Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

Սկիզբը՝ նախորդ համարում

 

Ջրահարսի վարսեր

(Ջերմուկի մեծ ջրվեժ)

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՋրվեժն ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ` աղջկա վարսեր է հիշեցնում:

Ջուրն իրեն «գրկող» ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը առասպելներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը:

Շատ հնուց ջրվեժի գլխավերևում՝ ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանն ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:

Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում… Բարկանում է ու անիծում դստերը, ասելով` «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:

Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող հետ պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդն անվանում է «Ջրահարսի վարսեր»:

 

Հերհերի Սուրբ Սիոն վանք

Հերհերի Սուրբ Սիոն անապատը հիմնադրվել է վաղ միջնադարում: Կազմված է երկու եկեղեցուց և մատուռից: Անապատի հնագույն՝ Սուրբ Սիոն եկեղեցին ունի միանավ, թաղածածկ, արևելյան և արևմտյան կողմերում կիսաշրջանաձև խորաններով հորինվածք, որը եզակի է հայկական ճարտարապետության մեջ: Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռը, իսկ հարավից՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին: Վերջինս, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է Վահրամ Շահուռնեցի իշխանը 1283թ.:

Եկեղեցին միանավ է, թաղածածկ, արևելքում զույգ կիսաշրջանաձև խորաններով: Արևմտյան ճակատին՝ մուտքի վերևում պատկերված է Պռոշյան իշխանատոհմի զինանշանը` ճանկերում խոյ բռնած արծվի բարձրաքանդակը: Եկեղեցու պատերին պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ:

Վանքը XIII-XIV դդ. եղել է Շահուռնեցի իշխանների հոգևոր կենտրոնը և բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: XIV դ. անապատի համալիրը նորոգել է Մեթարը:

1349թ. այստեղ Վահան գրիչը Ավետարան է ընդօրինակել: Անապատի բակում և նրա շուրջը կան XIII-XVII դդ. բազմաթիվ խաչքարեր:

 

Սելիմի (Սուլեմայի) քարավանատուն

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸՍելիմի քարավանատունը կառուցվել է 1332թ.` Չեսար Օրբելյանի իշխանության օրոք: Սելիմի լեռնանցքի հարավային լանջին (2410 մ) է:

Քարավանատան երկարությունը 35,5 մետր է: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման մեծ սալաքարերով, ինչը ճարտարապետի հմտության վկայությունն է: Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին:

XIVդ. Հայաստանի համար, դա բավականին նոր հորինվածք է, նոր կառուցվածքային լուծում: Քարավանատունն ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տների հետ: Հատկապես դա վերաբերում է գլխավոր դահլիճի հատակագծին: Դա 13×26մ ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5,3մ) և կողային (3,05մ, 3,02մ) նավերի: Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով:

Գլխավոր դահլիճին կից է մի կառույց` բաղկացած փոքր հարակից ուղղանկյուն սենյակներից` թաղակապ ծածկով և որմնախորշերով: Սենյակներից մեկը գրեթե ամբողջությամբ ավերված է: Արևմտյան կողմից պատը փոխարինում են երեք հնգանկյուն կիսասյուն, որ միանում են կամարներով: Շենքի այդ հատվածը հավանաբար նախասենյակն է, որի մուտքն ունի հարուստ հարդարանք:

Քարավանատան շքամուտքը հայ միջնադարյան նոր ճարտարապետական ոճի նմուշներից է, որն այդ ժամանակ ձևավորվում էր քաղաքներում: Ճարտարապետները մտածել են շենքի գեղեցիկ տեսքի մասին. ճակատի զարդանկարները կարևոր դեր են ունեցել: Ճարտարապետները դիմել են շթաքարային բարձրաքանդակներին, որոնք յուրահատուկ նրբերանգ են տալիս` շնորհիվ լույսի և ստվերի խաղի:

Միջնադարյան հյուրանոցի շքամուտքի երկու կողմում տեղադրված են կենդանիների պատկերներ. արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ` թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում:

Օրբելյանների օրոք Վայոց ձորը և Սյունիքը վերելք էին ապրում. նույնիսկ, երբ XIIIդ. կեսերին Հայաստան ներխուժեցին մոնղոլները, շատ քիչ տուժեցին: Բացի այդ, խորամանկ և հմուտ դիվանագետ Օրբելյանները Չինգիզ խանի թոռից ոչ միայն ետ վերցրին իրենց հողերը, այլ նաև կարողացան ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես` շինարարությամբ:

Սյունիքը հայտնվել էր առևտրային մայրուղիների կենտրոնում, և ճանապարհային շինարարության անհրաժեշտություն էր առաջանում: Քարավանները անբարենպաստ եղանակներից թաքցնելու նպատակով կառուցվեցին քարավանատներ, որոնք ասես թե կետագծում էին միջազգային առևտրային ուղիները: Նման ապաստարաններից մեկն էլ Սելիմի քարավանատունն էր:

 

Սմբատաբերդ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸՍմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք:

Պահպանվել են պատմական տեղեկություններ V դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին:

Համալիրն ունի բարձր ու լայն (2-3մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով):  Սմբատաբերդը պաշտպանված է Արտաբույնքի և Եղեգիսի խոր ձորերով: Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով: Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ:

 

 

Սպիտակավոր վանք

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸՍպիտակավոր Սուրբ Աստվածածին միջնադարյան վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից: Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները: Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն սրբատաշ ֆելզիտից: Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ պատերին եղած արձանագրությունների՝ համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչի իշխանը (մահացել է 1318թ.), և շինարարությունը 1321թ. ավարտել է նրա որդին:

Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է, որի ճակատակալ քարին պատկերված Աստվածամոր բարձրաքանդակը հայկական միջնադարյան քանդակագործական արվեստի նշանավոր նմուշներից է: Եկեղեցին հարուստ է սյուժետային բարձրաքանդակներով, ուշագրավ են Էաչի իշխանի և նրա որդի Ամիր Հասանի կտիտորական կոմպոզիցիան (այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ) և Ամիր Հասանի որս անելու պատկերը (այժմ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևան):

Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.: Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ. կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները): Պահպանվել են նաև ուշ շրջանի պարսպապատերի մնացորդները, որոնցից ներս տեղավորված են եղել միաբանության բնակելի շենքերը և գերեզմանոցը:

Այստեղ է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հունիսի 17-ին (տապանաքարի տեղադրման ամսաթիվն է) աշխարհի տարբեր անկյուններից հայերը գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:

Սպիտակավոր վանքի մոտակայքում են նկարահանվել «Մենավոր ընկուզենի» ֆիլմի որոշ դրվագները:

Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Ծաղիկի վանք:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ենթասպա