Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՏԱԽՈՒՅԶԻՆ ԳՈՐԾՈՎ  ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ...
ՀԵՏԱԽՈՒՅԶԻՆ ԳՈՐԾՈՎ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ…

ՀԵՏԱԽՈՒՅԶԻՆ ԳՈՐԾՈՎ  ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ...Ամենօրյա քրտնաջան պարապմունքներ, որոնք զուգակցվում են հատուկ նշանակության խնդիրների կատարմամբ: Նրանց ծրագրերն ու գործողությունները հույժ գաղտնի են, ու մենք երբեք չենք իմանա դրանց մանրամասները: Շատերը չգիտեն, թե որքան կարևոր է հետախույզի դերն ու նշանակությունը մեր բոլորի խաղաղության ապահովման գործում: Չենք տեսնի այս տղաների դեմքերը, նրանց ամուր դիմագծերն ու չենք լսի անունները: Բայց նրանք՝ հանուն իրենց հայրենանվեր գործի փառքից ու պատվից հրաժարվածները, ամեն Աստծու օր, յուրաքանչյուր  պահի մեր խաղաղության անդուլ ու ժրաջան  պահապաններն են:

 

Հետախուզական ստորաբաժանումներից մեկում ընթանում են ամենօրյա մարտական պատրաստության պարապմունքները: Ստորաբաժանման մարտիկները հերթով հղկում ու կատարելագործում են մասնագիտական հմտություններն ու կարողությունները: Դարանակալում, հակառակորդի շուրջկալում և գերեվարում, մերձամարտի հմտությունների մշակում, մարտական կրակ, հակառակորդի մեքենայի գրավում և բազմաթիվ այլ գործնական վարժություններ. սրանք ամենօրյա պատրաստության կարևոր մասն են կազմում, և հետախույզների արհեստավարժությունը հղկելու և ստորաբաժանումը մշտապես պատրաստականության բարձր աստիճանի պահելու նպատակ ունեն:

Ստորաբաժանման մարտիկներն իրենց գործը լավ գիտեն, զգում ու լիովին գիտակցում են, թե ինչն է իրենց կապում բանակին ու հայրենի եզերքին: Վստահ են ու վստահեցնում են` ամեն պահի պատրաստ են ցանկացած սադրանք կասեցնելուն և, անհրաժեշտության դեպքում, առաջ գնալուն:

 

Հետախույզ Ա

 

Զինվորական համազգեստը միշտ ձգել է ինձ. փոքրուց եմ սիրել: Հասկացա, որ այս մասնագիտությունն է ինձ հոգեհարազատը և ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան: 15 տարեկանում դեռ չես կարող լուրջ որոշումներ կայացնել, թե զինվորական ինչ մասնագիտություն ես ընտրելու: Բայց 18-ից հետո արդեն հստակ պատկերացնում ես, թե ինչ ես ուզում: Ընտրեցի հատուկ նշանակության զորքերը: Մեկնեցի ՌԴ, ավարտեցի օդադեսանտային ուսումնարանը:

ՀԵՏԱԽՈՒՅԶԻՆ ԳՈՐԾՈՎ  ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ...Իհարկե, զինվորական կյանքում դժվարություններ շատ են լինում, սակայն բոլորն էլ հաղթահարելի են, եթե սիրում ես գործդ: Ինձ շատ դուր է գալիս հետախույզի կյանքը, գիտեմ, թե ինչ նշանակություն ունի այն մեր զորքերում: Հետախույզի գործը, ինչ խոսք, հեշտերից չէ: Բայց դրա հետ մեկտեղ՝ անչափ հետաքրքիր է: Ամեն պահի հակառակորդի թիկունքում գործողություններ կատարելու կարիք կարող է լինել ու լինում է: Մենք պարզապես ժամանակ չենք ունենում այլ բաների համար. ծառայական ամբողջ ժամանակն ու անգամ հանգստի ժամերը տրամադրում ենք մարտական պատրաստությանը: Պարապմունքների հետ մեկտեղ՝ հաջողության ամենակարևոր գործոններից մեկը մարտական ստորաբաժանման բարձր ոգին է: Եթե այդ ոգին, «դուխը» չլինի, կարծում եմ, ոչ մեկն էլ չի ընտրի այս մասնագիտությունը, այդքան ժամանակ ու ջանք զուր չի վատնի: Իսկ երբ զգում ես այդ ոգին քո ներսում ու մարտական ընկերներիդ մեջ, այն բազմապատկվում է. ունակ ես կատարելու ցանկացած խնդիր: Այս զորատեսակն ընտրածներիս մեջ մի հատուկ հպարտություն կա. մենք գիտենք, որ նաև մեր ջանքերի,  մեր լումայի  շնորհիվ է այս պահին մեր ժողովուրդն իր հանգիստ ու խաղաղ կյանքն ապրում: Այս գիտակցությունն ամեն ինչ արժե: Անչափ ուրախ եմ ու հպարտ, և բոլորովին էլ կարևոր չէ, որ մեզ երբևէ չեն ճանաչի: Թող ինձ, մեզ բոլորիս՝ հատուկ նշանակության մարտիկներիս, ճանաչեն մեր գործով, որը մեր ժողովրդի խաղաղ կյանքի ապահովումն է:

 

Հետախույզ Բ

 

Շատ վաղուց է, ինչ  զորքերում եմ: Առանց մի պահ տատանվելու որոշել եմ հենց հետախուզական զորքեր ընդգրկվել ու գիտեմ, թե ինչու եմ այստեղ, ինչի եմ պատրաստ: Մասնակցել եմ քառօրյա պատերազմին: Այդ ընթացքում լիարժեք ու պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Ամենօրյա պատրաստություն և նվիրում. սա է կարևորը մեր գործում: Թշնամուն երբեք չենք թերագնահատում և օրվա ցանկացած պահի, ամեն վայրկյան պատրաստ ենք ցանկացած խնդիր, գործողություն կատարելու:

Բանակի կենսագործունեությունն ապահովելու գործում կարևոր խնդիր է վերապահված մեր զորատեսակին: Եվ եթե մենք մեր գործողությունները, մեր խնդիրը ճշգրիտ կատարենք, ինչը և անում ենք, մյուս զորատեսակներն իրենց խնդիրն արդյունավետ ու լիարժեք կիրականացնեն:

Հետախույզը չի կարող չսիրելով իր գործն անել,  պարզապես բացառվում է: Ինձ անձամբ այստեղ է պահում իմ ընտանիքի, հայրենիքիս և այս գործի հանդեպ մեծ սերը:

 

Հետախույզ Գ

 

ՀԵՏԱԽՈՒՅԶԻՆ ԳՈՐԾՈՎ  ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ...Մեր հակառակորդը ցանկացած պահի պատրաստ է սադրիչ գործողությունների, միշտ դավադրաբար փորձում է հասնել իր նպատակին, բայց  մեր ամբողջ գործունեությունը հենց դա կասեցնելուն է միտված: Հակառակորդին լռեցնելու միակ ձևը մշտարթուն ու անընդհատ մարտական պատրաստության վիճակում լինելն է:

Մինչ այս, ծառայել եմ տարբեր զորամասերում, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել: Բայց, ի վերջո, կանգ եմ առել հենց հատուկ նշանակության զորատեսակի վրա: Սա շատ պատասխանատու ծառայություն է, և իհարկե մի միջոց է, որով կարող ենք մեր ազգի անցած բոլոր դժվարությունների, մեզ պատահած բոլոր անարդարությունների համար վրիժառու լինել: Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է: Ապրիլյան պատերազմին` ապրիլի երկուսից, ազատամարտիկ հայրս, ես, որ այդ ժամանակ պայմանագրային զինծառայող էի և եղբայրս, որը ժամկետային զինծառայող էր, մասնակցել ենք մարտական գործողություններին: Առաջին հերթին՝ մեր ազգի, մեր մայրերի, քույրերի, երեխաների, բոլորի անվտանգությունն ապահովելու համար:

Կարող էի ինչ-որ ուրիշ մասնագիտություն ընտրել, բայց դա իմը չէ… Մի քիչ էլ բնավորությամբ ծայրահեղություններ սիրող մարդ եմ: Մեր օրն այստեղ շատ աշխույժ, հագեցած է անցնում` տեսական ու գործնական պարապմունքներով:

Խաղաղությունը հարաբերական է, բոլորս շատ լավ գիտակցում ենք և միանշանակ ամեն պահի պատրաստ ենք ցանկացած զարգացման: Սպասում ենք, և հաճույքով կանենք: Այս անգամ ավելին կանենք…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ՎԱՀԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ