Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԶՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ



ԵՐԱԶՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆԶինվորական բժիշկներ… Պատերազմում նրանք կռվում են երկու ճակատով՝ թշնամու եւ մահվան դեմ: Կյանքի եւ մահվան սահմանագծին հազարավոր կյանքեր փրկում, հրաշքներ գործում…

Աշխարհի տարբեր ծայրերում զինվորական բժիշկներին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան: Հուշարձաններից մեկի վրա տպավորիչ այսպիսի մի մակագրություն է. «Խոնարհվում ենք՝ բոլոր ողջ մնացածների կողմից»:

 

Արցախյան  պատերազմի տարիներից բազմաթիվ հիշողություններ ունի դիմածնոտային վիրաբույժ Նիկոլայ Գրիգորյանը  ու պատմում է այնքան պատկերավոր, որ աչքիդ առաջ, կինոժապավենի պես, անցնում են դեպքերն ու իրադարձությունները:

…Ազգամիջյան բախումներն աստիճանաբար վերածվել էին պատերազմի:  Հոսպիտալները վիրավորներով լի էին:  Որոշեց  ինքն էլ իր ուժերի ներածին չափով օգտակար լինել, դիմեց պաշտպանության նախարարություն եւ շուտով ծառայության անցավ Երեւանի  զորամասերից մեկում:

…Տեղեկացրին, որ հունվարի 27-ին պետք է մեկնի Մարտակերտ:  Հունվարի  27-ին՝ հենց  որդու ծննդյան օրը…

Ամենադժվարը տնեցիներին այդ լուրը հայտնելն էր: Տանն աշխույժ եռուզեռ էր:

-Վաղը մի տասն օրով Սիսիան եմ գնալու, չկարողացա համոզել, որ հետաձգեն,  վիրավորներ են բերել, անհապաղ պետք է մեկնեմ,- արագ-արագ՝ ծանր բեռից ազատվելու պես վրա բերեց, մտքում ուրախանալով հապճեպ  հորինած ստից: Ինքն իրեն արդարացրեց՝  հո չէ՞ր ասելու, որ Մարտակերտ է գնում: Ամբողջ օրն այնտեղից դաժան լուրեր էին հասնում:

Մայրն ու կինը սառել-կարկամել էին: Ամբողջ գիշեր աչք չփակեցին:

Լույսը  դեռ չբացված՝ բակում սկսեց արագ-արագ ցախ կոտրատել, չգիտեր՝ երբ կվերադառնա,  գոնե մի փոքր տնեցիքի հոգսը թեթեւացնի: Հարեւաններից մեկը պատուհանից բողոքեց՝ առավոտ կանուխ քունը խանգարելու համար:

♦♦♦

ԵՐԱԶՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆԱրցախ տանող ճանապարհը երկար-երկար էր, խառնիճաղանջ մտածմունքներն ալեկոծել էին հոգին.«Տեսնես՝ մի բան որ պատահի, երեխեքս կհիշե՞ն ինձ: Աղջիկս շատ փոքր է, իսկ տղա՞ս»:

Ինքը որդուց ավելի փոքր էր, երբ կորցրեց հորը ու հիմա սկսեց տենդագին հուշերը փորփրել՝ մտապատկերում հայտնվեց հոր լուսավոր  կերպարը…

-Չէ՛, հաստատ կհիշի,- վստահեցրեց-հանգստացրեց  ինքն իրեն ու ինքն իրեն էլ հրամայեց՝ ապրել է պետք, չվերադառնալու իրավունք չունես:

Հետո ջերմ գորովով հիշեց մանկավարժ մորը, որ ամուսնու մահից հետո, հազար դժվարություն հաղթահարելով, ուսուցչի աշխատավարձով կարողացավ մեծացնել, կրթության տալ որդիներին, ամեն ճիգ ու ջանք ներդրեց, որ մանկության  վառ գունապնակից ոչ մի գույն հանկարծ չպակասի,  խամրած չանցնի զավակների  մանկությունը…

♦♦♦

ԵՐԱԶՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆՄեծշենում բուժկետի համար մի լքված տուն  էին գտել, կարգի բերել: Վիրավորներին տեղ ու դադար չկար: Առաջին մահը, առաջին փրկվածը… ու  արյան պարտադրող-ճնշող  հոտը, որ պատերազմից այսքան տարի անց էլ դեռ զգում է ռունգերում….

Պատերազմի վիրավորները, ոչ սովորական դեպքեր, աննախադեպ վիրահատություններ…. Տարրական հազարումի հարմարություններից զրկված,  հաճախ մարմրող  ճրագի լույսի տակ զինվորական բժիշկները հրաշքներ էին գործում, չեղած միջոցներով, սակավ դեղորայքով բուժում, փրկում…Ավերված տներից հավաքված փայտը, լարերը, մահճակալի ցանցերը  երկրորդ կյանք էին ստանում՝ դառնում բժշկական գործիքներ, բժշկական միջոցներ…Վիրահատություններն էլ  հաճախ կատարվում էին թշնամու չդադարող կրակատարափի տակ…

-Ծանր վիրավոր էին բերել,-հիշում է բժիշկը,- հաղթանդամ տղա էր:  Գառնիկն ու Կոստյան ձեռնոցները հագան ու  անցան գործի: Ես էլ «ամբոյով» (արհեստական շնչառության ապարատ չունեինք, այն ժամանակ «ամբոյով» էր շնչում հիվանդը) օդ էի մղում թոքերը (իմ պրոֆիլով վիրավորները անհամեմատ քիչ էին, եւ ես փորձում էի ամեն կերպ օգնել վիրաբույժներին): Մեկ էլ «ալենկոյից» (հեռակապ) հրահանգ եղավ՝ թշնամու ինքնաթիռ է թռչում Մեծշենի ուղղությամբ, պետք է արագ թաքնվել:  Գառնիկը սկսեց ավելի արագ աշխատել: Աղմուկը գնալով սաստկանում էր, սենյակում ամեն ինչ դղրդում էր, ապակիները թափվեցին:

«Բոլորդ կռացեք, ձեռքերով պահեք գլուխներդ, կարող է՝ տանիքը փլվի»,-Գառնիկի ձայնը հրամանի պես հնչեց: Կռացա, ձեռքերով ամուր փակելով ականջներս.  ուժգին աղմուկից ականջներիս թմբկաթաղանթները քիչ էր մնում պատռվեին: Հանկարծ հիշեցի վիրավորին ու կանգնեցի:

Վերջինիս թոքերում օդը պակասել էր, ու դրանք սմքել էին՝ ծակված փուչիկի նման:  Սկսեցի ռիթմիկ սեղմել գործիքը,  թոքերն օդով լցվեցին:

«Շո՛ւտ կռացիր»,- գոռաց Գառնիկը: Կռացա, բայց շարունակեցի աշխատացնել «ամբոն»:  Հետո  պատկերացրի այդ տեսարանը, որ շատ  ծիծաղելի կարող էր թվալ կողքից նայողի համար. վիրավորի կողքին վեր ցցված մի  ձեռք, որ ռիթմիկ սեղմում է սեղանին դրված ինչ-որ ռետինե փուչիկ…

-Պատերազմում, ինչպես կյանքում, ծիծաղն ու լացը մշտապես  իրար կողքի են,- հուշերի տուտն է բռնել բժիշկը: – Սանիտարական մեքենայի վարորդներից մեկի ստորին ծնոտը վնասվել էր: Համապատասխան բժշկական լար չկար:

Ինքն աքցանը ձեռքին գնաց բակ ու մետաղյա գործած ցանկապատից մի լար կտրեց, ախտահանեց ու վիրավորի ծնոտի ոսկրերը լարով դանդաղ մոտեցնելով իրար՝ անշարժացրեց: Վարորդը փորձում էր ինչ-որ բան հասկացնել, բայց կցկտուր էր  հնչում խոսքը, աղավաղված: Վերջը մի կերպ հասկացրեց. «Բժի՛շկ ջան, դու բերանիս մի կողմում ես գործ անում, կլինի՞ մյուս կողմով էլ ծխեմ»…

-Քարակերտցի Հայկը ծանր վիրավորվել էր,- վառոդահոտ ծիծաղելի հերթական  դրվագն է հիշում Նիկոլայը,- երբ վրայի հագուստն էին կտրատում, նրա շորերի միջից, անգամ ներքնաշորերից փամփուշտներ թափվեցին: Փամփուշտներ թափվեցին նույնիսկ կոշիկներից: Բժիշկներն ապշած նայում էին: «Ի՞նչ եք զարմացել,-ցավից հազիվ շնչելով՝ ասաց Հայկը,- կարո՞ղ է, գիտեք, կարամելի գործարանում եմ աշխատում, ուզու՞մ էիք՝ կոնֆետներ թափվեին…»:

-Մեր ազատամարտիկներն իսկական հերոսներ էին,- հպարտությունը չի թաքցնում Նիկոլայը,-պատերազմը  անօրինակ սխրանքների թատերաբեմ էր:

-Իսկ ինչքա՜ն  վիրավոր ազատամարտիկ է շարք վերադարձել մեր բժիշկների անօրինակ սխրանքների, անօրինակ նվիրումի շնորհիվ,- լրացնում եմ ես:

♦♦♦

ԵՐԱԶՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆԶինադադար հաստատվեց… Մարտերը դադարել էին, բայց բժիշկների գործն այդքան էլ չէր պակասել: Դիրքերում դեռ կրակոցները կային: Վերջապես հայտնեցին, որ իրեն փոխարինող է եկել, ու հանգիստ խղճով կարող է տուն վերադառնալ: Տուն, հարազատ տուն… Րոպեներն էր հաշվում, անսահմանորեն կարոտել էր տնեցիներին: Ճանապարհին հանդիպող մեքենաները փոխելով, երբեմն երկար քայլելով՝ մինչ մեքենա կհանդիպեր, հասավ Երեւան: Հասավ  իրենց բակ ու միանգամից գնաց մանկապարտեզ:

Դաստիարակչուհին կասկածանքով  էր նայում հոգնաբեկ աչքերով, երկար մորուքով, զինվորական համազգեստով  տղամարդուն:

-Ո՞ւմ եք ուզում,- հարցրեց տագնապած:

-Երեխաներիս՝ Ավիկին ու Տաթեւին:

Դաստիարակչուհին  դժվարությամբ ճանաչեց իրեն, ապա ձայնեց տղային. «Ավի՛կ, հայրիկդ վերադարձել է»: Տղան արագ եկավ ու կասկածելով իրեն էր տնտղում: Նիկոլայն այնպես ամուր գրկեց որդուն, ասես ուզում էր բացակա ամիսների կարոտը միանգամից առնել: Հետո աղջկան  ամուր-ամուր գրկեց:

Արդեն տանը հոր գրկում աղջիկը մատը պարզեց գրադարակի վրա դրված իր նկարին ու ասաց.

-Նա՛ է իմ հայրիկը, դու իմ հայրիկը չես:

-Դա ես եմ, իմ նկարն է,- բացատրեց աղջկան: Աղջնակը դարձյալ հակառակվեց:

-Ես եմ քո հայրիկը,- հատ-հատ արտաբերեց ու բարձր ձայնից երեխան վախեցավ. «Լավ,  երկուսդ էլ իմ հայրիկն եք»:

-Հայրի՛կ, ես էլ քեզ չճանաչեցի, երբ մանկապարտեզում քեզ տեսա,- հաջորդ օրն էլ որդին խոստովանեց:

-Դու պետք է զգայիր, որ հայրդ եմ, տեսա՞ր՝ տատիկդ ինչպես  արագ ճանաչեց:

-Տատիկը քեզ ճանաչեց, որովհետեւ ես քեզ հետ էի,- եզրակացրեց տղան:

Տունը, օջախի ջերմությունը, զավակների անուշ բլբլոցը… Ինչքա՜ն էր երազել այս օրը… Երջանկությունը  հենց այս է. մտքում բանաձեւեց   ու հանկարծ տագնապեց՝ երա՞զ է, թե՞ իրականություն… Քանի՜ անգամ էր այնտեղ արթնացել նման երազներով…Հարյուր անգամ, գուցե հազար…

Այգում մի փոքրիկ գնդակ էր խաղում: Գնդակը գլորվեց խոտերի մեջ, ու երեխան վազեց գնդակի հետեւից: Ինքը տագնապահար շտապեց երեխայի կողմն ու մեկեն սթափված կանգ առավ. Երեւանում է, այստեղ ականներ չկան..

Արցախյան կռիվների թոհուբոհն անցած  բժշկի երազանքը, աղոթքը մեկն է՝ երկիրն առանց պատերազմի, անառիկ սահմաններով ու առանց արյան հոտի…

Իսկ պատերազմում կա՛մ մարմինդ է մնում, կա՛մ հոգիդ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #10 (1281) 20.03.2019 - 26.03.2019, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


21/03/2019