Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱ

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉԿԱԱրցախյան ազատամարտին շատերը զինվորագրվեցին: Ում սիրտը ցավում էր, ով մտահոգ էր հայրենի եզերքի ճակատագրով՝ զենք վերցրեց:

Քաղաքներում, գյուղերում ստեղծվում  էին կամավորական ջոկատներ  ու միանում համազգային պայքարին:

Արարատի մարզի Այգավան գյուղում էլ ջոկատ կազմավորվեց՝ Գառնիկ Ղուկասյանի հրամանատարությամբ:

-Սուրբ Նշան մատուռում 154 հոգով երդվեցինք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվել,- հիշում է այգավանցի ազատամարտիկ Մանվել Սիրականյանը: -Երբ Վազգեն Սարգսյանը տեղեկացավ, թե քանի հոգով ենք զինվորագրվել, կատակեց՝ գյուղում գոնե մարդ թողեցի՞ք:

Ջոկատը մասնակցեց Արարատի (Երասխ), Քյարքի (Տիգրանաշեն)  Նոյեմբերյանի (Ոսկեպար), Գորիսի, Մեղրիի (Նյուվադի), Արցախի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:

Ջոկատի տղաները մասնակցել են նաեւ հայոց բերդաքաղաքի՝ Շուշիի ազատագրմանը:

-Աննկարագրելի, անպատմելի ուրախություն էր… Համատարած  ուրախության-ցնծության մեջ մեկ էլ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը: Մեր ջոկատի տղերքն էին վեր պարզել դրոշը՝ Գառնիկ Ղուկասյանն ու Մարտիկ Գեւորգյանը,- ոգեւորված-խանդավառ, մեկմեկու լրացնելով՝ պատմում են «Այգավան» ջոկատի ազատամարտիկները: -Գառնիկը  դրոշը մի քանի ամիս մեջքին փաթաթած, հավատով, հույսով սպասել էր այդ երանելի օրվան…Ու ոչ ոք մեզնից չէր էլ իմացել նրա այդ գաղտնի ծրագրի մասին…

Պատմում են ազատամարտիկները մարտական օրերից, հազար դեպք ու դրվագ հիշում, պատմում են անմահության ճամփան բռնած համագյուղացիների հերոսությունից:

Հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոս քաջորդիների  մարմիններն ամփոփված  են Այգավանի պանթեոնում, ու արդեն վաղուց ավանդույթ է դարձել՝ գյուղում ամեն հանդիսավոր միջոցառում, ամեն առիթ հենց այդտեղից է ազդարարվում: Նոր պսակադրվող զույգերը հարսանիքից առաջ գալիս են,  ծաղիկներ դնում, այստեղից են բանակ ճանապարհում  հայրենիքի պաշտպաններին: Զինվորացող տղերքը խոնարհվում են քաջերի սուրբ շիրիմներին ու երդվում՝ ամուր պահել  հողը՝ ինչ գնով էլ լինի…

-Մենք էլ ելք չունենք, քարտեզը նայեք, ամեն կողմից սեղմվել ու սեղմվել  ենք, այսօր մեր զինվորի,  մեր բանակի շնորհիվ է միայն, որ զսպվում է թշնամու ախորժակը,- ասում է ազատամարտիկ Անդրանիկ Ռաշոյանը:

Ազատամարտիկի երկու որդիներն էլ ծառայել են ազգային բանակում, այս զորակոչին եղբոր տղային՝ Համլետին է բանակ ճանապարհելու:

-Երեք եղբայր ենք,- ներկայանում է Համլետ Ռաշոյանը,- Մեծ եղբայրս՝ Սասունը,  մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին, մյուս եղբայրս էլ՝ Դավիթը,  ծառայում է սահմանային զորամասերից մեկում: Հիմա իմ հերթն է: Սասունցու զավակ եմ, սասունցին ո՞նց կգնա բանակ, այդ տրամադրվածությամբ էլ գնում եմ:

-Իմ Սերոբ պապը Երասխի կռիվներին է մասնակցել,- զրույցին միանում է Վազգեն Հովհաննիսյանը: -Պապս պատերազմի ժամանակ վիրավորվել է ու մահացել պատերազմի վերքերից: Մեր գյուղի պանթեոնում է հանգչում: Պապիս չեմ տեսել, բայց նրա մարտական ընկերներից շատ պատմություններ եմ լսել ու այդ պատմություններով ամբողջացրել նրա կերպարը: Շուտով ես էլ կմիանամ մեր բանակի զինվորներին ու նրանց հետ միասին կպաշտպանեմ պապիս, նրա մարտական ընկերների շնորհիվ մեզ ժառանգված հողը: Գնում եմ ծառայելու մեր հողի, ինձ համար թանկ ու հարազատ մարդկանց, ծնողներիս համար: Գնում եմ բանակ նաեւ նրանց համար, ովքեր դեռ երեկ իրենց ծառայությամբ մեր խաղաղությունը պահեցին: Գնում եմ իմ խղճի ու սրտի հրամանով եւ  հայրենի երկիրն ամուր պահելու վճռականությամբ:

-Մեր բոլոր զինվոր զավակներին խաղաղ, անփորձանք ծառայություն ենք մաղթում,- ասում է ազատամարտիկ Մարտիկ Ավետիսյանը՝ «Ջոկատի պապին»՝ կատակով այդպես են նրան կնքել զինընկերները: Մարտիկ Ավետիսյանը անցել է թե՛ արցախյան, թե՛ ապրիլյան թոհուբոհի միջով. «Հավատացեք, էս աշխարհում խաղաղությունից թանկ, խաղաղությունից քաղցր ոչինչ չկա»:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ