Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԵՍ ՈՒ ԸՆԿԵՐՍ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆՔ ՊՈՍՏԻ…»
«ԵՍ ՈՒ ԸՆԿԵՐՍ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆՔ ՊՈՍՏԻ…»

«ԵՍ ՈՒ ԸՆԿԵՐՍ ԿԱՆԳՆԱԾ ԷԻՆՔ ՊՈՍՏԻ…»Հովհաննես Գասպարյանը Մասիսից է, ընտանիքի յոթ զավակներից վեցերորդը: 2016թ. ապրիլի 1-ին՝ իր ծննդյան 19-ամյակի օրը, Հովհաննեսը դիմավորեց դիրքերում. մարտական հերթապահության վերջին օրն էր: Հետո իջան դիրքերից: Հոգնած էին, ու որոշեցին զինվորի ծնունդը նշել հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին: Բայց ապրիլի 2-ի լուսաբացը շարքային Հովհաննես Գասպարյանը դիմավորեց զրահաբաճկոնով ու սաղավարտով, տեղատարափ անձրեւի տակ, նռնականետով, ԱԿ ավտոմատով ու ականներով զինված:

 

-Հովի՛կ, մեր զրույցի թեման ապրիլյան պատերազմն է, բայց ես ուզում եմ սկսենք փոքրիկ նախերգանքով. ի՞նչ կպատմես քո նախաբանակային կյանքի մասին: Կամ գուցե ե՞ս հարցեր տամ…

-Ավելի լավ է՝ հարցեր տաք:

-Այս հարցը ես հաճախ եմ տալիս զրուցակիցներիս. եթե նկարիչ լինեիր եւ ցանկանայիր մանկություն նկարել, ի՞նչ պատկեր կծնվեր կտավի վրա:

-Այն պատկերը, որ հենց հիմա հայտնվեց աչքիս առաջ: Իմ 9 հոգանոց ընտանիքը վաղ առավոտյան միասին կանաչի է մաքրում, խրձեր անում, կապում, որ հետո հայրս տանի շուկա: Կանաչին մեր ընտանիքի միակ եկամուտն է, կարելի է ասել՝ մեր ընտանեկան բիզնեսը: Այգում տարբեր կանաչիներ էինք ցանում, հետո ամբողջ տարին ապրում դրա վաճառքից գոյացած գումարով: Այդ պատկերը ինձ համար սիրո, ապահովության, մտերմության խորհրդանիշ է: Բանակում, երբ քնելուց առաջ փակում էի աչքերս ու մտովի գնում տուն, դարձյալ այդ պատկերն էր արթնանում:

-Ի՞նչ էիր երազում մանկության տարիներին, ո՞վ էր քո հերոսը:

-Ես շատ լավ երեխա էի: Աստծու գառ:

-Դա ընդունվա՞ծ կարծիք էր, թե միայն դու էիր այդպես մտածում:

-Ընդունված կարծիք էր: Ես անաղմուկ էի, հանգիստ, լսող, լավ էի սովորում: Իսկ իմ հերոսը բանակն էր, իմ երազանքը: Բանակն իմ հեքիաթն էր, որտեղ բախվում էին չարն ու բարին: Որտեղ բարին ուժեղ էր ու հաղթում էր: Հազար անգամ ինձ պատկերացրել եմ զինվորական համազգեստով: Ու երբ առաջին անգամ համազգեստ հագած նայեցի հայելուն, իրականությունն ավելի գեղեցիկ էր, քան երազանքը:

Եղբայրս բանակում էր, երբ ինձ զորակոչեցին: Մաման համոզում էր, որ դիմում գրեմ ու գնամ եղբորս զորամասում ծառայելու: Վարդենիս: Օրենք կար՝ եղբայրները կարող էին նույն զորամասում ծառայել:

-Հիմա էլ կա այդ օրենքը:

-Բայց ես ուզում էի Արցախում ծառայել, ամենավտանգավոր պոստում:

-Հերոսանալ էիր ուզում:

-Հիմա, երբ հետհայաց փորձում եմ հասկանալ ապրումներս, կարծում եմ՝ սովորական, պարզ կյանքը հոգնեցրել էր ինձ, ուզում էի ինչ-որ արտառոց, կարեւոր, ուժեղ բան անել: Ուզում էի զգալ իմ մարմնի ու հոգու ուժը, իմ սրտի զարկերը, իմ կշիռը:

-Սպասումներդ զինծառայությունից արդարացա՞ն:

-Ավելի քան արդարացան: Ամեն ինչ հիանալի էր՝ առավոտյան վերկացը, վարժանքները, ռեժիմը… զենքերս:

-Քանի զենք ունեիր:

-Նռնականետս ու ԱԿ ավտոմատս, որոնց շատ լավ տիրապետում էի: Հինգ ընկերներ ունեի, որոնց հետ պոստ էի պահում՝ Գոռը, Էդգարը, Արամը, Դավիթը, Նարեկը… Առհասարակ, ինձ համար ընկերությունը շատ թանկ է: Ես քիչ ընկերներ ունեի, բայց  շատ մտերիմ էի նրանց հետ: Դիրքերում ընկեր բառը էնքան լցվեց, էնքան մեծացավ: Դիրքերում յուրաքանչյուրս ոչ թե մեր, այլ ընկերոջ կյանքն ենք պաշտպանում: Ու տեսեք՝ ինչ է ստացվում՝ եթե ամեն մեկս մեր կյանքը պաշտպանենք, մեր կյանքը մի պաշտպան է ունենալու: Իսկ եթե դիրքերում վեց հոգի ենք, ու ամեն մեկս մյուսների կյանքն ենք պաշտպանում, յուրաքանչյուրիս կյանքը հինգ պաշտպան է ունենում:

-Հզոր թվաբանություն է: Հովի՛կ, ինչպե՞ս սկսվեց կռիվը:

-15 օր մենք՝ վեց հոգով, նորոգում էինք  մեր դիրքը: Ախպերներով Տուն էինք սարքել մեզ համար, չեմ չափազանցում: Մենք շատ էինք սիրում իրար ու մեր Տունը՝ 117 դիրքը: Խրամուղին պատել էինք բետոնե ձողերով, որ ցեխն ու փոշին գետնատնակ չբերենք, ծղոտներով տաղավար էինք պատրաստել հանգստի համար, խրամաբջիջները խնամքով բարձրացրել էինք, խրամուղու թմբերը՝ նույնպես: Գետնատնակն էինք ձևափոխել, վարագույրներով գեղեցկացրել էինք, ժամացույց էինք կախել պատից, բնության նկարներ: 15 օր գիշեր-ցերեկ աշխատել էինք ծանր զրահաբաճկոնով, կասկայով: 15-րդ օրը հերթապահությունն ու նորոգված դիրքը հանձնեցինք ու իջանք սարերից: Իմ ծննդյան օրն էր՝ ապրիլի 1-ը: Հոգնած էինք: Մտածեցի՝ կհանգստանանք, ապրիլի 2-ին ծնունդս կնշենք: 19-ամյակս:

Դեռ լույսը չէր բացվել, երբ հնչեց տագնապի ազդանշանը: Մտածեցի՝ ուսումնական տագնապ է, բայց կրկին լսվեց ազդանշանը, որը մարտական տագնապի նշան է, ու չանջատվեց: Արագ զենք ստացանք, լցվեցինք «Ուրալն» ու ճանապարհվեցինք դիրքեր: Ադրբեջանցիները նկատել էին մեզ ու ամբողջ ճանապարհը ռմբակոծեցին: Երբ «Ուրալն» այլեւս չէր կարող շարունակել ընթացքը,  իջանք մեքենայից ու տեղատարափ անձրեւի տակ շարժվեցինք առաջ:

-Առաջ, ո՞ւր:

-Սկզբում ես գիտեի՝ գնում եմ իմ դիրքը: Զրահաբաճկոնը, նռնականետը, ավտոմատը, երեք արկերը, սապոգներիցս կախված ցեխագունդը ծանր էին, բայց այն միտքը, որ շուտով դիրք կհասնեմ, ուժ էր տալիս, եւ ես զարմանալի թեթեւությամբ էի հաղթահարում ճանապարհը: Բայց, երբ իմացա, որ իմ դիրքը լցված է ադրբեջանցիներով, սրտիս մեջ մի բան սեղմվեց ու քարի պես ծանրացավ: Ախր 6 ընկերներով միասին էնպիսի մեծ սիրով էինք նորոգել ամեն անկյունը: Լացս գալիս էր, արցունքներս կուլ տալով քայլում էի: Որքան ուզում էի չմտածել, չէր ստացվում, պատկերացնում էի, թե ինչպես է թշնամին ոտնակոխ անում ամեն ինչ: Քայլելը դժվարացել էր, ասես մի վայրկյանում մի 100 կիլո բեռ էին ավելացրել ուսերիս: Արամն ու Արամայիսը՝ երկու մտերիմ ընկերներ, քայլում էին իմ կողքով, Արամայիսը մոտեցավ, ասաց.

– Բեռիդ մի մասը տուր, ես տանեմ, ախպե՛րս:

Նայեցի, տեսնեմ, իր բեռն էլ պակաս ծանր չէ:

-Ես կտանեմ, ախպե՛ր, ասացի, քո բեռն էլ է ծանր:

Եթե իմանայի, որ դա մեր վերջին զրույցն է, եթե իմանայի, որ ժամեր անց նա զոհվելու է աչքիս առաջ, այդքան ժլատ ու քչախոս  չէի լինի: ՌՊԿ-ն ուսին՝ իր բեռը իմից ծանր էր, ասում էր՝ թող օգնեմ:

-Արամայիսը մերձամարտո՞ւմ զոհվեց:

-Չէ՛, մենք ամբողջ ճանապարհն անցանք ռմբակոծության տակ: Պոստ պահելիս մեկ անգամ չէ, որ փամփուշտն անցել է ականջիս մոտով, կրակոցների ձայնը մեզ համար ծղրիդի երգի պես սովորական էր, բայց այդ օրը հողը ցնցվում էր,  արկերը մեկը մյուսի հետեւից պայթում էին մեր շուրջը: Մենք տեղավորվեցինք փոսերում, որ առիթի դեպքում կասեցնենք հակառակորդի առաջխաղացումը: Նստած էինք ջրափոսի մեջ ու սպասում էինք հրամանի: Արամայիսն ու Արամը նույն փոսն էին մտել. երեւի այդպես ավելի ապահով էին զգում իրենց:

-Ամեն մեկդ մի փոսի մե՞ջ պիտի լինեիք:

-Այո՛, բայց նրանք նույն փոսն էին մտել: Ադրբեջանցիների նետած հերթական արկն ընկավ ուղիղ նրանց փոսի մեջ: Պայթեցին նաեւ փոսում եղած արկերը: Ես մի քանի մետրից տեսա, թե ինչ կատարվեց:

-Մի՛ պատմիր:

-Հետո վրաններ խփեցինք ու սկսեցինք նոր դիրք սարքել: Մեր դիրքից մոտ 300 մետր հեռավորությամբ: Նոր խրամատներ, խրամուղիներ, խրամաբջիջներ: Հաց ու ջուր բերող մեքենան չէր կարողանում մոտենալ, ադրբեջանցիները կրակում էին: Սովին հարմարվելը դժվար չէր, այ, ծարավին դիմանալն էր անտանելի: Ջուրը կումերով էինք բաժանում:

Մի օր վրանի տակ քնած էի, զգացի՝ հրում են: Արթնացա, տեսնեմ՝ անձրեւաջրերը այնպես են ողողել վրանը, որ հայտնվել եմ ջրափոսի մեջ: Ընկերս բահով ճամփա էր բացում, որ ջուրը փոսից հոսի: Արթնացա, զինվորական շորերս քամեցի, թաց-թաց հագա ու գնացի պոստ:

-Ո՞ր ամիսն էր:

-Ապրիլ, կռվի դադարից մի շաբաթ անց: Իմ նոր պոստից մեր դիրքը երեւում էր: Տղերքը չէին հանգստանում, ասում էին՝ պոստը սարքեցինք, տվեցինք թշնամուն: Ասում էին՝ թող հարձակվելու հրաման տան, մեր պոստը ազատագրենք: Մի անգամ իմ աչքի առաջ մեր ականապատած տարածքում ադրբեջանցի զինծառայողը օդ թռավ ու մասերի բաժանվեց: Հետո, երբ  ընկերը եկավ օգնության, նա էլ պայթեց: Տնքոցը, լացն ու վայնասունը հասնում էին մեզ: Մի քանի օր անց մեր վաշտից մի զինվոր պայթեցրեց մեր դիրքը: Դիրքը հողին հավասարվեց՝ տակով անելով այնտեղ ամրացած ադրբեջանցիներին: Հեռվից նայում էինք մեր Տան ավերակներին, ուրախությունն ու ցավը խառնվել էին իրար: Ահավոր ծանր զգացողություն էր:

…Մեկուկես ամիս դիրքերից չիջանք:

-Իսկ ինչպե՞ս վիրավորվեցիր:

-Ես ու Էդգարը կանգնած էինք պոստի, հետո իջանք, ես գնացի արթուն հերթափոխի: Ընկերս սուրճ բերեց: Դեռ չէի վերջացրել, կրակոցների ձայն լսեցի: Երկու քայլ արեցի, որ ձայն տամ դիրքի ավագ Գոռին, ականջներիս մեջ ինչ-որ բան ուժեղ  զնգաց: Մտածեցի՝ գնդակը կպել է թմբին ու ինձ բեկոր է հարվածել, որովհետեւ ցավ չկար: Հետո տարօրինակ զգացողություն ունեցա, թվաց՝ մարմինս փշրվում է, ոսկորներս հալվում են: Մեկ էլ զգացի՝ ընկած եմ գետնին: Ասես երազի մեջ տեսա, թե տղաներն ինչպես են վազում, ինչ-որ բան են գոռում վախեցած: Հետո պատգարակ բերեցին: Երբ Էդգարը՝ ամենամոտ ընկերս, ասաց՝ չմտածես, լավ է լինելու, հասկացա, որ մեռնում եմ: Փշրվելու զգացողությունը շարունակվում էր: Ձեռքս դրեցի կրծքավանդակիս, թրջվեց, մարմինս արյան մեջ էր:

-Տղերքն ասում են՝ չհասկացանք՝ ո՞ւմից,  ինչո՞ւ էր ներողություն խնդրում: Դու հիշո՞ւմ ես դա, թե՞ զառանցել ես:

-Ի՞նչ զառանցել, լրիվ սթափ էի: Ասեցի՝ քանի ողջ եմ, մորս բան չասեք: Հետո ասեցի՝ տղե՛րք, ներողություն եմ խնդրում ՝ ում երբեւէ նեղացրել եմ կամ չեմ արել ձեռքիցս եկածը, լավ ընկեր չեմ եղել: Հետո էլ ոչինչ չեմ հիշում: Ասում են՝ կոմայի մեջ եմ ընկել: Արթնացա յոթ օր հետո, Կենտրոնական  հոսպիտալում: Պարզվեց՝ գնդակը ծակել է թոքս ու դուրս է եկել թիկունքից: Ձախ ձեռք ու ոտքս կծկվել-քարացել էին: Բժիշկներն ասում էին՝ հրաշքով եմ փրկվել, այդպիսի վիրավորումով հիվանդները չեն ապրում:  Սկզբում սայլակի վրա էի, հետո ոտքի կանգնեցի: Մտածում էի՝ գնամ մնացած  ծառայությունս ավարտեմ:

-Ի՞նչ մնացյալ ծառայություն:

-Ես մեկ տարի երեք ամիս եմ ծառայել, մնացած տասը ամիսը… Բայց բժիշկներն ինձ մի հիվանդանոցից մյուսն էին ուղարկում՝ է՛լ Կարմիր խաչ, է՛լ վերականգնողական կենտրոն… Բարկությունս ընկերներիս ու հարեւաններիս վրա էի թափում, ասում էի՝ որ կռիվ սկսվեց, ո՞նց եք հանգիստ տանը նստել, ինչո՞ւ կամավոր չեք գրվել ու չեք եկել առաջնագիծ:

…Այնպիսի զգացողություն ունեմ, ասես ժամանակը կանգ է առել այն օրվա վրա, երբ վիրավորվել եմ: Գնալու եմ պոստեր: Մեկումեջ առաջնագիծ եմ բարձրանալու: Իսկ եթե հանկարծ կռիվ սկսվի, ես առաջինն եմ հասնելու սահման:

-Հովի՛կ ջան, այսօր ապրիլի 1-ն է՝  քո ծննդյան օրը: Շնորհավոր 22-ամյակդ:  Թող իրականանան բոլոր երազանքներդ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ