Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԻԿՈՎ
ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԻԿՈՎ

ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԻԿՈՎԵս շատ եմ սիրում երկու եղբայրներիս, հայրիկիս ու մայրիկիս։

Հայրս զինվոր է, հայոց բանակի  սպա: Նա հրամանատար է, և այսօր, երբ մեր ընտանիքը ողջ է ու ամբողջական, հորս և իր զինվորների սխրանքի արդյունքն է:

Տարիներ առաջ, երբ ես հինգ տարեկան էի, Սամվել եղբայրս՝ չորս, իսկ Վիգենը օրորոցում քնում էր միայն մայրիկիս երգի ներքո, մեր ընտանիքը  ապրում էր զորամասի՝ սպաների ընտանիքների համար կառուցված քառահարկ շենքի մի հարմարավետ բնակարանում: Ես ու Սամվելիկը առավոտից իրիկուն անվերջ խաղում էինք ու աղմկում: Բակ էինք իջնում, հեծանիվ քշում, կարուսել նստում կամ էլ խաղում ջրավազանի ջրերում ու թրջված տուն մտնում: Երեկոյան ես տիկնիկիս էի քնեցնում, իսկ Սամվելիկը պատմում էր հեծանվային «մրցարշավում» իր ունեցած հաջողությունների մասին: Գոհ էինք, ուրախ ու երջանիկ…

Մի օր, երբ հայրս հենց նոր էր տուն մտել, նստել հացի, զրնգաց հեռախոսը: Նա միանգամից դուրս թռավ՝ հետևից դուռը շրխկացնելով: Մենք վախեցանք, սակայն սովոր էինք նման իրավիճակների ու շուտ հանգստացանք: Բայց այդ  հանգստությունը կարճ տևեց: Հինգ րոպե անց հանկարծ երկինքը բոցավառվեց,  ահռելի լույսի ցոլքերը լցվեցին մեր տուն, ողողեցին ամբողջ բնակարանը: Դրան հաջորդեց մի չլսված ձայն, մեծ  դղրդյուն, որից հետո՝ մի սարսափելի պայթյուն:  Ամբողջ շենքը երերաց, ցնցվեց: Մեր ու հարևան շենքերից դուրս հորդեցին ճիչ ու վայնասունի ձայներ: Մորս անբնական ճիչը մինչ օրս ականջներումս է… Բնակարանների դռները իրար հետևից շռնդալից բացվում էին… Մարդիկ, հիմնականում մայրեր ու երեխաներ, շտապում էին ներքև՝ դեպի գազապաստարան:

Րոպեներ անց մայրս լռեց, և գիտակցելով իր անելիքը՝ մի ձեռքով գրկեց օրորոցում ճչացող Վիգենին, մյուս ձեռքով գետնից բարձրացրեց ցնցումների մեջ գալարվող Սամվելիկին ու ինձ առաջը գցած՝ սլացավ գազապաստարան: Երկար ժամանակ պահանջվեց, որ կարողանանք խաղաղվել ու  վերադառնալ մեր բնակարան:

Պարզվեց, որ ադրբեջանցիները մի հսկայական հրթիռ էին «ուղարկել» սահմանամերձ մեր զորամասի վրա, և միայն հորս ու նրա խիզախ զինվորների սխրանքի շնորհիվ էր, որ կարողացել էին ժամանակին օդում պայթեցնել չարիքը…

Ուշ երեկոյան հայրս տուն եկավ: Ես գրկեցի տիկնիկիս, Վիգենը քնեց առանց երգելու, իսկ Սամվելիկը, թեպետ դուրս էր եկել ցնցումներից, բայց շարունակում էր մամայի փեշը բռնած պահել ու շուրջ մեկ տարի այդպես էլ  բաց չթողեց: Նա էլ չէր խոսում…

Շուտով  հայրս տեղափոխվեց զորամաս, իսկ մենք տեղավորվեցինք քաղաքի բնակարաններից մեկում: Ես դպրոց գնացի, իսկ Սամվելիկը՝ մանկապարտեզ: Շատ սիրեցի իմ առաջին դպրոցը (Կապանի N 6), ընկերներիս ու հատկապես ուսուցչուհուս՝ Անահիտ Սարգսյանին: Երջանկությունից շողացի, երբ քաղաքային մշակույթի տան դահլիճում, միջոցառման ժամանակ, արտասանեցի Հովհ. Թումանյանի «Գրիչ» բանաստեղծությունը, եւ քաղաքապետն ինձ գրիչ նվիրեց:

Բայց հրաշքը եղբորս` Սամվելիկի հետ կատարվեց: Մեկ տարվա ընթացքում մանկապարտեզի հոգեբանին հաջողվեց «բացել Սամվելիկի լեզուն», ու ծնողներս վերջապես թեթևացած շունչ քաշեցին։ Ճիշտ է, Սամվելիկն  այժմ խոսում է, սովորում է հինգերորդ դասարանում, բայց մինչ օրս էլ նրան հուզվել, վախենալ չի կարելի: Նյարդայնանալիս կակազում է ու գերադասում է լռել: Նա շատ խելացի է, ջանասեր, և գերազանցիկ լինելու ձգտումը նրան ուժ է տալիս հաղթահարելու լեզվական դժվարությունները:

-Ոչինչ, իմ քա՛ջ զինվոր,- հույս է տալիս հայրս,-դու դեռ բարձունքներ ես նվաճելու. հայ զինվորը տոկուն է, խելացի և ինքնուրույն է կարողանում  հաղթահարել դժվարությունները: Կարեւորը մեր հայրենիքի սահմանների անառիկությունն է: Դուք շարունակե՛ք լավ սովորել, և մեր վաղվա օրը հաստատ պայծառ է լինելու…

 

ՍՈւՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի,

թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի