Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ԱՄՅԱԿԸ
ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ԱՄՅԱԿԸ

ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ԱՄՅԱԿԸ1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվեց Լաչին, այժմ Բերձոր քաղաքը: Հայոց քաջորդիները շարժվելով Շուշիի և Գորիսի կողմերից, ստիպեցին ադրբեջանցիներին հեռանալ Հայոց հողից: Նախօրեին ազատագրվել էին Բերդաձորը և Գորիսի Թուրուսի խութ կոչվող բարձունքը, որտեղից թշնամին հրետակոծում էր հայկական գյուղերը և հսկում Լաչինի ճանապարհը: Լաչին քաղաքի և Զաբուղ գյուղի ազատագրումով կայացավ մեր ժողովրդի երազանքը` Միացումը, և բացվեց Մայր հայրենիքին միավորվելու ճանապարհը:

Մայիսի 18-ին մարդաշատ էր Բերձոր քաղաքը: Այստեղ էին շրջանի ղեկավարությունը, Բերձորի և այլ բնակավայրերի բնակիչներ, հյուրեր, ազատամարտիկներ, ռազմական գործողության մասնակիցներ՝ տարբեր ջոկատներից ու տարածքներից, 1992թ. հերոսական 6-րդ վաշտի, հետախույզների դասակի, ականանետավորների վետերաններ՝ ԱԱՄ վարչության անդամ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ: Քաղաքի Խաղաղության հրապարակից սկսվեց վերելքը դեպի Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշահամալիր: Ծաղիկների խոնարհումից հետո հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե: Իրենց ելույթով ներկաներին ողջունեցին Բերձորի դպրոցականները՝ հավաստիացնելով, որ տեր են մնալու ազատագրված հայրենիքին: Ներկաներին շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը՝ կարևորելով Բերձորի ազատագրման որոշիչ դերը Ազատամարտի ընթացքում:

-Բերձորի ազատագրումը մեր ազգի միասնության ամենամեծ խորհրդանիշն է: Վերաբնակիչները շարունակում են հողն ազատագրող տղաների գործը: Փա´ռք ազատագրողներին և երկիրը շենացնողներին,- ասաց Ստ. Սարգսյանը:

ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ԱՄՅԱԿԸԲերձորի քաղաքապետ Անահիտ Չարչյանն իր շնորհավորական խոսքում անդրադարձավ քաղաքի խնդիրներին, որոնք լուծվում և լուծվելու են ժամանակի ընթացքում:

-Այսօր Բերձորի ազատագրման համար մենք պարտական ենք այն քաջորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր բարօրության համար: Նրանց անունները հավիտյան կմնան մեր սերունդների սրտերում, -հավելեց Ա. Չարչյանը և շնորհակալություն հայտնեց նաև բերձորցի այն կամավորականներին, ովքեր ապրիլյան քառօրյայի մասնակիցը եղան:

«Սատար» հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը, որը կյանքի ճանապարհի ազատագրողներից է, նույնպես շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ.

-Այսօր ունենք հրաշալի քաղաք Բերձորը, որի ազատագրումը եղավ հերոս տղաների արյան գնով: Դուք շենացնում եք այս երկիրը, բոլորդ հերոսներ եք,-քաշաթաղցիներին դիմեց Հ. Հունանյանը:

Այնուհետեւ մի խումբ ազատամարտիկներ Արցախի ազատամարտիկների միության կողմից արժանացան պատվոգրի, մեդալների, արժեքավոր նվերների և դրամական պարգևի, որոնք հանձնեց ԱԱՄ վարչության անդամ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:  «Սատար» ՀԿ-ի անդամ երեք ազատամարտիկներ՝ Հարություն Առաքելյանը, Արմեն Միրիջանյանը և Արմեն Ազիզյանը, իրենց հրամանատար Ներսես Եղյանի կողմից պարգևատրվեցին մեդալով և պատվոգրերով: ՀՀ ԵԿՄ վարչության կողմից «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրվեցին երկու ազատամարտիկներ, իսկ պատվոգրով` չորս հոգի: Պարգևները հանձնեցին ՀՀ ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ Ս. Բաղդասարյանը և խորհրդի անդամ Կ. Ներսիսյանը:

ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27-ԱՄՅԱԿԸՀանդիսավոր մասից հետո մասնակիցներն այցելեցին Քաշաթաղի երկրագիտական թանգարան, որտեղ Փառքի սրահում բացվել է ապրիլյան քառօրյայի հերոսներին նվիրված անկյուն՝ «Իմացեալ մահով՝ դեպի անմահություն» խորագրով: Առանձին ցուցանակ նվիրված է վերջին տարիներին մարտական գործողությունների ընթացքում զոհված քաշաթաղցիներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Հակոբ Խաչատրյանին, Համլետ Հաջոյանին, Արայիկ Օրդուբեկյանին և Արցախ Հովսեփյանին: Քաղաքի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացավ «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը՝ նվիրված Բերձորի ազատագրման 27-ամյակին, որին մասնակցեցին շրջանի 9 դպրոցների թիմեր, ինչպես նաև հյուրեր Սյունիքի մարզի Տեղ և Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղերի դպրոցներից: Հաղթող դարձավ Մալիշկայի «Արփա» թիմը: Երեկոյան արդեն մարդաշատ էր քաղաքի հրապարակը: Շրջանի տարբեր բնակավայրերի բնակիչներ ու հյուրեր մասնակից եղան տոնական համերգի, որը տևեց մոտ հինգ ժամ և մեծ ոգևորություն պարգևեց բոլորին: Հանդես եկան Երևանից ժամանած երգիչներ Սոնա Շահգելդյանը, Նարեկ Բավեյանը, այլ երգիչներ, պարային խմբեր: Համերգն ուղեկցվեց տոնական հրավառությամբ:

Զոհրաբ Ըռքոյան