Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՂՐԱՄՅԱՆՑԻՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԲԱՂՐԱՄՅԱՆՑԻՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասում քննություններն սկսվեցին հոկտեմբերի քսանմեկին։
-Ունենք նորություններ,- ասաց հրամանատար գնդապետ Գեւորգ Ենոքյանը։ -Ստանձնած առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար էապես բարելավել ենք ուսումնական բազան։ Կրակադաշտերում հարստացրել ենք թիրախային իրադրությունը, լսարաններում տեղադրվել է եւս ինը վարժասարք, իսկ, որ ամենակարեւորն է, ուսումնական գործընթացի հիմքում դրվել է անհատական աշխատանքը։

Տանկիստները

Աշխատանքի բաժանումը կատարվել է վաղ առավոտից։ Հրամանատարի տեղակալներից յուրաքանչյուրը օրն անցկացնելու է որեւէ գումարտակի հետ, որպեսզի վերահսկի ուսումնական տեղամասերի ղեկավարների աշխատանքը, հետեւի անվտանգության կանոնների պահպանմանը, կարգավորի ծագող հնարավոր բարդությունները։ Հերթականությամբ անցնելով ուսումնական բոլոր տեղամասերով՝ քննական գործընթացին են հետեւում զորամասի հրամանատարը եւ քննական հանձնաժողովի նախագահ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը։
Մեր այցելության պահին մեքենավարման ուսումնական տեղամասում տանկիստներն էին։ Ուսումնական կետի ղեկավար վաշտի հրամանատար Կարեն Վարոսյանը պարզաբանեց, որ գումարտակի վաշտերից երկուսն ավարտել են վարումը։ Նրանցից մեկի միջին գնահատականը եղել է «բավարար», մյուսինը՝ «լավ», այժմ քննություն են հանձնում երրորդ վաշտի մեխանիկ-վարորդները։
Քննության ընթացքը կարգավորում էին նաեւ գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ա. Բաբայանը, մայոր Ս. Սահակյանը եւ քննական հանձնաժողովի անդամ, մարտական պատրաստության վարչության սպա մայոր Ռ. Սիմոնյանը, որն էլ համադրելով բոլոր տվյալները, որոշում էր յուրաքանչյուր կուրսանտի գնահատականը։ Մինչ վարումը շարունակվում էր, մայոր Ռ. Սիմոնյանին խնդրեցինք ներկայացնել ընթացքը, գնահատման կարգը եւ արդյունքները։
-Նախ ասեմ, որ անցած երեք օրերի ընթացքում մեքենավարման այս տեղամասում քննություն են հանձնել ՀՄՄ-1-ի մեխանիկ-վարորդները։ Բոլոր կուրսանտներն էլ ցույց են տվել դրական արդյունք։ Անձամբ ես գոհ եմ, որովհետեւ երեքուկես ամսում բոլորը չեն կարող այնպես սովորել, որ ստանան միայն «լավ» ու «գերազանց» գնահատականներ։ Այժմ տանկիստները քննություն են հանձնում, որպեսզի ձեռք բերեն Տ-55, Տ-72 եւ քարշակների մեխանիկ-վարորդի իրավունք։ Այժմ վարումը կատարում են Տ-72-ի դասակի կուրսանտները։ Տարածությունը 4,8 կմ է, նախատեսված է հաղթահարել հինգ արգելք։ Գնահատելիս հաշվի են առնվում վարման տեխնիկան, անցած ուղու միջին արագությունը եւ մեքենավարման կանոնների իմացությունը, այսինքն՝ գնահատելիս հաշվի են առնվում նաեւ տեսական գիտելիքները։ Վարման ընթացքում տանկի մեջ են հրահանգիչը, մեխանիկը եւ քննություն հանձնող կուրսանտը։ Եթե վերջինս ամեն ինչ ճիշտ է անում եւ տարածությունն էլ անցնում է նորմատիվային ժամանակում, ուրեմն նա ստանում է բարձր գնահատական,- ասաց մայոր Ռ. Սիմոնյանը եւ ավելացրեց։ -Վկայական ստանալու համար կուրսանտները պետք է կատարեն ընդհանուր 153 կմ վարում, որից հիսունը վարժասարքերի միջոցով։ Բոլորն էլ այս ցուցանիշներն ապահովել են, եւ ամեն ինչ կարգին է։
Վարումն ավարտելով՝ քննական հանձնաժողովին մոտեցան եւ տվյալների մասին զեկուցեցին կուրսանտներ Ռեւիկ Հովհաննիսյանը, Միշա Էլոյանը, Նժդեհ Եսայանը, Աղասի Ղարիբյանը, Սարգիս Վարդանյանը, Աշոտ Էտիպարյանը, Մհեր Բեգքինյանը, Մխիթար Գրիգորյանը։
«Գերազանց» գնահատականի էին արժանացել Մ. Էլոյանը, Հ. Սարգսյանը եւ Մ. Գրիգորյանը։ Վաշտի հրամանատարից իմացանք, որ այս կուրսանտներն ընդհանրապես «գերազանց» գնահատականներով սովորող տղաներ են։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ երեւանցի Միշան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է։ Նա ասաց, որ տանկ վարելը դժվար չէ, մանավանդ նրանց համար, ովքեր մինչ բանակ գալը մեքենա են վարել։
Հարություն Սարգսյանն ասաց.
-Չորս եղբայր ենք, մեծը ես եմ, մյուսները դպրոցական են, հայրս՝ Արամայիս Սարգսյանը, ազատագրական կռվի մասնակից է։ Եվ մենք մեր գործը պետք է լավ անենք, որպեսզի այլեւս պատերազմ չլինի։
Պարզվեց, որ Մխիթար Գրիգորյանի հայրը՝ Սերգեյ Գրիգորյանը, նույնպես մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին, իսկ այժմ արտադրական կոմբինատ է ղեկավարում։ Մխիթարը նույնպես բանակ է եկել թողնելով ուսանողական նստարանը։ Նա սովորում է Երեւանի տնտեսագիտական համալսարանում, նրա մեծ եղբայրը՝ Մհերը, նույնպես ծառայել է բանակում եւ այժմ իր ուսումն է շարունակում։
Հանձնաժողովին դուր էր եկել նաեւ հրազդանցի Սերոբ Գալստյանի վարումը։
-Ճիշտ է, Սերոբը շատ լավ չի սովորում, «բավարար» գնահատականներ ունի, բայց աչքի է ընկնում կարգապահությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ, սովորում է «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայում,- նրա մասին ասաց վաշտի հրամանատար մայոր Կ. Վարոսյանը։

Հրաձգություն ՀՄՄ-1-ից

Փոխգնդապետ Վ. Վարդանյանի, այսինքն՝ զորամասի լավագույն գումարտակի կուրսանտներն այս քննությունը հանձնում էին մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական բազայի ուղղություններից մեկում։ Այստեղ էր նաեւ զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Ա. Հովհաննիսյանը։ Թիրախային իրադրության օպերատորական վահանակի մոտ էին կրտսեր սերժանտ օպերատոր Աղվան Մարգարյանը եւ քննական հանձնաժողովի անդամ կապիտան Արմեն Սարգսյանը։ Վերջինս գոհ էր գրանցվող արդյունքներից։
Սկսել էին քննություն հանձնել մայոր Թորգոմ Եղիազարյանի վաշտի կուրսանտները։
-Մայոր Թորգոմ Եղիազարյանի հայրը, ազատամարտիկ Իսրայել Եղիազարյանը, կռվել է «Արաբո» ջոկատի կազմում եւ այժմ համարվում է անհայտ կորած։ Թորգոմն իր նվիրումով, իր աշխատասիրությամբ կարծես հոր գործն է շարունակում։ Ուսումնական ծրագիրը լիովին կատարվել է, մի քանի անգամ կրակել ենք հաստիքային արկերով, ցերեկվա եւ գիշերվա ժամերին, հավատում եմ, որ այս վաշտը նույնպես բարձր արդյունք ցույց կտա,- ասաց գումարտակի հրամանատարը։ Այնուհետեւ մայոր Թ. Եղիազարյանը պարզաբանեց քննության կարգը։
-Հրաձգությունը կատարվում է փոխարինող արկերով, երեք թիրախների վրա եւ կարճ կանգառներով։ Մեքենայի մեջ են հրամանատարը, նշանառու օպերատորը եւ մեխանիկ-վարորդը։ Կրակողը, այսինքն՝ քննություն հանձնողը, նշանառուն է։ Հրամանատարը ղեկավարում է, նա կրակայինից քննություն է հանձնում առանձին, ինքնաձիգից։ «Գերազանց» գնահատականներ ստացան Նարեկը, Արամայիսը, Լեւոնը, Վազգենը, ինչպես նաեւ Գեւորգ Մկրտչյանը, Հրայր Եղոյանը եւ Էդիկ Զոհրաբյանը։ Իրենց հերթին էին սպասում հաջորդ դասակի կուրսանտներ Սերգո Սաֆարյանը, Գոռ Ֆրանգյանը եւ այլք։

Ֆիզպատրաստություն

Հազար մետր վազքի էին դուրս եկել գումարտակի մայոր Մ. Կոչկանյանի վաշտի կուրսանտները։ Դասակները տարածությունն անցան համախմբված եւ շատ արագ, հատկապես վերջնամասում արագությունը շատ բարձր էր։
Քննությունն ընդունում էր ֆիզպատրաստության եւ սպորտի բաժնի փորձառու մասնագետ փոխգնդապետ Սամվել Գրիգորյանը։
-Այս անգամ քննություն ենք ընդունում նաեւ ձեռնամարտից։ Պետք է ասեմ, որ արդյունքները տպավորիչ են։ Տանկիստները վազում են կարճ տարածություն, իսկ հետեւակայինները՝ երկար։ Աճ է նկատվում ինչպես վազքից, այնպես էլ մյուս ձեւերից, ասենք ձգումներից, իմ հաշվարկներով, այդ աճը կազմում է տասը տոկոս։ Սա բավական լավ առաջընթաց է,- ասաց փոխգնդապետ Ս. Գրիգորյանը։

Արդյունքները բարձր են

Օրվա վերջում զրուցեցինք քննական հանձնաժողովի շտաբի պետ գնդապետ Վ. Նշանյանի հետ.
-Ես ինքս ստուգում եմ ստորաբաժանումների համազորային կանոնադրության իմացությունը։ Բոլոր կուրսանտներն էլ լիարժեք դրական պատասխաններ են տալիս, իսկ ամենալավը գումարտակի կապիտան Ա. Կյուրեղյանի վաշտն է։ Շատ բարձր՝ միայն «լավ» եւ «գերազանց» գնահատականներ են արձանագրվում կրակային պատրաստությունից, մինչեւ այժմ առավել լավ արդյունքներ ունի հատկապես մայոր Ա. Մինասյանի գումարտակը։ Մարտավարամասնագիտականից, մեքենավարումից, շարային, ֆիզիկական եւ ԳԴ պատրաստությունից նույնպես ստորաբաժանումների մեծ մասն ստացել է «լավ» գնահատական։ Հուսով եմ, որ այսպես կշարունակվի մինչեւ վերջ,- ասաց գնդապետ Վ. Նշանյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ