Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԵՂԵՆ ԱՊՐԻԼ



ՈԳԵՂԵՆ ԱՊՐԻԼԱպրիլը մեր ժողովրդի համար մի ամբողջ հարյուրամյակ նույնացել է ցավի, կորստի, հայրենազրկության, նաև պարտության հետ, որը մեկ բառով կոչվում է Մեծ եղեռն: Եվ, վստահ եմ, ադրբեջանցիները ապրիլյան հարձակումը ծրագրելիս, պատահական չէին ընտրել ամիսը և, իրենց վայրագ նախնիների օրինակով, ցանկանում էին մեր համազգային սգո ամիսը նոր ցավով ու նոր պարտությամբ նշանավորել: Բայց…

-Ապրիլը հաղթանակի ու ոգեղենության, ազգային արժանապատվության ու խիզախության ամիս դարձավ մեր ժողովրդի համար բոլոր այն քաջորդիների շնորհիվ, որոնց կյանքի գնով, որոնց անհավանական արիության ու հայրենասիրության շնորհիվ ապրիլը կարմիրով գրվեց մեր փառքի տոնացույցում,- ասում է «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, «Մարտական խաչ» աստիճանի շքանշանի ասպետ Ռազմիկ Գասպարյանը: -Ու մենք որոշեցինք Ապրիլյան պատերազմի հաղթական ավարտը՝ ապրիլի 5-ը, նշել հրապարակային տոնակատարությամբ` Ազատության հրապարակում հավաքելով պատերազմում քաջաբար ընկած հերոսների հարազատներին ու բոլոր նրանց, ում անձնվիրության շնորհիվ ադրբեջանցիները մեծ մարդկային ու նյութական կորուստներ կրելով՝ գլխապատառ փախան մեր երկրից…

Ազատության հրապարակում «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» և «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի կազմակերպած մեծարման և ոգու տոնը «Ոգեղեն ապրիլ» խորագիրն ուներ, և Ազատության հրապարակում էր հավաքել Հայաստանի ու Արցախի տարբեր ծայրերից եկած Ապրիլյան պատերազմի քաջերին ու զոհվածների հարազատներին, զինվորականների ու արվեստագետների, քաղաքական գործիչների ու պաշտոնյաների՝ հայ մարդկանց, որոնք եկել էին տոնելու իրենց հաղթանակն ու բաժնեկից լինելու օրվա խորհրդին:

Մեծ էկրանին իրենց երկրային կյանքը փառքով ավարտած ու անմահության ճանապարհը բռնած հերոսներն էին, բեմում՝ եռագույն հագած փոքրիկները՝ «Հայ ասպետի» սաները, որոնք մեծ ներշնչանքով ու հպարտությամբ օրվա խորհուրդն էին մեկնում ներկաների համար:

Անչափելի հուզիչ, ապրեցնող, պինդ ու ոգեղեն էր Ապրիլյան պատերազմում քաջաբար զոհված զինվոր Աղասի Ասատրյանի մոր՝ Նարինե Գրիգորյանի խոսքը: Աղասին 170 դիրքի հետախույզ-դիպուկահարն էր, որը մինչև վերջին շունչը պայքարեց իր դիրքի համար: Նրա մայրը տոնին մասնակցելու ուժ էր գտել իր մեջ, նրա մայրը որդու օրինակով վարակվելու և հայրենիքը իր որդու չափ սիրելու կոչ էր անում ներկաներին ու ցավը սրտում անթեղած իր հպարտությունն էր ի ցույց դրել՝ որպես զենք, որպես թշնամուն պարզված վահան, որպես մեր դժվար երթի ճանապարհին վառվող փարոս:

Իր մեծ խորհուրդն ուներ մեկ այլ հերոսի՝ թշնամու 3 տանկը խոցած զինվոր, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանի խոսքը:

-Ես չգիտեմ՝ պատերազմն ի՞նչ սկզբունքով ընտրություն արեց. ոմանց տարավ, ոմանց թողեց։ Բայց նրանք, ում թողել է, կատարելու են գնացածների հրամանը՝ իրենց կյանքի գնով պահած հայրենիքից չզիջել ոչ մի թիզ: Պատերազմում ընկած ընկերդ դառնում է քո ամբողջ կյանքի զրուցակիցը, քո խիղճը…

Իր զոհված ընկերների հետ զրույցն էր շարունակում նաև Ապրիլյան պատերազմում հաղթած մեկ այլ քաջորդի՝ Ժորա Աֆրիկյանը: Ու խոստանում, որ առիթի դեպքում ողջերը կկռվեն նաև ընկածների փոխարեն, որովհետև զոհված հերոսների՝ հայրենիքի սահմանները անխախտ պահելու սրբազան կոչը բազմապատկում է իրենց հոգու ու բազկի ուժը: Ողջերը ոչ միայն կկռվեն, այլև կապրեն զոհվածների փոխարեն՝ իրականություն դարձնելով մեծ, հզոր, պաշտպանված հայրենիք կերտելու մեծ երազանքը: Ողջերը որդիաբար ու խոնարհումով իրենց սիրո ջերմությամբ կպարուրեն ընկածների մայրերին` դառնալով փոքրիկ սպեղանի նրանց մեծ ցավին:

ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը մոր, բժշկուհու և զինվորականի միաձույլ սիրով ու հպարտությամբ էր հիշում այն օրերը, երբ ինքը ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետն էր, և կյանքը դարձել էր հանուն կյանքի անձնուրաց պայքար, երբ օրն սկսվել էր ապրիլի 2-ին ու չէր ավարտվում, երբ ջնջվել էին ցերեկվա ու գիշերվա սահմանները: Ու վիրավորներից շատերը պարզապես հրաշքով փրկվեցին: Այն մեծ ու գեղեցիկ հրաշքով, որ կոչվում է զինվորական բժշկի անձնուրաց նվիրում:

Հետո տոնական երաժշտությունը տարածվեց շուրջբոլորը ու Ազատության հրապարակ կանչեց շատերին: Արսեն Սաֆարյանի, Նարե Գևորգյանի, Սևակ Ամրոյանի, Ակսել Դավեյանի, Հակոբ Հակոբյանի, Արմեն Հովհաննիսյանի երգն է՛լ ավելի խանդավառեց բոլորին` միջոցառումը վերածելով փառավոր ու ցնծագիր տոնի:

Գայանե Պողոսյան

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


11/04/2019