Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԱՐԱԳ ՀԱՅԸ



ԱՄԵՆԱԱՐԱԳ ՀԱՅԸԲրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը աշխարհի տասը ամենահայտնի հայերի ցանկում նշում է նաեւ Ալեն Պրոստի անունը:

Մեծ եղեռնից փրկվածների երրորդ սերնդից է հայտնի մրցարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի աշխարհի քառակի չեմպիոն, մեծ մրցանակի մրցափուլերում 51 անգամ հաղթած Ալեն Պրոստը։

Աշխարհահռչակ մրցարշավորդը ծնվել է Սեն Շամոնում, 1955թ. փետրվարի 24-ին, ֆրանսիացի Անդրե Պրոստի և հայուհի Մարի Ռոզ Կարատչյանի ընտանիքում։

Ալենը դեռ մանկուց զբաղվում  էր տարբեր մարզաձևերով, սակայն նախապատվելին ֆուտբոլն էր։ Ի դեպ, նրա հայտնի քթի ձևը, որը  հայկական արմատների «արդյունք» են համարում, ֆուտբոլային խաղերի ժամանակ ստացած վնասվածքներից է՛լ ավելի է հայկականացել։

Ալենի կրտսեր եղբայրը՝ Դանիելը, նույնպես սպորտի սիրահար էր,  նրա կիրքը արագությունն էր, մեքենաները: Սակայն Դանիելի առողջությունը օրեցօր վատթարանում էր, բժիշկների ախտորոշումը դաժան էր՝ քաղցկեղ…

-Եղբորս հիվանդությունը կտրուկ փոխեց իմ կենսակերպը,- հարցազրույցներից մեկում խոստովանել է Պրոստը,- երազում էի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, բայց….

Ամեն ինչ սկսվեց, երբ արձակուրդներին Պրոստների ընտանիքն ուղևորվեց Սենտ Էտիեն քաղաք։ Այստեղ Ալենն առաջին անգամ  որոշեց միկրոավտոմեքենա վարել, հենց այնպես, զուտ եղբոր համար, պարզապես նրա կողքին լինելու նպատակով, սակայն 10-15 րոպե տեւած մեքենավարությունը շրջադարձային ու վճռորոշ եղավ  հետագա ճակատագրի համար…

Մեքենաներն ու խելահեղ արագությունը սրընթաց փոխեցին նրա կյանքի ռիթմը…

1973թ. Ալեն  Պրոստը դարձավ Ֆրանսիայի չեմպիոն կարտինգից։ Հաջող ելույթ ունենալով Ֆորմուլա Ֆորդ-1600, Ֆորմուլա-300 ինքնաշարժային արշավներում, Պրոստը հրավիրվում է մասնակցելու Ֆորմուլա-1 արհեստավարժ ինքնաշարժային արշավների։ 1980թ. Արգենտինայում նրա առաջին ելույթը «Մակլարենի» թիմում հաջողությամբ է ավարտվում՝ Ալենը  գրավում է 6-րդ տեղը։ Սակայն մրցաշրջանի վերջում մեքենաների բախման հետևանքով նրան անընդհատ հետապնդում  են տեխնիկական խնդիրները, վնասվածքները, ինչի պատճառով նա հեռացվում  է «Մակլարենի» թիմից։

1981թ. մրցաշրջանն սկսում է «Ռենոյի» թիմում։ Եվ ահա առաջին մեծ մրցանակը` գրան-պրին։ 1983թ. աշխարհի առաջնությունում գրավում է 2-րդ տեղը` զիջելով միայն Նելսոն Պիկին։ «Ռենոյի» ղեկավարները ցանկանում էին, որ Պրոստը ֆրանսիական մեքենայով անմիջապես դառնա աշխարհի չեմպիոն և անընդմեջ ճնշում էին, պարտադրում։ Հոգնելով այս ամենից` Պրոստը 1984թ. վերադառնում է «Մակլարենի» թիմ։ 1985թ. նա նվաճում է աշխարհի գավաթը՝ առաջ անցնելով իսպանացի Միգել Ալբերտոյից։ 1986թ. Ավստրալիայում պահպանում է չեմպիոնի տիտղոսը՝ առաջ անցնելով անգլիացի Նայջլ Մենսելայից։

1988թ. «Մակլարենի» թիմում նրա խաղընկերն է դառնում Այերթոն Սեննանը։ Հաջող և փայլուն ժամանակաշրջան էր. այդ հատվածում 16 մրցափուլից 15-ում թիմն առաջինն է եղել, իսկ Սեննանը դարձել է աշխարհի չեմպիոն։ 1989թ. Պրոստը երրորդ անգամ է դառնում աշխարհի չեմպիոն, սակայն չափազանց սրվել էին նրա և Սեննանի հարաբերությունները։ Փոխադարձ վեճերն ու վիրավորանքները դարձել էին նրանց անբաժան ուղեկիցը: «Ալենը միշտ ձգտում է բարձունքից էլ բարձր լինել»,-դժգոհում էր  Սեննանը:

1990թ. մրցաշրջանը Պրոստը մեկնարկում է «Ֆերարիի» թիմում։ Եվ անկասկած  չորրորդ անգամ կդառնար աշխարհի չեմպիոն, եթե Ճապոնիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում անընդհատ վիճաբանությունների պատճառով Պրոստը և Սեննանը չհեռացվեին մրցումներից։ Ու թեև հաջորդ տարի Պրոստը աչքի ընկավ անձնական հաջողություններով, այնուամենայնիվ «Ֆերարիի» ղեկավարները, Ճապոնիայի դառը պատմությունը հիշելով (թիմը զրկվել էր չեմպիոնությունից), ստիպում են Պրոստին հեռանալ թիմից։ 1992թ. Պրոստը չի մասնակցում Ֆորմուլա-1-ի մրցարշավներին։ Այդ ժամանակ նա երբեմն-երբեմն հանդես էր գալիս որպես մարզական մեկնաբան։

1993թ. «Վիլյամս Ռենո» ֆրանսիական թիմում Ալեն Պրոստը  չորրորդ անգամ է դառնում  աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Սեննանին։

Առաջվա մոլի հակառակորդները շուտով  դառնում են լավ ընկերներ։ Մեկ տարի հետո Սան Մարինոյի մեծ մրցույթում, որտեղ Պրոստը որպես ֆրանսիական TV-1-ի հաղորդավար մեկնաբանում էր մրցաշարը, ավտովթարից մահանում է Սեննանը։ Ծանր էր կորուստը Պրոստի համար։ Նա միառժամանակ դադարեցնում է իր գործունեությունը ինքնաշարժային արշավներում։

ԱՄԵՆԱԱՐԱԳ ՀԱՅԸ1997-2001թթ. Ալեն Պրոստը ղեկավարում է իր իսկ հիմնած «Պրոստ գրան-պրի» թիմը, որը ներկայացնում էր  Ֆրանսիան։

Այսօր էլ Պրոստը ակտիվորեն ներգրավված է ավտոմոբիլային մարզաձևում:

Պրոստին համարում են 20-րդ դարի տեխնիկական մարզաձևերի աշխարհի լավագույն մարզիկ, մեքենա վարելու յուրահատուկ ոճի համար նրան կնքել են «Վազքուղու պրոֆեսոր» պատվանունով։ Սպորտային ձեռքբերումների համար Պրոստին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ «Փառքի լեգեոն» շքանշանը, որը նրան անձամբ այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանն է հանձնել։

Ալեն Պրոստն ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր: Ավագ որդին՝ Նիկոլայ Պրոստը, նույնպես ավտոարշավորդ է:

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնը հպարտանում է իր արմատներով. «Իմ երեխաների երակներում հոսում է հայկական արյուն։ Նրանք դաստիարակվել են հայկական ոգով և գիտեն իրենց արմատների պատմությունը:

Մայրս հայուհի է, և մանկությունս անցել է պապիկիս մոտ, որը տարբեր պատմություններ էր պատմում Հայաստանի մասին: Երբ դու 10 տարեկան ես, քեզ համար դա ընդամենը պատմություն է: Այդ պատմություններն սկսում ես գիտակցել և ամբողջապես ըմբռնել ավելի ուշ: Այսօր այդ պատմություններն իմ կյանքի անբաժանելի մասն են: Ես չեմ խոսում հայերեն, բայց ես հայ եմ, և դա ամենակարևորն է»:

Հատված ֆրանսիական «L՚Express» ամսագրին տված հարցազրույցից. «Իմ մեծ մայրը՝ Վիկտորյա Կարատչյանը,  մահացել է 1978թ.: Նա ծնվել է Հայաստանում և Հայոց ցեղասպանության ականատես է՝ նրա հայրը, եղբայրներն ու քույրերն սպանվել են նրա աչքի առաջ…»:

2007 թ. մարտին Պրոստն արժանացել է «Հայկական Սեզար» մրցանակին, որը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների համար բարձրագույն պարգևն է: Այսօր էլ Ալեն Պրոստը սփյուռքի ամենաակտիվ ներկայացուցիչներից է: Նա նաև շարունակում է մնալ «աշխարհի ամենաարագ հայը»:

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Ճակատագրեր, Մարզաշխարհ


02/05/2019