Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԵԾ ՄԱՅՐԻԿՍ»
«ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԵԾ ՄԱՅՐԻԿՍ»

«ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԵԾ ՄԱՅՐԻԿՍ»Հայաստանում լույս տեսավ ֆրանսիացի գրող, դերասանուհի Աննի Ռոմանի «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը՝ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ: Ինչպես նշում է Նոբելյան ակադեմիայի անդամ Հորաս Էնգդալը գրքի նախաբանում, այս գեղարվեստական վավերագրության հիմքում ցեղասպանության ու տեղահանության միջով անցած Սրբուհի մեծ մայրիկի եղերական պատմությունն է՝ ջարդերի ժամանակ, աքսորի ճանապարհին գրված նրա օրագրի ու թոռնուհու՝ Աննիի մանկական վերհուշների տեսքով: Ապրիլի 24-ին Աննի Ռոմանն իրականացրեց տատի մեծ երազանքը, եկավ Հայաստան ու ծաղիկներ խոնարհեց եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Հայաստանցի մեծ մայրիկս» գրքի հեղինակ Աննի Ռոմանի եւ թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի հետ մեր զրույցը ներկայացնում է Աննի Ռոմանի կյանքին եւ Հայոց ցեղասպանության մասին պատմող նրա գեղարվեստական վավերագրությանն առնչվող հետաքրքիր մանրամասներ:

 

Տիկին Ռոման, բարի գալուստ Հայաստան: Դուք առաջին անգամ եք Ձեր նախնիների երկրում՝ Սրբուհի մեծ մայրիկի հայրենիքում, ի՞նչ տպավորություն, ի՞նչ հույզեր ունեք…

-Հայաստանը հրաշալի երկիր է: Արեւոտ, տաք, պայծառ… Մարդիկ ջերմ են, հյուրընկալ ու լուսավոր: Ես ինձ յուրային եմ զգում Հայաստանում: Երբ փոքրիկ աղջիկ էի, ապրում էի Սրբուհի մեծ մայրիկիս հետ ու անվերջ լսում էի նրա սարսափելի պատմությունները 1915 թ. Արեւմտյան Հայաստանում թուրքերի իրականացրած ջարդերի մասին: Թուրքերն սպանել են տատիկիս ամբողջ ընտանիքը՝ ծնողներին, ամուսնուն, երեխաներին: Ես գրքում նկարագրել եմ տառապալի մանրամասները, որ տատս է ինձ պատմել: Որպեսզի կարողանա գոնե որդուն՝ Ժիրայրին փրկել, տատս նրան տալիս է մի թրքուհու: Տարիներ անց ռուսական որբանոցներում գտնում են Ժիրայրին: Տատս անցել է գաղթի ճանապարհներով, ճաշակել եղեռնի ամբողջ ցավը: Նրա անվերջանալի պատմություններում Հայաստան բառը նույնանում էր վշտի ու տառապանքի հետ: Ու անչափ ուրախ եմ, որ Հայաստանում տեսնում եմ անչար, ջերմ, կենսալի մի ժողովուրդ արեւոտ ու գեղեցիկ երկրում:

Ի՞նչ էիք զգում Դուք մանկության տարիներին, երբ լսում էիք եղեռնի մասին սարսափազդու պատմությունները. Վա՞խ, ցասո՞ւմ, վրիժառությո՞ւն… Եվ ինչո՞ւ էր Սրբուհի մեծ մայրիկը հենց Ձեզ՝ իր փոքրիկ թոռնուհուն պատմում իր ցավը:

-Ինչ էի զգում… Ես հիվանդացա: Այնպես հիվանդացա, որ չկարողացա իմ հասակակիցների հետ դպրոց գնալ: Դա նյարդերի հետ կապված հիվանդություն էր, ավելի ճիշտ՝ սթրեսի հետեւանք, եւ ես վստահ եմ, որ մեծ մայրիկիս պատմություններն էին իմ հիվանդության պատճառը: Ես տպավորվող երեխա էի ու կարծես ինքս էի անցնում ջարդերի միջով ու աքսորի ճանապարհով:

Այո՛, Դուք այդ մասին գրել եք գրքում: Գուցե տատիկի ուզածն էլ հենց դա էր, որ Դուք՝ թեկուզ ցավով, բայց զգաք Ձեր արմատները, մոտ լինեք Ձեր նախնիների կորուստներին:

-Ես կարծում եմ՝ տատս բարձրաձայն մտորում էր: Նա էությամբ գրող էր: Սրբուհի մեծ մայրիկս ջարդերի ժամանակ, աքսորի ճանապարհին հայերեն ու ֆրանսերեն թղթին է հանձնել այն ամենը, ինչը կատարվել է իր շուրջը: Նա մտածել է, որ ինքը կզոհվի, ու իր օրագիրը հետագայում մարդկանց կպատմի կատարվածը: Ես գրքում ներկայացնում եմ տատիկի օրագրի լուսանկարված էջերը:

Չե՞ք կարծում, որ դրանք գրված են գրողի վարպետությամբ:

-Այո՛, շատ տպավորիչ են գրված:

-Տատս հրաշքով փրկվեց ցեղասպանությունից ու արդեն Ֆրանսիայում շարունակեց իր հուշագրությունը: Նա գրելուց բացի բարձրաձայն պատմում էր: Ես նրա ընթերցողն էի, նրա հանդիսատեսը, ունկնդիրը: Նրա ցավի միակ վկան:

-Սրբուհի մայրիկի օրագիրը՝ գրված ջարդերի ժամանակ ու տեղահանության ճանապարհին, փաստաթղթի ուժ ունի: Ու դրա լուսանկարները գրքում ներկայացնելը բազմապատկում է գեղարվեստական վավերագրության հավաստիությունը: Որտե՞ղ է այժմ Սրբուհի մեծ մայրիկի օրագիրը:

-Ես օրագիրը հանձնել եմ ֆրանսիաjի Միտերանի անվան ազգային գրադարան: Գրադարանը հավաքում է պատմական եւ հոգեւոր փաստաթղթեր, սակայն Հայոց ցեղասպանության մասին ոչ մի նմուշ չուներ: Սրբուհի մայրիկի օրագիրը եղեռնի մասին հիշատակող առաջին նյութն է գրադարանում: Ես բացարձակ չեմ նսեմացնում պատմաբանների ու պատմական աշխատությունների դերը, բայց ցեղասպանության վկայի, նրա ձեռքով հենց կատարվածի ու տեղահանության ժամանակ գրված պատմությունները խիստ արժանահավատ են, հուզական մեծ լիցք ունեն: Գրադարանը պարբերաբար իրականացնում է ցուցադրություններ: Սրբուհի մեծ մայրիկի օրագիրը արդեն երկու անգամ ցուցադրվել է՝ մեկը սեպտեմբերին, մյուսը՝ ապրիլին: Մարդիկ հնարավորություն են ունեցել «Հայկական հիշողության կենտրոնում» ծանոթանալ օրագրի նյութերին: Շուտով Փարիզի քաղաքապետարանում նույնպես կկազմակերպվի ցուցադրություն: Ես գրքի մեծ լսարան ապահովելու գործընթացը ինքնահոսի չեմ թողնելու եւ ջանալու եմ, որ այն հասու լինի հնարավորինս շատ մարդկանց:

Տիկին Ռոման, գիրքը ճանաչողական նշանակությունից զատ, ունի նաեւ գեղարվեստական մեծ արժեք: Գրված է անբռնազբոս, անճիգ, հետաքրքիր ու աշխույժ: Հեշտ է ընթերցվում: Մեծ վարպետություն է պահանջվում հասուն կնոջից երեխայի մանկական պատկերացումներով ու բառապաշարով ներկայացնել մի այնպիսի ծանր թեմա, ինչպիսին ցեղասպանությունն է:

-Ուրախ եմ, որ գրքի մասին բազում դրական կարծիքներ են հնչել: Գովեստի խոսքեր չխնայեց նաեւ Նոբելյան մրցանակի հանձնաժողովի նախագահ Պատրիկ Իմհոսը:

Այո՛, Պատրիկ Իմհոսը նաեւ գրավոր կարծիք է թողել, նա բարձր է գնահատել այն փաստը, որ անսովոր իրադարձությունների մասին գիրքը պատմում է հանդարտ ձայնով եւ առանց ատելության: Այո՛, առանց պաթոսի, առանց ողբի, առանց անեծքի, բայց խորախոր ցավով: Տիկին Ռոման, ես գիտեմ, որ Դուք երկրորդ գիրքն եք գրել Սրբուհի մեծ մայրիկի մասին:

-Այո՛, երկրորդ գիրքը վերաբերում է ցեղասպանությունից փրկված կնոջ հետագա կյանքին ու ճակատագրին:

Այն չի՞ վերաբերում եղեռնին:

-Իհարկե, որոշ հիշատակություններ կան եղեռնի մասին: Բայց գիրքը փրկվածի, վերապրած հայի կյանքի մասին է: Այն թարգմանվել է շվեդերեն, ռումիներեն ու գերմաներեն: Նոբելյան մրցանակի հանձնաժողովի նախագահը իր ելույթի ժամանակ շատ ջերմ խոսքեր ասաց գրքի մասին: Իմ հայաստանյան այցելության տպավորությունները նույնպես գիրք կդառնան: Ես օրական մեկ ժամ գրում եմ:

Ինչի՞ մասին կլինի այդ գիրքը:

-Չեմ ասի: Դուք նույնպես այդ գրքում կլինեք: Ինչի՞ մասին… կիմանաք, երբ գիրքը լույս տեսնի:

Տիկին Ռոման, երբ կարդում էի «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը, մտածում էի, որ այն ֆիլմի պատրաստի սցենար է: Ու չզարմացա, երբ իմացա, որ Դուք արհեստավարժ դերասանուհի եք, համագործակցում եք մեծն Ժան Լյուկ Գոդարի հետ: Չե՞ք կարծում, որ գիրքը հրաշալի ֆիլմ կդառնա…

-Համաձայն եմ: Ու չի բացառվում, որ մի օր «Հայաստանցի մեծ մայրիկս» էկրան բարձրանա:

Ես ուզում եմ խոսել նաեւ Ձեր մեկ այլ նախաձեռնության մասին: Դուք կազմակերպում եք Նոբելյան մրցանակի արժանացած գրքերի հրապարակային ընթերցումներ, եւ իրոք, գեղեցիկ խոսքը մեղեդու նման պիտի հնչի ու գեղագիտական վայելք արթնացնի ունկնդրի հոգում:

-Ես միակն եմ աշխարհում, ով մարդկանց համար ընթերցում է Նոբելյան մրցանակի արժանացած գրքերի երեւելի հատվածները: Նախ՝ սա խթանում է գրքի հանդեպ նվազող սերը, հուշում գեղեցիկ, բովանդակալի խոսքի հանդեպ հարգանք ու ներքին մղում, ստեղծում է մշակութային մթնոլորտ, խոսքի փոքրիկ տոնախմբություն, ձեւավորում է գեղագիտական ճաշակ… Իմ հրապարակային ընթերցումները լսելու համար մարդիկ չեն վճարում: Հաշվի առնելով միջոցառման մշակութային նշանակությունը, այն հովանավորվում է: Մենք Հայաստանում էլ կարող ենք նույնը կազմակերպել: Ես ունեմ այդպիսի մտադրություն:

Պարոն Ջանիկյան, սա իրագործելի՞ մտադրություն է:

-Իհարկե, եթե ֆինանսական խնդիրը լուծվի, ուրիշ ոչ մի դժվարություն չկա: Միայն ես Նոբելյան մրցանակի արժանացած երեք գիրք եմ թարգմանել: Հայաստանում Նոբելյան մրցանակի արժանացած գրքերի բազմաթիվ թարգմանություններ կան: Մենք ունենք բարձրաճաշակ ընթերցող, որը առիթը բաց չի թողնի լսելու գեղեցիկ խոսք, վայելելու բարձր գրականություն:

Իսկ ինչպե՞ս եղավ, որ Դուք թարգմանեցիք Աննի Ռոմանի «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը:

-Ֆրանսիայի կառավարությունը ինձ պարբերաբար ուղարկում է Ֆրանսիայում լույս տեսած գրքերի ցուցակը: Եվ իմ ընտրությամբ ու Ֆրանսիայի կառավարության հավանությամբ՝ թարգմանում եմ այդ գրքերից որեւէ մեկը: Եվ ահա, ես տեսա «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը այդ ցուցակում եւ որոշեցի թարգմանել: Գտա Աննի Ռոմանին: Գիրքը հայերեն տպագրվեց Աննի Ռոմանի միջոցներով, վստահ եմ, որ Հայաստանում Սրբուհի մեծ մայրիկի պատմությունը մեծ լսարան կունենա, ընթերցողը կսիրի մեծ մայրիկի եւ նրա թոռնուհու սրտառուչ զրույցը, որը 20-րդ դարի ամենահրեշավոր իրադարձությունների վավերագրումն է:

Շատ հետաքրքիր է, որ Աննի Ռոմանը գիրքը նվիրում է իր թոռնուհուն՝ Ալիսի Բելին:

-Աննին ասում է, որ թոռնուհին անչափ հպարտանում է, որ գիրքը նվիրված է իրեն: Իմ կարծիքով՝ Աննի Ռոմանի այս նվերը թոռնուհուն Սրբուհի մայրիկի պատմության՝ մեր ցավի ու հիշողության ժառանգումն է նոր սերնդին, եւ այն երբեք չմոռանալու խորհուրդն է մարմնավորում: Ի դեպ, Աննին իր անունը ժառանգել է Սրբուհի մայրիկի մորից: Նրա անունը Անի է, պարզապես ֆրանսիական հնչողությամբ գրվում է երկու ն-ով: Աննի Ռոմանի այցելությունն իր նախնիների երկիր, նրան կապել է Հայաստանին: Նա դեռ Հայրենիքում է, բայց արդեն խոսում է հաջորդ այցելության մասին, որը հավանաբար կլինի սեպտեմբերին: Նա ուզում է տուն գնել Հայաստանում:

Սիրելի՛ Աննի Ռոման, սիրելի պարոն Ջանիկյան, շնորհակալ եմ այս գեղեցիկ զրույցի համար: Սիրով սպասում եմ Աննի Ռոմանի հայաստանյան ուղեւորության մասին պատմող գրքի լույսընծայմանը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ