Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
12-1-1-copy
ՌԱԶՄԱՊԱՐԸ՝ ՀԶՈՐ ՆԵՐՈՒԺ

ՌԱԶՄԱՊԱՐԸ՝ ՀԶՈՐ ՆԵՐՈՒԺ«ԿԱՐԻՆ»  ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր եւ ղեկավար, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյան՝ մահապարտ, նժդեհական, պարահավաք, պարուսույց, հասարակական գործիչ, գրող…Հայու տեսակ…

 

-Տոհմիկ կարնեցու ժառանգ Գագիկ Գինոսյանը չէր կարող ազգային-ազատագրական շարժման կիզակետում չհայտնվել:

-Նժդեհն ասում է՝ գրքի, մուրճի, վրձնի բացթողումները սրբագրվում են արյամբ: 1991թ. աշխատում էի ֆիզիկայի ինստիտուտում, զենք էինք պատրաստում: Ալեքսանդր Թամանյանի անվանակից թոռը ինստիտուտում հայտարարություն էր փակցրել, որ Արցախի համար օրհասական ու վճռորոշ պահին պահանջվում են կամավորներ: Առանց մեկ վայրկյան իսկ երկմտելու զինվորագրվեցի: Ջոկատում ընդգրկվեցին նաեւ պետհամալսարանի դասախոս Վալերի Պախալովը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ֆիզիկայի ինստիտուտի դոցենտ  Արամ Կոծինյանը,  ջոկատի բժիշկն էլ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի  նախկին առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կրտսեր  որդին էր՝ Գագիկը: Օգոստոսի 31-ին «Եռաբլուրում» երդվելուց հետո մեկնեցինք Արցախ:

-Մտավորականներով  համալրված Ձեր «Իքս» դասակի ներկայությունը ոգեւորում էր մյուս դասակների մարտիկներին: «Իքսի» առեղծվածը գաղտնի զենքն էր, ու եթե չեմ սխալվում՝ այդ զենքով երկու տանկ խոցեցիք:

-«Արծիվ» գումարտակի 80 անդամներ, որոնց թվում նաեւ մեր դասակը Հովսեփ Հովսեփյանի ուղեկցությամբ մեկնեց Չլդրան գյուղի դիրքեր: Խրամատներ փորեցինք, քողարկեցինք  ֆագոտները: Հակառակորդը գյուղը գրավելու մտադրություն ուներ: Սեպտեմբերի 2-ին թշնամին գրոհի անցավ: Կրակի տարափ էր: Ես ու Ալեքսանդր Թամանյանը դիրքավորվել էինք գյուղի գերեզմանոցի մոտ, իսկ Պախալովն ու Կոծինյանը՝  դպրոցի: Պախալովի արձակած հրթիռը նպատակակետից 20-30 սմ հեռու մխրճվեց, տանկն արագ պատսպարվեց գյուղի ֆերմայի  հետեւը: Լիցքավորելով հակատանկային ղեկավարվող ռեակտիվ հրթիռը՝ կրակեցի:  Առաջին հրթիռը քանդեց ֆերմայի պատը՝ տեսանելի դարձնելով տանկը, երկրորդ արձակած հրթիռից  թշնամու մարտական մեքենան շարքից ելավ: Փառահեղ պայթյուն ստացվեց, լուսային եւ ձայնային ազդեցությունն ապշեցուցիչ էր…Առաջին խփած տանկի ուրախությունը մի տեսակ այն չէր, բոլորը ոգեւորված ցնծում էին, իսկ ես վերացած կանգնած էի՝ կյանքիս ամենախենթ պահն էր….Սեպտեմբերի 5-ին դիմացի անտառից հայտնվեց թշնամու T-72-ը: Կոծինյանն ու Ղազար Ղամբարյանը օգնեցին ամրացնել հրթիռը հենակի վրա, թշնամու մի տանկ էլ պայթեց:

Հետո հակառակորդի վեց գնդացրային կետ էլ կարողացանք լռեցնել: Այնպես որ՝ Չլդրան գյուղը հակառակորդին չհանձնվեց նաեւ  մեր զենքի հաջող փորձարկման շնորհիվ:

ՌԱԶՄԱՊԱՐԸ՝ ՀԶՈՐ ՆԵՐՈՒԺ-Պարոն Գինոսյան, Դուք  մասնակցել եք տարբեր մարտերի՝ Վաղուհաս, Ասկերան, Քարվաճառի ազատագրում, Օմարի բարձունքի պաշտպանություն, Լաչին, Ճարտար, Լիսագոր…Պատմում  են, որ  Դուք Ձեր տարազը հաճախ տանում էիք  դիրքեր եւ ազատ պահերին ազատամարտիկներին պարել  սովորեցնում:

-Մինչեւ Արցախ մեկնելս  պարել էի սովորել  անզուգական ուսուցչիս՝ Հայրիկ Մուրադյանի ղեկավարած «Վան» ազգագրական համույթում: Կռվից ու հատկապես հաղթանակներից հետո ուրիշ ոգեղենությամբ էինք պարում…Մի ուրիշ աշխարհ է պարը,  բազմաշերտ….Ժողովուրդն իր ուրախությունը, տխրությունը, մարտական տրամադրվածությունը, ոգու ամրությունը հաղորդում է պարով:

-Ասում են՝ անհնար է հաղթել այն ժողովրդին, որը պատերազմ է գնում երգով ու պարով:

-Ռազմական երգն ու պարը մշտապես բարձր են պահել ժողովրդի, զորքի ոգին:

-Պարոն Գինոսյան, Դուք բազմիցս առաջարկել եք հայկական ռազմապարերը ներառել ռազմական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում, ռազմապարը «զորակոչել»  բանակ:

ՌԱԶՄԱՊԱՐԸ՝ ՀԶՈՐ ՆԵՐՈՒԺ-Ժամանակին  ռազմական պարերի կատարմանը, կամ, ինչպես ժողովուրդն է անվանել՝ «Կռվի խաղերին», մեծ նշանակություն է տրվել, համարվել ռազմամարզական դաստիարակության լավագույն միջոց: Դրանց տեխնիկական բարդությունները հաղթահարելով՝ պատանիներն ու երիտասարդներն է՛լ ավելի են կոփվել, ամրապնդվել: Բացի այդ, պարերը մարտի գնալուց առաջ զինվորի մարտական ոգին են բարձրացրել, միասնական կամք հաղորդել եւ անպարտելիության զգացում ներշնչել: Ի դեպ, ռազմական պարերը իրավունք չեն ունեցել կատարելու փոքրոգի, կռվից խույս տված մարդիկ:

-Կոմիտասն ասում է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ  գծերն ու քաղաքակրթությունը»: 

-Պարը պատմություն է,  ժողովրդի ապրած  կյանքի խտացված պատկերը, նրա հերոսական ոգու արտացոլանքը, նրա ընդվզումը, մաքառումը, կամքն ու վճռականությունը: Մեր ոգեղեն, զորեղ մշակութային գանձարանում  քիչ չեն ռազմապարերը, քանի որ գտնվել ենք աշխարհագրական, կրոնական խաչմերուկների հատման կետում, Հայաստանը մշտապես պատերազմների  թատերաբեմ է եղել օտար ասպատակողների ոտքի տակ:

-Համերգներով հաճախ եք այցելում զորամասեր:

– Ուրախությամբ պիտի նշեմ, որ քիչ թիվ չեն կազմում այն զինվորներն ու սպաները, որ կատարյալ գիտեն մեր ազգային պարերը, անգամ քաջատեղյակ են՝ թե այս կամ այն պարը հատկապես որ տարածաշրջանում են պարել, ինչ անվանում ունի:

Ամեն պարի «տողատակում» ազգային դաստիարակության բաղադրիչներ կան, որ ե՛ւ գիտակցական, ե՛ւ ենթագիտակցական մակարդակում  ազդում են զինվորի հոգու, ներաշխարհի վրա: Ռազմական պարը ազգային ինքնագիտակցության, ազգային գաղափարաբանության հաստատման  հզոր միջոց է: Պարը նաեւ հավաքական-համախմբող ուժ ունի, միասնականության, համախմբվածության անտես ազդակ է: Հապա հիշեք՝ քանի ազգ կթվարկեք, որ կին-տղամարդ ձեռք ձեռքի բռնած, ուս ուսի տված՝ պարում են:

ՌԱԶՄԱՊԱՐԸ՝ ՀԶՈՐ ՆԵՐՈՒԺՄի անձնական  նկատառում փաստեմ. մեր «Կարին» խմբի տղերքի մեջ մեկ անգամ իսկ վեճ, տարաձայնություն  չի ծագել, ես դա վերագրում եմ ռազմապարի գործուն ազդեցությանը. ուս ուսի տված, թիկունքին ընկերոջ բազկի զորությունն ու սատարումը  զգացող տղերքի մեջ խնդիր չի կարող առաջանալ:

Վերջերս էլ բուհերից մեկի հոգեբանության ֆակուլտետում  ուսանող մի երիտասարդ էր եկել մեզ մոտ, նրա դիպլոմային թեզի թեման էր՝ «Ռազմական պարը՝ որպես հավաքական թերապիայի բաղադրիչ»:

Ռազմական պարը դարեր շարունակ հայ զինվորի դաստիարակության հիմնասյունն է եղել: Պարը միակ մշակույթն է, որ ներդաշնակում է հոգին ու մարմինը, գիտակցությունն ու ենթագիտակցությունը: Ռազմապարը հայկական արտադրության սպառազինություն է:

-Պարոն Գինոսյան, երկար ժամանակ նախնական զինվորական պատրաստություն եք դասավանդել  դպրոցում, այժմ էլ դասավանդում եք «Այբ»-ում: Բազմիցս այցելում եք զորամասեր,  անընդմեջ շփվում մեր երիտասարդների հետ: Որպես ազատամարտիկ, որպես մանկավարժ՝ Ձեր գնահատականը ներկայիս սերնդին:

ՌԱԶՄԱՊԱՐԸ՝ ՀԶՈՐ ՆԵՐՈՒԺ-Նժդեհն ասում է. «Ամեն մի սերունդ պետք է գերազանցի իր նախնիներին ոգով եւ խիզախությամբ: Ապրիլյան քառօրյայի ժամանակ  մեր երիտասարդներն ապացուցեցին, որ գերազանցել են ավագ սերնդին՝ էն էլ ինչպես.  էնպիսի խենթ հերոսականության դրվագների ականատես եղանք: Արցախյան ազատամարտիկների ոգեղեն լիցքը փոխանցվել է նոր սերնդին:

Մինչ այդ շատերն էին թերահավատ, ասում էին՝ թե կռիվ լինի, ոչ ոք  չի գնա, ո՞ւմ համար պիտի կռվեն:

Ոչ մեկի համար էլ չենք կռվում, կռվում ենք սեփական հայրենիքի, սեփական անձը զորեղ դարձնելու, սեփական հոգու ազատության եւ ազգային արժանապատվության համար…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ