Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵԶԻՍ»
«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵԶԻՍ»

«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵԶԻՍ»Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը խաղացել է նաև մի շարք գեղարվեստական ֆիլմերում, այդ թվում՝ հայրենիքում շատ սիրված «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ու միջազգային ճանաչում գտած «Եվա» ֆիլմերում: Բազմաթիվ հայրենական ու միջազգային մրցանակների դափնեկիր է՝ որպես դերասան և բեմադրիչ:  Դերասանուհու հորիզոնը շատ ընդարձակ է, սակայն ներկայումս նա «պատերազմի վերապրման ու վերարժևորման» փուլում է՝ հատկապես՝ «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո»: Եվ դա պատահական չէ. նա իր մանկության շրջադարձային փուլն ապրել է Արցախում ու ականատեսն է եղել Արցախյան պատերազմի:

 

Վերջերս Համազգային թատրոնում դիտեցի նրա նոր բեմադրած և իր մասնակցությամբ «Հաղթանակի գենեզիսը»: Երեք անհատականություն, երեք տեսանկյուն ու աշխարհայացք, որ միավորված են նույն ճակատագրով ու նույն ժամանակների պատմական հիշողությամբ: 1990-ականներ, երեք տարբեր վայրեր` Արցախի ամենաթեժ կետերից մեկը, Տավուշի սահմանամերձ գյուղ և մութ ու ցուրտ Երևան. երեք միահյուսվող սյուժետային գիծ: «Համազգային» թատրոնի առաջատար դերասանները` երևանցի Վարշամ Գևորգյանը, արցախցի Նարինե Գրիգորյանն ու շամշադինցի Արման Նավասարդյանը պատմում, հանդիսատեսին են ներկայացնում իրենց մանկական հուշերի վավերագրությունը` Արցախյան շարժման սկզբից մինչև մեր բոլորի ՀԱՂԹԱՆԱԿԻ ծնունդը:

Թվում է, թե ամբողջ ներկայացումը ինքնաբուխ ու ներդաշնակ մի իմպրովիզ է. պարզապես դերասանները պատմում են նույն տարիների իրենց ամենավառ հիշողությունները, վերապրում իրենց կյանքի դրվագները՝ հաղթահարում իրենց վախերը, դժվարին պայմանները, պատմում իրենց մեծ ու փոքր «հերոսությունների» մասին:

Փոքրիկ Նարինեն, որ մթան մեջ օրագիր է գրում, ընտանիքով Արցախյան շարժման սկզբից հայրենի Նորագյուղում էր, Խոջալուի  դեմ դիմաց տեղակայված գյուղում:

Բաժանարար գիծ

 

Նարինե Գրիգորյանի պապենական գյուղը՝ Նորագյուղը, Խոջալուից ընդամենը մի ճանապարհով է բաժանված: Պատմության ուսուցիչ պապը, որ գյուղի դպրոցի տնօրենն էր, երկար տարիներ նաև այդ գյուղի և շրջակա երեք սովխոզների նախագահն է եղել: Սկզբում Նորագյուղը՝ կամ հին Նորագյուղը, իր բնակիչներով տեղավորված էր ժայռերի ծերպերին: «Երբ ուժեղ անձրև էր լինում, մարդիկ էլ հաճախ անձրևաջրերի ու քարերի հետ հոսում-իջնում էին ցած»,- պատմում է Նարինեն:  Չնայած  ապրելու համար ավելի անհարմար տեղ հնարավոր չէր պատկերացնել, բայց գյուղացիներին հաջողվել էր այստեղ ապրելու բոլոր պայմաններն ստեղծել: Հայերին չէին թույլատրում իջնել հարթավայր, որտեղ ռուսներն իրենց անասուններն էին արածեցնում: «Հետո պապիկս իր կապերով այնպես արեց, որ գյուղը ժայռերից իջնի հարթավայր»: Եվ պատերազմի տարիներին գյուղը ռազմավարական մեծ դեր ունեցավ:

Նարինեն ծնվել է ՀՀ-ում՝ Հրազդանում, սակայն հենց շարժման տարիներից ընտանիքով վերադարձան Արցախ՝ իրենց պապենական Նորագյուղը: «Այն ժամանակ դեռ չէինք էլ պատկերացնում, թե դեպի ուր կարող է տանել այս ամենը, որ շարժումը լայնամասշտաբ պատերազմի կվերածվի… Այդ ընթացքում Խոջալուն և մյուս ադրբեջանական գյուղերը շատ արագ ընդարձակվում էին: Եթե հայկական ընտանիքներում ամենաշատը երեք երեխա էր ծնվում, ադրբեջանականում՝ մինչև տասը: Մեր ընտանիքում երրորդ երեխան հայտնվեց՝ եղբայրս:

Երբ պիտի բեմադրեինք «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացումը, բեմանկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանն ու սցենարի հեղինակ Սառա Նալբանդյանը մեկնեցին Արցախ, պապիկիս ու տատիկիս հանդիպեցին: Շատ զարմացել էին, որ իսկապես՝ մեր գյուղն ընդամենը մի փողոցով է բաժանվում Խոջալուից:

…Պատերազմի ավարտից հետո մենք ընտանիքում, Արցախ այցելությունների ընթացքում երբևէ չենք խոսել պատերազմի մասին: Բայց հետո՝ քսան տարի անց, հանկարծ այդ թեման ի հայտ եկավ ու դեռ չի սպառվում: Երբ «Հաղթանակի գենեզիսը» պետք է ծնվեր, լսում էի՝ «Ի՞նչ, նորից պատերազմի թեմա՞ն»: Շատ եմ սիրում բեմադրության այն մասը, որտեղ Վարշամը պատմում է, թե ինչպես ուսուցիչը ասում է. «Դասերդ չես կարդացե՞լ», նա պատասխանում է՝ «Կարդացել եմ, բայց չեմ սովորել»: Ես ինքս ոսկե մեդալակիր էի, գերազանցիկ: Բայց պատմություն սովորելիս երբեք չեմ մտածել, որ դա իմ ազգի պատմությունն է: Որքա՞ն կարելի է սովորել, թե ինչպես թուրք սելջուկները եկան, հետո՝ մոնղոլ-թաթարները, 4-րդ անգամ պատմական Հայաստանը բաժանվեց սրա ու նրա միջև… Թե ինչպես են ազգդ կոտորել, մասնատել, ժողովրդիդ կեղեքել… Եվ շատ սիրում եմ բեմադրության այն մասը, երբ Վարշամը ուսուցչին պատասխանում է՝ «Կսովորեմ, երբ հաղթենք…»:

Ինձ համար «Հաղթանակի գենեզիսը» հենց հաղթանակի դասն Է. մեր գենի մեջ պետք է պահենք այս հաղթանակը, մեր պատմության անիվը պետք է առաջ շարժվի: Ուզում եմ, որ դա մտնի մեր մշակույթ, մեր գրականություն, թատրոն, կինո»:

 

«Կյանքը հրաշալի՜ է…»

«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵԶԻՍ»

«Խոջալուի կողքին այդ ընթացքում նոր գյուղ էր հիմնվում՝ Հովսեփավանը: Հայրիկս իր բրիգադով  աշխատում էր այնտեղ: Նրան ու ևս երեք հոգու ՕՄՕՆ-ը՝ որպես հայաստանցի լրտեսների, գերի վերցրեց»:

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը Նարինե Գրիգորյանի ընտանիքի իրական պատմությունն է: Ներկայացումն սկսվում է այսպես. Նարինեի հայրը նոր է ազատվել գերությունից: «Պապաս բանտից եկավ… Բաներ կան, չէ՞, որ շատ վառ ես հիշում. պապայիս թափված ատամներն եմ հիշում, նիհարել, այնքան էր փոխվել, պապայի նման չէր: Հիշում եմ, որ նա նստած էր սենյակի մեջտեղում, իսկ մենք անհամբեր սպասում էինք. «Դե՛, պատմի՛ր», ու պապայի հայացքը ինձ ու քրոջս վրա կանգ առավ… սկսեց մի անեկդոտ պատմել, որ բանտում իր հետ նստած տղան էր պատմել: Հիշում եմ, թե ինչքան ուրախ էի, որ պապան էլի անեկդոտներ է պատմում: Իմ մեջ տպավորվել է, որ ուրախ է անցել մանկությունս… Այդ ընթացքում վախ չեմ ապրել: Երբ սկսում էին կրակել գյուղի վրա, ուրախանում էի. հիմա կգան հարևանները, պապան ծիծաղելի պատմություններով, իր իմացած տրամաբանական խնդիրներով մեզ կուրախացնի:

Հայրիկիս գերությունից ազատվելուն օգնել էր ադրբեջանցի մի բժիշկ: Հայրիկի ոտնաթաթում փտախտ էր սկսվել: Բժիշկը օմօնականներին ասել էր, որ նրան պետք է տեղափոխել հիվանդանոց: Պնդել էր, որ Ստեփանակերտ տանեն և ոչ թե Բաքու: Երբ հայրիկը ձեռքը մեկնել է, որ շնորհակալ լինի, նա արագ ձեռքը ետ է քաշել. օմօնականները կարող էին մտափոխվել:

Ամեն օր Խոջալուի կողմից հարձակման էինք սպասում: Գյուղից հեռանալը կնշանակեր հանձնել այն: Որոշվեց, որ ամեն ընտանիքից մեկը գնա գյուղից, ցեղից գոնե մեկը մնա: Պապիկս մեծ քրոջս էր տարել, որ ուղղաթիռ նստեցնի. չէր ստացվել:

Իրականում, մեր ընտանիքի պատմությունն այնքան ահավոր չէ, որքան շատ ու շատ արցախցիներինն է եղել: Մի պահ է եղել ընդամենը, որ վախ եմ զգացել. «Իմ ընտանիքը իմ ճամպրուկի մեջ է»-ում պատմում եմ…Մեզ վրա պիտի հարձակվեին, պիտի փախչեինք, եղբայրս տասը ամսական էր…Տատիկս անընդհատ լացում էր, ասում էր՝ «Ինչո՞ւ եկաք: Հիմա կգան, մեզ կմորթեն»: Ես մտածում էի՝ «Բայց ինչո՞ւ պիտի մորթեն»: Հետո հանկարծ, պատկերացրի, թե ինչի մասին է խոսում, վախեցա. առաջին անգամ էի տեսնում, որ մեծերը վախենում են:

1992 թվականն էր: Քոլատակ էլի ուղղաթիռ էր եկել: Պարզվեց՝ հայրիկիս ծանոթներն էին՝ Հրազդանի հէկ-ից, մեզ տեղափոխեցին Հայաստան: Հետո այդ տղաները երկուսն էլ զոհվեցին…:

Միշտ երազել եմ թատերական խմբակի մասին, բեմի մասին: Գնալու եմ Երևան…էնտեղ թատերական խմբակ եմ գնալու…: «Ճամպրուկի» իմ գլխավոր ուղերձն այն է, որ կարելի է շատ դժվարությունների միջով անցնել ու հաղթանակած դուրս գալ: Ինչպես «Կյանքը հրաշալի է» ֆիլմում, որը շատ եմ սիրում…

 

Հայրենասիրությունը սերն է կողքինիդ հանդեպ

 

«Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է»  ներկայացումով Նարինեն Արցախի և ՀՀ երկու պետությունների շատ զորամասերում է եղել, նաև  Նոր տարվա շեմին Ջաբրայիլում, երբ սահմանում լարված էր: «Խաղացինք, ու տղաները գնացին առաջնագիծ: Շատ կտրված է այս զորամասը, ուզում էի իրենց էլ պատմել հաղթանակի մասին, հիշեցնել, ոգևորել»: «Ճամպրուկի» ուղերձներից մեկը հենց այն է, որ բեմում խաղում է մի մարդ, որը հաղթել է, հասել էր իր երազանքին:

…Երբ Արցախից եկանք Հայաստան, «փախստական» էինք կոչվում: Մինչև այդ, թուրքին հաղթած երեխա էի զգում ինձ ու հանկարծ դարձա «փախստական»: Այդ բառն այնքան օտար էր հնչում, շատ վատ էի զգում, փորձում էի ամեն կերպ աննկատ մնալ:  Մի օր էլ մեր աշխարհագրության ուսուցիչը ինձ դաս հարցրեց՝ «Նոր աշակերտը թող օվկիանոսները թվարկի»: Տատիկս աշխարհագրության ուսուցչուհի է եղել, ու ես հինգ մատիս պես գիտեի, իհարկե: Սկսեցի թվարկել: «Եվ ամենամեծ օվկիանոսը…», ու ես անկախ ինձնից ասացի. «Խաղաղության օվկիանոսը»: Բոլորն սկսեցին ծիծաղել: Եկա տուն ու քառասուն աստիճան ջերմությամբ մի շաբաթից ավելի պառկեցի: Բժիշկը գալիս-գնում էր, դեղեր նշանակում, բայց ոչինչ չէր օգնում: Մի օր էլ դուռը ծեծեցին, ու մեր ամբողջ դասարանը ներս մտավ: Այնքան էի ամաչում… Մտքումս ասում էի. «Դե, կարող էին, չէ՞, մի չորս հոգով գալ, ինչո՞ւ են բոլորով եկել»: Բայց այդ օրվանից սկսեցի արագ ապաքինվել, որովհետև շատ սիրեցի բոլորին: Դպրոցական տարիները երևի կյանքիս ամենաերջանիկ տարիներն էին: Երբ սիրեցի դասընկերներիս, նոր միայն հասկացա, թե ինչ է հայրենիքը, ու իրենց միջոցով ինձ ճանաչեցի, հետո ամբողջ աշխարհը: Այսինքն՝ սերը հայրենիքի հանդեպ իմ համոզմամբ ծնվում է կողքինի հանդեպ սիրուց: Մտածում էի՝ դիրքերում կանգնող տղաների մասին. եթե իրար թիկունք լինեն, ցանկացած դժվարություն ավելի հեշտ կհաղթահարվի»:

 

Ապրիլյան քառօրյան հիշեցում էր

«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵԶԻՍ»

«Ապրիլյան քառօրյայի օրերին  ոչ մի պահ հեռուստացույցից չհեռացա: Չէի ուզում հավատալ, որ այն ամենը նորից ապրելու ենք: Հանկարծ ամեն ինչ անիմաստ դարձավ՝ թատրոնը, ամենօրյա վազքը, անցուդարձը, ամեն, ամեն ինչ… հասուն մարդու համար սա արդեն անտանելի էր:

…Հասկացա, որ պետք է պատմել, թե ինչպես ենք ձեռք բերել անկախությունը, և որքան կարևոր է այն բոլորիս համար: Այնքան էի ուզում, որ այսօրվա մեր երեխաները, երիտասարդներն իմանան, թե պատմական այդ փուլն ինչպես ենք անցել: Փորձեցի  անկեղծորեն պատմել այն, ինչ ինքս եմ տեսել:

Այս ներկայացման ուղերձը նույնը չէ բոլորի համար. ամեն մեկն իրենն է վերցնում: Երբ բանակում եմ պատմում, շատ եմ ուզում, որ մեր տղաները հասկանան, որ հայրենասիրությունը երգերն ու խոսքերը չեն: Հայրս միշտ ասում էր՝ «Ճանաչի՛ր ընկերոջդ, ընդունիր ինչպիսին կա, որ հետո չնեղանաս»: Չէ՞ որ աշխարհը հենց նրանով է գեղեցիկ, որ բոլորս տարբեր ենք»:

Թվում էր՝ պատերազմին նվիրված թեման միայն մեր հանդիսատեսի համար է: Բայց հատկապես  «Իմ ընտանիքը իմ ճամպրուկի մեջ է»-ն մեծ աշխարհագրություն ձեռք բերեց. շրջեց աշխարհի ամենատարբեր երկրներով, շատ հեղինակավոր փառատոներում մրցանակներ ստացավ: Հրավերներ ստացանք ու դեռ ստանում ենք: Օրերս Ս.Պետերբուրգում «Մոնոկլ» հեղինակավոր մրցույթում ներկայացումը շահեց առաջին մրցանակը:

Լիտվայում՝ մոնոներկայացումների միջազգային փառատոնում ստացավ Գրան պրին: «Լիտվացիները Խոջալուի հարցում նախապաշարված էին,- պատմում է Նարինեն,- համոզված էին, թե մենք Խոջալուում ցեղասպանություն ենք գործել: Երբ բեմադրության մեջ Խոջալու անունը հնչեց, հանկարծ դահլիճից մի սառը հոսանք զգացի: Մերոնք, որ նստած էին դահլիճում, պատմեցին՝ երբ ասել եմ տատիկիս խոսքերը, թե՝ հիմա կգան, մեզ կմորթեն, մտածել են՝ արդեն հանդիսատեսը անկառավարելի կդառնա: Բայց քանի որ ես այդ ամենը պատմում էի երեխայի անմիջականությամբ ու ազնվությամբ, ու երբ վերջում երկնքից երեք խնձոր է ընկնում՝ մեկը ասողին, մեկը լսողին, մեկն էլ այն ադրբեջանցի բժշկին, որին հայրիկս այդպես էլ չհասցրեց շնորհակալություն հայտնել, բոլորը հուզվեցին: Զարմանալի է, բայց տարբեր միջազգային փառատոների մասնակցելով՝ նկատել եմ, որ ամենաարդիականը մեր օրերում, ցավոք, պատերազմի թեման է: Ամբողջ աշխարհը պատերազմների, կոնֆլիկտների մեջ է: Քսան տարի չէինք խոսել պատերազմի մասին: Հոգեբանական մի երևույթ կա, որ երբ թեման բացվել է, մինչև տարիների ընթացքում կուտակվածը չսպառվի, հնարավոր չէ կանգ առնել»:

Ծնվեց «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը, որում Նարինե Գրիգորյանը խաղում էր խուլ ու համր աղջկա դերը: Նկարահանվեց «Երկար վերադարձ» և պատերազմական թեմայով մի քանի այլ ֆիլմերում: «Եվա»-ն բարդ ճակատագրով մի կնոջ պատմություն է, որի աչքերով տեսնում ենք պատերազմում խեղված ճակատագրեր: «Կինոթատրոնում ֆիլմը դիտելիս,- ասում է Նարինեն,- չէի մտածում, թե ինձ եմ նայում: Եվան բացառիկ ամուր մի կին էր. կուլ էր տալիս կյանքի բոլոր դժվարությունները. չէր ողբում, չէր լալիս: Մտածում ես՝ հիմա արդեն այս կինը այս քարերի տակ կճզմվի, գոնե կնստի, կլացի, բայց, չէ՛: Եվան ինձ սովորեցրեց հպարտությամբ, կամքի ուժով կրել կյանքի դժվարությունները: Բայց հիմա ուզում եմ, որ մի քայլ էլ առաջ գնանք՝ հաղթանակած ազգ ներկայացնենք: Հա, մենք դժվարություններ հաղթահարող, արժանապատվորեն ոտքի կանգնող ենք: Բայց երբ «Հաղթանակի գենեզիսն» էինք բեմադրում, ուզում էի նոր մոտեցում ներկայացնել՝ որ այդ հաղթանակը ծագել է մեր մեջ, և մենք ծիծաղով ենք պատմում մեր դժվարությունների մասին: Երբ ներկայացման մեջ նայում ենք ծառին ու ասում. «Ա՜խ, ինչ ծառ է, երեք ամիս կվառեի», իհարկե սարսափ է, աբսուրդ, բայց իրականություն է. հաղթել, անցել ենք այդ ամենի միջով: Եվ հանդիսատեսը ծիծաղում է: Ես այսօր փնտրտուքի մեջ եմ. փնտրում եմ այն հերոսին, որը կմտնի մեր գրականության, մշակույթի, մեր տեսակի մեջ: Այս ամենը արվեստով… Մենք Սասնա ծռերն ենք… Արցախյան պատերազմին, որ բոլորը վեր կացան ու գնացին, բա դա ծռություն չէ՞: Էդ մեր ծռությունն է: Սոս Սարգսյանը միշտ ասում էր. «Ա՛յ շաշեր», բայց քաղցրությամբ էր ասում:

 

Պահպանողականությունն ու նորարարությունը՝ ձեռք ձեռքի  

 

«Հոգու օրենքներն ամենակարևորն են: Հիմա շատ ներկայացումներ կան, որ հոգի չունեն: Շատ սիրուն ձև ունեն, միլիոնավոր դոլարներ են ծախսվում դրանց վրա, շատ գեղեցիկ կադրեր են բռնում, բայց հոգու տեսանկյունից պարզապես սարսափ ֆիլմեր, սարսափ ներկայացումներ են: Երբ նայում ես, թե ուր են տանում և ի՜նչ են քարոզում… Պահպանողականությունը գալիս է Աստծու օրենքների պահպանությունից: Ես՝ որպես մարդ, դա որոշել եմ ինձ համար: Իմ մասնագիտությունը, իմ խաղացած դերերը բոլորը երկխոսություն են Աստծու, կյանքի, ինքս ինձ հետ»:

Հիմա նոր խնդիր է դրված Նարինե Գրիգորյանի առջև՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի: Բայց քանի որ նա դերասաններին շատ-շատ է սիրում, ճանաչում է, ու քանի որ խաղընկերներ են, վստահ է որ սերը շատ բան կհարթի ու շատ բան կստեղծի: «Հենց զգացի, որ սպառվել եմ այս կարգավիճակում, կհրաժարվեմ գեղարվեստական ղեկավարի պարտականություններից»,-ասում է Նարինեն իր անզուգական, հմայիչ ժպիտով:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Նարինե Գրիգորյանի անձնական արխիվից