Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՐԱ ՄԵՋ ԲՈՑԿԼՏՈՒՄ ԷՐ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՎԻ ԿՐԱԿԸ
ՆՐԱ ՄԵՋ ԲՈՑԿԼՏՈՒՄ ԷՐ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՎԻ ԿՐԱԿԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ – 105

 

ՆՐԱ ՄԵՋ ԲՈՑԿԼՏՈՒՄ ԷՐ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՎԻ ԿՐԱԿԸ…Նրա երակներում հոսում էր Նարեկացու եւ Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը եւ Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։

Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլեւ բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ։

Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը»։

 

Սուրեն Աղաբաբյան

 

Էքսպրոմտ

 

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

 

♦♦♦

 

Հին աշխարհը չեմ տեսել

Ու ոչ մի բան չեմ հիշում,

Ու չեմ նրան երազել

Իմ հուշերի մշուշում:

 

Բայց երբ նայում եմ խաղաղ

Մորս դեմքի դալուկին,

Ինձ թվում է, թե մի պաղ

Վիշտ է եղել կյանքը հին:

 

Հին աշխարհը չեմ տեսել

Ու ոչ մի բան չեմ հիշում,

Բայց թողել է նա մի թել

Մորս աչքի մշուշում:

 

♦♦♦

 

Ձյուն է իջնում՝ կուտակվում

Մորս վրա վերևից,

Ասես փետուր է թափվում

Հրեշտակի թևերից:

 

Գերեզմանի այս հեռվում

Մեղմ դիզվում է թախծալից,

Մորս վրա մարմարվում՝

Շիրմաքար է թվում ինձ:

 

Այնպես մեղմիվ է դնում

Աստված փաթիլ-փաթիլին,

Որ չցավի՝ ողջ կյանքում

Մորս ցաված սիրտը հին:

 

Փաթիլվում է մեղմաձյուն,

Մարմարվում է մեղմաբար,

Աստված ինքն է ստեղծում

Մորս վրա շիրմաքար:

 

♦♦♦

ՆՐԱ ՄԵՋ ԲՈՑԿԼՏՈՒՄ ԷՐ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՎԻ ԿՐԱԿԸ

Կարոտներս լամ ու թեթևանամ՝

Ինչպես ամպերը անձրևից հետո,

Համբույրի կարոտ վարդերս բանամ՝

Ինչպես մայիսը անձրևից հետո.

Բացված վարդերով հեռու գիրկդ գամ՝

Ինչպես արևը անձրևից հետո։

 

♦♦♦

 

Աղավնիները ամեն առավոտ

Կալերի վրա ճախրում են անփույթ,

Կապույտ հեռուն է նրանց կախարդում՝

Թռցնում տանում դաշտերը կապույտ:

Սիրտս նման էր կանաչ կալերին,

Բայց սրտիս կալից մի պաղ առավոտ

Իր թեւին տալով թռավ աղավնիս՝

Մի փետուր թողած սրտիս կալի մոտ…

 

♦♦♦

 

Կուզեի նստել մի քարի վրա

Եվ անվերջ նայել իմ Արարատին,

Հարբել հայրենի միրաժով նրա

Եվ հավերժ նայել իմ Արարատին:

 

Աղբյուրների պես աղջիկները գան`

Ես ծարավ սրտով չնայեմ նրանց,

Տուն կանչե մորս ձայնը իրիկվան,-

Չպոկեմ սարից աչքս կարոտած:

 

Եվ նստած լռին այդ քարի վրա`

Անդադար նայեմ իմ Արարատին,

Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա

Եվ մամռած նայե իմ Արարատին:

 

♦♦♦

 

ՆՐԱ ՄԵՋ ԲՈՑԿԼՏՈՒՄ ԷՐ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՎԻ ԿՐԱԿԸՁյունը գալիս է, ձմեռն է մեռնում,

Ձյան անցած ճամփով՝ զվարթ ու անվիշտ,

Գարունը գալիս՝ աշխարհն է բռնում,-

Երանի մեռնող ձյուներին, որ միշտ

Ետեւից կանաչ գարուն են թողնում:

 

♦♦♦

 

Գարունն արեւով ժպտաց  ամենքին,

Ամենուր վառվեց զմրուխտը գարնան,

Իմ դուռն էլ բացեց գարունը կրկին,

Բայց սիրտս այսպես ողջունեց նրան.

-Գարո՛ւն, արեւդ տար աշխարհներին,

Ինձ մի մանուշակ թող մնա միայն:

 

♦♦♦

 

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ո՛չ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

 

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացի՛ր, հայրենիք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

 

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՛ք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա,

Քո փառքի համար թե մի օր վառվիմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳԸ

 

 

Աչքերիս մեջ՝ գարնան օրեր,

Ճամփես՝ բախտիս սարերն ի վեր,

Ելնում եմ ես քարերն ի վեր,

Ելնում եմ ես սարերն ի վեր,

Քարեր, սարեր, դարերն ի վեր:

 

Բախտս աստղերն են վեր պահել,

Ջահել եմ ես ու ձիս ջահել,

Չեմ նկատում քարեր ճամփիս,

Չեմ նկատում սարեր ճամփիս,

Քարեր, սարեր, դարեր ճամփիս:

 

Շանթն է բեկվում ճակտիս վրա,

Մահ՝ չգիտեմ, կա՞, թե՞ չկա.

Ելնում եմ ես ահերն ի վեր,

Ելնում եմ ես մահերն ի վեր,

Ահեր, մահեր, գահերն ի վեր:

 

Աչքերիս մեջ՝ գարնան օրեր,

Ճամփես դեպի աստղերն անմեռ՝

Ինձ ելնելու քարեր կան դեռ,

Ինձ ելնելու սարեր կան դեռ,

Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

 

♦♦♦

«Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է՝ զարմանալի պատկերներով: Բնությունը նրան օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով: Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեն, ես մեծ սիրով տեղ կտայի «Էքսպրոմտին», «Բիբլիականին» եւ այլ բանաստեղծությունների: «Բիբլիականը» կոսմիկական տարերք ունի, փիլիսոփայական մեծ տաղանդի գործ է…

Հովհաննես Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:

 

Ավետիք  Իսահակյան

♦♦♦

Շիրազն իր «ծիածանե լարերով» օժտված քնարը նվիրաբերում է այսպես կոչված «հավիտենական թեմաներին» եւ ամրանում Նարեկացի-Թումանյան-Իսահակյան ավանդական, դասական եռանկյունում…  Չարենցից հետո կարծես թե անհարմար էր ժայռ ու աղբյուրի, մանուշակի, վարդ ու սոխակի մասին խոսելը: Շիրազը բնազդաբար եւ անխաբ, առողջ ներքնատեսությամբ զգաց, որ ով ուր՝ իր ճանապարհը հենց այդ է, որ կա:

Ու փռվեց Շիրազը՝ սրտի խոսքի կարոտ ընթերցողի ճանապարհին իր սրտառուչ երգերով, վիրավոր սիրո դառն ու տխուր նվագներով, մորը, մարդուն եւ բնությունն աստվածացնող գեղոններով…

 

Գուրգեն Մահարի

 

♦♦♦

ՆՐԱ ՄԵՋ ԲՈՑԿԼՏՈՒՄ ԷՐ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՎԻ ԿՐԱԿԸՆախկին անապաստան, այժմ մեծ պոետ է Հովհ. Շիրազը, Հայաստանի ամենամասսայականը, ամենաժողովրդականը:

 

Լուի Արագոն

 

♦♦♦

Հովհ. Շիրազի «Բիբլիական» պոեմի մեջ վերածնվում, շքեղանում է հայ ժողովրդի հանճարը՝ ամբողջական տիեզերական զորությամբ, իր հոգեկան լուսավորումով… Հեղինակն իր քնարով  կապում է, նույնացնում Հայաստանի քնարերգությունը տիեզերականին:

 

Պիեռ Պարաֆ, ֆրանսիացի քննադատ

♦♦♦

Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի, և մենք շատ կգնահատենք անոր գոյություն… Շիրազ թանկագին հոգի մըն է…  Մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։

 

Վիլյամ Սարոյան