Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԻԾ



ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԻԾԱրդեն ավանդույթ է դարձել, որ մայիսյան Եռատոնի նախօրեին Արցախի Հանրապետության կառավարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեն ՊԲ զորամասեր, առաջնագիծ, հանդիպեն սահմանը հսկող մեր զինվորներին: Մայիսի 7-ին Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը նույնպես առաջնագծում էր: Համագործակցելով N զորամասի հետ՝ Քաշաթաղի շրջանը մշտապես աջակցում է տարբեր հարցերում, կազմակերպում մշակութային միջոցառումներ: Հերթական այցի ժամանակ շրջվարչակազմի աշխատակազմի, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) շրջանային միավորման և շրջանային արհմիության պատրաստած նվերները և Բերձորի թիվ 1 ու թիվ 2 միջնակարգ դպրոցների աշակերտների նամակները հասան առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին: N զորամասի հրամանատար Մարտին Ջհանգիրյանն ընդունեց Քաշաթաղի պատվիրակությանը: Տեղեկացրեց՝ իրավիճակը վերահսկվում է, և մեր զինվորները զգոն պաշտպանում են հայոց սահմանը: Զորամասի մարտական հերթափոխի գծով տեղակալ, փոխգնդապետ Արգամ Գևորգյանն արդեն 12 տարի է՝ ծառայում է հայոց բանակում: Նրա ուղեկցությամբ հասնում ենք առաջնագիծ՝ մարտական հենակետեր: Հենակետերից մեկի պատասխանատու, լեյտենանտ Սևան Ղազարյանը դիմավորեց մեզ և զեկուցեց իրավիճակի մասին. արտակարգ որևէ դեպք չի պատահել, իր հրամանատարությամբ հենակետի զինվորները վստահորեն պաշտպանում են սահմանը: Փոխգնդապետ Ա. Գևորգյանը զինվորներին շնորհավորեց եռատոնի առթիվ և ներկայացրեց հյուրերին՝ Քաշաթաղի ԱԱՄ շրջանային միավորման նախագահ Սուրեն Խաչատրյանին, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանին, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչներին՝ աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի գլխավորությամբ և տեղեկացրեց, որ հանրապետության 2 շրջանները մշտապես համագործակցում են իրենց զորամասի հետ: Նրանք ողջունեցին զինվորներին, շնորհավորեցին տոների առթիվ, մաղթեցին բարի ու անփորձանք ծառայություն և հավաստիացրին, որ մշտապես իրենց կողքին են լինելու:

Վերջում ստանալով իրենց նվերները, զինվորները նշեցին, որ կարևորում են և սիրով կարդում դպրոցականների նամակները, հատկապես` կրտսեր դասարանցիների: Հրաժեշտ տվեցինք սահմանապահ մեր քաջերին՝ հավատով, որ հայոց սահմանի դռները միշտ փակ կլինեն թշնամու առջև:

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


10/05/2019