Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀՈԳԻՍ ՀԱՅ Է ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ»
«ՀՈԳԻՍ ՀԱՅ Է ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ»

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԶրույց «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության ու ռադիոյի տնօրեն Դմիտրի Պիսարենկոյի հետ

 

-Ձեր «ճակատային» հրապարակումները կարդալիս մտածում էի, որ թեեւ Պիսարենկո ազգանունն եք կրում, այդուամենայնիվ, հայկական արմատներ ունեք: Իսկ երբ մի զրույցի ժամանակ Հայաստանը հայրենիք անվանեցիք, այլեւս չէի կասկածում, որ Ձեր երակներում հայկական արյուն է հոսում:

-Ես երեւանցի եմ, իմ հայրենի տունը, որտեղ այժմ ապրում եմ, ձկան խանութի դիմաց է, Ժամի բակում: Բայց իմ երակներում ոչ մի կաթիլ հայկական արյուն չկա: Ազգանունս ուկրաինական է, իմ անձնագրում գրված է, որ ես ռուս եմ: Մեկ քառորդ լիտվացի եմ: …Իսկ հոգիս հայ է կատարելապես:

-Փաստորեն, հոգին ազգություն ունի:

-Իհարկե, ունի: Իմ ծագումն ու արմատները ճիշտ ներկայացնելու համար պիտի ավելի մանրամասն պատմեմ նախնիներիս մասին: Մորական պապս՝ Միխայիլ Օվչիննիկովը, գրող էր, «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի սցենարի հեղինակը: Նա Ուրալից էր, կազակական տոհմից: Պապս զորակոչվում է բանակ, ծառայում է Թիֆլիսում, կովկասյան օկրուգի թատրոնում, քանի որ ստեղծագործելու շնորհք ուներ: Այդ ժամանակ ձեւավորվում է մի խումբ, որը պիտի գար Երեւան եւ հիմներ Ստանիսլավսկու անվան թատրոնը: Պապս ընդգրկվում է այդ խմբում եւ տեղափոխվում է Երեւան:

«ՀՈԳԻՍ ՀԱՅ Է ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ»Միխայիլ Օվչիննիկովը Ստանիսլավսկու թատրոնի հիմնադիրներից է, եւ նրա նկարը մինչ օրս կախված է թատրոնի պատից: Տատս ծնվել էր Թիֆլիսում: Տատիս լիտվացի հայրը հմուտ ֆինանսիստ էր, եւ նրան հրավիրել էին Թիֆլիս՝ մի բանկում աշխատելու: Հեղափոխությունից հետո նա ընտանիքով տեղափոխվում է Հայաստան եւ շարունակում է իր աշխատանքը բանկային համակարգում: Այստեղ էլ մահանում է եւ հուղարկավորվում Սպիտակում: Տատս՝ նրա դուստրը, ռուսերենի ուսուցչուհի էր, անցյալ տարի մահացավ՝ 100 տարեկանում: Տատս հպարտանում էր, որ Չայկովսկու դպրոցում դասավանդել է Կարեն Ջանիբեկյանին, Էլլադա Չախոյանին, Հենրիկ Իգիթյանին եւ շատ հայտնի մարդկանց:

Հայրս ազգությամբ ուկրաինացի է, Ստավրոպոլի երկրամասից է: Տարիներ անց, երբ ես՝ որպես NTV հեռուստաընկերության աշխատակից, սկսեցի ղեկավարել հյուսիսային Կովկասի բյուրոն, գնացի հորս գյուղը: Այնտեղ բոլորը ուկրաիներեն էին խոսում: Պատմությունը վկայում է, որ նրանք Ուկրաինայից Ռուսաստան են գաղթել 18-19-րդ դարերում: Իսկ հորս ընտանիքը Հայաստան է եկել Հայրենական պատերազմից առաջ, իր մի ազգականի հրավերով: Հայրական պապս, որը, ինչպես ես, Պիսարենկո Դմիտրի Իվանովիչ էր, զոհվել է Հայրենական պատերազմում: Նրա մասին ոչ մի այլ տեղեկություն չկար: Ու ես միշտ ցանկանում էի իմանալ, թե ի՞նչ հանգամանքներում է զոհվել պապս, ինչպիսի՞ մարդ է եղել Պիսարենկո Դմիտրի Իվանովիչը:

-Ինչո՞ւ էր դա կարեւոր Ձեզ համար:

-Դուք հայ եք ու պիտի նման հարց չտաք, որովհետեւ հայերը շատ նախանձախնդիր են սեփական արմատները որոնելիս: Ես նույնիսկ հոգեւորականի հետ եմ խոսել այդ մասին, երբ եկեղեցում աղոթում էի պապիս հոգու խաղաղության համար: Հոգեւորականը պատասխանեց, որ հանուն հայրենիքի պատերազմում թափված արյունը մաքրում է մարդու բոլոր մեղքերը ու սրբացնում նրան: Եվ ես շատ էի ուզում, որ պապս զոհված լիներ մարտում: Քաջաբար: Ի վերջո, ես գնացի Ղրիմ, գտա պապիս գերեզմանը, փաստաթղթերը, որտեղ գրված էր, որ Դմիտրի Իվանովիչ Պիսարենկոն զոհվել է մարտի ժամանակ: Ես պապիս համար խոնարհումով ու հպարտորեն մոմ վառեցի ռուսական եկեղեցում:

-Դուք ուղղափա՞ռ եք:

-Ո՛չ, հայկական եկեղեցում եմ մկրտվել, առաքելական եմ: Ես շատ բուռն ու հետաքրքիր մանկություն եմ ունեցել: Քուչի տղա էի՝ համապատասխան մականունով ու դաստիարակությամբ: Մանկության տարիներին ինձ ավելի շատ հետաքրքրում էին ոչ թե իմ արմատները, այլ ինձ շրջապատող աշխարհը՝ հայկական մշակույթը, Հայաստանի անցած ուղին: Ու քանի որ Հայաստանը շնչող պատմություն է, ես հետզհետե լցվում էի նրա անցյալով, նրա կենսագրությամբ: … Մանկության տարիներին ես երազում էի դառնալ դիվանագետ, որ… Մասիսը հետ բերեմ: Ես տարված էի հայոց պատմությամբ ու միշտ պատմական գրքեր էի կարդում, այցելում էի պատմության թանգարան:

-Իսկ ինչո՞ւ պատմաբան չդարձաք, այլ՝ լրագրող:

-80-ականների վերջին լրատվամիջոցների դերն սկսեց ուժեղանալ: Ու ես հասկացա, որ ոչ կանոնիկ, իմպրովիզի, շփումների ու շրջագայելու, սեփական կարծիքը բարձրաձայնելու հնարավորություն տվող այդ մասնագիտությունը ինձ դուր է գալիս եւ հարազատ է իմ խառնվածքին: 1987թ. սկսեցի տպագրվել «Կոմսոմոլեց» թերթում: Հետո եկավ ազատագրական շարժումը: Ես տասներորդ դասարանում էի այդ ժամանակ:

-Դուք դեռեւս ուսանող՝ այդքան երիտասարդ, վավերագրել եք Արցախյան պատերազմի ամենաթեժ կռիվները, հոդվածներ ու տեսանյութեր եք պատրաստել ռմբակոծության տակ, վտանգելով Ձեր կյանքը, նույնիսկ վիրավորվել եք… Ի՞նչն էր Ձեզ ներշնչում, ո՞րն էր խթանը՝ մասնագիտական արկածախնդրությո՞ւնը, հայրենասիրությո՞ւնը, քաղաքացիական պա՞րտքը:

-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1992 թ. ամռանը, ես աշխատում էի «Республика Армения» թերթում ու մտադիր էի ավարտել լրագրողական գործունեությունս, մեկնել արտերկիր ու զբաղվել այլ աշխատանքով: Ու որոշեցի մի անգամ գնալ Արցախ, ուժերս փորձել ռազմական լրագրության մեջ, ապա հեռանալ երկրից: Այդպես հայտնվեցի Արցախյան պատերազմի թոհուբոհում:

-Բայց չհեռացաք: Երբ թերթում էի Ձեր նյութերը, տեսա, որ դրանք մոտ երկու տարվա ռազմաճակատային թեմաներ են ամփոփում:

-Երեւի չկարողանամ բառերով նկարագրել այն, ինչ կատարվեց ինձ հետ: Իմ հոգում արթնացավ հայրենիքը: Դա այնքան շոշափելի ու ամուր զգացողություն էր, մի կապվածություն, որն անհնար էր կտրել: Հիշում եմ այն ցավը, որ ապրեցի՝ տեսնելով Շահումյանը լքող մարդկանց: Այն ինձ հիշեցրեց 1915 թ. մեր ժողովրդի տեղահանությունն ու հայրենազրկումը: Հետո բարեբախտություն ունեցա պատերազմի դաշտում տեսնելու փառահեղ զինվորականների ու ռազմիկների քաջագործությունները: Ու իմ հեղինակային՝ «Ռեպորտաժ առաջնագծից» խորագրի ներքո պարբերաբար լույս տեսան ռազմաճակատից ուղարկված հոդվածներս հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին: Մի օր, երբ եկա Երեւան ու մասնակցեցի մի միջոցառման, ինձ մոտեցան տարբեր պաշտոնյաներ ու ասացին, որ ծանոթ են իմ ազգանվանը, կարդում են իմ նյութերը: Բայց ինքնասիրությունս շոյվելուց ավելի կարեւոր էր, որ հնարավորություն ունեի ռազմաճակատային սխրանքները ներկայացնելով՝ բարձր պահել թիկունքի ոգին:

-Ո՞րն էր Արցախյան պատերազմի ամենամեծ բացահայտումը, ամենակարեւոր դասը Ձեզ համար:

-Եթե հայրենիքը իր զավակների համար թանկ է սեփական կյանքից, այդ հայրենիքը ոչ ոք չի կարող խլել:

-Իսկ ամենաջերմ հո՞ւշը:

-Ես ու օպերատոր Արթուր Ապրեսովը պոստերից իջանք, եկանք գյուղ, մի ծածկ գտանք, որտեղ կարելի էր քամուց պաշտպանվել ու քնել: Չոր խոտ փռեցինք ու պառկեցինք վրան: Մի քանի րոպե անց Արթուրը քնեց: Նա թեթեւ էր հագնված, իսկ իմ հագին մի հնամաշ վերարկու կար: Վերարկուս հանեցի, գցեցի Արթուրի վրա ու քնեցի: Որոշ ժամանակ անց արթնացա, զգացի, որ լավ տաք եմ, նայեցի-տեսա՝ վերարկուն ինձ վրա է, Արթուրը բաց է: Մտածեցի՝ քնած ժամանակ բնազդաբար ձգել եմ վրաս: Վերարկուն գցեցի Արթուրի վրա ու նորից քնեցի: Երբ նորից արթնացա, վերարկուն էլի ինձ վրա էր: Էլի գցեցի Արթուրի վրա: Էդպես մինչեւ առավոտ: Հետո հասկացա՝ Արթուրն արթնանում, վերարկուն գցում էր ինձ վրա, ես արթնանում, վերարկուն գցում էի Արթուրի վրա:

-Մարտական ընկերության գեղեցիկ ու հուզիչ դրվագ է: Պարոն Պիսարենկո, մի առիթով պատմեցիք, որ համալսարանում պետական քննության եք գնացել զինվորական համազգեստով, ուղիղ ճակատից: Այսինքն՝ դեռ ուսանող էիք, երբ ռմբակոծության տակ վավերագրում էիք Արցախյան հերոսամարտը: Հետաքրքիր է՝ չէի՞ք գիտակցում, որ կարող եք զոհվել, թե՞ պատրաստ էիք…

«ՀՈԳԻՍ ՀԱՅ Է ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ»-Վախը հետո է գալիս, երբ արդեն սառը գլխով վերլուծում ես ամեն ինչ: Իսկ պատերազմի դաշտում դու վստահ ես, որ քեզ գնդակ չի դիպչի: 20-21 տարեկանում մեռնելն այնքան անարդար էր ու անհեթեթ, որ անհնար էր թվում: Ես մասնակցել եմ մերձամարտի, երբ ադրբեջանցիների հետ բառացիորեն նույն խրամատում հայտնվեցինք, քանիցս հրաշքով փրկվել եմ մահից: Բայց մի տեսարան անչափ ծանր ազդեց հոգուս: Մտա խրամատ ու տեսա մի անշնչացած զինվորի՝ ձեռքին սափրվելու վրձին էր, փրփուրը երեսին չէր չորացել, իսկ թասի մեջ լցված ջրից տաք գոլորշի էր բարձրանում: Պատերազմն իմ մտապատկերում արթնանում է այդ պատկերով: Դա մահվան հաղթանակն էր կյանքի հանդեպ: Ու կապ չունի, որ զոհվածը թշնամի էր:

Մի խորհրդանշական դրվագ էլ պատմեմ: Ադրբեջանցի զինվորը հոգեվարքի մեջ էր ու տանջվում էր: Սարսափելի տեսարան էր: Տղերքը մեկը մյուսին ասում էին՝ խփի, թող հանգստանա, բայց ոչ ոք չէր կարողանում խփել…

-Դուք եղել եք Հայաստանում NTV-ի թղթակիցը, հետո արտերկրում, ղեկավարել եք NTV-ի հյուսիսկովկասյան բյուրոն, պրոդյուսերական աշխատանք եք կատարել, աշխատել եք «Россия-24» հեռուստաալիքում… Իսկ 2015թ. վերադարձաք Հայաստան: Ինչո՞ւ:

-Ինչո՞ւ: Ուղղակի վերադարձա հայրենիք, տուն եկա ու մինչ օրս աշխատում եմ որպես «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության ու ռադիոյի ղեկավար:

-2016թ. Դուք ապրիլյան պատերազմը լուսաբանող լրագրողների շարքում էիք: Ինչո՞վ էին նման եւ ինչո՞վ էին տարբեր Արցախյան պատերազմն ու քառօրյա կռիվը:

-Դրանք անհամեմատելի իրողություններ են՝ ե՛ւ ծավալներով, ե՛ւ սպառազինությամբ, ե՛ւ մարտավարությամբ…

Ես առաջնագծում հանդիպեցի այն ռազմիկներին, որոնց տեսել էի Արցախյան պատերազմի ժամանակ, արդեն տարիքն առած մարդիկ էին, ճերմակահեր, բայց առաջվա պես քաջ ու կրակոտ: Եվ նրանց կողքին՝ երիտասարդ սերունդը՝ նույնքան խիզախ, նույնքան պատրաստ ամեն գնով պաշտպանելու հայրենի հողը: Այսինքն՝ փոխվել էր ժամանակը, փոխվել էին զենքերը, բայց ոգին, հայրենասիրությունն ու քաջությունը նույնն էին: Ու նույնը կմնան, քանի դեռ մեծ հայրենազրկության, եղեռնի ու կորցրած հայրենիքի ցավը մեր սրտում է, քանի դեռ չի վերականգնվել պատմական արդարությունը, ու ոճրագործը չի հատուցել իր պարտքը…Անկախ ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետությունից, անկախ դպրոցների ազգային նկարագրից, անկախ որեւէ արտաքին ազդակից, մենք գենետիկորեն ժառանգել ու ժառանգելու ենք Հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու մղումը՝ որպես հակակշիռ մեր բազում կորուստների ու զրկանքների:

Ի վերջո, հանգամանքներն են մարդուն հերոս դարձնում: Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թվականի մարտին, հրամանատարներից մեկը, տեսնելով իմ սլավոնական արտաքինը, նռնակ տվեց ինձ, ասելով, որ եթե գերի ընկնեմ, կնախանձեմ յուրաքանչյուր հայի, որովհետեւ հային տեղում կսպանեն, իսկ ինձ տանջահար կանեն ու չեն թողնի մեռնեմ, որ հետո աշխարհին ցույց տան, թե՝ տեսեք՝ ռուս վարձկաններ են կռվում Հայաստանի համար: Բայց անգամ այս սարսափելի հեռանկարը ինձ հետ չպահեց ճակատից:

-Պարոն Պիսարենկո, թող երբեք այլեւս առիթ չունենաք լուսաբանելու ռազմական իրադարձություններ, թող Ձեր գրիչը պատմի խաղաղ օրերի սխրանքների մասին, որոնք նույնքան կարևոր ու կենսական են մեզ համար, որքան հայրենիքը թշնամուց պաշտպանելը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ