Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ

ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄՄարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում, նախապես ընտրված վայրում  ծավալվել է դաշտային հոսպիտալը: Շուտով կմեկնարկի ռազմաբժշկական գումարտակի զորավարժությունը: Անձնակազմից ձևավորվում են աշխատանքային խմբեր, պատրաստվում է տեսակավորման հրապարակը: Շարժական հոսպիտալի բոլոր բաժանմունքները կահավորված են և պատրաստ վիրավորների ընդունմանը:

 

Զորավարժության սցենարի համաձայն` սանիտարական մեքենաները առաջնագծից հոսպիտալի տարածք են տեղափոխում զինված ընդհարումների հետևանքով վիրավորված մեկ տասնյակից ավելի պայմանական վիրավորների: Առաջնագծից մինչև դաշտային հոսպիտալ այնպիսի հեռավորություն է պահպանվում, որը հնարավորություն կտա ապահովելու «ոսկե ժամի» սկզբունքը:  Վիրավորներին տեղավորում են տեսակավորման հրապարակում, որտեղ նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերում և առանձնացնում ըստ վիճակի ծանրության` անհետաձգելի, շտապ և թեթև վնասվածքներ ունեցողների: Այնուհետև վիրավորները տեղափոխվում են անհրաժեշտ բուժսարքավորումներով կահավորված վրաններ: Բոլոր բաժանմունքները փոխհամաձայնեցված ու օպերատիվ գործողություններ են ծավալում:

Բժշկական գումարտակի գերխնդիրը զորավարժության ընթացքում մեկն է` կրճատելով տարհանման համար անհրաժեշտ ժամանակը` վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելուց, վիճակը կայունացնելուց և նախապատրաստելուց հետո կազմակերպել վիրավորների հետագա տարհանումն ըստ մասնագիտացված բուժհաստատությունների: Դրան զուգահեռ` զորավարժության արդյունքում կատարելագործվում են անձնակազմի արագ կողմնորոշվելու, դաշտային պայմաններում վիրավորներին  տեսակավորելու և որակավորված բուժօգնություն տրամադրելու հմտությունները:

ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄՄարտավարամասնագիտական զորավարժության ղեկավար, գնդապետ  Տիգրան Ավետիսյանը նշում է. «Այս զորավարժության կարևոր նպատակներից է ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության ղեկավար կազմին և բժշկական գումարտակի անձնակազմին մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերմանը նախապատրաստելը, շարասյան ձևավորումը, նախորոշված շրջանում ծավալումը և կիրառումը: Սա ԶՈՒ բժշկական ապահովման բուն բաղադրիչներից է, քանի որ յուրաքանչյուր բժշկական ստորաբաժանում անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինի ծավալվել իր մշտական տեղակայման վայրից մեծ հեռավորության վրա: Այս ամենը, իհարկե, առաջին հերթին ամրապնդում է անձնակազմի մարտական ոգին, ընկերակցությունը»:

Մարտավարամասնագիտական զորավարժության շտաբի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գևորգյանն իր հերթին փաստում է. «Դաշտային պայմաններում անցկացվող նմանատիպ զորավարժությունները, իհարկե, մեծ փորձառություն են տալիս մեր զինանձնակազմին: Ամեն անգամ ավելի ու ավելի արագ ու ներդաշնակ գործողությունների փորձ են ձեռք բերում, որն այլ պայմաններում հնարավոր չէ ստանալ: Անձնակազմը արհեստավարժ է, և մենք մեծ վստահությամբ այս անձնակազմը ցանկացած պահի կարող ենք գործուղել աշխարհի ցանկացած վայր` առաքելություններում բժշկի իրենց պարտքը կատարելու»:

Բժշկական գումարտակի հրամանատարի համագործակցության գծով տեղակալ, լեյտենանտ Հասմիկ Բաբաջանյանը ռադիոկապի միջոցով անընդմեջ կապ է իրականացնում շարժական հոսպիտալի կետերի միջև: Ինչպես ինքն է ժպիտով ասում՝` «Իմ ցուցատախտակից չպետք է հիվանդ «կորչի»: Անհրաժեշտ է անընդհատ հսկողություն սահմանել:  Եթե վիրահատարանում ծանրաբեռնվածություն առաջանա, հարկավոր կլինի լուծել դրսից օգնություն խնդրելու հարցը»: Միջազգային զորավարժություններին բազմիցս մասնակցած Հասմիկը վստահեցնում է. ռազմաբժշկական ստորաբաժանման բժիշկները բոլոր առաքելություններում իրենց լավագույնս են դրսևորում: «Գերմանիայում կայացած մեր վերջին զորավարժության ժամանակ, օրինակ, խնդիր էր դրված անտառով վիրավորներին մի կետից մյուսը տեղափոխել: Մեզ ընդամենը կես ժամ հարկավոր եղավ՝ մեր առաջին վրանը բացելու և հիվանդներին ընդունելու համար: Մեր պատրաստականությունը շատ բարձր գնահատեց զորավարժության ղեկավարությունը»:

Թեև զորավարժության վերջնական՝ ամփոփիչ գնահատականը կտրվի օրեր անց, բայց, նախնական տվյալներով, ռազմաբժշկական գումարտակը առաջադրված խնդիրը գերազանց կատարեց: Սա փաստեց նաև զորավարժության ընթացքին հետևող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: «Շատ բարձր եմ գնահատում կատարված աշխատանքը,- նշեց գեներալը:- Բժշկական գումարտակը լիարժեք պատրաստ է դաշտային պայմաններում խնդիրների արդյունավետ կատարմանը»:

Ի դեպ, ամիսներ անց հայկական ԶՈւ շարժական դաշտային հոսպիտալը կհանձնի վերջին ստուգարքը, որը «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակում կգնահատի Հյուսիսատլանտյան դաշինքը:

Որակավորման քննությունը բարեհաջող հանձնելով` բժշկական գումարտակը, որպես ռազմաբժշկական ինքնուրույն միավոր, իրավունք կստանա ներգրավվելու հակամարտ գոտիներում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելություններում:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` հեղինակի