Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՆԱԿԵՏՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ
ՀԵՆԱԿԵՏՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸՄարտական հենակետը յուրահատուկ կառույց է: Այն իր դիրքերով, ենթակառուցվածքներով ապահովում է սահմանի տվյալ հատվածի անվտանգությունը: Հենակետը կարող է կանխել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը, կասեցնել լայնածավալ հարձակումը, ինքնուրույն մարտ վարել մինչև հիմնական օգնական ուժերի հասնելն ու կենտրոնանալը: Հատկապես վերջին տարիներին սահմանագծի ողջ երկայնքով առաջնագծի ինժեներական լրակահավորման ու զինծառայողների անվտանգության ապահովման ուղղությամբ լայնածավալ միջոցառումներ են իրականացվել: Բարելավվել են դիրքապահների կենցաղային պայմանները, իսկ ներդրված տեսադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարտավարական մեծ խորության վրա հետևելու և վերահսկելու հակառակորդի տեղաշարժը: Այդուհանդերձ, նույնիսկ ժամանակակից ամենախիստ չափանիշներին համապատասխան կառուցված հենակետի գործունեությունը չի կարող լիարժեք լինել առանց գրագետ պատրաստված, պատասխանատու անձնակազմի: Այնպիսի անձնակազմի, որի համար մարտական հենակետը դառնում է երկրորդ տուն:

Հյուսիսարևելյան սահմանագոտին հսկող հենակետերից մեկում ենք: Ծառայությունը կազմակերպված է ըստ օրվա կարգացուցակի: Զինծառայողները իրենց առօրյա պարտականություններն են կատարում: Դիրքի ավագի՝ ավագ լեյտենանտ Արման Գևորգյանի հրամանով անձնակազմը կատարում է ուսումնական «Տագնապ» ազդանշանով նախատեսված գործողություններ, անցնում շրջանաձև պաշտպանության: Յուրաքանչյուրը հստակ գիտի իր անելիքը, գործում է վարժ և հստակ: Եվս մեկ անգամ ճշտվում են կրակի վարման տեղամասերը, կողմնորոշիչները: Այնուհետև ավագ լեյտենանտը ենթականերին հրահանգավորում է անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ: Միանգամից տեսանելի է՝ մարտական պատրաստության պարապմունքները զորամասում անցկացվում են լիարժեք: Շրջում ենք տարածքում: Մեզ ցույց են տալիս վերջին շրջանում կատարված ինժեներական աշխատանքները, պահպանման և վերահսկման ամենօրյա գործողությունները: Ամենուրեք մաքրություն է, կարգուկանոն է տիրում: Զգացվում է հոգատար ձեռքի առկայությունը՝ զինծառայողները տանտիրոջ պես են վերաբերվում հենակետին: Մեկը մյուսի հանդեպ էլ հարգանքով են, զգացվում է տան անդամներին բնորոշ ջերմությունը: Տղաները առաջնագծում դժվարին ծառայություն են իրականացնում և գնահատում են յուրաքանչյուրի նվիրվածությունը:

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸԿացարանում պայմանագրայիններից մի քանիսի հետ սուրճի սեղանի շուրջ զրույցի ենք բռնվում: Պատմում են ծառայողական անցուդարձից, նշում՝ ամենաբարդ ու դժվարին պայմաններում էլ իրար ձեռք մեկնելը, թևութիկունք լինելը պարտադիր պայման է: Ու երևի պատահական չէ, որ այս հենակետի անձնակազմը նախաձեռնել է հիշատակման արժանի մի գաղափար: Հավաքվել ու որոշել են մի խաչքար տեղադրել հենակետի տարածքում՝ նվիրված այս տեղամասում սահմանի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին: Ավագ լեյտենանտ Արման Գևորգյանը, ենթասպա Սահակ Ահարոնյանը, ավագ սերժանտ Նահապետ Տոնոյանը, կրտսեր սերժանտ Աշոտ Ղարագեղյանը, շարքայիններ Աշոտ Հակոբյանը, Աշոտ Ալավերդյանը, Գևորգ Կարապետյանը, Լևոն Աղաբաբյանը և մյուսները համատեղ քննարկել են գաղափարը, մի լավ վարպետ գտել, ու այսօր բարձրադիր մի կետում ծառայության ընթացքում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար է տեղադրված: Տասնամյակներ անց էլ այս կողմերով անցնողը նաև խաչքարի միջոցով կիմանա հայրենիքի պաշտպանների սխրագործությունների մասին: Ու նաև իր հաջորդներին կպատմի, որ հայ զինծառայողները իրենց տունն են պաշտպանում՝ հարգելով իրենց ընկերների հիշատակը և նրանց օրինակով ոգեշնչելով ապագա սերունդներին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ