, Աբգար պապի քրտինքը՝ շաղախի մեջ, ու Մարիամ տատի մատների ջերմությունը ներծծած: Ուրիշ էլ ինչ կա տնից հարազատ: Մայրն ասում էր՝ տատդ ու պապդ էնքան ջերմություն են տվել էս տան պատերին, որ ձմռանը առանց վառարան վառելու էլ տաք է ներսում:

ԱՄԵՆԱՄՏԵՐԻՄԸ. Ուրեմն՝ Կարենն էլ է հայրենիք՝ իր մանկության ընկերը: Միասին մանկապարտեզ են գնացել, դպրոց ու համալսարան: Իրար հետ կիսել են հաց, արցունք ու ուրախություն: Միասին էլ բանակ են գնալու: Կարենն ասաց՝ արի դիմում գրենք, գնանք Արցախ՝ առաջնագիծ: Ինքը ամեն օր խնդրում էր Աստծուն, որ վիճակահանության ժամանակ իրեն թիկունքային զորամաս բաժին ընկնի, քաղաքին մոտ: Բայց սուսուփուս գրեց՝ խնդրում եմ ինձ զորակոչել Պաշտպանության բանակ ու հնարավորություն տալ ծառայելու առաջնագծում: Հայրը լալիս էր ուրախությունից:

ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿԸ. Գուցե հենց սիրած աղջի՞կն է մարդու հայրենիքը: Ամենագեղեցիկը նա է՝ Աննան, ավելի գեղեցիկ չկա: Իր սեւ աչքերով, բալագույն շուրթերով ու բարդու պես սլացիկ հասակով:

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ. Մի՞թե հայրենիքն այն փողոցն է, որտեղ քո մանկության ոտնահետքերն են՝ սկզբում ափիդ չափ փոքր, հետո զինվորական սապոգների պես մեծ: Կամ գուցե հայրենիքը քո ապրած 18 տարինե՞րն են:

ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ. Նշանակում է՝ հայրենիքը այս բոլորն է միասին: Ամենն, ինչ դու ունես: Ամեն ինչ…Սրբություն սրբոցը, աչքիդ լույսը, ամենագեղեցիկը, ամենասիրելին, ամենահարազատը, ամենամտերիմը:

Ինչ-որ կարեւոր բան գտածի հանգստությամբ մոտեցավ լուսամուտին: Հայրենիքը չկար, ավելի ճիշտ՝ նա ամենուր էր, տարրալուծվել էր մտքի մեջ, սրտի, արյան, ասես երանելի ջերմությամբ տարածվել էր մարմնով մեկ, լցրել սենյակը…աշխարհը:

Բացեց լուսամուտը: Լուսինը կորել էր կաթնագույն ամպերի տակ: Ապակուց այն կողմ արդեն երեւում էին պտղած ծառերի ուրվագծերը: Արեւի նորածին շողերը փայլփլում էին գիշերվա անձրեւից դեռ թաց տերեւների վրա: Մի չարաճճի տատրակ եկել-թառել էր լուսամուտագոգին. փշրանք էր ուզում:

…Արտասովոր գեղեցիկ առավոտ էր իջնում հայրենիքի վրա:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ