Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐ ԲԱՆԱԿ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ



ՀԶՈՐ ԲԱՆԱԿ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՀանրապետությունում շուտով կմեկնարկի ամառային զորակոչը:

Զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով  այցելեցինք Արարատի մարզի զինկոմիսարիատ: Նախկինում գործող Արտաշատի, Մասիսի եւ Արարատի զինվորական կոմիսարիատները արդեն մեկ տարի է՝ վերամիավորվել են, իսկ նախկին տեղակայման վայրերում՝ Մասիսում եւ Վեդիում, ներկայումս գործում են բաժանմունքներ:

Զինկոմիսարիատում եռուն աշխատանքային մթնոլորտ է:

Զինկոմիսարիատի հիմնական գործունեությունը սովորաբար կապում են բուն զորակոչի հետ, մինչդեռ, զորակոչը զինկոմիսարիատի կատարած աշխատանքի ընդամենը մի մասն է, բազմաթիվ այլ գործառույթներ են իրականացվում՝ կցագրում, հաշվառման ենթակա պահեստազորի ամրագրում, զորահավաքային նախապատրաստում…

-Հայաստանը լուրջ մարտահրավերներով լի տարածաշրջանում է, թշնամու ռազմատենչ հոխորտանքները, շփման գծում պարբերաբար նկատվող հակառակորդի ոտնձգությունները մեզ ստիպում ու պարտադրում են մշտապես պատրաստ լինել ամեն զարգացման: Բանակն է մեր խաղաղ գոյատեւման, մեր անվտանգության երաշխավորը,- նշում է Արարատի մարզի զինկոմ, գնդապետ Արայիկ Մուրադյանը:

Արմատներով Սիսական աշխարհից է զինկոմը, Բռնակոթից: Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից է, կամավորական խմբերի հետ մասնակցել է Սիսիանի, Գորիսի, Վայքի, Արցախի սահմանների պաշտպանությանը:

Փորձառու զինվորականը 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների օրերին  200 հոգանոց ջոկատով  առաջնագծում էր:

Պատերազմի թոհուբոհն անցած գնդապետը լավ գիտի խաղաղության գինը, խաղաղությունը պահպանող եւ պարտադրող  զինվորի արժեքը:

Ու արդեն քառորդ դարից ավելի՝ զինվորական ուսադիր է կրում, ծառայել է զորային տարբեր օղակներում, եղել է նաեւ զորամասի հրամանատար:

-Շատ բան է փոխվել այսօր՝ կայացած, ամուր, մարտունակ եւ արհեստավարժ բանակ ունենք, ուսումնական զորամասերում զինվորը մասնագիտորեն լավ պատրաստվում է եւ ունակ է լիարժեքորեն կատարելու ամենաբարդ առաջադրանքը:

Գնդապետ Արայիկ Մուրադյանը 2018 թ. ապրիլի 5-ից ստանձնել է Արարատի մարզի զինվորական կոմիսարի պաշտոնը, մինչ այդ՝ Արտաշատի զինկոմն էր:

-Տարբեր ընտանիքներից են գալիս մեր զինվորները, տարբեր հոգեկերտվածքով, տարբեր կրթական մակարդակներով եւ տարբեր ֆիզիկական պատրաստվածությամբ, բայց, ամենակարեւորը՝ գալիս են հայրենիքին անձնվեր ծառայելու պատրաստակամությամբ:

 

♦♦♦

 

ՀԶՈՐ ԲԱՆԱԿ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԶինկոմի սենյակում բժշկական հանձնաժողովը բուժզննում է իրականացնում:

-Զորակոչային ռեսուրսը մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ ընտանեկան պայմաններ, առողջական վիճակ, հոգեվիճակ: Նրանք, ովքեր պիտանի են ծառայությանը ընդգրկվում են ցուցակներում, ովքեր առողջական որեւէ խնդիր ունեն, ուղարկվում են հետազոտության մասնագիտացված բուժհիմնարկներ: Ուզում եմ անպայման շեշտել՝ բանիմաց, փորձառու մասնագետների պակաս չունենք. անցյալ զորակոչին կենտրոնական հավաքակայանից առողջական խնդրով վերադարձի եւ ոչ մի դեպք չի գրանցվել,- նշում է զինկոմը:

-Ձգտում ենք որեւէ հարցում չսխալվել, հնարավորինս պարզ ու մատչելի պարզաբանում ենք նորակոչիկին, նրա ծնողին մտահոգող ամեն հարց ու խնդիր, որպեսզի ծնողները մեր անաչառությանը կասկածելու առիթ չունենան, լիովին վստահեն մեզ,- նշում է զորակոչի բաժանմունքի պետ Աշոտ Վարդանյանը: -Զորակոչիկները, նրանց ծնողներն իրազեկված են. գիտեն իրենց իրավունքները, ինչ արտոնություններից կարող են օգտվել: Սերտորեն համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մարզպետարանում զորակոչային նիստերի ընթացքում ներկա են լինում նաեւ մարզի քաղաքային, գյուղական համայնքների ղեկավարները, եւ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից զատ, ծանոթացնում  ենք  նոր եւ ի լրումն ուղարկված բոլոր հրամաններին, ինչն էլ նրանք  համապատասխանաբար տեղեկացնում են իրենց տարածքի բնակիչներին:

 

♦♦♦

 

Արարատի մարզի զինկոմիսարիատը զորակոչի պլանային առաջադրանքների բարձր կատարողականությամբ մշտապես  լավագույնների շարքում է: Մեր այցելության պահին արդեն 80% համալրվածությունն ապահովված էր: «Պատիվ ունեմ» ծրագրով դիմողների մեծ աճ էր նկատելի, «Ես եմ» ծրագրով ծառայելու ցանկություն էր հայտնել դեռեւս տասը նորակոչիկ: Արտերկրից ծառայության նպատակով հայրենիք վերադարձողները եւս քիչ չէին:

Արարատի մարզում բնակվում են ազգային փոքրամասնություններ՝ ասորիներ, եզդիներ, քրդեր, հույներ, եւ մեր բանակում հայազգի զինվորների կողքին ծառայում եւ Հայաստան աշխարհի դարպասներն ամուր ու անառիկ են պահում նաեւ այլազգի երիտասարդները:

-Լավ են ծառայում,  պատվախնդրորեն,- նկատում է զինկոմը:- Ապրիլյանի օրերին իմ աշխատասենյակի դուռը առաջինը Վերին Դվինի կին համայնքապետը բացեց՝ Լյուդմիլա Պետրովան, ասելով՝ ի՞նչ է պետք, պատրաստ ենք ամեն կերպ սատարելու, մենք ձեր կողքին ենք: Եվ, ընդհանրապես, մեր մարզի բոլոր տղաներն էլ նվիրված ծառայում են,  զորամասերից ստացած պատվոգրերն ու շնորհակալագրերը ասածիս խոսուն վկաներն են:

-Արարատի մարզից ռազմական բարձրագույն հաստատություններ դիմողներն էլ քիչ չեն,- լրացնում է զորահավաքային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արա Մկրտչյանը: -Պայմանագրային զինծառայողներով համալրվածությունը նույնպես մեծ տոկոս է կազմում:

-Շուտով մեծ հանդիսությամբ  բանակ կճանապարհենք ամառային զորակոչի տղաներին: Ամենակարեւորը՝ որքան զինվոր ճանապարհում ենք բանակ, այնքան էլ ընդունենք: Աստված տա՝ խաղաղ երկնքի տակ ծառայեն մեր զինվորն ու սպան,- բարեմաղթում է գնդապետ Արայիկ Մուրադյանը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (1294) 19.06.2019 - 25.06.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/06/2019