Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԸ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԸ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԸՄի դրվագ «Սասնա ծռեր» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպումից

 

«Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի հետ ծանոթացել եմ հեռավոր 1992 թվականին: Ես այն ժամանակ Հանրապետական ռադիոյի երիտասարդական հաղորդումների բաժնում էի աշխատում և գործուղվել էի հարավային սահմանամերձ շրջաններ՝ թղթակցություն պատրաստելու: Սա իմ առաջին «հեռահար» գործուղումն էր: Երբ հասանք Գորիս, ավտոբուսի վարորդից ճշտեցի գործկոմի շենքի տեղն ու քայլերս ուղղեցի քաղգործկոմ: Գործկոմի նախագահի աշխատասենյակում հանդիպեցի Վազգեն Սարգսյանին: Ներկայացա, ասացի, որ թղթակցություններ պատրաստելու նպատակով եմ գործուղվել այս կողմերը: Պետնախարարն ինձ խնդրեց սպասել ընդունարանում: Ընդունարանում սպասում էի, երբ միջահասակ, ամուր կազմվածքով, մուգ կանաչ կամուֆլյաժով մի տղամարդ վստահ և արագ-արագ քայլերով մտավ պետնախարարի աշխատասենյակ: Կես ժամ անց Վազգեն Սարգսյանն ու անծանոթը դուրս եկան, և Սպարապետը  դիմելով նրան՝ ասաց.

-Աշո՛տ ջան, Սամվելը ռադիոյի լրագրող է, ձեզ հետ թող գա: Աջակցեք, որ հավուր պատշաճի իր աշխատանքը  կատարի:

1992թ. մարտի սկիզբն էր: Կամավորական ջոկատի տասնյակ մեքենաներից բաղկացած շարասյունը շարժվեց սկսնակ լրագրողիս  համար անհայտ ուղղությամբ: Քանի որ ծանոթ չէի տարածքին, չէի կարողանում կռահել, թե ճանապարհը մեզ ուր է տանում:

Շարասյունը դանդաղ ընթացքով փորձում էր հաղթահարել լեռնային ճանապարհը, որի երկու կողմում բարձր ու հաստ ձնե պատերը փակել էին ամբողջ տեսադաշտը: Մարտադաշտերում բազում դժվարություններ տեսած ու փորձություններով անցած ջոկատը կանգնել էր լեռնանցքի վերելքը հաղթահարելու խնդրի առաջ:

Լեռնանցքով անցնող ճանապարհը,  որ շարասյունը փորձում էր համառորեն հաղթահարել, ամբողջովին պատված էր ձյան հաստ շերտով, իսկ տեղ-տեղ էլ ամբողջովին մերկասառույց էր: Մեքենաները ծառս էին լինում, մի երկու-երեք մետր առաջ գնում, նորից կանգնում: Մազաչափ անզգուշությունն անգամ կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Մի երեք հարյուր մետր էր մնացել, որ հասնեինք գագաթին, երբ առջևից գնացող «ուազիկը» խրվեց ձների մեջ. կանգնեց ամբողջ շարասյունը: Իրավիճակից դուրս գալու համար ամեն մեկը մի խորհուրդ էր տալիս: Հանկարծ լսվեց հրամանատարի խրոխտ ձայնը.

-Մեքենաները մեկ առ մեկ հրելով՝ շարժվել առաջ: Վարորդները տեղերում:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԸԵվ այսպես, մոտ երեք ժամ ջոկատի տղաները իրենց հրամանատարի հետ, իհարկե, ես էլ նրանց հետ, մեքենաները հրելով բարեհաջող դուրս բերեցինք սառցե թակարդից: Հենց այստեղ ես նկատեցի ջոկատի հրամանատարի շատ հասարակ ու ընկերական պահվածքը: Նա ամբողջովին քրտինքի մեջ կորած՝ մերթ վազում էր այս մեքենայի կողմը, մերթ այն, օգնում էր զինակիցներին առաջ շարժվել ու հետն էլ ոգևորում. տղե՛րք, բան չմնաց, հասանք, «բարձունքը մերն է»: Ֆիդայիների ուժերը կարծեց անհատնում լինեին: Երբ վերջին մեքենան հասավ լեռան գագաթը, ջոկատի ցնծությանը չափ չկար, իսկ հրամանատարը, մոտենալով ու մտերմիկ ուսիս թփթփացնելով, ասաց. «Կեցցես, առաջին փորձությունդ լավ անցար, ուրեմն հաղորդումներդ էլ հետաքրքիր կլինեն»:

Մթնշաղ էր, երբ հասանք Մեղրի, և ջոկատը տեղավորվեց քաղաքի զորանոցի վերածված հին դպրոցում:

Հաջորդ օրը մոտեցա ջոկատի հրամանատարին և ասացի, որ ժամը հինգին պետք է Հանրապետական ռադիոյի «Երևան» ծրագրով ուղիղ եթեր դուրս գամ: Հեռախոս է պետք, որպեսզի խմբագրության հետ կապ հաստատեմ: Ժամը չորսին նա կանչեց ինձ ու իր մեքենայով տարավ Մեղրիի գործկոմ, և ես հենց գործկոմի նախագահ Արիստակեսյանի աշխատասենյակից հեռարձակեցի իմ առաջին ուղիղ եթերը:

Երբ առաջադրանքը կատարած մարդուն բնորոշ բարձր տրամադրությամբ դուրս եկա գործկոմի նախագահի աշխատասենյակից, պատին ամրացված ռադիոյի մոտ խմբվել էին հրամանատարն ու ջոկատի տղաներից մի քանիսը:

-Գործդ ավարտեցի՞ր,- հայացքն ուղղելով ինձ՝ ժպտալով նկատեց  «ոսկոր» Սամոն: Էդ ի՞նչ ուղիղ եթեր էր, դու արագ-արագ խոսում էիր, իսկ մենք այստեղ լսում էինք:

-Միայն մենք չէինք լսում, ամբողջ երկիրն էր լսում,- իմ փոխարեն պատասխանեց հրամանատարը:

Կներես, հրամանատա՛ր, որ ծնունդդ ուշացումով եմ շնորհավորում: Ծնունդդ շնորհավոր, հրամանատա՛ր: Ծնունդդ շնորհավոր, Աշոտ Մանուկյան…

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ