Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»



ՆՈԵԼ ԲԱՐԲԸՐ

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

Հատվածներ գրքից

Գիրքը տպագրվել է Թեհրանում՝ Անի եւ Արմինե Մանուկյանների մեկենասությամբ:

Թարգմանիչ՝ Հարություն Եղնազարյան

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Հայերի զանգվածային կոտորածները առանձնակի ու անջատ «դժբախտ պատահարներ» չէին, այլ դրանք ցեղասպանության դավադիր փորձեր էին, որոնք կատարվեցին երեք տարի շարունակ, տարբեր բարբարոսական ձևերով ու եղանակներով:

Ամեն անգամ, երբ նոր վայրագություններ էին ապացուցվում, ժողովրդի վրա ամոթի զգացումը ծանրանում ու սաստկանում էր, այդ իսկ պատճառով էլ ժողովուրդը Աբդուլ Համիդին կոչեց «Նզովյալ Աբդուլ»:

Բյուրավոր թուրքեր հիասթափված փախչում էին երկրից` միանալու երիտթուրքերին: Անգամ սուլթանի փեսա Մահմուդ Դամադը իր երկու զավակների հետ երկրից փախավ և միացավ Փարիզի աքսորյալներին: Նույնպես խիզախ, երիտասարդ լեյտենանտ Նիազի բեյը զզված պետական և հանրային ծառայություններում կատարվող կաշառակերությունից, արտերկրի ըմբոստներին միացավ: Նախքան այդ, նա երկրում բարձրաձայնում էր իր մտքերը, որ սուլթանի լրտեսների միջոցով իսկույն Ելդըզ էին հեռագրվում, սակայն նույն լրտեսների մեջ գոյություն ունեին նաև ընդդիմադիրներ, որոնք բեյին ազդարարեցին իր փախուստի անհրաժեշտությունը: Գործունյա ու բարեխիղճ Նիազին որոշեց ծպտյալ Թուրքիա վերադառնալ։

Շրջիկ ապրանքավաճառի դերում, գաղտնի ճանապարհով նրան սահմանն անցկացրին ու Իզմիր քաղաք հասցրին: Ապրանքավաճառի, դերվիշի և ուսուցչի դերերում նա շրջում էր  ամեն տեղ: Նա համարձակորեն հեղափոխության գաղափարը տարածում էր ժողովրդի ու հատկապես բանակայինների մեջ: Ամենուրեք Աբդուլ Համիդի դեմ ատելության կուտակում նկատելով, նա փաստորեն հեղափոխության առաջին բջիջները ստեղծեց երկրի մեջ:

Ի միջի այլոց, Աբդուլ Համիդը օրըստօրե ավելի մենակյաց էր դառնում: Նա հիմա հաճախ ուրբաթօրյա աղոթքին չէր մասնակցում և իր փոխարեն եղբորը` Իզզաթին էր ուղարկում, որը շատ նման էր սուլթանին: Նրա կասկածամիտ բնավորությունը հիմա անսանձելի դյուրագրգռության էր հասել: Սուլթանի ներկայությամբ ոչ ոք իրավունք չուներ իր ձեռքը գրպանը տանելու: Երբ պատահմամբ Սադիղ փաշան (իր նախկին անհամար վեզիրներից մեկը) ինչ-որ փաստաթուղթ ցույց տալու համար ձեռքը իր գրպանը մտցրեց, բախտի բերմամբ, միայն մահից փրկվեց, և թեպետ կյանքից չզրկվեց, բայց խայտառակ ձևով վռնդվեց պալատից: Թունավորվելու սարսափը դեռ իշխում էր սուլթանի հոգում, ուստի ապահով լինելու համար նամակածրարները երբեք իր ձեռքով չէր բացում…

…Աբդուլ Համիդը արդեն կենդանի լեգենդ էր դարձել, մանավանդ որ նոր դարի սկիզբը զուգադիպել էր իր գահակալության քսանհինգամյա հոբելյանին: Այդ ընթացքում սուլթանը երկու անգամ բախտի բերմամբ խույս էր տվել ահավոր մահափորձից: Առաջինը պատահեց 1904 թվականին, երբ մի երիտասարդ սպա փորձեց դաշունահարել նրան իր սեփական թատերասրահում` Ելդըզում: Մի տարի անց դինամիտով լցված մի կառք պայթեց սուլթանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, մզկիթի դռան առջև: Դեպքից հետո հարյուրավոր անմեղ մարդիկ անտեղի չարչարանքի ենթարկվեցին, քանզի սուլթանին հետաքրքրում էր, թե ինչպես է այդքան մեծ չափով դինամիտն իրեն հավատարիմ պահակազորի ուշադիր հսկողությունից վրիպել և անցկացվել նրանց խիտ շարքերի միջով: Փաստորեն ռումբով հարձակումը առաջին նշանն էր հետզհետե զարգացող ու հաճախակի խափանարարությունների, որոնք պետք է դեռ կատարվեին հեղափոխականների ձեռքով: Նրանք բոլորն էլ անշեղ հավատարիմներն էին երիտթուրքերի, որոնք արդեն իրենց իթթիհատականներ  («Միություն և առաջադիմություն» կոմիտե) էին կոչում:

1906 թ. կոմիտեի կենտրոն ընտրվեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սալոնիկը, որը երկար ժամանակ սուլթանի ատած խմբավորումների օրրանն էր համարվում, որովհետև Մակեդոնիան, Թուրքիայի մյուս նահանգների համեմատությամբ, ավելի շատ ազգերից էր բաղկացած: Այնտեղ ապրում էին թուրքեր, հույներ, սերբեր, բուլղարացիներ, ալբանացիներ, բոսնիացիներ և կայսրության հրեաների ամենամեծ խմբաքանակը: Մի խոսքով` Մակեդոնիան կատարյալ ու լավագույն վայրն էր, որտեղից կարելի էր հեղափոխություն սկսել ու ղեկավարել։ Նիազի բեյը մի սպայի` Էնվեր բեյի հետ (որը Թուրքիայի զինվորական քոլեջի շրջանավարտ էր) միասնաբար կազմեցին հեղափոխության գործողությունների ծրագիր: Երբեմն պատահական պոռթկումներ էին տեղի ունենում երկրում, և թվում էր, թե հեղափոխականների աշխատանքները այնքան էլ կազմակերպված չեն: Աբդուլ Համիդը դրանք համարում էր սովորական դեպքեր, որովհետև երկար ժամանակ լրտեսները սխալ տեղեկություններ էին փոխանցել բանակի իրավիճակի վերաբերյալ, և իբր ի պահանջյալ հարկի կտրուկ գործողություն էր պահանջվում, լրտեսները «սուտասան հովվի գայլականչի» վիճակին էին մատնվում, և այդպիսով կարգապահական ուժերի կողմից օգնության ոչ մի անդրադարձ չէր կատարվում:

Հունիսի 11-ին Սալոնիկում ահաբեկվեց մի սպա, երբ նա մայրաքաղաք էր մեկնում իր զեկույցը ներկայացնելու: Այս առնչությամբ 1908թ. մայիսին Աբդուլ Համիդը մի հանձնախումբ գործուղեց հետազոտելու խնդրո առարկայի պատճառը և անմիջապես սպային փոխարինեց մեկ ուրիշով: Հեղափոխական կոմիտեն կռահեց, որ սուլթանի ուշադրությունը կենտրոնացած է իրենց վրա, ուստի օր առաջ հարկավոր էր նոր գործողության դիմել: Վեց օր հետո կրկին ահաբեկվեց ոստիկանության մի ավագ սպա, և ձերբակալվեցին մի շարք բանակայիններ:

1908 թ. հուլիսի 2-ին Նիազին և Էնվերը սկսեցին բացահայտ գործողությունները: Նիազին կոտրելով դրամարկղը՝ իր հետ վերցրեց գումարտակի ամբողջ հարստությունը և իր հավատարիմ խմբով Օխրիդա լճի մոտակա լեռները մեկնեց:

Միաժամանակ Էնվերը փախավ Ռեզնայից 150 ընկերներով:

Թերևս Աբդուլ Համիդը չէր զգում, թե ինչ վտանգավոր դրության մեջ է: Նրա կարծիքով՝ Մակեդոնիան միշտ ընդդիմադիրների կենտրոն է եղել և թերևս մի զինված գումարտակի միջոցով կարող էր նրանց խնդիրը ընդմիշտ լուծել: Նիազին դավաճան և հանցագործ պիտակավորվեց, բայց Էնվերին սուլթանը որոշեց շողոքորթելով վերադարձնել ու բանտարկել իր մոտ, ուստի նրան մեծ խոստումներով Կ.Պոլիս հրավիրեց: Էնվերը գիտակցաբար նույնիսկ չպատասխանեց նրա հրավերին: Այնուհետև սուլթանը 800-անոց զորք շարժեց դեպի Մակեդոնիայի հյուսիսում գտնվող Մոնաստիր քաղաք: Զինվորները հրաժարվեցին իրենց բանակային ընկերների հետ կռվի բռնվելուց ու դեռ հակազդելով սպանեցին իրենց գլխավոր երկու սպաներին, որոնցից մեկին հենց փողոցում:

Լուրը կրակի պես տարածվեց, երկրի բոլոր շրջաններից զորքեր շտապեցին միանալու Էնվեր բեյին: Երկրի երրորդ բանակն ապստամբեց, այդ թվում մի տաքարյուն հեղափոխական սպա` Մուստաֆա Քեմալ անունով: Նրանց միացավ նաև երկրորդ բանակը: Դեպքերը մեկը մյուսին հաջորդում էին ապշեցուցիչ արագությամբ: Հուլիսի 23-ին երիտթուրքերը պաշտոնական վերջնագրով տեղեկացրին սուլթանին, որ եթե քսանչորս ժամում Միդհաթ փաշայի կազմած սահմանադրությունը չվերականգնվի, երկրորդ և երրորդ բանակները կշարժվեն դեպի Կ.Պոլիս:

Սուլթանի տեսակետով վերջնագրի ընդունումը կնշանակեր հրաժարվել իր ճնշման քաղաքականությունից, որ Միդհաթին աքսորելուց հետո վճռականորեն գործադրվել էր: Սակայն վերջնագրի մերժումը հավանաբար ներքին խռովությունների պատճառ կդառնար: Ի զարմանս բոլորի` առաջին անգամ լինելով, սուլթանը հիշեց նախարարների խորհրդի գոյությունը և պահանջեց քննարկել կարևոր հարցը:

Գրեթե բոլորը համաձայն էին երիտթուրքերի առաջարկին, սակայն տեղյակ լինելով սուլթանի քինոտ բնավորությանը` ոչ մի նախարար հանձն չառավ որոշումը անձնապես ներկայացնելու սուլթանին: Բոլորը քաջ գիտակցում էին, որ եթե սուլթանը կատաղեր, ամեն բան կավարտվեր նրա ատրճանակի կրակոցով:

Ի վերջո «առաքյալը» ընտրվեց, դա աստղագուշակ Աբդուլ Հյուբան էր, որ պատճառ էր դարձել Եգիպտոսի կորստին, բայց և այնպես, դեռ հարգված էր սնահավատ սուլթանի կողմից։ Աբդուլ Հյուբան սրամիտ էր, ուշիմ և անվախ, հետևաբար, նախարարների խորհուրդը նրբանկատորեն նրան ընտրեց` այն գիտակցումով, որ սուլթանը բարյացակամորեն կընդունի նրան, եթե գուշակը հավաստիացնի, որ այդ առաջարկը «ոգեշնչված հաղորդագրություն է երկնային մարմինների կողմից»: Զգուշացնելու և փաստարկելու համար Աբդուլ Հյուբային, թե ինչքան մոտ էր ներքին պատերազմը, նրան թույլատրեցին քննել սպառնալից մեծաքանակ հեռագրերի հոսքը, որ հասնում էր ամեն ժամ կայսրության բոլոր նահանգներից։

Գալիպոլիի հերոսությունները դեռ թերթի թեժ նյութերն էին կազմում, երբ նույն թերթերը սկսեցին գրել բոլորովին տարբեր մի պատերազմի մասին, որ սկսվել էր 1915 թվականի նույն ամիսներին Արեւելքում: Դա միակողմանի կռիվ էր` Էնվերի սադրանքով եւ Էնվերի վայրագ ղեկավարությամբ: Նա իր վայրագությամբ ոչնչով չէր զիջում դաժան սուլթաններին, որոնց ճանկից ինքն էր ազատել Թուրքիան: Էնվերը նախաձեռնել էր մի նոր, մեծ ու կարեւոր նախագիծ, իր մտքում ունենալով միայն մի նպատակ, այն է` իսպառ բնաջնջել հայերին:

Այս կապակցությամբ Աբդուլ Համիդը եւս բազմիցս փորձեր արել էր, բայց նույնիսկ նա անհամեմատելի էր նոր «տաղանդավոր հանճարին», որը հիմա ցեղասպանության միջոցով հանդես էր գալիս որպես Օսմանյան կայսրության իրական բռնակալ:

Շարունակելի

Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Հոգևոր-մշակութային


02/05/2019