Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՐԴՈՒՍ ՀԱՄԱԶԳԵՍՏՆ ԵՄ ԿՐՈՒՄ
ՈՐԴՈՒՍ ՀԱՄԱԶԳԵՍՏՆ ԵՄ ԿՐՈՒՄ

ՈՐԴՈՒՍ ՀԱՄԱԶԳԵՍՏՆ ԵՄ ԿՐՈՒՄ«Երբ մի օր անցնեք Կարմրաշենի նեղլիկ փողոցներով, տներից մեկի բակում սպիտակ կամ չալպուտուրիկ աղավնիներ կտեսնեք: Ու տխուր, հոգնած մի շուն, որ ծերացած ոսկորներն է տաքացնում արեւի ժլատ շողերի տակ, գլուխը՝ թաթերին, ծույլ ու անտարբեր: Իսկ երբ աղավնիները թեւերը բացած պտտվեն օդում, շունը ալարկոտ գլուխը վեր կձգի ու ասես դժկամությամբ կհսկի աղավնիների ճախրանքը:

Ես չգիտեմ, թե ի՞նչ ձեւ ունեն մտքերը աղավնիների թռչնային ուղեղում, եւ ինչպե՞ս է նրանց թռչնային հոգին զգում ցավը, կարոտը, տխրությունը, փոխարենը՝ վստահ եմ, որ Ռաֆի հեռանալուց հետո դռան յուրաքանչյուր թակոցից վեր թռչող ու գլխապատառ դեպի եկվորը վազող շունը սպասում է իր տիրոջ վերադարձին: Ու հերթական հիասթափությունից հետո պոչը քարշ տալով իր անկյունը սողացող շան աչքերն ավելի են ջրակալում՝ պսպղուն շրջանակ գծելով խամրած կոպերին»:

…Թուղթը դիմադրում է. իմ ուղեղում խառնակ պատկերներ են՝ գյուղը, աղավնիներ թռցնող փոքրիկ տղան, քաջերի հերոսական կռիվը թշնամու դեմ: … Օրը կիրակի է: Եվ ապրիլյան կեսօր է դրսում՝ տաք ու խաղաղ: Բակի տաղավարում պապիկները շրխկոցով նարդի են խաղում, կարուսելների ու սղարանների կանաչ մակերեսներին գույնզգույն թիթեռների պես ցատկոտում են փոքրիկ տղաներն ու աղջիկները: Ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքը պաշտպանելիս քաջաբար զոհված հետախույզ-գնդացրորդ Ռաֆիկ Հակոբյանի մայրը երեկ այս նույն ժամին ասում էր.

-Ես իմ կյանքն եմ տվել խաղաղության համար:

Նա զրույցի էր եկել զինվորական համազգեստով, որի վրա կրտսեր սերժանտի ուսադիրներ կային: Ես մտածում էի, որ նա պարզապես շփոթել է բառերը, որովհետեւ ոչ թե մայրը, այլ որդին է իր կյանքի գնով կասեցրել ադրբեջանցիների առաջխաղացումը՝ հնարավորություն տալով մարդկանց հեռանալ գյուղից՝ մինչեւ թշնամին կհասցներ ճեղքել պաշտպանությունը:

-Ես իմ կյանքն եմ տվել խաղաղության համար:

Ես միացրել եմ ձայնագրիչը, ու կնոջ ձայնը սահում է դուրս, փաթաթվում պատուհանիս տակ ծաղկած խնձորենու ճյուղերին, հետո կորչում կիսաբաց փեղկից ներս լցվող մանկական զրնգուն ճիչերի մեջ: Բայց ես չեմ փակում պատուհանը:

-Ռաֆը ինձ էր նման, իմ դիմագծերն էր ժառանգել, բայց, ի տարբերություն ինձ, բարձրահասակ էր, հաղթանդամ, թիկնեղ: Դուք տեսե՞լ եք Ռաֆիս:

-Նկարով: Արտակարգ տեսք ուներ.- այդ պահին ուրիշ բան չէի կարող ասել:

-Շատ սիրուն տղա էր: Ինչ-որ քաղցր-անուշ շող կար դեմքին, որը ձգում էր բոլորին: Ռաֆին հնարավոր չէր չսիրել: Ինչ չարություն ասես չէր անում, բայց էլի բոլորը սիրում էին նրան: Ամբողջ օրը դրսում էր՝ կա՛մ ծառերի վրա էր, կա՛մ ձորերն էր չափչփում: Մի քիչ խաղաղվեց, երբ սկսեց կարատե պարապել: Զուգահեռ՝ համակարգչի ծրագրավորման դասերի էր գնում: Այդ ժամանակ ես ու ամուսինս Ռուսաստանում էինք աշխատում: 8-րդ դասարանն ավարտելուց հետո Ռաֆը միացավ մեզ՝ եկավ Սանկտ Պետերբուրգ: Ու այստեղ էլ, ինչպես ամենուր, անմիջապես սիրվեց: Կարճ ժամանակամիջոցում բազմաթիվ ընկերներ գտավ: Սկսեց աշխատել:

…Ես ու Ռաֆը երբեք բանակի մասին չէինք խոսել, ու ես այնքան մեծ հույս ունեի, որ կհամոզեմ տղայիս, կմնա Ռուսաստանում՝ մեր կողքին: Բայց… չկարողացա: Զորակոչի շեմին գործից դուրս եկավ ու ասաց, որ գնում է Հայաստան՝ ծառայելու:

…Ես շատ էի վախենում թշնամու գնդակից: Գիտեի, որ իմ որդին տղամարդավարի կհաղթահարի բոլոր դժվարությունները: Հեշտությամբ լեզու կգտնի մարտական ընկերների հետ: Կսիրվի: Ռաֆս բարի սիրտ ուներ, ազնիվ էր, նվիրվող, պարտաճանաչ. այդպիսի տղան ի՞նչ խնդիր պետք է ունենար մեր բանակում: Երբ գնացի զորամաս, հրամանատարը Ռաֆիս մասին ասաց՝ իմ ամենասիրելի զինվորն է: … Ես միայն թշնամու զենքից էի վախենում: Յուրայինների մեջ Ռաֆիս հարազատի պես կընդունեին:

Զորակոչվելիս բժշկական հանձնաժողովի անդամներին ասաց. «Ինձ մի՛ ստուգեք, որովհետեւ ինչ հիվանդություն էլ հայտնաբերեք, միևնույն է, գնալու եմ սահման»: Բժիշկները ծիծաղեցին ու շարունակեցին ստուգել: Լրիվ առողջ էր: Թափով, պինդ տղա էր: Մատաղիսում էր ծառայում: Մի օր էլ զանգեց, թե՝ տեղափոխվում եմ Թալիշ: Ես ի՞նչ իմանայի, որ ուզում է գնալ Թալիշ՝ սահմանի ամենավտանգավոր հատվածը պաշտպանելու: Միշտ ուրախ էր, բարձր տրամադրությամբ, զրնգուն ձայնով, ո՞վ կմտածեր, որ ամենավտանգավոր դիրքում, թշնամու քթի տակ այդքան անվախ է, անհոգ ու ինքնավստահ…

2016թ. ապրիլի 1-ին զանգեց, թե՝ դիրքերում ենք, ամեն ինչ լավ է՝ ոնց որ միշտ: Ապրիլի 2-ին աշխատավայրում իմացա, որ Թալիշում կռիվ է սկսվել: Զանգեցի Ռաֆիս, անհասանելի էր: Զանգեցի ընկերոջը, ասաց՝ Ռաֆից տեղեկություն չունեմ, ես վիրավոր եմ, ինձ հոսպիտալ են տարել: Էլ ինձ մի՛ զանգեք:

Խաբեց. ամեն ինչ իր աչքի առաջ էր եղել: Դիրքի ամբողջ անձնակազմից միայն Նարեկն ու Հրայրը փրկվեցին: Դուք գիտե՞ք, թե ի՞նչ է կատարվել դիրքում:

…Իհարկե, գիտեմ: Այս դյուցազնական լեգենդը լսել եմ հազար անգամ, բայց մայրն ուզում է պատմել: Ուզում է հիշել որդու սխրանքը, էլի ու էլի փառավորել նրա կյանքի վերջին վայրկյանները, որ այնքան վեհ, հերոսական ու գեղեցիկ էին:

-Չէ՛, չգիտեմ: Ի՞նչ է կատարվել դիրքում:

-Հրամանատար Մերուժան Ստեփանյանն ու իր զորքը մինչեւ վերջին շունչը դիմադրել են: Ռաֆս հերոսաբար է կռվել, չի փախել, չի թաքնվել: Ռաֆիս գնդացիրը թշնամու տասնյակ զինվորների կյանք է խլել: Բայց ադրբեջանցիները նոր ուժեր են միացրել գրոհին ու ի վերջո կարողացել են ճեղքել մեկը տասի դեմ կռվող մեր տղաների պաշտպանությունը: Բայց այն ժամանակը, որ մեր տղաների դիմադրության շնորհիվ շահեցին օգնության շտապող ուժերը, փրկեց Թալիշի բնակչությանը ու մյուս դիրքերի զինվորներին անխուսափելի մահից: Տղաները կարող էին նահանջել: Երբ հասկացել են, որ ուժերն անհավասար են, կարող էին դիրքը հանձնել ու հետ քաշվել: Կարող էին ապրել: Բայց մինչեւ վերջ կրակել են:

Ադրբեջանցիներին հաջողվել է շրջափակել դիրքը: Բայց սկզբում փրկվելու հնարավորություն եղել է, հաստատ եղել է, ու այդ հնարավորությունից տղաները չեն օգտվել:

…Որդուս սխրանքը դրանով չի ավարտվում: Ռաֆիս հուղարկավորությունից հետո վերադարձանք Ռուսաստան: Ու մի օր ես երազ տեսա: Ռաֆս ասաց՝ մա՛մ, ինձ մենակ մի՛ թող: Արթնացա ու անմիջապես որոշեցի անելիքս: Վերադարձա հայրենիք: Ու խնդրեցի ինձ ծառայության վերցնել բանակում: Հիմա ես կրում եմ որդուս զինվորական համազգեստը: Կրտսեր սերժանտ եմ: Երբ առաջին անգամ մտա պաշտպանության նախարարություն, թվաց՝ եկել եմ որդուս տուն: Այստեղ որդիս ինձ շատ մոտ է. զինվորական միջավայրում, կանաչ համազգեստների առատության մեջ ես որդուս կողքին եմ, ու երկուսս էլ արդեն մենակ չենք: Երբ աշխարհին նայում եմ Ռաֆիս աչքերով, հայրենիքն այնքան թանկ ու քաղցր է դառնում: Իմ հոգին լցված է բանակի սիրով: Երբ անհրաժեշտ լինի, ես կկրկնեմ որդուս խոսքերը՝ առողջությունս մի՛ ստուգեք, ինչ էլ լինի, գնալու եմ սահման: Կռվելու եմ տղայիս դիրքի համար, որտեղ նրա վերջին շունչը կա, նրա հերոսական կռվի պատմությունը: Որտեղ նրա գնդացիրը երբեք չպետք է լռի:

ՊՆ թիկունքի վարչության պետը՝ գնդապետ Ռոմիկ Մարգարյանը, երգ է գրել որդուս մասին: Ռաֆիս ծննդյան տարեդարձի օրը այնքա՜ն զինվորական էր հավաքվել՝ շարքայինից մինչեւ գեներալ: Նրանք բոլորը մի մասնիկ ունեն իմ որդուց: Հիմա ես նայում եմ քեզ ու ինչ-որ բան եմ տեսնում քո մեջ իմ որդուց:

…Ձայնագրիչն անջատվում է շրխկոցով: Ես փակում եմ աչքերս, սուզվում եմ ինքս իմ մեջ, որ զգամ ապրիլյան պատերազմում իր դիրքը հերոսաբար պաշտպանելիս զոհված հետախույզ-գնդացրորդ, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանի ասպետ Ռաֆիկ Հակոբյանի ընդհատված կյանքի մասնիկը իմ հոգում … Բայց չգիտես ինչու՝ մտապատկերիս մեջ բացվում է Կարմրաշենի բարձր երկինքը, սպիտակ, չալպուտուրիկ աղավնիների հանդարտ սլացքը կապույտի ֆոնին ու տիրոջ վերադարձին սպասող շան տխուր աչքերը՝ ապրիլյան արևի շողերից կկոցած:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ