Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

(English) ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ



ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆՀարկավոր  էր   առանց աղմուկի դուրս գալ գրավված դիրքերից, անցնել խաղողի այգիներով, մտնել ջրանցքի մեջ։ Այդ նպատակով ջրանցքի ջուրը մի քանի օր առաջ կտրել էին։ Մութն ընկնելուն պես վաշտն իծաշարուկ շարժվեց խաղողի այգիներով։ Կարգադրված էր չծխել, չխոսել, չհազալ։ Զինվորները չգիտեին, որ այգիներում թուրքերն ականներ էին տեղադրել, չգիտեին, որ պետք է շարժվեն ցամաքած ջրանցքով, մի քանի կիլոմետր խրվեին թուրքերի դիրքերի մեջ։

Վաշտի հրամանատարը տեղացի հետախույզների հետ գնում էր առջևից՝ խոստացել էին տանել ականներից զերծ ճանապարհով։ Հին զինվորներից վստահելի վերջապահներ էր նշանակել, ապահով էր, ոչ մեկը ետ չէր մնա։ Լուռ քայլում էր ու մտքում հայհոյում գնդի հրամանատարին՝ գոնե ականազերծեին։ Գիշերային մթության մեջ ամեն անգամ ոտքը գետնին դնելիս, սրտի  աշխատանքն արագանում էր, ականջը պայթյունի ձայնի էր սպասում։ Մտքում հայհոյում էր հրամանատարին։ Առավոտյան ցանկացավ առարկել, նույնիսկ փորձեց չկատարել հրամանը, բայց հրամանատարն առարկություն չընդունող տոնով ընդհատեց.

– Հետախույզները մանրամասնորեն ուսումնասիրել են, ամեն ինչ մտածված, հաշվարկված է՝ անվնաս կանցկացնեն ականապատված դաշտի միջով։ Կաշխատեք աննկատ անցնել։ Նկատվելու դեպքում կդիմանաք, մինչև օգնություն հասնի։ Վաշտի հրամանատարը նորից հայհոյեց. «Մինչև օգնություն հասնի… հինգով, տասով, թող քսանով, կարելի է աննկատ անցնել, բայց մի ամբողջ վաշտ… Դե, ներողություն… Նոր տղերք են։ Դեռ չեն հասցրել վառոդի հոտն առնել… Իսկ եթե հանկարծ խուճապ սկսվի՞… Ի՞նչ կարող եմ անել… Խուճապի առաջն ո՞վ կարող է փակել… Փողոցներից հավաքել, համազգեստ հագցրել, ձեռները զենք ենք տվել… Դրանով զինվո՞ր դարձան…»։

Վաշտի հրամանատարի սրված լսողությունն ընկալում էր յուրաքանչյուր աղմուկ։ Անընդհատ ականի պայթյունի էր սպասում։ Հանդերձանքի ծանրության տակ ճոճվելով, արագությունից շնչահեղձ էին լինում։ Հաճախակի զինվորների երկարաճիտ կոշիկների տակ ջարդվող ճյուղերի ճռթոցը, թվում էր, թե տարածվում է ողջ հարթավայրով։ Մեկն ընկավ։ Գոտիից կախված տափաշիշը դիպավ քարին։ Իրենից անկախ լարվեց, կարծես պայթյուն լիներ։ Հաշվում էր քայլերը, գումարում, բազմապատկում, որոշում անցած ճանապարհի մետրերը։ Հարյուր քսան զինվորի կյանքի ու առաջադրանքի համար պատասխանատվությունն իր ուսերին էր դրված։ «Փառք Աստծո, – մտածեց, – կեսն անցել ենք, դեռ զոհ չկա… Դեռ չեն նկատել…»։ Բայց դեռ միտքը չէր ավարտել, հզոր պայթյունը գուժեց մի զինվորի վիրավորվելը։ Պայթյունից հետո ամբողջ այգով մեկ տարածվեց նրա գոռոցը։ Աշխատում էր ձայնից գուշակել, թե ով կարող է լինել։ Բայց նոր էին փոխարինել, չէր հասցրել բոլորին ճանաչել։ Երրորդ դասակի հրամանատարը կապվեց՝ վիրավոր ունենք։ «Թող երկու զինվոր տանեն բուժկետ»։ Դեռ խոսքը չէր վերջացրել, թուրքերը կրակ բացեցին։ Չնայած մթության մեջ չէին կարող նշանառությամբ կրակել, բայց վտանգավոր էր։ Հրամայեց պառկել ու սպասել հրաձգության դադարելուն։ Հետախույզները խնդրում էին կանգ չառնել, գարնանային կարճ գիշերը կարող էր չբավականացնել։ Թշնամին անընդհատ կրակում էր։ Ստիպված էին շարժվել կրակի տակ։ Գիշերվա խավարը պաշտպանում էր՝ հակառակորդը կրակում էր ենթադրաբար։

Կապվեց դասակների հրամանատարների հետ, կարգադրեց դանդաղ վազքով շարժվել առաջ։ Թվաց, թե տարի անցավ, մինչև առաջապահը հետախույզների հետ հասավ փրկարար ջրանցքին։ Ինքը մնաց՝ ստուգելու մինչև վերջին զինվորը տեղ հասնի։ Առաջապահներն արդեն շարժվում էին ջրանցքով։ Երբ վերջին զինվորներն էին տեղ հասնում, նորից ական պայթեց։ Հրացոլքը պատռեց գիշերային խավարը։ Թուրքերը կրակը կենտրոնացրին հրացոլքի ուղղությամբ։ Վաշտի հրամանատարը հայհոյեց, բռունցքով խփեց ծնկանը. «Երկու զինվոր կորցրի, դեռ մարտի չբռնված, հիմար կռիվ է…»։

Վերջապես վերջին զինվորը մտավ ջրանցք։ Մի քանի օր առաջ ջուրը փակել էին, որ հնարավոր լինի անցնել։ Սակայն հատակին մինչև ծնկները հասնող տիղմ էր, մածուցիկ, կպչուն, սառը, տհաճ։ Կոշիկները լցվում էին կպչուն ցեխաջրով, թույլերը ժամանակ առ ժամանակ մինչև ծնկները խրվում էին տիղմի մեջ, հուսահատ շարժումներով աշխատում դուրս գալ։ Ընդամենը երրորդ օրը պատերազմի դաշտում հայտնված անփորձ տղերքը հուսահատությունից լաց էին լինում։ Շատերը կորցրել էին կոշիկները, քայլում էին գուլպաներով, ընկնում էին տիղմի մեջ, ոտքից գլուխ ցեխոտվում, բայց այլևս ետդարձի ճանապարհ չկար։ Հարկավոր էր շարժվել, հասնել նպատակակետին, մինչև լուսանալը խրամատավորվել, թշնամուն դիմավորել խրամատում։

Ոմանք ջղայնության նոպաներ էին ունենում, ուրիշները հուսահատությունից գլուխները կորցնում էին, ցածրաձայն հայհոյում չգիտես ում, բայց շարժվում էին առաջ։ Իսկ տեղանքին ծանոթ հետախույզներն անընդհատ շտապեցնում էին՝ Աստված չանի՝ լույսը բացվի, ու դեռ խրամատավորված չլինեն։

Թուրքերն անընդհատ կրակում էին՝ կասկածելի շարժում էին նկատել, բայց վախենում էին գիշերով դուրս գալ խրամատներից։ Ետդարձի ճանապարհ այլևս չկար, և վաշտը համառորեն պայքարելով կպչուն, լպրծուն տիղմի ու տհաճ սառնությամբ ցեխաջրի հետ, շարժվում էր դեպի նպատակակետը։

Արդեն ոտքից-գլուխ ցեխոտվել էին, շատերը կորցրել էին սաղավարտները, տափաշշերը, հագուստները, հոգնածությունից հանել-գցել էին ուսապարկերը, բոբիկ, ջրանցքի հատակին թաքնված մետաղալարերից, ապակու կտորտանքից վիրավորված ոտնաթաթերով, բայց զենքերը մաքուր ու չոր պահած շարժվում էին։ Տնքալով, շնչահեղձ լինելով, փղձկալով, հայհոյելով ճղում, հաղթահարում էին բոլոր արգելքները։ Հետախույզները խնդրում էին, համոզում, վախեցնում, որ ավելի արագ շարժվեն։ Եվ ավելի արագ էին քայլում։ Օրգանիզմը, աստիճանաբար ընտելանալով արտակարգ վիճակին, անհասկանալի խորքերից հզոր էներգիա էր դուրս հանում, հաղթահարում հոգնածությունն ու անհասկանալի վախը, որ գալիս էր անըմբռնելի ճանապարհով, թուլացնում կամքը։

Շտապողականությունը դարձել էր օդից նյութականացող առարկայի նման։ Վաշտի հարյուր քսան հոգին դարձել էին մի մարմին։ Հրամանատարը զարմացած նայում էր։ Այդ հավաքական մարմինը համառորեն պայքարում էր գոյատևելու համար, և այլևս անհրաժեշտություն չկար կարգադրություններ անելու, ուղղություն տալու։ Ինքն էլ այդ հավաքական մարմնի մի անդամն  էր և իր կամքից անկախ ենթարկվում էր նրա ներքին օրենքներին։ Առանց հրամանի բոլորը կատարում էին ճիշտ, անհրաժեշտ գործողություններ՝ միմյանց օգնում էին, թույլերից վերցնում էին ծանր զենքերը, զինամթերքը, անկարողներին շալակում էին, ետ մնացողներին քշում առաջ։ Հետախույզներն այլևս չէին շտապեցնում, իրենք էլ խառնված այդ նպատակամղված ընթացքին, գնում էին… Վաշտի հրամանատարը զարմացած էր։ Նման երևույթների մասին լսել էր, բայց առաջին անգամ էր տեսնում։ Գիտեր, տեսել էր, որ ծայրահեղ, արտակարգ վիճակներում մարդը փոխվում է՝ կամ բարոյալքվում, խուճապի է մատնվում, կամ բոլորովին կորցնում է վախի զգացողությունը։ Տեսել էր մեկ մարդու, երկուսին, երեքին… հինգին… Բայց մի ամբողջ վաշտ… «Ես ձեր հոգուն մեռնեմ, տղե՛րք», – մտովի խոսում էր շարժվող վաշտի հետ ու ինքն էլ, իր կամքից անկախ, ենթարկվելով ընդհանուր, հավաքական կամքին, շարժվում էր նրանց հետ համընթաց։

Վերջապես կանգառի հրաման եղավ։ Ինչքա՞ն ճանապարհ էին անցել, ո՞ւր էին, որտե՞ղ էր թշնամին, բացի հետախույզներից ոչ ոք չգիտեր։ Արդեն լուսաբացը մոտ էր։ Դասակների հրամանատարները որոշեցին յուրաքանչյուր եռյակի տեղը և սկսեցին խրամատներ փորել։ Դեռ գործում էր միասնական մարմնի օրենքը։ Օգնում էին, բահ չունեցողներին տալիս իրենցը, սաղավարտներով դուրս հանում փորած հողը։ Մոտեցող լուսաբացն շտապեցնում էր։

Եվ երբ լույսը բացվեց, հակառակորդը զարմացած էր։ Նրա դիրքերի մեջ, նրա թիկունքում մի ամբողջ վաշտ էր հայտնվել։ Հակառակորդը սարսափահար էր։ Անմիջապես գյուղից ետ քաշեց աջ թևը։ Ընդամենը երրորդ օրը մարտի մեջ մտած տղերքը զինվոր էին դարձել։ Խրամատներից գլուխները դուրս հանած նայում էին շտապով գյուղը լքող թշնամուն և հրճվանքից գրկում միմյանց։

Ով ծնված էր զինվոր դառնալու համար՝ մի գիշերվա մեջ վախից ու տառապանքից մղված զինվոր էր դարձել։

Եվ բոլորը խրամատավորված, զենքերը պատրաստ պահած, սպասում էին հակառակորդի պատասխան գործողությանը։ Գիտեին, որ լինելու է։ Ու պատրաստ էին հարվածելու։

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #22 (1293) 12.06.2019 - 18.06.2019, Հոգևոր-մշակութային


13/06/2019