Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐԺԵՎՈՐԵՆՔ»



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐԺԵՎՈՐԵՆՔ«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի հարցազրույցը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հետ

 

-Պարոն նախարար, թվում է, թե մեր հասարակությունը երբեմն   ռացիոնալ չի ընկալում «պատերազմ» եւ «խաղաղություն» եզրույթները:

-Ես այդպես չեմ կարծում: Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք:

Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, եւ նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում:

-Վերջին ամիսներին միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, եւ դա հաճախ մեր հասարակության բացասական արձագանքին է արժանանում: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղությանը պատրաստվելու մտքից:

-Կարծում եմ՝ ձեւակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունն ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

-Հենց դա նկատի ունեի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղություն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:

-Թերեւս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետեւանք է:

Խնդիր կա նաեւ այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչեւ 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք:

Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարեւորությունը պետք է գիտակցվի եւ գնահատվի:

Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարեւան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու:

-Բանակցային գործընթացի մասին որքանո՞վ եք տեղեկացված: Երբ ԱԳ նախարարը կամ վարչապետը հանդիպում են իրենց պաշտոնակիցներին, Դուք տեղեկատվություն ստանո՞ւմ եք:

-Չգիտեմ, թե նախկինում պաշտպանության նախարարները ինչ ծավալով են տեղեկացված եղել բանակցային գործընթացի մասին, բայց ես ունեմ բավարար տեղեկություններ եւ գիտելիքներ, որոնք ինձ եւ Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը:

Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրը նպաստավոր պայմաններ ապահովելն է երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում:

-2018թ. հուլիսին Դուք ներկայացրիք Ձեր տեսլականը պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ, որը, կարծում եմ, շատ քիչ քննարկվեց փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում: Ձեր տեսլականի առանցքային կետերից մեկը սա էր. «Պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ»: Ի՞նչ է պետք է անել, որ այս շեշտադրումը գործողություն դառնա: Եվ արդյոք այդ առաքելության զգացողությունը մինչ այդ չկա՞ր:

-Այդ շեշտադրումն անելիս ես խոսել եմ ոչ միայն զինված ուժերի եւ պաշտպանական համակարգի, այլեւ մեր ամբողջ հանրության մասին:

Երբ հանրությունն ընկալում է զինված ուժերը զուտ որպես պարտականություն կատարողի, դա նշանակում է, որ բանակը սահմանափակ թվով խնդիրներ ունի լուծելու: Հայ ժողովուրդը եւ մեր զինված ուժերը պետք է իրենց առջեւ թռիչքային նպատակներ դնեն, եւ հիմքում պետք է առաքելությունը լինի: Չենք կարող սահմանափակել մեզ կանոնադրությամբ, ժամանակով կամ տարածությամբ: Երբ առաջնորդվում ենք առաքելությամբ, անում ենք առավել, քան մտածում ենք, առավել, քան պլանավորում ենք, առավել, քան կարող ենք:

-Նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ինչպես զինված ուժերը՝ «Մարտի 1-ի» գործով, այնպես էլ մարդիկ, որոնք դերակատարություն են ունեցել բանակի ստեղծման եւ կայացման գործում՝ Մանվել Գրիգորյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը: Փոփոխություններ եղան Պաշտպանության բանակի ղեկավարությունում: Հաճախ կարելի է կարծիքներ լսել, թե թիրախավորված պայքար է տարվում զինված ուժերի դեմ:

-Նախ եւ առաջ, մենք պետք է սառնասրտորեն սպասենք դատական գործընթացների ավարտին: Իմ խորին համոզմամբ՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապը զինված ուժերի նախաձեռնությամբ չի եղել: Զինված ուժերը իրականացրել են որոշակի գործառույթներ, եւ եթե ապացուցվի, որ եղել են ոչ իրավաչափ գործողություններ, պատասխանատուները պետք է պատժվեն:

Ինչ վերաբերում է բանակի դերակատարությանը երկրի կյանքում, ապա մենք վարչապետի հետ համակարծիք ենք. զինված ուժերը այլեւս երբեք չպետք է որեւէ մասնակցություն ունենան քաղաքական, նախընտրական կամ հետընտրական գործընթացներում:

-Տեսլականում նշել եք նաեւ, որ «կոռուպցիոն որեւէ դրսեւորում չպետք է տեղ ունենա բանակում»: Այսօր նման դրսեւորումներ կա՞ն:

-Ռիսկայնությունը շարունակում է բարձր մնալ, բայց ջանքեր են գործադրվում ռիսկերի նվազեցման համար: Զինված ուժերում կոռուպցիոն երեւույթները ոչ թե պատճառ են, այլ որոշակի խնդիրների հետեւանք: Դրանց թվում են ռեսուրսների ոչ բավարար լինելը, սոցիալական որոշ խնդիրներ լուծելու ցանկությունը, անկատար ինստիտուցիոնալ կարգավորումները, երկրի տնտեսական հնարավորություններին անհամապատասխան քանակով զինված ուժերը:

-Ի՞նչն ենք համարում կոռուպցիոն դրսեւորում:

-Հիմնական խնդիրը կապված է գնումների հետ՝ փակ համակարգերում ռիսկայնությունը սովորաբար բարձր է լինում: Եվ պետք է շատ բաց խոսեմ նաեւ այն մասին, որ գնումներին վերաբերող օրենսդրությունը կոռուպցիոն դրսեւորումների համար մեծ հնարավորություններ է ստեղծում:

-Տեսլականում նշել էիք. «Թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից եւ հետամտի առավելապաշտական նպատակներ»: Իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ 2018թ. աշնանը Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ լարվածության նվազեցման մասին, կաշկանդում է բանակը, երբ կարիք կա հակառակորդի հետ խոսել ուժի լեզվով:

-Մենք մեզ որեւէ ձեւով կաշկանդված չենք զգում: Միմյանց չթիրախավորելու պայմանավորվածությունը մինչ օրս հիմնականում պահպանվում է, սակայն, եթե հակառակորդը որոշակի քայլեր ձեռնարկի, խստորեն կպատժվի:

-2016թ. փետրվարին՝ Ապրիլյան պատերազմից մոտ 2 ամիս առաջ, երբ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էիք, ասել էիք, որ հայկական զինված ուժերը «ստատիկ պաշտպանությունից» կանցնեն «սանձահարման-զսպման համակարգին»: Ինչ-որ բան կանխազգո՞ւմ էիք:

-Ես դա կանխազգացում չէի անվանի: Պարզապես սառը հաշվարկ էր:

-Վերջերս Նյու Յորքում ասացիք, որ ավելացնելու եք գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: Կարո՞ղ եք որոշակի մանրամասներ ներկայացնել այդ ստորաբաժանումների մասին:

-Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխելու հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում:

-Այսպես կոչված` «ասիմետրիկ պատասխա՞ն» ենք տալու:

-Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում, մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում:

-Այսինքն, օրինակ՝ A կետում հանդիպելով սադրանքի՝ մեր զինված ուժերը կարո՞ղ են հարված հասցնել B կետում:

-Ոչ միայն B կետում: Նաեւ C, D, E կետերում:

-Ձեր՝ նախարար դառնալուց հետո քայլեր ձեռնարկվեցին զինված ուժերը բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներով համալրելու համար: Սա ե՞ւս պետք է դիտարկել ստատիկ պաշտպանությունից հրաժարվելու համատեքստում:

-Սա կարող եք համարել «ասիմետրիկ պատասխան»: Մենք հնարավորություն կունենանք մեծ հեռավորության վրա ներազդելու հակառակորդի վրա:

-Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Դուք աշխատում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գո՞հ եք Ձեր աշխատանքային հարաբերություններից:

-Այո՛, մենք ամենօրյա կապի մեջ ենք: Վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում զինված ուժերին, ինչպես եւ միշտ արել են Հայաստանի ղեկավարները: Վարչապետը շատ լավ պատկերացնում է մեր առջեւ ծառացած խնդիրները եւ սրտացավ է դրանց լուծման հարցում:

-Դուք երկար տարիներ աշխատել եք Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Երբ համաձայնվեցիք նախարար դառնալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, որոշ մարդիկ «դավաճանություն» անվանեցին դա: Ի՞նչ կասեք այդ մարդկանց:

-Եթե պաշտպանության նախարար դառնալը կարող է «դավաճանություն» գնահատվել, դա մտածելակերպի խնդիր է:

Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանում ցանկացած քաղաքական փոփոխության պարագայում պաշտպանական համակարգը պետք է պահպանի ամրությունն ու կայունությունը: Եվ այդ գիտակցումը եղել է բոլոր ղեկավարների մոտ՝ բոլոր ժամանակահատվածներում:

-Պարոն նախարար, Ձեր որդին ծառայում է Արցախում, իսկ Ձեր աշխատանքի մեծ մասը կապված է Արցախում նոր պատերազմի հավանականության հետ: Ի՞նչ զգացումներ եք ապրում:

-Ես զգում եմ, որ այսօր Էդգարն իմ ուշադրության պակասն ունի:

Խորագիր՝ #13 (1284) 10.04.2019 - 16.04.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


11/04/2019