Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ, ՔՈ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԿՅԱՆՔ ՉԿԱ



ԶԻՆՎՈՐ, ՔՈ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԿՅԱՆՔ ՉԿԱԶրույց դաշնակահարուհի ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ հետ

 

-Դասական արվեստի հայ երկրպագուները գիտեն, որ Ավստրիայում բնակվող դաշնակահարուհի Նարե Արղամանյանը ամեն տարի մի քանի անգամ գալիս է Հայաստան եւ նվագում է իր ունկնդրի համար: Սակայն քչերին է հայտնի, որ Դուք վանաձորցի եք, ու Հայաստանը ոչ միայն Ձեր պապերի բնօրրանն է, այլեւ Ձեր ծննդավայրը, որին կապված եք մանկության ու պատանեկության հիշողություններով:

-Ես ծնվել եմ ավերիչ երկրաշարժից մեկ ամիս անց, երբ Վանաձորում դեռ ցնցումները շարունակվում էին: Մորս ծննդաբերության ժամանակ ցնցումներն ուժեղանում են, ու բժիշկներն ինձ դնում են լուսամուտագոգին՝ մտածելով, որ մայրս ինձ կգրկի ու նույնպես կփախչի: Բայց մայրս ուշաթափվում է, ու մենք մնում ենք ներսում: Ժամեր անց, երբ ցնցումները դադարում են, բժիշկները գտնում են ուշակորույս մորս ու ինձ՝ ամբողջովին ցրտահարված: Նրանք մերոնց ասում են, որ ես չեմ ապրի: Սակայն տատիկս գրկում է ինձ ու պատասխանում՝  նա ոչ միայն կապրի, այլև շատերը կլսեն նրա մասին: Նա ինձ տուն է տանում՝ անգիտակից ու մահամերձ:

-Տատիկը, փաստորեն, մարգարեացել է:

-Նա քիմիկոս-ֆիզիկոս էր ու սկսում է դեղաբույսերով բուժել ինձ: Ամիսներ անց, երբ մայրս ինձ հիվանդանոց է տանում, բժիշկներն ապշած են մնում: Մի խոսքով, հրաշք է, որ ես հիմա կամ ու զրուցում եմ Ձեզ հետ:

-Ես ուզում եմ որքան հնարավոր է արագ հասնել Ձեր մասնագիտական հաջողություններին, որովհետեւ ես կարդացել եմ Ձեր կենսագրությունն ու ապշել. 30 տարեկան չկաք, բայց նվաճել եք երաժշտական աշխարհի գրեթե բոլոր տիտղոսները, նվագել եք ամենահեղինակավոր համերգասրահներում, ամենապատվելի նվագախմբերի հետ: Ձեր կենսագրության մեջ ամեն քայլափոխի հանդիպում ես «բացառության կարգով», «բացառիկ ունակությունների համար» արտահայտությունների: Եվ այս ամենի հիմքը դրվել է մեր փոքրիկ երկրում. Դուք 15 տարի Հայաստանում եք ապրել:

-Իմ մանկությունն անցել է մոմի լույսի տակ, ցրտի ու լռության մեջ:

-Ձեր կենսագրության մեջ գրված է, որ Ձեր հայրը դատավոր է եղել Վանաձորում: Ձեր տանն է՞լ էր ցուրտ։ Եվ ի՞նչ լռության մասին եք խոսում։

-Հայրս Սպիտակից է ու երկրաշարժի ժամանակ կորցրեց եղբոր ամբողջ ընտանիքը, քրոջ մանկահասակ զավակներին: Ու մեր տունն ընկղմվեց թանձր ցավի ու լռության մեջ: Այո՛, հայրս դատավոր էր, բայց մենք ապրում էինք ինչպես բոլոր վանաձորցիները: Ես չորս տարեկանում փոքրիկ դույլով ջուր էի կրում փողոցից ու բարձրացնում 5-րդ հարկ, որտեղ մեր բնակարանն էր: Իմ կյանքի միակ լուսավոր կետը գրքերն էին, որ մայրս կարդում էր ամեն օր մի քանի ժամ: Մեկ էլ հորս բացակայության ժամանակ դաշնամուր էր նվագում:

Դրանք օրվա երանելի պահերն էին:  Երեք տարեկանում ես ինքնուրույն կարդում էի Թումանյանի հեքիաթները: Դաշնամուրի հետ իմ առաջին հանդիպումը նույնպես երեք տարեկանում էր: Մի անգամ տատիկիս տանը մայրս բացեց դաշնամուրն ու ասաց. «Տե՛ս, մատներդ հպում ես ստեղներին, ու ձայն է լսվում, խաղա սրանով»: Որոշ ժամանակ անց մայրս նկատեց, որ ես մեղեդիներ եմ նվագում երկու ձեռքով:

-Մեղեդի՞… Հորինո՞ւմ էիք:

-Այո՛, մեղեդի: Մորաքույրս ինձ տարավ երաժշտական դպրոց ընդունելու, բայց մասնագետներն ասացին, որ շատ փոքր եմ, ու պիտի մի քիչ սպասենք:

-Դե, երեք տարեկանում, բնականաբար, երաժշտական դպրոց չէին ընդունի:

-Մայրս ինձ սովորեցրեց նոտաները, ու չորս տարեկանում ես մանկական բանաստեղծությունների խոսքերով երգեր էի գրում: Չորս տարեկանում ես առաջին անգամ մասնակցեցի կոմպոզիտորների մրցույթի ու գրավեցի երրորդ տեղը: Սա ինձ համար մեծ հաջողություն էր, որովհետեւ մասնակիցներից ամենակրտսերը ես էի՝ չորս տարեկան: Հինգ տարեկանում ընդունվեցի Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցը ու մի քանի ամիս անց առաջին մրցանակը շահեցի «Ամադեուս» հանրապետական մրցույթում։ 6 տարեկանում ունեցա իմ առաջին մենահամերգը, առաջին մասում կատարելով Բախի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի ստեղծագործությունները, իսկ երկրորդ բաժնում՝ իմ դաշնամուրային ստեղծագործություններն ու երգերը: «Ամադեուս» մրցույթի ժամանակ ինձ նկատեց կոնսերվատորիայի դասախոս Ալեքսանդր Գուրգենովը: Նա երբեք երեխաների հետ չէր աշխատում, նրա բոլոր սաներն ուսանողներ էին, բայց ինձ առաջարկեց դասեր առնել իրենից: Պատկերացրեք՝ շաբաթը երեք անգամ մայրս ինձ Վանաձորից բերում էր Երեւան՝ Ալեքսանդր Գուրգենովի մոտ պարապելու, եւ նույն օրը հետ էինք դառնում Վանաձոր:

-Դպրոց գնու՞մ էիք այդ ժամանակ:

-Այո՛: Ես միանգամից երկրորդ դասարան եմ գնացել 6 տարեկանում: Ու միջնակարգն ավարտել եմ 15 տարեկանում:

-Իսկ միջազգային մրցույթները ե՞րբ սկսվեցին:

-Յոթ տարեկանում մասնակցեցի Հարավսլավիայում կայացած Շոպենի անվան միջազգային մրցույթին եւ շահեցի առաջին մրցանակը՝ լինելով մրցակիցներից ամենափոքրը:

-Նարե, ինչպե՞ս են տրվում նման հաջողությունները: Հենքում տաղա՞նդն է, աշխատասիրությո՞ւնը, հաջողությո՞ւնը…

-Հաջողությունն ինքդ ես կռում բաց ձեռքերով: Հենքում բնատուր շնորհն է, աշխատասիրությունը, անձնուրաց սերը քո մասնագիտության հանդեպ:

-Դուք օրվա մեջ 8 ժամ նվագո՞ւմ էիք: Իմ դաշնամուրի դասատուն ասում էր, որ դաշնակահարուհի դառնալու համար օրվա մեջ առնվազն 8 ժամ պետք է նվագել:

-Ես օրվա մեջ մի քանի ժամ էի նվագում: Եվ այդ մի քանի ժամը ինձ համար վայելք էր, ոչ թե աշխատանք: Պետք է հասկանաս՝ ինչի՞ վրա ես ծախսում եռանդդ ու ժամանակդ, որովհետեւ սխալ ընտրված մասնագիտությունը, հակառակ բոլոր ջանքերիդ, քեզ կդատապարտի միջակության: Իսկ շատ ցավալի է՝ աշխատել, տանջվել ու աննշան արդյունք ստանալ: Տեսեք, ես դադարեցի ստեղծագործել, որովհետեւ հասկացա, որ ուրիշներն ավելի լավ են անում դա: Ես մանկուց արել եմ այն, ինչն ինձ հաճույք է պատճառել՝ կարդացել եմ ու նվագել եմ: Յոթ տարեկանում ես ընդունվեցի Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց՝ Ալեքսանդր Գուրգենովի դասարան: Հանրակրթական դպրոց էի գնում Վանաձորում, երաժշտական դպրոց՝ Երեւանում: Մի օր էլ երթուղայինը խափանվեց, ու հազիվ փրկվեցինք ձնաբքից:

-Ինչո՞ւ Երեւան չէիք տեղափոխվում:

-Բնակարան չունեինք Երեւանում: Բայց ձնաբքի տակ մնալուց հետո մորս հետ Երեւանում բնակարան վարձեցինք մեզ համար: 10 տարեկանում ես Ամերիկայում մասնակցեցի Ջինա Բաքաուերի անվան միջազգային մրցույթին, որը մինչեւ 14 տարեկանների համար էր: Ճանաչվեցի լավագույնը եւ ստացա 3 հազար դոլար մրցանակ: Սա այդ տարիներին մեծ գումար էր, որով մենք բնակարան գնեցինք Երեւանում: Ես սկսեցի հաճախել թիվ 84 հանրակրթական դպրոց:

-Ձեր կենսագրության մեջ գրված է, որ Դուք առաջին մրցանակ եք շահել ավելի քան 20 միջազգային հեղինակավոր մրցույթներում:

-Այո՛: Եվ զուգահեռ ընթանում էին համերգային շրջագայությունները: 13 տարեկանում ես մենահամերգով հանդես եկա Ֆրանսիայի 15 քաղաքներում: Չեմ մոռանա մայրիկիս խոսքերը, երբ առաջին անգամ պետք է բարձրանայի միջազգային հարթակ, դրանք դաջվեցին սրտիս մեջ ու դարձան կյանքիս գլխավոր ուղեցույցը: Մայրս ասաց. «Հիմա դու Նարե Արղամանյանը լինելուց առաջ հայ ես ու մարմնավորում ես քո ժողովրդին ու քո երկիրը: Դա ահռելի պատասխանատվություն է: Դու պարտավոր ես պատիվ բերել քո ժողովրդին, պարտավոր ես բարձրացնել նրա անունը: Օտար բեմում դու Հայաստանն ես ու պիտի արժանավայել կրես այդ պատիվը»: Ես Հայաստանն եմ՝ այս միտքը երբեք չբաժանվեց ինձնից հետագայում եւ դարձավ իմ գործունեության հենարանը, առանցքն ու նպատակը: Այն ե՛ւ հպարտություն է, ե՛ւ պատասխանատվություն, ե՛ւ նպատակ:

-Ինչո՞ւ տեղափոխվեցիք Ավստրիա:

-Ես 12 տարեկանից՝ որպես քննություն, նվագել եմ ամենահեղինակավոր երաժշտական հաստատություններում (Նյու Յորքի Ջուլիարդի համալսարան, Ֆիլադելֆիայի Քրթիս համալսարան, Բալթիմորի և Փիբոդի համալսարաններ) եւ ընդունվել եմ: Աշխարհի տարբեր անվանի կրթօջախներից իրենց մոտ ուսանելու հրավերներ ունեի: 12 տարեկան էի, երբ իմ արտասահմանյան համերգներից մեկի CD-ն պատահմամբ ընկնում է ճապոնացի աշխարհահռչակ դաշնակահար Միցուկո Ուչիդայի ձեռքը: Նա գտավ ինձ ու խորհուրդ տվեց անպայման գնալ Վիենա՝ երաժշտության համաշխարհային կենտրոն, եւ ընդունվել Վիենայի Երաժշտության եւ արվեստի համալսարան:

-Ես մի հոդված կարդացի ինտերնետում: Եթե չեմ սխալվում, այդ ուսումնական հաստատությունը 2019թ. լավագույն երաժշտական բուհն է ճանաչվել աշխարհում:

-Այո՛: Ես 15 տարեկանում նվագեցի 200 դիմորդների հետ Վիենայի Երաժշտության եւ արվեստի համալսարան ընդունվելու համար: Իմ միավորներն ամենաբարձրն էին: Վիենայի Երաժշտության եւ արվեստի համալսարան կարող էին ընդունվել միայն 18 տարին լրացած անձինք: Եվ ինձ բացառության կարգով 15 տարեկանում ընդունեցին այդ փառահեղ կրթօջախ: Համալսարանի ամբողջ պատմության մեջ ես միակն էի, որին նման արտոնություն տվեցին, ամենափոքր ուսանողը:

-Ես կարդացել եմ նաեւ Մոնրեալի միջազգային մրցությանը Ձեր հաջողության մասին…

-150 տարբեր ազգերի մասնակիցներից ես արժանացա առաջին մրցանակի, երկրորդ մրցանակ ոչ ոքի չտրվեց, որովհետեւ մրցույթի պահանջները շատ բարձր էին, իսկ երրորդ մրցանակը կիսվեց 32 տարեկան չինացու և ռուս մասնակցի միջև: Ես նաեւ երեք հատուկ մրցանակի արժանացա: Անընդհատ բեմից հնչում էր իմ անունը, իմ հայկական ազգանունը: Ես անչափ հպարտ էի: Երբ բեմ էի բարձրանում հերթական մրցանակն ստանալու, այնպիսի զգացողություն ունեի, ասես իմ երկիրն է ստանում բոլոր մրցանակները: Այդ հաջողությունից հետո սկսվեց մի նոր շրջան իմ կյանքում, երբ հրավերներ էի ստանում աշխարհի լավագույն նվագախմբերից եւ ձայնագրության լավագույն ստուդիաներից:

ԶԻՆՎՈՐ, ՔՈ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԿՅԱՆՔ ՉԿԱ-Նարե, Դուք ուզում եք փառք բերել մեր ժողովրդին, սա հրաշալի մղում է, իսկ մեր ժողովուրդը իր մշակույթով փառավորում է Ձեր հայկական ազգանունը:

-Ես փորձում եմ երաժշտության միջոցով աշխարհին ներկայացնել մեր մշակույթը: Մենք այնպիսի մեծ ու փառահեղ երաժշտական մշակույթ ունենք, որ կարող ենք մրցել ամենաերաժշտական երկրների, ամենահանճարեղ ժողովուրդների հետ: Ես խորապես ցավում եմ, որ մեր մշակույթը ամբողջովին ճանաչված չէ, որ մենք չունենք մեծ երկրների՝ իր մշակույթը աշխարհին մատուցելու հնարավորությունը: Եվ հայ մշակույթը աշխարհին ներկայացնելը իմ կյանքի գերագույն նպատակն է: Ես տարվա ընթացքում 70-80 մեծ համերգ եմ նվագում աշխարհի տարբեր երկրներում եւ իմ նվագացանկում անպայման ընդգրկում եմ հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորներին: Դուք պետք է տեսնեք, թե ամենաբծախնդիր ու հղկված, ամենաբարձր երաժշտական ճաշակով ունկնդիրն ինչպես է հմայվում հայկական դասական արվեստով: 2012թ. մենք ձայնագրեցինք Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը Բեռլինի ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի հետ հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուի գլխավորությամբ եւ 10 համերգ ունեցանք՝ նվագելով Վիենայի ամենամեծ դահլիճներում: Ամեն անգամ դահլիճն ալեկոծվում էր: Մենք երեք անգամ հավելյալ բիս նվագեցինք՝ ունկնդրի խնդրանքով: Թերթերը գրեցին, որ երեք հայ՝ Արամ Խաչատրյանը, Նարե Արղամանյանը և Ալան Ալթինօղլուն փոթորկեցին Վիենայի ունկնդրի հոգին: Համերգի ձայնագրությունը 10 օր անընդմեջ Ավստրիայի հանրային ռադիոյի կայքում չափազանց մեծ դիտումներ ունեցավ, եւ ավստրիական ամենահեղինակավոր «Դի պրեսսե» պարբերականը գովեստի խոսքեր չխնայեց միջոցառումը լուսաբանելիս:

Ինչպես նաև վերջերս Շվեյցարիայում նվագեցի մենահամերգ` բաղկացած Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի ստեղծագործություններից: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ էր կատարվում դահլիճում:

Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ ես մշակեցի «1915» խորագրով ստեղծագործությունը՝ բաղկացած Կոմիտասի երեք երգերից՝ «Գարուն ա», «Կռունկ» և «Դլե Յաման»։ Այն ներկայացնելով աշխարհում բոլոր համերգներից հետո որպես բիս՝ ստացա ունկնդրի հիացմունքը և աննկարագրելի էմոցիաները։

Մենք մեծ ու հանճարեղ ազգ ենք: Ես չեմ սիրում խոսել ծրագրերից, բայց, պիտի ասեմ, որ ունեմ երկու մեծ ծրագիր: Առաջինը՝ հովանավորել հայ երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին, որ նրանք ստիպված չլինեն հաղթահարել այն դժվարությունները, որոնք ես եմ հաղթահարել: Ես պիտի օգնեմ նրանց ավելի հեշտությամբ դուրս գալ միջազգային հարթակ եւ աշխարհին ցույց տալ սեփական երկրի մշակութային ներուժը: Եվ երկրորդ՝ պիտի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հասցնեմ աշխարհի տարբեր անկյուններ, մեր բարձրաճաշակ ու գեղեցկագույն երաժշտությունը պիտի հասնի աշխարհի ունկնդրին: Սա՝ որպես հայի, իմ պարտքն է: Ես՝ այսպես եմ փոխհատուցում Աստծու կողմից ինձ տրված շնորհն ու հայ երաժշտական մշակույթի կրողը լինելու պատիվը:

-Նարե, Ձեզ հետ զրուցելու ցանկություն առաջացավ, երբ կարդացի Վիենայում կայացած Ձեր եւ Հասմիկ Պապյանի համատեղ համերգի մասին:

-Բոլոր տոմսերը շատ արագ սպառվեցին, համերգը «Հայաստան» խորագիրն էր կրում, և այն մեծ հաջողություն ունեցավ: Այս համերգից մի քանի ամիս առաջ էլ միասին գեղեցիկ ծրագրով ներկայացանք Մոնտե Կառլոյի օպերային թատրոնում: Միջազգային հարթակում մեծ ճանաչում ստացած օտարազգի և հայ երաժիշտների մասնակցությամբ մենք կատարեցինք Խաչատրյանի, Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Ու միտք ծնվեց յուրահատուկ երաժշտական կամուրջ կառուցել Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ: Հայ եւ արտասահմանցի երաժիշտները կնվագեն հայկական եւ արտասահմանյան կոմպոզիտորների գործերը ու դրանք կներկայացնեն աշխարհով մեկ:

Անցյալ տարի Հայաստանում ներկայացվեց համաշխարհային պրեմիերա` կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանի դաշնամուրի կոնցերտը, որը կատարեցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, եւ այն մեծ հաջողություն ունեցավ:

Մտադիր եմ փառատոներ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում` նվիրված Հայաստանին: Այս տարի այն նվիրված կլինի Կոմիտասին: Մենք պիտի ընդլայնենք մեր հայրենիքի հոգեւոր սահմանները, մեծացնենք հոգեւոր Հայաստանը, մշակույթով նվաճենք աշխարհը…

Քաղաքական գործիչներն իրենց գործն են անում քաղաքական ատյաններում, իսկ մշակույթի մարդիկ պակաս կարեւոր առաքելություն չունեն:

Ապրիլյան պատերազմի օրերին հետաձգեցի բոլոր համերգներս: Չգիտեի՝ ինչով օգնեմ մեր զինվորներին: Աշխարհահռչակ դաշնակահար Էմիլ Գիլելսը նման իրավիճակներում գնում էր ռազմաճակատ` զինվորների մարտունակությունը բարձրացնելու: Ես էլ կուզեի առնել ռոյալը, գնալ սահման ու նվագել նրանց համար: Այս միտքը ես մտադիր եմ անպայման առաջիկայում իրագործել և զինվորին ասել, որ այս աշխարհում քո կյանքից թանկ կյանք չկա: Ոչ մի մշակութային նվաճում չի կարող մրցել քո սխրանքի հետ: Ասել՝ եղբա՛յր, մենք ինչ էլ անենք, հայրենիքն առաջին հերթին քեզնով է կանգուն:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1292) 5.06.2019 - 11.06.2019, Հոգևոր-մշակութային


06/06/2019