Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ



ՀԵՐՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ2016թ. ապրիլի 5-ին ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանը մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի դիվերսիան հետ մղելիս զոհվեց անհավասար մարտում…

Մհերի հայրական տանն եմ: Հերոսի փառքի անկյունում նրա նկարներն են, անձնական իրերը, նրա սխրանքի մասին պատմող հոդվածները: Արամայիսը՝ Մհերի հայրը, ցույց է տալիս հունվարի 28-ին երկրի նախագահի` որդուն հետմահու շնորհած «Մարտական ծառայություն» մեդալը ու պատմում:

…Մինչ զորակոչվելը ոսկերչություն սովորեց: Դեռ մանկուց մետաղներից գեղեցիկ զարդեր էր պատրաստում: Երազում էր սեփական արհեստանոց բացել, բայց ասում էր, որ մինչև չծառայի՝ ոչ մի արհեստանոց: Երեք տարի ուշ գնաց բանակ՝ առողջական խնդիրներ ուներ: Ամեն անգամ բուժզննությունն անցնելուց առաջ ասում էր՝ երանի այս անգամ պատասխանները դրական լինեն: Ձմռանը զորակոչվեց՝ հունվարին: Ծանոթ-բարեկամ, ում ասես, որ չզանգեց: Բոլորին ուրախ-ուրախ պատմում էր, որ առողջացել է ու պիտի բանակ գնա:

Հիշում եմ զինվորական երդումը: Մհերս շարքի սկզբում էր կանգնած` կոկիկ, ամեն ինչ տեղը տեղին: Ամենաբարձրահասակն էր: Երդման բառերն ասաց բարձր ու խրոխտ՝ նայելով ուղիղ աչքերիս մեջ: Արարողության ավարտին մոտեցավ, թե՝ իմացի՛ր, որ տղեդ լավ է ծառայելու…

…Շատ կարճ ծառայեց: Ընդամենը երկուսուկես ամիս: Երկու անգամ հասցրինք գնալ զորամաս: Բնավորությունը փոխվել էր: Մի տեսակ ուրիշ հասունություն էր, բառերով չես նկարագրի: Մարտի 8-ի նախօրյակին էր: Գրպանից հանել՝ մորը, քրոջն ու տատին հազարական դրամ է տալիս, թե` ձեզ ծաղիկ կառնեք…

Ապրիլի 5-ին Մհերը ճաշարանի վերակարգում էր եղել: Խնդրել էր հրամանատարին՝ իրեն մարտական հերթապահության ուղարկել: Հրամանատարն էլ չէր մերժել զինվորի խնդրանքը: Մտածել էր՝ թող տղայի սրտով լինի…

ՀԵՐՈՍԻ ՊԱՏԳԱՄԸՄհերը դիրքերում հակառակորդի շարժ է նկատել, զեկուցել է հրամանատարներին: Մինչ օգնական ուժերը տեղ կհասնեին, կռվի մեջ էր մտել թշնամու հետ: Հասցրել էր մի քանի ադրբեջանցու ոչնչացնել: Մինչև վերջ պայքարել էր… Հրամանատարները Մհերի գրպանից այս խաչն էին գտել:

Արամայիսը ցույց է տալիս իր պարանոցից կախված արծաթյա խաչը:

-Մհերս հերոսի մահով ընկավ: Հրամանատարներն ասում էին, որ մինչև վերջին շունչը կրակել է: Ապրիլի 6-ին Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցում միջոցառում էր. բացվեց Հերոսի փառքի անկյունը:

Պիտի մեր զավակներին ու նրանց ժառանգներին մեր հերոսների օրինակով դաստիարակենք, ցույց տանք, որ հայրենիքը կյանքից թանկ է: Մեր հերոս տղաներից մեզ մնացին նրանց մեդալներն ու անմար փառքը՝ իբրև մեծ հպարտություն ու հայրենիքը անառիկ պահելու սուրբ պատգամ:

 

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Ճակատագրեր


18/04/2019