Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
8-1-3
ՄՈՆԹԵՆ

26 տարի առաջ զոհվեց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը:

 

ՄՈՆԹԵՆՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ: Նորագույն հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ, հրապարակախոս, հնագետ:

Ծնվել է 1957 թվականին, Կալիֆորնիայում: Մորական պապերը եղել են Կալիֆորնիայի առաջին հայերը, որոնք գաղթել են Մարզվանից: Հորական կողմը գաղթել Է Խարբերդի Խարաձոր գյուղից` 1913-ին: Մանկությունն ու պատանեկությունն անցել են օտար միջավայրում, սովորել է Վայսիլիայի միջնակարգ եւ երկրորդական վարժարաններում: 1969-70 թթ. ընտանիքի հետ ճանապարհորդել է Եվրոպայի եւ Միջին Արեւելքի երկրներում, այցելել է իր պապերի ծննդավայրը: 1973թ. որպես առաջնակարգ աշակերտ ուղարկել են ճապոնիա` Օսակա քաղաքում սովորելու: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժինը: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսուցման չորսամյա ծրագիրն ավարտել է երկուսուկես տարում: Սովորելու տարիներին մի քանի ընկերների հետ ստեղծել է Բերկլիի «Հայ ուսանողական միությունը»: 1978-ին ավարտել Է համալսարանը` պաշտպանելով «Ուրարտուի ժայռափոր դամբարանները» ավարտաճառը: Այնուհետեւ դիմել է Օքսֆորդի համալսարան: Նույն տարվա մարտին մեկնել է Լիբանան` մայրենի լեզուն սովորելու: Մի քանի ամիս հետո անցել է Պարսկաստան, մասնակցել «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության պեղումներին:

1978թ. աշնանը վերադառնալով Լիբանան, մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական կռիվներին, այդ պատճառով էլ հրաժարվել է ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում, ուր արդեն ընդունվել էր:

1980թ. Մոնթե Մելքոնյանը միանում է Հայաստանի Ազատագրական Հայ Գաղտնի Բանակին եւ շուտով դառնում նրա գլխավոր գործիչներից մեկը: Շուրջ երեք տարի գաղտնի ապրում է Արեւմտյան Բեյրութում, հոդվածներ գրում «Հայաստան» պաշտոնաթերթի համար: Ինքնակրթությամբ ձեռք բերած իր ռազմական գիտելիքները կատարելագործում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի զորակայանում: Հետագայում նա դառնում է ՀԱՀԳԲ-ի զինվորական գլխավոր մարզիչներից մեկը: 1981թ. Փարիզում ձերբակալվում է կեղծ անձնագիր կրելու եւ Հռոմում թուրք դեսպանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով: Մեկ ամիս հետո ազատ է արձակվում եւ շարունակում է ապրել ընդհատակում:

1985 թվականի նոյեմբերին երկրորդ անգամ ձերբակալվում է Փարիզում` կեղծ անձնագիր կրելու, պայթուցիկ նյութեր ունենալու եւ «չարագործներու հետ համագործակցելու» մեղադրանքով ու դատապարտվում 6 տարվա բանտարկության: Մինչեւ 1989թ. հունվարը մնում է ազատազրկման մեջ Ֆրենի եւ Փուասիի բանտերում: Բանտարկության տարիներին հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ է գրում Լոնդոնի «Կայծեր», Փարիզի «Հայ պայքար» թերթերում եւ Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում: Այդ հոդվածների մի մասը եւ բանտից գրված կազմակերպչական բնույթի նամակները հրատարակվել են առանձին գրքով: Ազատազրկման տարիներին Մոնթե Մելքոնյանն իր ընկերների հետ աշխատել է ՀԱՀԳԲ-ի եւ նորագույն հայ ազատագրական պայքարի մասին գրքերի վրա, որոնք լույս են տեսել Լոնդոնում` անգլերենով:

ՄՈՆԹԵՆ1989թ. Մոնթե Մելքոնյանը եւ իր ապագա կինը` Սեդա Գապրանյանը, որի հետ ծանոթացել էր դեոեւս 1978 թվականին Լիբանանում, անցնում են Արեւելյան Եվրոպա, որտեղ մնում են երկու տարի: Այդ ընթացքում նրանք հայերեն են թարգմանում Մոնթեի անգլերեն 3 աշխատությունները, որոնք 1994թ. վերահրատարակում են մեկ գրքով` «Իրականություն» ընդհանուր խորագրի տակ:

1990թ. Մոնթե Մելքոնյանը գալիս է Հայաստան: Մինչեւ 1991թ. սեպտեմբերը զուգահեռաբար կատարում Է գիտական եւ զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետների հետ շուրջ 8 ամիս աշխատում Է «Հայաստանը եւ իր հարեւանները» ծավալուն գիրքը կազմելու վրա, որը չի հասցնում ավարտել: 1991թ. սկզբին մի խումբ ընկերներով հիմնում են «Հայրենասիրական ջոկատը» եւ մեկնում Հայաստանի սահմանամերձ շրջաններ: 1991թ. օգոստոսին ամուսնանում է Սեդա Գապրանյանի հետ, իսկ մեկ ամիս անց առաջին անգամ մեկնում է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջան` ֆրանսահայ մի թղթակցի հետ որպես թարգմանիչ: Նույն օրերին մասնակցում է Էրքեջ, Մանաշիդ եւ Բուզլուխ գյուղերի ազատագրման կռիվներին, աչքի ընկնելով իր ռազմական իմացությամբ: Վերադառնալով Երեւան, հավաքում է «Հայրենասիրական ջոկատի» մարտիկներին եւ միանալով «Կոռնիձոր» ջոկատին, կրկին մեկնում է Շահումյան` Ղարաչինար գյուղը: 1992թ. փետրվարին տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջան, որն այդ ժամանակ մարզի ամենատկար կետերից էր, նշանակվում զորամասի, իսկ մեկ ամիս հետո` շրջանի հրամանատար: Նրա հրամանատարության օրոք ազատագրվում է շրջանի բռնագրավված տարածքի 80 տոկոսը: 1993թ. մարտին Քելբաջարի ազատագրման գործողությանը մասնակցելու համար Մոնթեն մեկնում է Մարտակերտ: Մայիսին վերադառնում է Մարտունի, իսկ հունիսին ղեկավարում է Աղդամի մատույցներում գտնվող կրակակետերի լռեցման գործողությունը:

Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Մարզլի գյուղում թշնամու դարան մտած ԲՄՊ-2 զրահամեքենայի արձակած հրթիռի բեկորից:

1993թ. հունիսի 19-ին Մոնթե Մելքոնյանի մարմինն ամփոփվում է Եռաբլուրում: