Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻ ԷՋԵՐ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻ ԷՋԵՐՍարդարապատի ճակատամարտի շատ մասնակիցներ հետագայում դարձան նշանավոր մարդիկ, որոնք սերունդներին են թողել ականատեսի իրենց վկայությունները 1918-ի մայիսի 26-28-ի ահեղաշունչ օրերի մասին։ Փորձենք ճակատամարտի մի քանի դրվագ ներկայացնել նրանց հիշողություններով։ Կարծում ենք` վավերագրական այդ նյութերով մեր ընթերցողները կարող են որոշ պատկերացում կազմել այն ճակատագրական օրերի մասին, զգալ դրանց շունչն ու ոգին։

Նպատակահարմարությունից ելնելով՝ մեջբերվող հատվածները վերնագրել ենք։

 

ԴԱ ԱՆՀՆԱՐ Է ՄՈՌԱՆԱԼ

 

«Մինչեւ այժմ չեմ կարողանում մոռանալ, թե ինչ անբարենպաստ պայմաններում  հայկական 5-րդ գունդը, որը ամբողջովին կազմված էր ղարաբաղցի մարտիկներից, ստիպված էր անձնազոհ կերպով  գրոհել հակառակորդի դիրքերը, որոնք կառուցված էին, թվում էր, անմատչելի բարձունքների վրա։ Ամբողջ տեղանքը, որով խիզախորեն առաջ էին գնում ղարաբաղցիները, իրենից ներկայացնում էր լրիվ չորացած, բուսականությունից զուրկ մի հարթավայր, որը, ինչպես ափի վրա, տարածվում էր թուրքերի կողմից գրավված  բարձունքներից։

Գտնվելով 5-րդ հրաձգային գնդի հրամանատարական կետում, ես շատ անգամ տեսել եմ,  թե ինչպես հարձակվող գումարտակների հրաձգային շղթան ընկնում էր հակառակորդի զանգվածային  հրացանա-գնդացրային ու բավականին ուժեղ  հրետանային կրակի տակ։ Բացի դրանից՝ 5-րդ գնդի զորաջոկատների հարձակումն աջակցվում էր ընդամենը մեկ հրետանային  մարտկոցով, որը չէր կարող լռեցնել  թուրքերի ամուր պաշտպանության բոլոր կրակակետերը։ Իսկ հակառակորդն այնտեղ ուներ ոչ պակաս 3-4 մարտկոց։

Երբեմն անվախ ղարաբաղցիների մարտական շարքերը կործանիչ կրակի  հետեւանքով ծածկվում էին փոշու այնպիսի  թանձր շղարշով, որ թվում էր, թե դաշտում  այլեւս ոչ մի կենդանի արարած չի մնացել։  Սակայն գումարտակները, ոչ մի բան հաշվի չառնելով, հարձակումը չէին դադարեցնում եւ կարճատեւ դադարներից հետո վերսկսում էին դրանք առավել  ուժգնորեն…»։

ՀՈՎՀ. ԲԱՂՐԱՄՅԱՆ, «Իմ հիշողությունները», 1979, Երեւան։ Ապագա մարշալը ճակատամարտի ժամանակ եղել է 5-րդ գնդի կապավոր սպա։

 

ԳԻՏԱԿՑՈՒՄ ԷԻՆ՝ ԻՆՉ Է ՆԺԱՐԻՆ ԴՐՎԱԾ

 

«…Կռիվն սկսվեց լուսաբացին։ Նախօրյակին, գիշերը վրա հասնելուն պես, Սիլիկյանի շտաբը  տեղավորվեց Սարդարապատի կայարանում։  Ծավալվում է ինտենսիվ գործունեություն։  Մարդկային ու նյութական բոլոր ռեզերվներն այնտեղ էին կենտրոնացվել։  Զինվորները գինու  լրացուցիչ չափաբաժին ստացան։  Բոլորը գիտակցում էին, թե ինչ է նժարի վրա դրվում վերահաս ճակատամարտում։  Թուրքերը բազմիցս հարձակման փորձ արեցին իրենց գրաված բարձունքներից, բայց ամեն  անգամ հայերի կողմից բացված կրակը նրանց ստիպում էր նահանջել։  Դ. Փիրումյանն այլեւս չէր կարող տեղում մնալ։ Շուռ տալով ցարական բանակի իր համազգեստը կարմիր գույնի աստառի կողմը՝  նա անցավ զորքերի գլուխը…

Հարձակումը պետք է սկսվեր հենց որ Խզնաուզի ջոկատը հասներ թուրքական դիրքերի թիկունքը 400 մետր հեռավորության վրա։  Ժամը 14-ին մոտ թշնամու աջ թեւի թիկունքում փոշու  ամպ բարձրացավ։ Ես ընդհանուր հարձակման հրաման  արձակեցի։ Այսպիսով, գեներալն ընդունեց իր իսկ  կողմից նախատեսված հրամանը եւ անձամբ սկսեց  ղեկավարել գրոհը։ Թուրքերը կատաղի դիմադրություն էին ցույց տալիս, երբ նրանց թիկունքում թնդանոթաձգություն սկսվեց։ Մեր զինվորները դուրս եկան խրամատներից սվինները հագցրած եւ ռուսական ձեւով «ուռա՜» գոչելով՝ գրոհի նետվեցին…»։

Ա. ՇՆԵՈՒՐ, «Սարդարապատի հերոսամարտը», թարգմ. ռուսերենից, ԱՄՆ,  Ֆրեզնո, 1967թ.։ Ծագումով էլզասցի  կապիտան Շնեուրը, նախկինում ցարական բանակի ապա, ճակատամարտի ժամանակ եղել է Դանիել  Բեկ-Փիրումյանի օգնականը։

 

ՆԱՀԱՆՋԵԼ ՉԷՐ ԿԱՐԵԼԻ

 

«Ինչպես այսօր, ես տեսնում եմ հայկական 5-րդ  հրաձգայինը՝ հավաքված մի փոքր  գյուղի մոտ։  Նրա գումարտակները շարված էին 19-րդ  դարի եղանակով, իսկ մի փոքր այն կողմ, նրանց դեմ գնդի հրամանատարն էր՝  շրջապատված իր շտաբով։ Թվում էր, թե այս բոլորը եղել են այն նկարներից, որոնք զարդարում էին իմ զինվորական դպրոցի պատերը։ Պակասում էին միայն այն ժամանակվա զինվորական  համազգեստները։

Ես հիշում եմ այն մի քանի խոսքերը, որոնցով դիմեցի իմ զինվորներին, երբ  իմացա, որ մի վաշտ երկու ուրիշ վաշտերի հետ պետք է գնա գնդի առջեւից։  Ես նրանց ասացի հետեւյալը. «Պետք է լավ գիտակցել, որ այլեւս չի կարելի նահանջել, որովհետեւ մեր հետեւում մնացած մի փոքր  ազատ տարածքն այն ամենն է, ինչ դեռ մնացել է Հայաստանից, եւ գնալ, պատսպարվել լեռներում նշանակում է թշնամուն  հանձնել ոչ միայն այս հողի բնակիչներին, այլեւ անթիվ, անհամար այն փախստական հայերին, որոնք այստեղ  ապաստան են գտել»։

…Երբ ես մտովի վերհիշում եմ, թե ինչ կատարվեց հաջորդ օրը, երբ առաջապահ թուրքական զորամասերը ջախջախվեցին,  իմ աչքի առջեւ անվերջ շղթայի նման  բացվում է հայ զինվորների տեսարանը։ Նրանք պառկած էին թշնամու կողմից պաշտպանվող բլուրների շարանում։ Հայկական ուժերի հիմնական մասը, այդ թվում եւ 5-րդ հրաձգայինը, փոխհրաձգություն էր սկսել թուրքական գլխավոր դիրքերի դեմ եւ պատրաստվում էր  հարձակման։ Ես հիմա էլ լսում եմ, թե ինչպես էին  սուլում գնդակները եւ պայթում արկերը…

…Ես հանկարծ հեռվում նշմարում եմ թուրքական մի զորաբաժին, որը  նահանջում է եւ թաքնվում բլրի հետեւը։  Տեսնում եմ, թե ինչպես հայկական զորամասը բարձրանում է եւ նետվում դեպի  հակառակորդի հենց նոր լքված դիրքերը։ Այս շարժումը տարածվում է ռազմաճակատի  երկայնքով մեկ՝ մի հատվածից անցնելով  մյուսը, եւ շուտով հայերն այլեւս չէին  սպասում, մինչեւ թուրքերը կնահանջեն։  Մոռանալով գնդակ ու արկ՝ նրանք  նետվում են գրոհի՝ հենց որ իրենց  հերթը հասնում էր։ Իմ զինվորները նույնն են անում՝  չսպասելով, որ ես նրանց հրաման տամ։

Թուրքական դիրքերը գրավվեցին առանց նկատելի կորուստների։ Ավելի ուշ ես  իմացա,  որ թուրքերը ստիպված էին  դրանք լքել, որովհետեւ նրանց թեւը օղակված էր հայ կամավորների ջոկատի  կողմից, որն անսպասելիորեն հայտնվել էր կռվի դաշտում…»։

Կ. ՅԱԲԼՈԿՈՎ ¥Խնձորյան¤, «Հայը», ինքնակենսագրական վեպ ¥ֆրանսերեն¤, 1964թ., Փարիզ։ Հեղինակը ճակատամարտի ժամանակ կռվել է Պավել Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո՝ որպես վաշտի հրամանատար։ Երկար տարիներ ապրել է Փարիզում եւ զբաղվել իրավաբանական գործունեությամբ։

 

ԱՅՍՊԵՍ ԷԼ ԵՂԱՎ

 

«…Մայիսի 27-ին հետախուզության մեկնած մի  հայ հեծյալ հանդիպում է թուրք ասկյարի, որը կրում էր նույն  համազգեստը, ինչ որ ինքը։  Պարզվում է, որ դա ազգությամբ թաթար ¥ադրբեջանցի¤ Բալուժբեկ Սուլթանովն էր՝ Երեւանյան գիմնազիայի նախկին սանը, որը որպես կամավոր զինվորագրվել էր թուրքական բանակին»։

Դոկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ, «Արյան ճանապարհով»,  հուշագրություններ՝ տպագրված «Հայրենիք» պարբերականի 1924թ. մարտ-1925թ. հուլիս  ամիսների համարներում։ Մելիքյանը եղել է  դաշնակցական գործիչ,  Թիֆլիսի Ազգային խորհրդի անդամ ¥ճակատամարտի ժամանակ՝ արդեն նախկին¤։  Տարագրվել է արտասահման։

 

ԱՍՔ, ՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

 

Անշուշտ, Սարդարապատի ճակատամարտի մասին  այս պատումը հենց իրենց՝ մասնակիցների վկայություններով դեռ  կարելի է շարունակել,  սակայն, նկատի առնելով լրագրային հնարավորությունների  սահմանափակությունը, բավարարվենք  եղածով եւ կանգ առնենք մի խնդրի վրա,  որի հրատապությունը որեւէ կասկած չի հարուցում։

Սարդարապատի ճակատամարտի մասին կուտակված է հսկայական պատմագիտական նյութ՝ սա ուրանալ չի կարելի։ Այնուամենայնիվ, նկատենք, որ Հայաստանում ստեղծված լինելով  գերազանցապես խորհրդային տարիներին՝ այդ նյութը չէր  կարող չկրել եւ կրում է այդ ժամանակաշրջանի գաղափարախոսության կնիքը, ինչը  հակացուցված է պատմական ճշմարտության  վերհանման բոլոր պահանջներին։

Հարկավոր է մաքրել այդ կնիքը, մեր պատմագիտության առանձին  վրիպումներն ուղղել մեր իսկ ձեռքով։

Իսկապես, նշանավոր շատ մարդիկ են  մասնակցել Սարդարապատի ճակատամարտին՝  գրող Ակսել Բակունց,  լեզվաբաններ Գրիգոր Ղափանցյան, Արարատ Ղարիբյան,  մաթեմատիկոս Բահաթուր Բահաթրյան, նկարիչ Հակոբ Կոջոյան եւ այլն,  հայ եւ ռուս  զինվորականների մի ամբողջ  փաղանգ՝ գեներալ Բարաթով, գնդապետներ՝ Սպիցին, Խմելնիցկի, Եփրեմովիչ, Կարլիցկի, Հասան Ջալալյան, Գեւորգ Մելիք-Շահնազարյան, հետագայում գեներալ Արտակ Վարդանյան եւ շատ ուրիշներ,  ռազմական ու քաղաքական ականավոր գործիչներ, որոնց մեծ մասը  տարագրվեց արտասահման։ Անկասկած, նրանց արխիվներում, հարազատների, ընկերների մոտ կգտնվեն նոր նյութեր ¥հուշեր, լուսանկարներ, փաստաթղթեր¤՝ կապված ճակատամարտի հետ, հարկավոր է ի մի բերել դրանք։

Ինչքան կօգնի այս ամենը՝ հարստացնելու Սարդարապատի ճակատամարտի գեղարվեստական արտացոլման պատումների շարքը ¥Կ. Զարյան՝ «Նավը լեռան վրա», Հ. Մկրտչյան՝ «Անհայտ զինվորի հիշատակարանը» եւ այլն¤։

«Բանբեր» հանդեսի 1969թ. թիվ 1-ում կարդում ենք Սարդարապատի հերոսներից մեկի մասին. «Հերոս գնդացրորդ Տիգրան Սարունյանը,  ցատկելով բլրակից, կրակ է բացում թշնամու վրա։ Նա ընկնում է փամփուշտների տակ, վերջին անգամ գոռալով՝ «Կեցցե՜ Հայաստանը»։ Սա է Սարդարապատի հավաքական հերոսի խոսքը։ Վիպասքը նրա մասին պետք է շարունակվի։

 

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Պատմության էջերից


30/05/2019