Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Մեզանից դարեր առաջ ապրած հույն մի փիլիսոփա ասել է. «Անկախությունը, ազատությունը թռչնային բնազդով ապրում են մարդու մեջ, թևավորում նրան»։

Վաստակաշատ մանկավարժ հորիցս լսած այս խոսքերը ես մեր քաղաքական գործիչներից մեկին հիշեցրի 88-ի փետրվարյան հուժկու հանրահավաքներից մեկից հետո, երբ նա, երիցս համոզված ու լրջորեն պնդում էր, թե հայոց մեջ անկախության գաղափարի հեղինակն ինքն է։ Ես հետո հասկացա, որ այդ մարդը այնքան էլ չէր սխալվում. մի բան, որին շատ ես նվիրված ու ամբողջ հոգով ցանկանում ես, ժամանակի ընթացքում դառնում է քոնը, սեփականը, թվում է քո կողմից հնարվածը։ Իսկ ազատատենչ այդ ընկերը տասնյակ տարիներ էր անցկացրել Խորհրդային բանտերում ազատություն, անկախություն տենչալու և դրանց հասնելու համար ընդհատակյա պայքար մղելիս։ Այո՛, ազատությունն ու անկախությունը հեշտ չեն ձեռք բերվում՝ մանավանդ տարբեր մշակույթ, պատմություն ունեցող ժողովուրդներ միավորող կայսրություններում, որոնցից հզորագույնը 20-րդ դարում Խորհրդային Միությունն էր։

Չուրանանք, Խորհրդային Միության կազմում մեր` մի ձեռքի ափի չափ երկիրը լրջագույն հաջողություններ ունեցավ՝ կառուցվեցին մեծ տերություններին հարիր գործարաններ ու ֆաբրիկաներ, ստեղծվեցին նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գիտահետազոտական ինստիտուտներ ու լաբորատորիաներ, Հայաստանը դարձավ համատարած գրագիտության երկիր։ Փոքրիկ Հայաստանն էլ իր հերթին հսկա տերությանը տալիս էր իր զավակների բարձր մտավոր, գիտական ու ռազմական ներուժի պտուղները։ Մեր գիտնականներին, կոմպոզիտորներին, գրողներին, գեներալներին ու մարշալներին աշխարհը, սակայն, ճանաչում էր որպես Խորհրդային Միության գործիչներ։ Ու այդպես Իսահակյանները դառնում էին Իսակով, Խանփերյանցները՝ Խուդյակով, Գարսոյանները՝ Գարսոև, Մանթաշյանցները՝ Մանթաշով, Թարվերդյանները՝ Թարիվերդիեվ, Դոլուխանյանները՝ Դոլուխանովա,Մետաքսյանները՝ Շչոլկին ու այդպես շարունակ։ Պատահական չէ, որ դեռ երեկ, մյուս օրը թափառախմբի մախաղն ուսերից իջեցրած, Լենինի կողմից «Կովկասյան թաթարներ» հորջորջվող մեր թուրքալեզու նորահայտ հարևաններն էլ իրենց հերթին էին «սեփականաշնորհում» Ստալինի թեթև ձեռքով Ադրբեջան շինծու պետության կազմում հայտնված Արցախ-Ղարաբաղի հայ քաջորդիներին, նրանց պապերի կողմից դարերի հոլովույթում ստեղծված ու ամենուր առատորեն սփռված ճարտարապետական հուշարձանները: Քսաներորդ դարում այս «պետությունում» հրատարակված հանրագիտարաններում որպես Ադրբեջանի քաջարի զավակներ կգտնեք ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խանփերյանցի ու պետական նշանավոր գործիչ Իվան Թևոսյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի ու հետախույզ Իվան Աղայանցի, այլ նշանավոր հայորդիների անունները, որոնք, ճակատագրի հեգնանքով, ծնվելով իրենց հայրենի երկրում, Ադրբեջանի քաղաքացիներ էին…

Հետո, երբ Խորհրդային Միությունը ոչ ևս էր, ու «իրենց» քաղաքացիները Արցախի անկախությունն էին պահանջում, հարևանները մեծ ջանասիրությամբ ոչնչացնում էին «իրենց» հերոսների հուշարձանները։ Այո՛, երբ Խորհրդային բռնապետության կապանքները փոքրինչ թուլացան, արցախցիների մեջ այս էլ որերորդ անգամ գլուխ բարձրացրեց ազատ ու անկախ ապրելու մարդկային օրինական ցանկությունը, թուրքը նորից բացեց իր երախը՝ մեծ եղբոր կիսատ թողած գործն ավարտին հասցնելու ու վերջնականապես կուլ տալու, իր կարծիքով, թույլ ու անպաշտպան Հայաստանը։

Ճիշտ է, մենք ուշացրել էինք մեր կռիվը, քանզի օտարի կամքով շարադրված, օտարին հարմար օրենքներով էինք ապրել դարեր շարունակ, մեր արդար դատը հանձնել էինք եվրոպաներին ու հայ ողբասաց աշուղներին, սակայն, ինչպես միշտ, օրհասական պահերին ամբողջ հասակով կանգնեց ժողովրդի սերուցքը՝ ազգի պատիվը փրկելու ոգեղեն հաստատակամությամբ։ Փոթորկվեց Հայաստանը։ Սումգայիթի ու Բաքվի ջարդերը դույզն-ինչ չսասանեցին ինքնաշեն զենքերով ու էլի ինչով ասես զինված մեր հերոս տղաների ու, որ առավել ոգևորիչ է, աղջիկների շարքերը։ Մահով մեզ վախեցնելու թուրքի հերթական փորձն այս անգամ ձախողվեց։ Ձախողվեց, քանզի մենք, ինչպես Ավարայրի ու Սարդարապատի հերոսամարտերի օրերին, մի կողմ դրեցինք ներքին երկպառակությունները, առտնին հոգսերն ու խնդիրները, խորտակվող կայսրությունից մեր բաժին պատառը պոկելու կենդանական բնազդն ու ոտքի կանգնեցինք։ Խղճի, ազատության, արդարության զգացումը համակեց բոլորիս։ Ամենքս գործեցինք համերաշխ ու միակամ։ Մեզ ուղղված սպառնալիքները մենք ընդունեցինք որպես համախմբության կոչ և փորձեցինք ապրելու իրավունք նվաճել կռվելով, զոհվելով ու հաղթելով։

Խոստովանենք, մեզանից շատերն այդ տարիներին, հասկանալի պատճառներով, չէին էլ լսել Գարեգին Նժդեհի անունը, բայց Նժդեհյան «Վճռական մենակի գիտակցությամբ» բանաձևումը բոլորիս համար հայրենիքը օրհասական վտանգից փրկելու կոչ էր, մանավանդ որ դա հնչեց նաև մեր գոյամարտի նվիրյալներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի շուրթերից։ Այսօրվա պես հիշում եմ Վազգեն Սարգսյանի հեռուստաելույթը 1992 թվականի օգոստոսի 15-ին։ Դժվարին, գրեթե օրհասական օրեր էին՝ երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, սով, ցուրտ… Իսկ ահա այս մորուքավոր նախարարը որպես պահանջ խնդրում, համոզում էր 500 հոգու՝ անդամագրվելու «Մահապարտների գնդին», որտեղ, ինչպես ինքն էր առանց սեթևեթանքների ասում, ապրելու և մեռնելու հարաբերակցությունը 50-50 է։

Հաջորդ օրը սահմանված զորակայանում հավաքվեց ավելի քան 1500 մարդ Հայաստանի բոլոր մասերից։ Այսքանին զինել, հագցնել, կերակրել անհնար էր, նաև՝ անիմաստ։ Հիմա հերթը մարդկանց իրենց տներն ուղարկելհամոզելն էր։ Ոչ ոք չէր ցանկանում վերադառնալ, ամոթ է… Ու հաղթեցինք, հաղթեցինք, երբ ամենավառ երևակայության ու լավատեսության դեպքում պիտի պարտվեինք։ Մենք 10-ն էինք, նրանք 110-ը, մեր 6-7 ինքնաձիգի, հաշվված փամփուշտների դիմաց նրանք թնդանոթներ, տանկեր ու ռմբակոծիչներ էին գործի դնում։ Հաղթեցինք հույսով, հավատով, միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելով։ Հաղթեցինք, քանի որ իրավունք չունեինք պարտվելու, պարտվելը վերջն էր… Երկրապահներից մեկի ասած խոսքերը՝ «Մեկին տասը, ով մեռնի, դավաճան է», բոլորի համար հոգեհարազատ էին դարձել, կյանքի ուղենիշ։ Տարիներ շարունակ հայատյացության դասեր առած ադրբեջանցի մայորը, նույնիսկ, դիակների փոխանակության ժամանակ չկարողացավ իր հիացմունքը չհայտնել 1994 թվականի ապրիլի 22-ին Մարտակերտի Կարմիրավան գյուղի մոտակայքում շրջափակման մեջ ընկած ու հերոսաբար զոհված Շենգավիթի ջոկատի ազատամարտիկ Արշակ Ղամբարյանի մասին, որը, ըստ ազերի մայորի, ընկերների զոհվելուց հետո միայնակ կռվել էր իրենց մի ամբողջ գումարտակի դեմ, երբ փամփուշտներն ավարտվել էին, ձեռնամարտի էր անցել ու հերոսաբար զոհվել։ «Շատ չէ, տասը էսպիսի զինվոր ունենայի, մենք հիմա Էրիվանը վերցրել էինք»,-քոչվորին հատուկ ախորժակով եզրափակել էր խոսքը ազերի մայորը։

Առաջին զոհերը մեզ ցնցեցին, բայց առավել միասնական, քաջարի ու վճռական դարձրին։ Արյունով նվաճված առաջին հաղթանակները մեզանից մեկընդմիշտ վանեցին դարերի ընթացքում ոմանց գիտակցության մեջ արմատացած մատաղացու գառան վտանգավոր ու ստորացուցիչ մտայնությունը։ Այո՛, հաղթեցինք և այսօր էլ աշխարհի առջև պարզերես ենք։ Հաղթեցինք, քանզի միասնական էինք, բոլորս նայում էինք միևնույն ուղղությամբ, հայրենիքը, անկախությունն ու ազատությունը վեր էինք դասում ամեն ինչից։

Միասնություն և ուժերի համախմբում. ահա թե ինչ է պատգամում յուրաքանչյուր հայ մարդու, մանավանդ երիտասարդ մարդու, անկախությունը։ Միասնություն և համախմբում խաղաղ աշխատանքում, ծառայության մեջ, ռազմի դաշտում, ամենուր։ Պահենք, պահպանենք մեր ազատությունն ու անկախությունը, որպեսզի սերունդների արյան գնով փրկված այս հողակտորի վրա կառուցենք Հայկ Նահապետի ու մեր բոլոր նահապետների, բոլոր սերունդների երազանքի Հայաստանը՝ իր հզոր թևերով, զորավոր միջուկով, անկոտրում կամքով՝ որպես ազատ, որպես անկախ Հայաստան, որը մենք մեր հերթին պարտավոր ենք ժառանգել մեր սերունդներին…

Տոնդ շնորհավոր, Հայաստա՛ն…

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ