Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՆՑ ՈԳՈՒ ԲԱՆԱԿ ՉԿԱ



ԱՌԱՆՑ ՈԳՈՒ ԲԱՆԱԿ ՉԿԱՀունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կդառնար 100 տարեկան: «Հայ զինվորին» տված տարիների վաղեմություն ունեցող այս զրույցը ներկայացնում է մեծ մտավորականի խոհերն ու մտորումները մեր երկրի առաջընթացի, ժողովրդի կենսունակության, ազգային-բարոյական արժեհամակարգի, բանակի մարտունակության ու մի շարք հրատապ խնդիրների մասին, որոնք արդիական ու հնչեղ են մինչ այսօր:

 

-Տիկին Կապուտիկյան, Դուք այն մտավորականներից եք, որոնք միշտ ազգային խնդիրների կիզակետում են՝ իրենց արվեստով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, նաև շատ մերձ եք բանակին, լինում եք հոսպիտալներում, զորամասերում…

-Ուզում եմ իմ գործունեությունից մի քանի դրվագ առանձնացնել. 1992 թվականին մի խումբ հայ մտավորականների հետ մեկնել եմ Մոսկվա` դիմելու համապատասխան մարմիններին` Ադրբեջանում գտնվող հայ պատանդներին ազատելու խնդրով: 1994-ի աշնանը Ղարաբաղում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել զորամասերում: Այս ամենը ես նկարագրել եմ իմ «Էջեր փակ գզրոցներից» արձակ գրքում: Էլ չեմ խոսում հայ մարտիկներին ու հայոց ազատագրական շարժմանը նվիրված բանաստեղծություններիս մասին:

Դեռեւս 1992 թվականի հունիսին, Գիտությունների ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում, խոսքս ուղղելով հանրապետության ղեկավար կազմին, ասել եմ. «Ո՞վ չգիտեր, որ Խորհրդային Միության փլուզման առաջին իսկ օրերից մեր այս անկախ Հայաստանը ենթակա էր ամենածանր անակնկալների: Ուրեմն հարկավոր էր ձեր` իշխանության գլուխ անցնելու առաջին իսկ օրից մտահոգվել անկախ Հայաստանի ռազմական պաշտպանության մասին, ստեղծել բանակ, ինչ գնով էլ լինի ապահովել բանակը համապատասխան սպառազինությամբ, զորահավաքի ենթարկել ժողովրդին հոգեպես, ներշնչելով նրան ամեն պահ պատրաստ լինել դիմագրավելու թշնամուն»: Սակայն «զորահավաքի ենթարկել ժողովրդին» չհաջողվեց: Երկիրը ոչ միայն չվերածվեց «ռազմական ճամբարի» (խոսքը ոգու եւ հոգու մարտունակության մասին է), այլ պատվեց` մի կողմից եռահարկ դղյակներով, կազինոներով, մերսեդեսներով, լյուքս խանութներով, մյուս կողմից ժողովուրդը խեղդվեց գործազրկությունից, չքավորությունից, անսահման հիասթափությունից` ի տես համատարած ալան-թալանի, իշխանավորների ապիկար վարքուբարքի, անտարբերության` դեպի ժողովրդի տառապանքը, դեպի զոհվածների հիշատակը, իսկապես կռված եւ ոչ թե «ասֆալտի վրա» ֆիդայի հռչակված ազատամարտիկները, որդեկորույս մայրերը, որբացած երեխաները…

Ինձ ցավ է պատճառում ընդհանուր անտարբերությունը, անտարբեր վերաբերմունք ոչ միայն դեպի բանակը, այլ դեպի մնացյալ ամեն բան, ինչ հայրենիք է խորհրդանշում, հայրենի պատմությունը, հայրենի հերոսները:

-Ի դեպ. հերոսների մասին: Ղարաբաղյան պատերազմի կապակցությամբ ազգային հերոսի կոչման են արժանացել ընդամենը յոթ ազատամարտիկ, բայց երիտասարդները չեն ճանաչում նրանց, անգամ անունները չգիտեն:

-Մի մեղադրեք մարդկանց: Նրանք այնպիսի նյութական ու հոգեկան ծանր վիճակում են ապրում, որ ոմանք սկսել են ոչ միայն պաղ, այլ մի տեսակ չկամությամբ նայել Ղարաբաղին ու ղարաբաղյան պայքարին: Հայտնի է, որ 1871 թվականի ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ հաղթող երկրի կանցլեր Բիսմարկը հայտարարել է` «պատերազմը հաղթեց գերմանացի ուսուցիչը», այսինքն՝ դպրոցական հասակից սկսվող դաստիարակությունը, հայրենասիրական ոգու ներարկումը աշակերտի մեջ: Չէ՞ որ զինակոչիկը բանակ է գալիս դպրոցից, ուր ձեւավորվում է նրա մտածողությունը, աշխարհայացքը: Ասում եք՝ մեր ազգային հերոսների անունները չգիտեն, իսկ որտեղի՞ց պիտի իմանան, երբ մեր հեռուստաալիքները, թերթերը, ամսագրերը լցված են «սեքս-ռումբերի» համբավ ունեցող դերասանուհիների ու դերասանների «գործունեության» մանրամասներն ու սադիստական դաժանությունները պատկերող ֆիլմերով եւ զանազան ափեղցփեղությունների ցուցադրությամբ: Էլ ի՞նչ Ավարայրի դաշտ, Վարդան Մամիկոնյան, Սարդարապատ:

-Դուրս է գալիս, որ պատերազմում հաղթած ժողովուրդը տանուլ տվեց խաղաղության դաշտում, այսինքն՝ ոգու, հոգեկան ու ազգային արժեքների համար պայքարում;

-Այո՛, ցավոք սրտի, այդպես է… Նայեք, թե ինչ է կատարվում օտարերկրյա դեսպանատների դռների մոտ: Գնում են երամներով` դեպի Ամերիկա, Գերմանիա, Հոլանդիա, Լեհաստան, Ռուսաստան… Սա խաղաղության դաշտում տանուլ տալու ամենաշոշափելի եւ ամենաողբերգական ապացույցն է:

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է ստեղծված կացությունից դուրս գալու ելքը:

-Իհարկե, երկրի տնտեսական վիճակի բարելավումը: Սակայն սա անհնար է առանց ժողովրդի ոգին բարձրացնելու, առանց նրա հավատը վերականգնելու: Հիշենք Ալեքսանդր Մակեդոնացու հանրահայտ պատմությունը: Մակեդոնացու զորքերը եգիպտական անապատներում տոչորվում են երկարատեւ ծարավից, եւ ժամ առ ժամ ուժեղանում է դժգոհությունը: Որտեղից մի փոքրիկ ջրամանով ջուր են ճարում եւ մատուցում Մակեդոնացում: Մակեդոնացին ամբողջ զորքի առջեւ ջուրը թափում է ավազներին` ինքն էլ հավասարապես բաժանելով իր զորքի անմարդկային զրկանքը: Զորավարի այս արարքից կարծես թե մեղմանում է զորքի ծարավը, նահանջում են դժգոհությունները, եւ հաղթական արշավանքները շարունակվում են: Այս պատմության խորհուրդը կարծես թե հասկանալի է: Բայց արի ու տես, մեր իշխանավորները այս բաները մոռացել են: Քաղց ու ծարավից տոչորվող ժողովրդի աչքի առաջ նրանք ողջ լայնքով ու երկայնքով վայելում են կյանքը` ջրի բոլոր առուները կապելով դեպի իրենց դղյակներն ու պարտեզները…

-Դուք՝ որպես գրող, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր դերը այս վիճակը շտկելու համար:

-Գրական, հասարակական գործունեության բոլոր հնարավոր ուժերով օգնել առողջացնելու մեր հասարակությունը: Հակված եմ կարծելու, որ հենց դրան է նպատակամղված եղել իմ ողջ կյանքը: Եթե նույնիսկ առավոտից երեկո զրուցես զինվորների հետ, խոսես Անդրանիկ Զորավարի, Մեսրոպ Մաշտոցի, մեր ազգային արժեքների մասին, այդ զրույցը անհրաժեշտ ներգործությունը չի ունենա, եթե դրսում կյանքը ազնիվ ու բնականոն չէ, եթե զինվորը տեսնում է, որ իր` շարքային մարտիկի շուրջը գեթ մեկ Ազգային ժողովի պատգամավորի կամ նախարարի որդի չկա, որ շատ բան գլուխ է բերվում կաշառքով, ծանոթությամբ: Ճիշտ են ասում, որ յուրաքանչյուր երկրի բանակ արտացոլում է տվյալ երկրի բարոյական պատկերը: Անառողջ երեւույթներ կան բանակում, ուրեմն՝ անառողջ է նաեւ այդ երկիրը: Եթե ինձ իմ անձնական օրինակով, իմ բանաստեղծություններով, հրապարակախոսությամբ հաջողվել է օգնել մեր հասարակության առողջացմանը, ապա դա օգնություն է ե՛ւ բանակին, ե՛ւ զինվորին, ե՛ւ ինչո՞ւ չէ նաեւ «Հայ զինվոր» թերթին:

-Այնուամենայնիվ, ի՞նչ զգացումներ է արթնացնում հայոց բանակը Ձեր` հայ բանաստեղծուհու հոգում: Արդյո՞ք միայն ուտիլիտար, երկրի պաշտպանությունը ապահովող կառույց է այն Ձեզ համար:

-Ո՛չ, իհարկե, հայի ընկալումներով ամեն երեւույթ իր կրկնակի նշանակությունը ունի, ունի ինչ-որ ենթաբովանդակություն: Երեխան, որ ծնվում է, մեզ համար ոչ միայն իր ծնողների` հոր եւ մոր ուրախությունն է ու ապավենը, նաեւ ունի ազգի ուժը մարմնավորող խորհուրդ: Համահայկական մարզական խաղերը սոսկ սպորտ չէ մեզ համար, այլ մեր աշխարհասփյուռ բեկորները իրար բերող, միացնող արարողություն: Էլ ո՜ւր մնաց հայոց բանակ ունենալու իրողությունը: Դա մեր ժողովրդի վերածնունդը ազդարարող խորհրդանիշ է, ուժի, հպարտության ներշնչարան: Ափսոս, որ այդ հպարտությունը երբեմն ստվերում են զորամասերից եկող տխուր լուրերը` այնտեղ տիրող անկարգությունների, ծեծի, զինվորների եւ հրամանատարների միջեւ անախորժ հարաբերությունների մասին: Մեր բանակում, հայոց բանակում չպետք է լինեին այդպիսի անպատվաբեր երեւույթներ…

-Վերջում ի՞նչ պատգամ կհղեք սահման պահող զինվորին:

-Անվերապահորեն սիրում եւ հավատում եմ իմ ժողովրդին, նրա հանճարին, նրա տոկունությանը, նրա հաղթանակին: Հավատում եմ, որ ինչ էլ լինի, անհնար է կոտրել նրա ոգին, հաղթելու, հարատեւելու նրա կամքը, օր օրի զորացող համառությունը: Եվ կցանկանայի ամեն կերպ` իմ խոսքով, գործով, բանաստեղծություններով մեր բանակին հաղորդել իմ այս սերն ու հավատը հանդեպ մեր ժողովուրդը: Հենց այս ցանկությունից են ծնվել հայ ժողովրդին նվիրված իմ բանաստեղծությունները, որոնցից մեկը ուզում եմ հանձնել «Հայ զինվորի» ընթերցողների ուշադրությանը:

Սեղմի՛ր ատամդ, դու ամենքի մոտ

Բացեիբաց լալու իրավունք չունես։

Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ՝

Զենքերդ տալու իրավունք չունես։

Դո՛ւ, հա՛յ բանաստեղծ, ինչ էլ որ լինի,

Վերջին զինվորդ էլ ընկնի հուսահատ,

Քո ժողովրդի հավերժությանը

Չհավատալու իրավունք չունես…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #9 (1280) 13.03.2019 - 19.03.2019, Հոգևոր-մշակութային


14/03/2019