Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՎԻՐՈՒՄ
ՆՎԻՐՈՒՄ

ՆՎԻՐՈՒՄՄեր բանակում կին զինծառայողների թիվը տարեցտարի նկատելիորեն ավելանում է,  նրանք տարբեր օղակներում են՝ վարչական, բուժսպասարկման, անգամ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ամեն մեկն իր տեղում, իր ուժերի ներածին չափով: Զրուցակիցներս 2-րդ զորամիավորման զինծառայող կանայք են:

Համալրման բաժանմունքի սպա, ավագ լեյտենանտ Գոհար Պետրոսյանն արդեն 24 տարի զինված ուժերում է, նվիրված ծառայության համար բազմիցս խրախուսվել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

-Մինչ ծառայության անցնելս էլ առանձնակի ակնածանք եմ ունեցել զինվորականների հանդեպ՝ գիտակցելով նրանց դերն ու կարեւորությունը հայրենիքի պաշտպանության, հայրենիքի սահմաններն ամուր ու անառիկ պահելու գործում: Ինքս արմատներով արցախցի եմ, ծնողներս Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից են: Հաթերքն էլ սահմանային բախումների ժամանակ սահմանամերձ մյուս բնակավայրերի նման բազում դժվարություններ ու դառնություն է տեսել. 1992թ. թշնամին գրավել էր գյուղը, այրել-ավերել տները, խոշտանգել խաղաղ բնակիչներին: 1993թ. փետրվարին գյուղն ազատագրվեց թշնամու ճիրաններից: Տարիներ են անցել այդ օրերից, բայց այսօր էլ մեր երկրում խաղաղ չէ, թշնամին ժամանակ առ ժամանակ կրակոցներով խաթարում է մեր հողի անդորրը: Մեր դիմաց մեր դարավոր հակառակորդն է՝ նենգ ու դավադիր, ու այսօր էլ հզոր բանակը ժամանակի հրամայականն է:

ՆՎԻՐՈՒՄԳոհարենց ընտանիքում համազգեստը վաղուց արդեն դարձել է կենսակերպ. Գոհարի եղբայրն ու եղբոր կինը աշխատում են մեկ այլ ուժային կառույցում, իսկ քույրը՝ Գայանեն, իր հետ նույն զորամասում է ծառայում: Ավագ լեյտենանտ Գայանե Պետրոսյանն էլ արդեն 19 տարվա զինվորական կենսագրություն ունի:

-Անսահման հպարտությամբ ու պատասխանատվությամբ ենք կրում հայոց հաղթական բանակի զինվորականի համազգեստը,- ասում է Գայանեն:

♦♦♦

Համալրման բաժանմունքի տեսուչ, ենթասպա Լիլիա Գրիգորյանը զինված ուժերում ծառայում է 2014 թվականից.

-Իմ մուտքը զինված ուժեր շատ ավելի վաղ էր, երբ որոշեցի կյանքս կապել զինծառայողի հետ… Այսօր ինքս էլ համազգեստ եմ կրում. համազգեստը կարգավիճակ է, պարտականություն եւ իրավունք միաժամանակ։

♦♦♦

Սերժանտ Նարինե Մուսայելյանն էլ զորամիավորման բուժկետի պետն է։ Զինվորական կարիերան սկսել է 2012թ.՝ պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան զորամասերից մեկում՝ որպես բուժկետի բուժքույր.

-Ամուսինս, երկու եղբայրներս եւ քույրիկս զինվորականներ են, ես էլ որոշեցի գնալ նրանց ուղիով: Տարեցտարի ավելի ու ավելի եմ համոզվում, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Ինձ հատկապես մեծ ուժ է տալիս, ոգեւորում է այն, որ հիվանդ զինվորն ապաքինվում է եւ վերադառնում շարք։ Հայրենիքին ծառայելը ինձ համար սրբազան պարտք է՝ իմ ժողովրդի, իմ ընտանիքի եւ իմ չորս բալիկների հանդեպ։ Բազմազավակ մոր համար իրապես շատ դժվար է ընտանիքն ու զինծառայությունը համատեղելը, բայց, հավատացեք, երբ գործդ սիրում ես, ամեն ինչ առավել հեշտ է հաղթահարվում:

♦♦♦

Ենթասպա Արփինե Սարգսյանը ՀՀ զինված ուժերում ծառայում է արդեն ութ տարի:

-Ընտանիքիս սերը հայրենիքի, հայրենյաց պաշտպանի հանդեպ այնքան մեծ էր, որ ինքնաբերաբար ինձ էլ ուղղորդեց դեպի Հայոց բանակ: Պապիկս Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, հայրս էլ՝ Նվեր Սարգսյանը, մի որոշ ժամանակահատված ղեկավարել է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանը: Եղբայրս Արցախյան ազատամարտի մասնակից է, կռվել է «Նիկոլ Դուման» ջոկատի կազմում, այսօր ծառայում է Հայոց բանակում: Հաճախ եմ հիշում, թե ինչպես էր հայրս թանգարանի համար Արցախյան պատերազմի մասնակիցների, զոհերի, հերոսների նկարները, անձնական իրերը, կենսագրական նյութերը հավաքում, մշակում, ստենդ պատրաստում. մեր ամբողջ ընտանիքը մասնակից էր այդ ամենին: Երբեք չեմ մոռանա՝ ինչպես էր նա ամեն մի նկարի հետ խոսում, հուզված, ոգեղենացած պատմում հայրենիքը սեփական կյանքից ավելի սիրող, կյանքը հայրենիքին նվիրած հերոս տղաների ասքանման պատմությունները…Այդ ամենն իհարկե չէր կարող իր ազդեցությունը չթողել ինձ վրա:  Այսօր ես անասելի հպարտությամբ ու պատվով եմ կրում զինվորական համազգեստը եւ աշխատում եմ իմ ծառայությամբ հետ չմնալ ընտանիքիցս, իսկ թե հարկ լինի, հավատացեք, առանց երկմտելու զենք էլ կվերցնեմ մեր սրբազան հողը պաշտպանելու համար:

-Հայոց պատմությունը վկայում է, որ հայ կանայք տղամարդկանց հավասար կիսել են բոլոր դժվարությունները, տղամարդկանց հետ հավասար կռվել, սխրանքներ գործել ու հերոսացել,-Արփինեի խոսքը լրացնում է բուժկետի պետ-բուժակ, սերժանտ Նարինե Անտոնյանը: Նարինեի ամուսինը նույնպես զինվորական է, 20 տարի ծառայել է համակարգում, վերջերս է զորացրվել:

♦♦♦

Գործավար, ԷՀՄ օպերատոր, շարքային Վիկտորյա Պողոսյանն էլ 2017թ. օգոստոսից է ծառայում:

-Ամուսինս, երկու եղբայրներս ապրիլյան պատերազմի մասնակից են: Դժվար է բառերով նկարագրել այն ապրումները, ինչն զգացել ու ապրել ենք: Խաղաղությունից թանկ էս աշխարհում ոչինչ չկա, ու ամեն մեկս մեր ջանքը, մեր եռանդը, մեր լուման պետք է ներդնենք՝ պաշտպանելու հայրենիքն ու խաղաղությունը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.` ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻ