Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ



ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

1994 թ. հունվար-փետրվար

Խորհրդակցելով իր գումարտակի զինջոկատների հրամանատարների հետ՝ Պետոն վճռում է գործողությունը իրականացնել հետևյալ ուղղվածությամբ. ամենից առաջ անհրաժեշտ էր օգտագործել  2071 բարձունքի դիմացի հենակետում տեղաբաշխված Մամիկոնի (Կալոյան Մամիկոն, Թբիլիսիից) ու Մանուկյան Դավիթի գլխավորած զորախմբի մարտիկներին: Նրանք, մինչ այդ, իրենց մարտիկներով մի քանի անգամ այդ հենակետում լավ ջարդ էին տվել ադրբեջանցիներին ու մանրակրկիտ հետախուզել ու ուսումնասիրել էին տեղանքը և շատ լավ ծանոթ էին դրա յուրահատկություններին: Այդ զորախմբին  հանձնարարվում է իր հենակետից առաջանալ ու աջ կողմից հարձակվելով ադրբեջանական դիրքերի վրա՝ գրավել դրանք և շարժվել դեպի բարձունքի կենտրոնը:

Զորախմբի անձնակազմի անդամներն, առանց բացառության, ընտրագույն ռազմիկներ էին՝ մարտական հարուստ կենսագրությամբ, ֆիզիկական հրաշալի կոփվածքով, իրենց ուժերին ու կարողություններին վստահ, հոգով՝ ուժեղ, ու ինչպես ընդունված է ասել՝ կես խոսքից իրար հասկացող:

Պետոն քաջատեղյակ էր զորախմբում ընդգրկված տղաների մարտական կարողություններին և ավելի քան համոզված, որ նրանք այս անգամ էլ լավագույնս կկատարեն առաջադրանքը:

Մամիկոնի զորախմբի շարժմանը զուգընթաց՝ Պետոն գրոհի համար նախատեսված երկրորդ խումբը պիտի առաջնորդեր ներքևում գտնվող երկու մեծ բլուրների միջև ձգվող ձորերով ու աննկատ առաջանալով՝ մոտենար  2071 բարձունքին:

Տեղանքի ու հակառակորդի դիրքերի մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ Պետոն որոշում է, որ առավել արդյունավետ գործելու համար պետք է համեմատաբար փոքրաթիվ ուժերով ծավալել հարձակումը: Նման որոշումը շատ կարեւոր էր ու խորապես կշռադատված: Քանի որ հակառակորդի դիրքերից, մասամբ նաև` անտառաշերտերի ընդհատվելու պատճառով, տեսադաշտը բաց էր, եւ ամեն մի շարժում շատ լավ տեսանելի, ուստի մեծաքանակ ուժերով գրոհը կարող էր տեղի տալ ավելորդ և անհարկի  խառնաշփոթությունների ու բարդությունների, և որ ամենաանցանկալին է` զոհերն ավելի շատ կարող էին լինել: Իսկ նվազագույն կորուստներով որևէ գործողություն իրականացնելը նրա համար առաջնահերթ նշանակություն ուներ:

Պետոյի մտահղացմամբ՝ մարտական ուժերի փոքրաքանակությունը պիտի փոխհատուցվեր ի հաշիվ արագ տեղաշարժերի, անսպասելի հարվածների և հակառակորդին  ապակողմնորոշելու ու նրանց շարքերում առաջացած խուճապի:

Մարտական գործողություններին մասնակցելու համար նա ընտրում ու կազմում է երկու ջոկատ: Առաջին ջոկատում, իհարկե, տեղանքին քաջածանոթ  Մամիկոնի գլխավորած ջոկատի մարտիկներն էին, իսկ երկրորդում՝  Սմբատի (Մանուկյան Ռազմիկ, ք.Հրազդան) գլխավորած վաշտի 25-30 առավել փորձառու զինվորները:

Գումարտակի հիմնական ուժերը թողնելով ռեզերվում՝ Պետոն այդ փոքրաքանակ ուժերով, արցախյան զորամասերի համագործակցությամբ, ձեռնարկում է մի այնպիսի մարտական գործողություն, որի արդյունավետ իրագործման դեպքում Արցախի բանակի տնօրինության ներքո պիտի դարձյալ հայտնվեին մինչեւ Օմարի լեռնանցքն ընկած տարածքները:

Փետրվարի 11-ին, ըստ մշակված ծրագրի, սկսվում է արցախյան մարտական ուժերի հարձակումը: Առաջին հաջողությունները, հարձակումից մի փոքր անց, նկատվում են աջ թեւում, ուր գործում էին Մարտակերտի ու Ստեփանակերտի ջոկատները: Գումարտակի գրոհող զորախմբերին կրակով աջակցելու համար Պետոն հրամայում է բարձունքներից մեկի վրա տեղադրել գնդացիրները ու տեղացող հարվածներով թշնամուն գամել խրամատներում:

Սրընթաց գրոհով խորտակելով հակառակորդի դիմադրությունն ու սարի աջ կողմից բարձրանալով և մեկը մյուսի հետևից մաքրելով հենակետերը՝  2071 բարձունքի կենտրոնին է մոտենում Մամիկոնի ջորախումբը: Պետոն անձամբ առաջնորդելով մյուս զորախումբը՝ ճակատային գրոհով հաղթահարում է խոչընդոտող արգելքները, դեռ մութը չընկած՝ հասնում է սարի կենտրոն ու միանալով Մամիկոնի տղաներին՝ դիրքավորվում գրավված հենակետերում: Առաջին օրվա մարտերի արդյունքները գերազանց էին: Երկու ուղղությամբ՝ աջից ու կենտրոնից ձեռնարկած հարձակումներով գումարտակի գրոհային ջորախմբերն առանց զոհերի ու անգամ առանց վիրավորների, գրավում են  2071 բարձունքը և մաքրելով այդ տարածքը` պատրաստվում հաջորդ օրն ևեթ զարգացնելու առաջխաղացումը:

«Մենք,-նշում են գրոհի մասնակիցները,-կարող էինք բարձունքը գրավել նույնիսկ ցերեկը, բայց այդ դեպքում, քանի որ հակառակորդի դիրքերից մեր տեղաշարժերը պարզորոշ երևում էին, նրանք կարող էին  դիպուկ հարվածներ տեղալ մեզ վրա և զգալի կորուստներ պատճառել: Այդ կարևոր հանգամանքը հաշվի առնելով՝ Պետոն որոշեց զուտ մեր անվտանգությունն ապահովելու և զոհեր տալուց խուսափելու նպատակով բարձունքը գրոհել երեկոյան: Այդպես էլ եղավ, մենք ցերեկով մոտեցանք բարձունքին, և երբ մութն ընկավ, ու փակվեց թշնամու տեսադաշտը՝ լուսարձակ գնդակների  արձակած հրացոլքերի ուղեկցությամբ գրոհեցինք և գրավեցինք բարձունքը»:

Առանց մեծ ջանքերի, Պետոն կարողանում է շնորհիվ ճիշտ մարտավարության ու արագ տեղաշարժերի՝ ապակողմնորոշել հակառակորդին և նրան թելադրել իր կամքը: Չիչագլի սարի հենակետերում դիրքավորված հիմնական խմբավորումը, կտրվելով հաղորդակցության ուղիներից, հայտնվում է շրջափակման մեջ:

Հարձակման առաջին օրվա արդյունքները գերազանց էին:

Աջ թեւում Մարտակերտի Արշոյի գումարտակը գրավում է Բաղրլուի բարձունքները: Առաջադրանքները հստակ կատարում են նաև Ստեփանակերտի գնդի և Իլյիչի գլխավորած գումարտակի զինվորները: Հենց առաջին օրվա ձեռք բերած փայլուն հաղթանակներով արմատական բեկումը ռազմաճակատի հիշյալ հատվածում կայացավ:

Այնուհետեւ Պետոն թիկունքն ապահովելու համար սարի վրա թողնում է մի փոքրիկ խումբ ու հիմնական ուժերով իջնելով բարձունքներից՝ հարձակվում է Բաղրսաղ, ապա Յանշաղ գյուղերի ուղղությամբ, ուր պետք է միանար Արշոյի առաջնորդած գումարտակին:

Հարկ է նշել, որ Չիչագլի սարի ադրբեջանական հենակետերը, հայտնվելով թիկունքում, մեկուսացվել էին ու արդեն ոչ մի վտանգ չէին ներկայացնում: Դեպի Բաղրսաղ գյուղը ձգվող ճանապարհներն ու բլուրները բավականին լավ ամրացված էին: Սարից մինչև գյուղն ընկած տարածությունը հաղթահարելու համար գումարտակը պետք է կոտրեր այդ տարածքում տեղաբաշխված առանձին հենակետերի դիմադրությունը: Պետոն դարձյալ կազմակերպում է հակառակորդի դիրքերի հետախուզումը ու նոր միայն ջոկատներն առաջնորդում գրոհի: Պարզվում է, որ ադրբեջանցի զինվորները մի քանի դիրքեր արդեն թողել էին, խուճապն ընդգրկել էր ամբողջ ռազմաճակատը: Շուտով Չիչագլիի լեռնագագաթներին կործանման դատապարտված ադրբեջանցիները, հայտնվելով անելանելի վիճակում, ճարահատյալ փոքր խմբերով լքում են դիրքերը: Լեռնալանջերից դեպի գյուղն ընկած ճանապարհների վրա նրանց «դիմագրավելու» նպատակով Պետոն փոքր խմբերի մասնակցությամբ կազմակերպում է ծուղակ:

Հակառակորդի դիմադրությունը գնալով նվազում էր: Նույնիսկ այն տարածքներում, ուր դեռևս գործում էին հենակետերը, հակառակորդը արցախյան ուժերի առաջին իսկ հարվածներից սարսափահար, լքում է դրանք: Պետոն մեկը մյուսի հետևից հաղթահարելով պաշտպանական դիրքերի դիմադրությունը՝ արագորեն մոտենում է Բաղրսաղ գյուղին: Ադրբեջանցի զինվորները, գյուղում թողնելով զգալի քանակությամբ մարտական տեխնիկա,  հասցնում են փախչել:

Գումարտակի գրաված 2071 բարձունքից ներքև, դեպի հյուսիս-արևմուտք, Բաղրսաղ գյուղն է: Այդ գյուղի միջով և  2071 բարձունքի հարևանությամբ անցնում է գումարտակի ուժերի կողմից չվերահսկվող միակ ճանապարհ-միջանցքը: Բարձունքներից դեպի մյուս կողմերը ձգվող հնարավոր գրեթե բոլոր ուղղություններում տեղաբաշխված աննկատելի «ծուղակ հենակետերում» ամուր «նստել էին» բուժականցի Մուրադի գլխավորած դասակի և գումարտակի պահեստային զորաջոկատների մարտիկները: Համաձայն գործողության մարտավարության` շրջափակման մեջ հայտնված ադրբեջանցիները սարալանջերում եւ բարձունքներում գտնվող հենակետերը լքելու դեպքում անպայմանորեն պետք է անցնեին Բաղրսաղ գյուղով անցնող միջանցքով, իսկ հակառակ պարագայում կա՛մ բաժին կդառնային «ծուղակ հենակետերում» դիրքավորված մարտիկներին, կա՛մ էլ, եթե ծայրահեղ դեպքում փորձեին մնալ հենակետերում, ապա անխուսափելիորեն բաժին կդառնային ցրտին, սառնամանիքին ու սովին:

Պետոն գումարտակին  առաջնորդում է գյուղ և առանց որևէ լուրջ դիմադրության հանդիպելու՝ գրավում այն: Գյուղը լքելիս հակառակորդը այնտեղ թողնում է զգալի քանակությամբ զինամթերք: Ռազմավարը Արցախի բանակի տնօրինությանը հանձնելուց և մի փոքր հետախուզություն իրականացնելուց ու տեղանքը փոքր-ինչ ուսումնասիրելուց հետո Պետոն գումարտակով շարունակում է առաջխաղացումը:

Դիմադրության փորձ գրեթե չի նկատվում: Հակառակորդի ուժերը, Արցախյան զորամասերի հարվածներից մազապուրծ, լքում են իրենց դիրքերը և անցնելով Օմարի լեռնանցքը՝ Արցախի բանակի մարտիկների տնօրինությանը հանձնում լեռնաշղթայի ամրակուռ բարձունքները: Պետոն այս անգամ ևս իր գլխավորած գումարտակով հրաշալիորեն է կատարում մարտական հույժ կարևոր առաջադրանքը: Գործելով ռազմաճակատի գլխավոր ուղղություններից մեկում՝ նրա զինվորները արցախյան զորամասերի համագործակցությամբ ջախջախում են Արցախը աքցանի մեջ վերցնելուն նպատակաուղղված Ադրբեջանի բանակի զորախմբերին ու նրանցից մաքրելով մինչև Օմարի լեռնանցք ընկած տարածքը՝ հուսալիորեն ամրապնդում Արցախի Հանրապետության  հյուսիսային սահմանը:

Թիկունքն առաջավոր դիրքերին կապող ասֆալտապատ  միակ ճանապարհը, որն անցնում էր Յանշաղ ու Ղամիշլի գյուղերով, ձյան պատճառով տեղ-տեղ դեռևս խցանված էր: Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը և ժամանակին լուծել դիրքերում գտնվող զինվորների մատակարարման խնդիրները: Պետոն փետրվարի 14-ին այդ նպատակով Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Գյանջա-Քելբաջար ճանապարհահատվածին  խաչմերուկի ուղղությամբ: Գյանջա տանող ճանապարհին` խաչմերուկից 6-7 կմ հեռավորության վրա, հանդիպում է շտապ օգնության մեքենայի ու նրա շուրջը խմբված զինվորների պատմածներից տեղեկանում, որ նրանց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել Արցախի բանակի այդտեղ մնացած վիրավոր զինվորներից մեկին: Բայց քանի որ ճանապարհը ականապատված էր, ապա շտապ օգնության մեքենայի սպասարկող անձնակազմը, երկյուղելով ողբերգական հետևանքներից, չէր համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն էր սպասում վիրավոր զինվորը:

Հայրենյաց նվիրյալ զինվորը, չնայած սպառնացող վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնություն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա վարորդի փոխարեն անվարան նստում է շտապ օգնության մեքենայի ղեկին ու միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերելու վիրավոր մարտիկին: Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթյունը, և ականի բեկորներից խոցված Պետոն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշված րոպեներ անց այդ նույն ճանապարհով մեքենաներով, արդեն անարգել, անցնում էին Արցախյան բանակի զինվորները…

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #9 (1280) 13.03.2019 - 19.03.2019, Պատմության էջերից


14/03/2019