Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐԹԱՓՈԽ
ՀԵՐԹԱՓՈԽ

ՀԵՐԹԱՓՈԽԳյուղը, կանաչը, տները միանգամից կորչում են տեսադաշտից, ասես չեն էլ եղել, ու հայտնվում ես երկինք մխրճված հսկա բլուրների աքցանում՝ լերկ, քարակոփ, արեւախանձ: Ինչ-որ մեկը ճեղքել է ամեհի ժայռն ու ճանապարհ է բացել՝ մոտ 2 կիլոմետր քարքարոտ կածան: Զինվորական «Ուազիկը» ճռնչալով-ճոճվելով հաղթահարում է վերելքը: Մենք անընդհատ բարձրանում ենք, իսկ դիրքը չկա ու չկա: Ես դուրս եմ նայում պատուհանից. բլրի ու ստորոտի տարբերությունը գնալով ավելի է մեծանում: Ամուր ծեփվում եմ նստատեղին, սիրտս ու քունքերս տրոփում են ռիթմով: Համազգեստով չլինեի, կիջնեի մեքենայից ու ոտքով կանցնեի մնացած ճանապարհը:

-Զինվորներն այս ճանապարհո՞վ են գնում դիրքեր,- հարցնում եմ փոխգնդապետ Սերյոժա Նազարեթյանին:

-Չէ՜,- պատասխանում է ներողամիտ ժպիտով,- զինվորները ոտքով են բարձրանում: … Էս ճանապարհը ինչո՞վ է վատ, դժվար ճանապարհ չեք տեսել: Էն օրը նախարարն էլ էս ճանապարհը նախընտրեց:

-Ուրիշ ճանապա՞րհ էլ կա:

-Կա, բայց երկար է, սա կարճ ճանապարհ է: Ժամանակը ոսկի է, ոսկի,- ու ծիծաղում է բարձրաձայն:

..Ես փակել եմ աչքերս: Հանկարծ անիվների աղմուկն ուժեղանում է: Աչքերս բացում եմ, նույն կածանով դիմացից մեկ ուրիշ մեքենա է գալիս:

-Իջե՛ք,- ասում է վարորդը: Ես, փոխգնդապետ Նազարեթյանն ու լուսանկարիչը շարվում ենք ձորապռնկին: Իսկ երկու մեքենաները փորձում են զգուշորեն շրջանցել իրար:

-Տե՛ս, ինչ սիրուն տեսարան է,- ասում է լուսանկարիչը: Ես շրջվում եմ ու… հրա՜շք: Հսկա ժայռերով շրջապատված ձորի մեջ հավասար քառակուսիներով աներևակայելի գեղեցիկ կանաչ է փռված: Կողքին, արեւի տակ՝ պսպղուն լճակը: Քիչ հեռու գյուղ է, այնքան մոտ, որ երեւում է անգամ մարդկանց շարժը: Ես հիացած նայում եմ անակնկալ բացված տեսարանին: Սրտիս մեջ ինչ-որ անանուն խանդաղատանք է բարձրանում:

-Ի՜նչ գեղեցկություն է,- ասում եմ փոխգնդապետին:

«Այս ամենը պաշտպանելու համար արժե նույնիսկ այս սատանայական ճանապարհը հաղթահարել»՝ շարունակությունը մտքիս մեջ եմ ասում:

-Դիմացը ադրբեջանական գյուղ է,- պատասխանում է հրամանատարը,- էն էլ ադրբեջանական դիրքերն են:

-Գոնե լիճը մերը չէ՞,- հարցնում եմ հիասթափված:

-Լիճը մերն է, էս ժայռերը մերն են,- սիրտ է տալիս փոխգնդապետը…

-Ու էն տղերքը…, -ձեռքը մեկնում է դիրքի կողմը, որն արդեն հստակ ուրվագծվում է համատարած ամայության մեջ՝ բլրագագաթին:

ՀԵՐԹԱՓՈԽՄինչ մենք կիջնենք «Ուազիկից», տղերքը շարվում են: Շատ են: Հերթափոխի օր է. դիրքում և՛ մարտական հերթապահությունն ավարտողներն են, որոնք շուտով կիջնեն զորամաս, և՛ հերթափոխն ընդունողները, որոնք կկանգնեն սահմանին ու մի դրվագ էլ կավելացնեն իրենց փառավոր կենսագրությանը: Հիմնականում ջահել տղաներ են՝ ժպտուն ու արեւաթուխ: Հերթով նայում եմ բոլորի դեմքերին: Ես իրենց եմ նայում, իրենք՝ ուսադիրներիս: Թե համազգեստն ինչո՞ւ հագա: Խմբագիրն ասաց. «Համազգեստ կհագնես, որ չդիտարկվես»: Իսկ եթե «աստիճանահարգություն» կոչվածը գա ու կանգնի մեր արանքո՞ւմ, խանգարի՞ զրույցին, եթե տղաները չանկեղծանա՞ն: Սկզբում որոշում եմ ձեռքսեղմումով բարեւել բոլորին, հետո միտքս փոխում եմ. շատ պաշտոնական կլինի՝ մտածում եմ, ու ձեռքս մտերմաբար թափահարում եմ օդում.

-Բարեւ, տղանե՛ր…

-Բարեւ Ձեզ,- պատասխանում են այս ու այն կողմից:

-Ո՞նց անցավ ծառայությունը:

-Հրաշալի:

-Խաղաղ:

-Սովորականի պես:

-Էս ինչ սարսափելի շոգ է, շնչելու օդ չկա,- ես անում եմ մտերմիկ ու անկաշկանդ զրույցի երկրորդ քայլը ու նույն պահին մտածում, որ չարժեր բողոքել. ոչ տանն եմ, ոչ խմբագրությունում, որ տրտունջիս ուշադրություն դարձնող լինի: Սա դիրք է, առաջնագիծ: Այստեղ միայն քաջեր են, այստեղ չեն նվնվում:

-Շո՞գ է,- դիրքի ավագի աչքերը զարմանքից կլորանում են,- էսօր ցուրտ է, ամպամած, շոգը երեկ էր. երկնքից կրակ էր թափվում, էսօրվա պես հով վաղուց չի եղել:

Ես նայում եմ տղաների շիկավուն դեմքերին, նրանց զինվորական համազգեստին, որ արեւի շողերի տակ նույնպես մուգ շիկավուն է դարձել: Մի պահ թվում է, թե նրանք ժայռից պոկված բեկորներ են: Ժայռածին: Սրտի փոխարեն՝ արեւ, ու լճի մաքուր փայլը աչքերի մեջ:

 

-Ես դիրքի ավագն եմ,- առաջինը ներկայանում է Մանուկ Մանուկյանը: Երիտասարդ տղա է, նրբակազմ ու բարձրահասակ:

-Էս դիրքի տեր-տիրականն ես, փաստորեն- հաճոյախոսում եմ:

-Չէ՛, այստեղ բոլորն են տեր, որովհետեւ ով հայրենիքը պաշտպանում է, նա հայրենիքի տերն է: Եկե՛ք, ցույց տամ, թե ինչ սիրուն հայրենիք է:

Մենք քայլում ենք պատնեշների միջով, շրջանցում փշալարերն ու հասնում մի բարձրադիր հարթության, որտեղից լեռ ու կանաչ, լիճ ու այգի երեւում են՝ ասես ափիդ մեջ:

-Սա քոնն է,- ասում է Մանուկը: Ինձ թվում է՝ լավ չլսեցի:

-Ի՞մն է..

-Յուրաքանչյուր հայինը:

Ես եկել եմ իրենց խանդավառելու, ոգին բարձրացնելու, իրենք են «խաղում» սրտիս հետ…

-Կտա՞ս թշնամուն: Ի՞նչ էլ լինի, ինչո՞վ էլ սպառնան, կտա՞ս,- շարունակում է Մանուկը:

-Չէ՛,- ասում եմ,- երբեք սա թշնամուն չեմ տա՝ փոխարենը ինչ էլ ուզեն:

Մանուկը ժպտում է ինքնագոհ:

-Մենք էնքան տարբեր ենք…

Շրջվում եմ ձայնի կողմը. սլավոնական արտաքինով մի տղա է կանգնած՝ երկու իմ բոյին, աչքերը՝ խաժ, մազերը՝ բաց մոխրագույն:

-Հայ չե՞ք,- հարցնում եմ:

-Հայ եմ, անունս էլ Տարոն է,- պատասխանում է դժգոհ:

-Ռուսի եք նման:

-Դե, լավ… տատս գերմանուհի է:

«Դե, լավ», այսինքն՝ դու պոկ եկողը չես, մինչև չիմանաս, չես հանգստանա: Ես ծիծաղում եմ բարձրաձայն, տղան չի միանում իմ տրամադրությանը, շարունակում է խոժոռ.

-Ես ժամկետային ծառայությունս պատվո պահակային վաշտում եմ անցկացրել, մասնակցել եմ 2011թ. շքերթին: Բայց նեղվում էի, որ իսկական զինվոր չդարձա, սահման չտեսա, թշնամու առաջ չկանգնեցի: Ժամկետային ծառայությունս ավարտելուց մի քանի տարի անց երեք տարով պայմանագիր կնքեցի ու եկա սահման: Էն որ ասում են՝ պայմանագրայիններից շատերը կարիքից դրդված են բանակ մտել, ճիշտ չէ: Իմ ձեռքից ամեն ինչ գալիս է: Ես դրսում իմ զինվորական աշխատավարձի հնգապատիկը կվաստակեմ, բայց եկել եմ բանակ…

-Էլ մի պատմեք,- ասում եմ: -Ձեր մասին առանձին ակնարկ կգրեմ, միայն ավարտեք սկզբում ասած միտքը՝ «մենք էնքան տարբեր ենք»…

-Դե, մենք՝ դիրքապահ տղաներս, էնքան տարբեր ենք, բայց մեզ հարազատ է դարձնում այս բնապատկերը…

ՀԵՐԹԱՓՈԽԵս մի քանի քայլ հեռանում եմ, որ լավ տեսնեմ Տարոնի ասած բնապատկերը: Երկինք հասնող խորդուբորդ, կուտակ-կուտակ քարակտորի ֆոնին կանգնած են զինվորական համազգեստ հագած երկու բարձրահասակ տղա: Ժայռի պես պինդ, ժայռի պես արևախանձ… Ասես Ժայռի որդիները լինեն:

Երբեմն ես չեմ կարողանում ճիշտ արտահայտել հույզերս: Չգիտեմ՝ ինչպես եմ նայում, որ տղան ասում է.

-Եթե մի օր այս դիրքում դիմավորեք լուսաբացը, կհասկանաք, թե ինչ եմ ասում:

Ես ուզում եմ պատմել ապրումներս, ասել, որ հասկացել եմ, բայց չեմ հասցնում:

-Եկե՛ք, տեսե՛ք մեր տունը,- ասում է մեկ ուրիշ պայմանագրային, դարձյալ երիտասարդ ու ջլապինդ:

Երբ գետնատնակ եմ մտնում, նա ասում է.

-Ոտքդ՝ խերով:

Բոլորը ծիծաղում են:

-Ոտքս՝ խերով,- կրկնում եմ ես:

Առաջին սենյակում բազմոց կա, երկու բազկաթոռ: Ցածրիկ սեղանին թեյ է դրված, շաքարավազ ու օղակներ՝ մանկության տարիների իմ ամենասիրելի թխվածքը:

-Հյուրերին այստեղ ենք ընդունում,- ասում է սերժանտի ուսադիրներով մի զինվորական:

Մյուս սենյակում ննջարանն է՝ միանման զինվորական մահճակալներով ու կոկիկ հարդարված: Ճաշարան էլ կա: Նույնիսկ իրենց աղոթատեղին ունեն՝ ամենաբարձրում, Աստծուն մոտ:

Դիտակետը մատուռին կպած է: Ներսում զրահաբաճկոնով ու գլխարկով, ավտոմատն ուսին կանգնած է մեկ ուրիշ պայմանագրային: Պատանի է, հաստատ նոր է ավարտել զինծառայությունը: Կանգնած է ձիգ, անթարթ հայացքով:

-Ուզում եմ մտնել դիտակետ ու զրուցել դիտորդի հետ,- ասում եմ դիրքի ավագին:

-Միայն զրահաբաճկոնով ու սաղավարտով.

Շոգ է, բայց ես հասկանում եմ, որ դիտակետից ադրբեջանցի նշանառուն կարող է գտնել ինձ, ու ենթարկվում եմ դիրքի ավագի հրամանին: Երբ զրահաբաճկոնը հագած, սաղավարտը դրած մտնում եմ դիտակետ, դիտորդը, որ պահ առաջ նայում էր անհաղորդ, ժպտում է:

-Անունս Գեւորգ է:

-Ի՞նչ կա դիրքի այն կողմում,- հարցնում եմ: -Տեղդ կզիջե՞ս:

Դիտանցքից նույն չքնաղ տեսարանն է՝ ադրբեջանական գյուղի հարեւանությամբ:

-Հանգիստ է,- ասում է Գեւորգը:

-Ընտանիքդ լա՞վ է,- դիտանցքից հեռանալով՝ անցնում եմ զրույցի:

-Ո՞ր ընտանիքս,- հարցին հարցով է պատասխանում, աչքերի մեջ չարաճճի ժպիտ կա: Ես շփոթվում եմ:

-Քանի՞ ընտանիք ունես:

-Ամսվա կեսը այս ընտանիքում եմ, մյուս կեսը՝ այն,- ձեռքը մեկնում է անորոշ ուղղությամբ: Ես վերջապես հասկանում եմ:

-Երկու ընտանիքներիդ մասին էլ հարցրի:

-Որպես ժամկետային զինվոր՝ Արցախում եմ ծառայել: Զորացրվելուց հետո որոշեցի մնալ բանակում: Իմ Տունն ունենալ սահմանին: Ծառայությունը դժվար է, բայց քեզ հարգանք ու պատիվ է բերում: Ես հիմա կանգնած եմ դիտակետում, զրահաբաճկոնը ծանր է, սաղավարտ կոչվածի մեջ գլուխս եփվում է, բայց էն միտքը, որ ես շատ կարեւոր գործ եմ անում, օգնում է հաղթահարել դժվարությունները:

-Վտանգն էլ իր հերթին,- ասում եմ:

-Ինչ գործ պիտի անեի, որ այսքան հպարտ ու կարեւոր զգայի ինձ: Երբ ասացի, որ երկու ընտանիք ունեմ, բոլորովին էլ չչափազանցրի: Դիրքը փոքրիկ Տուն է, երկրի ամենաքաջ մարդկանց տները շարված են սահմանով մեկ. մարդիկ, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել առաջին հարվածը: Իսկ թիկունքում մեր մյուս ընտանիքն է:

-Տնեցիք աշխատանք ունե՞ն,- հարցնում եմ: Գլուխը թափահարում է բացասաբար:

-Միայն ես եմ աշխատում:

Հետո ավելացնում է.

-Երկրի դարպասները հսկելը իմ պարտքն է հայրենիքի առաջ:

Ես դուրս եմ գալիս դիտակետից, նստում եմ մատուռի մոտ, քիչ հեռու տղաները գետնատնակի շեմքի քարերին շարված սուրճ են խմում ասել-խոսելով: Ականջիս հատուկենտ բառեր են հասնում նրանց զրույցից. կրակային պատրաստությունից են խոսում: Մեկը պատմում է, թե երեք կին զինծառայողներ ինչ դիպուկ են խոցել թիրախները: Մտածում եմ. երբ իջնեմ զորամաս, երեքից գոնե մեկի հետ կհանդիպեմ…

Հետո տղաները հրաժեշտ են տալիս իրար: Մարտական ծառայությունն ավարտած դիրքապահները Տունը հանձնում են զինակից եղբայրներին: Ես մոտենում եմ բլրի պռնկին, հետեւում սահմանին կառուցված Տունն է՝ իր պահապան քաջերով, դիմացը՝ իմ Երկիրը: Երկինք մխրճված լերկ ու աննկուն ժայռերի, հեռու ստորոտում փռված թանձր կանաչի ու արևի տակ փայլող լճերի համայնապատկերով:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ