Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ



ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄԶորամասային կյանքը երիտասարդին դարձնում է ֆիզիկապես կոփված, տեսական դասերը սերտած, կարգապահ, ռազմարվեստի պատմությամբ ոգեշնչվող հայ զինվոր։ Զորամասային կյանքը երիտասարդի վերաիմաստավորման, վերակազմավորման շրջանն է, եւ որքան շոշափելի են դժվարությունները, նույնչափ էլ հաղթահարելի են։ Այսուհանդերձ, իսկական երիտասարդը ռազմիկ է դառնում զորամասից կիլոմետրեր հեռու՝ երկու հասցեում՝ մարտական դիրքում, իսկ մինչ այդ՝ զորավարժարանում։

Մինչև հրաձգության գոտին, վրանային ավանն է։ Ժամկետայիններն այստեղ շաբաթներ են անցկացնում, շուրջօրյա մարզումներով կոփվում, կատարելագործվում։ Այդ պատճառով էլ զորամասային ենթակառուցվածքները ստեղծել են նաև այստեղ՝ զորանոցից ճաշարան, բուժկետից շարահրապարակ։ Հենց այստեղ ու այսպես են զինվորները հավանական մարտի պատրաստվում, գիտակցում մարտական գործողություններում իրենց անելիքն ու կարևորությունը։

Զորավարժարանն իրական մարտի պայմանական վայրն է, որտեղ ժամկետայինները զգում են հնարավոր հակառակորդի ներկայությունն ու ցուցադրում կարողությունը՝ օպերատիվությունն ու դիպուկ կրակով թիրախը ոչնչացնելու հնարավորությունը։

Ուսումնական փուլի դաշտային դասերի մասին տեղեկատվական վահանակներն են հուշում յուրաքանչյուր ստորաբաժանման գործառույթներն ու հավաքի ընթացքը։ Ընդ որում, այս հավաքների ընթացքում նաև հանկարծակի ստուգումները մեծ նշանակություն ունեն։ Զինվորները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում արագ և արդյունավետ արձագանքելուն, գործելուն։

…Մոտակայքում հրետանավորներն են, շարված են մեկ գծով ու սահմանված հեռավորությամբ։ Հրահանգը տալիս է հրամկազմը, պայմանական հաշվարկներն ակնթարթորեն պատրաստվում են խոցել թիրախները։ Հաշվարկների ծառայությանն ու առաջադրանքի օպերատիվ գործողություններին հրամանատարներն են հետևում, արձանագրում անձնակազմի հաջողություններն ու բացթողումները։ Մինչև հիմնական կրակային «ելույթը», կավելացնեն փորձը, գիտելիքը, խոցման արդյունավետությունը։

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄՄարզվում են ամեն օր, պատրաստվում, մինչև իրական հրաձգությունը, պայմանական կրակ արձակում, հետո խնամքով ու հոգատարությամբ հավաքում իրենց սպառազինությունն ու տեխնիկան, պատրաստվում լքել տարածքը։ Րոպեներ անց զորավարժարանի իրենց գոտին դատարկ է, մաքուր և առանց հետքերի, թվում է՝ մինչև այդ որևէ մեկն այստեղով չի անցել։

Հրետանավորները հեռանում են, մոտենում են մարտական մյուս հսկաների ստորաբաժանումները։ Տանկերը հեռվից զինանձնակազմ են հիշեցնում՝ միլիմետրի ճշգրտությամբ հավասար շարված, պատրաստ մարտական առաջադրանքի։ Բոլորից ակտիվն ու զորավարժություններին րոպե առաջ սպասողը տանկի մեխանիկ վարորդ Տիգրանն է։ Դեռ մեկ տասնամյակ առաջ նրա ցանկությունն էր համազգեստ կրել ու հայտնվել մարտական հսկայի ղեկին, սանձել տեխնիկան հենց պայմանական մարտի դաշտում։ Մինչև մարտական կրակ արձակելն արդեն հասցրել է իր տանկը բերել մարտական վիճակի, ապահովել անվտանգ ու անթերի գործարկումն ու հրաձգությունը։

Երբ հնչում է մեկնարկի ազդանշանը, երթուղին անցնում են միանգամից երկու հաշվարկները։ Հրամկազմի առաջադրանքն այս անգամ նախորդներից տարբերվում է. տանկիստներն անցնում են բարդ արգելագոտիներն ու յուրաքանչյուր կրակից առաջ կանգ առնում, նորից լիցքավորում երկաթե «բռունցքներն» ու հետո միայն խոցում թիրախները։ Այստեղ կարևոր է տանկի անձնակազմի յուրաքանչյուր մասնագետի դերը՝ մեխանիկ վարորդից մինչև նշանառու օպերատոր։ Նրանցից ամեն մեկն իր առաքելությունն ունի՝ անթերի անցնել արգելագոտին, նշանառուին հնարավորություն տալով որսալու պայմանական հակառակորդին։ Առաջ ընթանալիս կանգնելը, լիցքավորելն ու այսպես մի քանի անգամ կրկնելը միանգամից մի քանի խնդիր է լուծում։ Հաշվարկը մեկ անգամ երթուղով անցնելիս արդեն իսկ մի քանի վարժություն է կատարում, ինքնուրույն վերացնում թերությունները, սկզբնակետ վերադառնում փորձով ու սահմանված ժամկետում առաջադրանքն իրականացնելով։

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄՏանկային ստորաբաժանումների գործողություններին տեղում հետևում են կրտսեր հրամանատարները։ Հենց նրանք են պատրաստել ենթականերին մարտական հրաձգության, սովորեցրել տանկը կառավարելու և ճշգրիտ գործելու հմտությունները։ Զորամասի տանկիստների մարզումներին, մարտական հրաձգությանը հետևում է նաև զորամիավորման հրամանատարը։ Նախնական արդյունքներն անձամբ է արձանագրում, նկատում, ոգևորում լավագույն ստորաբաժանումներին։ Լավագույն անձնակազմն արդեն հայտնի է, առաջին շնորհավորանքն ու շնորհակալությունը ստանում են հենց զորամիավորման հրամանատարից։

Մարտական կրակն ավարտված է, թիրախները ոչնչացված են, առաջադրանքը կատարված է։ Տանկիստները լքում են զորավարժարանը, ուղևորվում ճամբարային հավաքի շրջան։ Մինչև դաշտից հեռանալն ու մշտական տեղակայման վայր մեկնելը, այսպիսի ևս մեկ կարևոր զորավարժություն ունեն։ Մինչ այդ էլ խոստանում են՝ հաջորդ ելույթի ընթացքում կլինեն առավել պատրաստված, առավել դիպուկ։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Ազգային բանակ


23/05/2019