Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԵՍ ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԵՍ ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԵՍ ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏԴարեր շարունակ Հայաստանում ապրել եւ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ապրելով հայերի հետ կողք կողքի, բնականաբար նրանք էլ հայերի հետ դիմագրավել են ժամանակի բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կիսել հայ ժողովրդին բաժին հասած ուրախությունն ու տխրությունը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջինը իմ աշխատասենյակի դուռը Վերին Դվինի կին համայնքապետ, ասորուհի Լյուդմիլա Պետրովան բացեց, ասելով՝ ի՞նչ է պետք, պատրաստ ենք ամեն կերպ սատարելու, մենք ձեր կողքին ենք,- հիշում եմ օրեր առաջ Արարատի զինկոմ, գնդապետ Արայիկ Մուրադյանի խոսքերը:

Արցախյան ազատամարտի տարիներին եւս ասորիները անմասն չմնացին մեր համազգային է պայքարից:

 

Արարատի մարզի Վերին Դվին գյուղում է կենտրոնացած հայաստանաբնակ ասորիների ամենամեծ համայնքը:

Ասորիները Դվին գյուղում հաստատվել են արդեն 200 տարուց ավելի: Ասորական մի քանի ընտանիք, դժգոհ լինելով իրենց հանդեպ թուրքերի բռնաճնշումներից, Թուրքիայի Մամդսան բնակավայրից տեղափոխվել են Հայաստան եւ բնակություն հաստատել Արարատի շրջանի Գյոլայսոր բնակավայրում: Ավելի ուշ` 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, Պարսկաստանի Ուրմիա նահանգից 100 ասորի ընտանիք է տեղափոխվել:

Հայերի հետ ընդհանրական շատ նմանություններ ունեն ասորիները: Նրանք էլ, որեւէ տեղ հաստատվելիս, առաջինը եկեղեցի են հիմնում, ապա եկեղեցու շուրջ էլ կառուցում իրենց տունուտեղը, դպրոցը: Վերին Դվինի Մար Թումա եկեղեցում ամեն կիրակի մայրենի լեզվով պատարագ է մատուցվում, դպրոցում ուսուցանվում է ասորական փառահեղ պատմությունը, լեզուն եւ գրականությունը:

Երկու հինավուրց ժողովրդի ճակատագրում ընդհանրությունները քիչ չեն. հայերի նման իրենք էլ հայրենիք-ծննդավայր են կորցրել, քրիստոնյա հավատքի համար ցեղասպանության ենթարկվել ու հայերի նման էլ աշխարհով մեկ սփռվել:

-Մենք տարվա մեջ երկու անգամ ենք նշում ասորի անմեղ զոհերի հիշատակը. մեկը՝ ապրիլի 24-ին, հայերի հետ միասին, մյուսը՝ օգոստոսի 7-ին (1933թ. օգոստոսի 7-ին Իրաքի Սեմել գյուղում տեղի է ունեցել ասորիների զանգվածային կոտորած)-,ասում է Վերին Դվինի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան: Լ.Պետրովան արդեն 15 տարի ղեկավարում է համայնքը: Թուրքիայի Մամդսանից Հայաստան տեղափոխված ասորիների շառավիղներից է:

-Մենք Հայաստանը մեր հայրենիքն ենք համարում, մեր տունը, ու մեր երիտասարդներն էլ պատրաստակամորեն են գնում ծառայության: Քառօրյայի ժամանակ մեր համայնքից 25 երիտասարդ էր ծառայում բանակում, նրանցից 17-ը ամենաթեժ հատվածներում էին: Մենք էլ հայերի նման քեֆ-ուրախությունով բանակ ենք ճանապարհում մեր զինվորներին ու քեֆ-ուրախությունով էլ դիմավորում: Առավոտյան գյուղի ժողովուրդը զորակոչիկի հետ մտնում է եկեղեցի, մոմ վառում, բարի ծառայություն մաղթում:

Որպես համայնքի ղեկավար, որպես կին, որպես մայր ուզում եմ, որ աշխարհի բոլոր զինվորները, անկախ ազգությունից ու դավանանքից, խաղաղ երկնքի տակ ծառայեն՝ Ռահաթույթա կը դունյու՝ Խաղաղություն աշխարհին…

Ուզում եմ նաեւ, որ ոչ մի ազգ, առավել եւս՝ հայ ժողովուրդը, հող-հայրենիք այլեւս չկորցնի, աշխարհում ամենածանրը անհայրենիք ապրելն է: Հայրենիքը մարդու հենման կետն է ու հզորության ակունքը, հայրենիքը լուսավոր փարոս է…

♦♦♦

Զորակոչ է… Գյուղում  թնդում է զուռնան ու դհոլը, ասորական աբուբան ու տավլան:

Աթուր Յուխանաեւը մի քանի օրից կհամալրի հայոց բանակի շարքերը:

-Մայրս հայ է, հայրս՝ ասորի, գնում եմ մայր հայրենիքս պաշտպանեմ,-կատակում է Աթուրը:-Հասակակից ընկերներիս հետ միաժամանակ կգնանք-կծառայենք, միաժամանակ էլ հետ կգանք: Կարեւոր չէ՝ որտեղ կծառայեմ, կարեւորը՝ լավ կծառայեմ: Բանակում դու ես պատասխանատու քո ամեն արարքի համար: Կծառայեմ, կգամ, ընտանիքիս կօգնեմ: Արհեստ էլ արդեն ունեմ:

Կարեն Իոնանով. -Ես երկու կողմից էլ ասորի եմ: Լավ տրամադրված գնում եմ ծառայության: Այս երկրում եմ ծնվել, մեծացել, ուրեմն՝ պիտի նաեւ այս երկիրը պաշտպանեմ: Այս պահին հորեղբորս տղան՝ Իսակ Վենյամինովը, ծառայում է սահմանին:

-Որտեղ էլ որ ծառայեք, զգոնությունը չկորցնեք, պատվախնդրորեն ծառայեք ու հետ եկեք,- զորակոչվող տղաներին խորհուրդ է տալիս Արման Յակովլեւը:

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից է Արմանը.

-Բանակը, ծառայությունը, պատերազմը ինձ շատ փոխեց, հիմա ուրիշ կերպ եմ մտածում, ուրիշ կերպ եմ նայում ամեն երեւույթի, գնահատում եմ ամեն ինչ…

Պատերազմական օրերից խոսել-պատմել այնքան էլ չի սիրում Արման Յակովլեւը.

-Միայն մի բան կասեմ՝ ով գնացել է, էլի կգնա, ով կռվել է, էլի կկռվի: Այս հողը հիմա առավել թանկ է դարձել ինձ համար…

 

Սրտով՝ հայ, հոգով՝ ասորի տանկիստը

-Կիսաասորի, կիսահայ,- ներկայանում է Ասատուր Բադալյանը,- մայրական կողմս ասորի է, հայրական կողմս՝ հայ: Երբ հարցնում են ազգությունս, միշտ նույն պատասխանն եմ տալիս՝ սրտով հայ եմ, հոգով՝ ասորի, կամ էլ հակառակը…

Ասատուրը գյուղում որպես սպորտհրահանգիչ է աշխատում, աշխատանքին զուգահեռ ուսանում է նաեւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում: Քառօրյայի մասնակից է:

-Մինչ բանակ գնալս զինվորական, ռազմական թեմաներով հաղորդումներ շատ էի նայում ու հենց սկզբից էլ տանկ շատ էի սիրում ու ոգեւորված հետեւում էի տանկային բիաթլոններին: Բախտս բերեց, բանակում տանկիստ էի, ու ես էլ պետք է մասնակցեի տանկային բիաթլոնին, բայց պատերազմը խանգարեց…

-Ապրիլյան այդ օրն էլ նման էր մնացած օրերին,- վերհիշում է երիտասարդը,- առավոտյան ժամը 6:30 էր, պատրաստվում էինք ֆիզպատրաստության գնալ, հեռվից դմբդմբոցների ձայներ էին գալիս ու գնալով ավելի ուժգնանում:

Ու մեկ էլ՝ մարտական տագնապի հրամանը հնչեց: Կարծեցինք՝ սովորական, հերթական մարտական տագնապ է, բայց այդ պահին զրահատանկային ծառայության պետը վազելով մտավ զորանոց՝ ինչ ունեք-չունեք՝ հավաքե՛ք, տանկերը քշում ենք պոստեր:

Հասանք կենտրոնացման շրջան, տեղանքն ասես անապատ լիներ: Մենք էինք, մեր տանկերը, անձրեւ, կպչուն ցեխ ու կրակոցներ…Ինչ զինատեսակից ասես չէին կրակում: Վաշտի հրամանատարը փորձում էր հոգեբանորեն մեզ պատրաստել, ոգեւորել, որ շատ չլարվենք, խուճապի չմատնվենք, չվախենանք: Չէ՛, պատերազմից չէինք վախենում, բայց վախ կար, վախենում էինք ոչ թե մեր կյանքի համար, այլ ընկերոջ, մեկս մյուսի կյանքը սեփականից վեր էր դասում, մեկս մյուսի նկատմամբ պատասխանատու էր զգում: Մտածում էինք նաեւ մեր ծնողների հոգեվիճակի մասին, պատկերացնում էինք՝ համացանցով ինչ լուրեր են պտտվում, իսկ կապ չկար ու չկար: Էդ լարված, անհանգիստ օրերից մի օր մեկ էլ դասակի հրամանատարն է ձայնում. «Ասո՛, արի՛, հայրդ ուզում է քեզ հետ խոսել»:

-Ո՞նց ես, տղե՛ս,- հորս ձայնը մինչ օրս էլ ականջներիս մեջ է:

-Ողջ եմ, պա՛պ,- արագ վրա եմ բերում,- տուր մամայի հետ էլ խոսեմ:

Մայրս հուզմունքից չի կարողանում խոսել: Թարսի պես էդ պահին «Գրադով» հո չեն խփում:

-Էդ ի՞նչ ձայն էր,- հարցնում է հայրս:

-Հե՛չ, պա՛պ ջան,- արագ փորձում եմ համոզիչ մի պատասխան գտնել,- տղերքը ժեշտ են խփում, տանիք են հավաքում:

-Ո՞ւմ ես խաբում, տղե՛ս….

Ասատուրի հայրը՝ Աշոտ Բադալյանը, 90-ականներին՝ Արցախյան ազատամարտի տարիներին, զենք-զինամթերք էր հայթայթում կռվողների համար, ինքն էլ վիրավորվել էր զենքից:

-Պատերազմն սկսվեց, մեր տանկային վաշտը բարձրացավ պոստեր, մինչ զորացրվելս էլ մնացինք այնտեղ,-շարունակում է Ասատուրը: -Չէ՛, մեդալ չեմ ստացել, փաստաթղթերիս մեջ էլ նշված չէ, որ ապրիլյանի մասնակից եմ: Թղթի, մեդալի համար չեմ գնացել, իմ պարտքն եմ տվել, ու եթե հարկ եղավ, ես հիմա էլ կգնամ…

Ասատուրը պատմում է զինվորական կյանքից, դժվար ու հեշտ օրերից, իր մարտական ընկերներից…

-Զորացրվելուս մի քանի օր էր մնացել, երբ նորից սահմանին լարվածություն նկատվեց: Տանկս արդեն հանձնել էի ինձ փոխարինողին: Վաշտի հրամանատարին ասում եմ՝ թե մի բան եղավ, ես եմ տանկ նստելու: Վաշտի հրամանատարը ծիծաղում է՝ ա՛յ տղա, երեք օրից տուն ես գնում, տանկն արդեն հանձնել ես, քոնը չի…

Չէ, որ չէ, համառում եմ ու հազար պատճառ հորինում՝ ես արդեն փորձառու եմ, ինքը նոր է եկել…

Իմ տանկը շատ էի սիրում, շատ-շատ: Մեկ-մեկ ուզում եմ գնալ զորամաս, իմ աչքով տեսնել-համոզվել մարտական տեխնիկան ոնց հանձնել եմ, այդպես պահե՞լ են…

…Բանակային ընկերներով  հաճախ ենք հանդիպում, ծառայության օրերը վերհիշում:

Վերջերս ընկերներիցս մեկը՝ Էդգարն էր եկել մեր գյուղ՝ ծնունդիս: Ասում էր՝ երբ Երեւանում զրուցում ենք ազգային փոքրամասնությունների մասին, ես հպարտությամբ ասում եմ՝ իմ ընկերն ասորի է ու հայի հետ հավասար կռվել է մեր ազգի համար…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝. հեղինակի