Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐԹԱՓՈԽ Է. ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԻՐՔԵՐ
ՀԵՐԹԱՓՈԽ Է. ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԻՐՔԵՐ

ՀԵՐԹԱՓՈԽ Է. ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԻՐՔԵՐՀանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում ենք: Կայացման ու հզորացման երկար ճանապարհ է անցել այս զորամասը: Մոտակա բնակավայրերից հեռու լինելու, դժվարամատչելի տեղանքի պատճառով այն կեսլուրջ-կեսկատակ համարել են «քարտեզից դուրս»: Հիշում եմ՝ երբ շուրջ երկու տասնամյակ առաջ եղա այստեղ, զինվորները դեռ հարմարեցված տնակներում էին գիշերում: Սպաներն էլ պատմում էին, որ ոչ շատ վաղուց լեռների արանքում ծվարած զորամասում առավոտյան տողանի ժամանակ զինվորների ողջույնին ու երգին դիմացի անտառից ձայնակցել են գայլերը: Տարիների ընթացքում կառուցվել են նոր զորանոցներ, ուսումնական կետեր, քիչ այն կողմ՝ սպայական ավան, անհրաժեշտ ենթակառուցվածքներ և այլն: Բարեկարգման աշխատանքներն այժմ իրականացվում են նոր թափով՝ ժամանակակից չափորոշիչներին համահունչ: Անփոփոխ է միայն մի բան՝ զորամասի անձնակազմը վստահորեն մարտական հերթապահություն է իրականացնում սահմանագոտու տվյալ հատվածում:

…Վաղ առավոտ է: Զորամասի անձնակազմը շարվել է շարահրապարակում, պատրաստվում է մարտական հերթափոխի: Մարտական հերթապահությունը մեր զինված ուժերի ամենօրյա գործունեության կարևորագույն դրվագներից է, և հերթափոխի անթերի ու կազմակերպված անցկացումն է կանխորոշում առաջնագծում ստորաբաժանումների ծառայության անսխալ ընթացքը: Զորամասի հրամանատար, գնդապետ Թադևոսյանը սպայակազմի հետ միասին ստուգատես է անցկացնում: Ստուգվում է ամեն ինչ՝ անձնակազմի արտաքին տեսքը, հանդերձանքը, զենք-զինամթերքը, ղեկավար փաստաթղթերի առկայությունն ու պարտականությունների իմացությունը: Անհատական զրույցների, վաշտի հրամանատարների դիտարկումների միջոցով պարզ է դառնում յուրաքանչյուր զինծառայողի՝ մարտական հերթապահության իրականացմանը պատրաստ լինելը: Եթե որևէ մեկը հոգեբանական կամ առողջական խնդիրների պատճառով չի կարող մեկնել դիրքեր, նրան փոխարինում են: Թեև, ինչպես նշեց հրամանատարը, նման դեպքերը քիչ են. սովորաբար բոլորն աշխատում են մարտական հերթափոխից առաջ մոռանալ իրենց անձնական դժվարությունները:

ՀԵՐԹԱՓՈԽ Է. ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԻՐՔԵՐՀրամանատարը զրուցում է զինծառայողների հետ, պարզաբանում մեր երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ու մեր զինված ուժերի դերակատարումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում: Խոսում է ներկա փուլում առկա քաղաքական պայմանավորվածությունների մասին, որոնք հնարավորություն են տվել հարաբերական խաղաղություն ապահովել առաջնագծում: Այդուհանդերձ, հրամանատարը խստորեն պահանջում է առաջնագծում պահպանել ծառայողական կարգապահությունը, չկորցնել զգոնությունը և պարտաճանաչորեն կատարել գործառնական պարտականությունները: Հիշեցնում է, որ հակառակորդի արտաքուստ պասիվության դեպքում երբեք չպետք է թուլացնել զգոնությունը: Միևնույն ժամանակ, անթույլատրելի է հակառակորդի սադրանքներին տրվելը: Հայկական զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմին, թեև դիմացի դիրքերից երբեմն կրակոցներ հնչում են: Գնդապետը պարզապես հորդորեց աչալուրջ ծառայություն իրականացնել՝ պատրաստ լինելով իրավիճակի ցանկացած զարգացմանը:

Վերջում ամենախիստ ցուցումն է տրվում՝ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ հրահանգավորվում են հենակետի ավագները` պահպանություն իրականացնելու ժամանակ մարտական հերթապահությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար:

ՀԵՐԹԱՓՈԽ Է. ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԻՐՔԵՐՍտուգատեսն ավարտված է: Անձնակազմը տեղավորվում է մեքենաների թափքում: Տղաներին դիրքեր ենք ճանապարհում զինվորական նվագախմբի քայլերգով: Հրամանատարները վստահ ու ժպիտով են առաջնագիծ մեկնողներին հետևում: Պայմանագրային զինծառայողները իրենց գործի գիտակն են, բազմաթիվ հերթափոխներ են արդեն անցկացրել: Իսկ մինչ այդ, նրանք մասնակցել են ճամբարային հավաքների, ստուգողական մարզումների, առաջնագծում ծառայության պայմաններին մոտ տարատեսակ դաշտային մարզումների: Անցկացվել են մարտական հերթապահություն իրականացնող օղակների ներդաշնակման, մասնագիտական պարապմունքներ: Զորքը մարտունակ է և հուսալիորեն պաշտպանում է պետական սահմանը:

Մեկնում ենք առաջնագիծ՝ տեղում հետևելու հերթափոխի ընթացքին, մարտական հերթապահություն իրականացնող քաջարի տղաների ծառայության ընթացքին…

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ