Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ



1994 թ. հունվար-փետրվար

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԱյդ ժամանակ գումարտակը գործում էր  Պետոյի հրամանատարությամբ:

Ռոմիկի ջոկատը, մինչև Պետոյի Քելբաջար տեղափոխվելը, այդ ճակատում հանդիպում է բազում դժվարությունների: Պարզվում է, որ ռազմաճակատում հաջող մարտական գործողությունների իրականացման համար զորամասերի միջև անհրաժեշտ փոխհամագործակցությունը տարբեր պատճառներով դեռևս պատշաճ բարձրության վրա չէր: Տվյալ իրավիճակում որևէ նշանակալի մարտական գործողություն ձեռնարկելիս փոքրաթիվ ջոկատի ուժերը, առանց օգնական ուժերի ու մյուս զորամիավորումների ճիշտ համագործակցության, անբավարար էին: Իսկ ժամանակի կորուստը հօգուտ արցախյան ուժերի չէր: Ստեղծված դժվարին կացությունը հրամայաբար թելադրում էր ձեռնարկել համարձակ ու խելամտորեն հաշվարկված միջոցներ և որքան շուտ, այնքան լավ: Համակողմանիորեն կշռադատելով արդեն ստեղծված կացությունը՝ Ռոմիկը կատարում է տվյալ իրավիճակում թերևս միակ ու ճշգրիտ քայլը. «Ես կապվեցի Պետոյի հետ և ասացի, որ այստեղ գործ չի արվում: Կա՛մ մենք պետք է թողնենք ու հետ գանք, կամ եթե գործ պետք է արվի, ուրեմն ամբողջ գումարտակը պիտի տեղափոխվի այստեղ: Թե չէ, չենք հասկանում, ո՞վ է հրամանատարը, ո՞րն է մեր անելիքը»:

Ռոմիկից ստանալով Քելբաջարի ճակատում տիրող իրավիճակի մասին վերոհիշյալ տեղեկությունները՝ Պետոն մեկնում է Ստեփանակերտ՝ հանդիպելու Արցախի բանակի հրամանատարին և մինչ կհասցներ նրան ներկայացնել իր առաջարկությունը, հրամանատարն ինքն է հանձնարարում Պետոյին գումարտակով մեկնել Քելբաջարի շրջան և ձեռնամուխ լինել մարտական շատ կարևոր ու պատասխանատու առաջադրանքի կատարմանը: Առաջադրանքը միակն էր. գումարտակը պետք էր անհապաղ տեղափոխվեր հյուսիսային ճակատ և այնտեղ արցախյան մյուս զորամասեր համագործակցությամբ ջախջախեր այդ ուղղության բարձունքներում ու դիրքերում ամրացած հակառակորդի ուժերին և ադրբեջանցիներից մաքրեր մինչև Օմարի լեռնանցքը ձգվող տարածքը:

Պետք է նշել, որ հունվարյան ծանրագույն փորձությունից հետո գումարտակի զինվորները գրեթե ոչ մի օր ժամանակ չեն ունեցել նույնիսկ փոքր-ինչ հանգստանալու: Չէր լուծվել նաև նրանց հերթափոխի հարցը: Նախորդ կռիվներում մարտաշարքերը նկատելիորեն նոսրացել էին (տասը զոհ ու երեսունինը վիրավոր-ՀԳ.), իսկ համալրումների խնդիրը, ինչպես և անցյալում, դեռևս մնում էր գումարտակի համար ամենացավոտ ու խոցելի տեղը: Բայց Պետոյի ու նրա զինակիցների համար այլընտրանք չկար:

«Եթե նույնիսկ համոզված լինեմ,- նշում էր Պետոն,- որ մեր կռվի արդյունքները քաղաքական ոլորտներում պետք է շահագործվեն կամ չարաշահվեն, մեկ է՝ ինձ համար այլընտրանք չկա. պե՛տք է կռվենք»:

Այո՛, նրա և իր մարտական ընկերների համար այլընտրանք չկար ու անվարան մեկնելով Քելբաջարի ճակատ՝ նրանք մեկ անգամ ևս պիտի ապացուցեին զենքին և ռազմարվեստին տիրապետելու իրենց վարպետությունը՝ այս անգամ արդեն հարձակողական գործողությունների ընթացքում: Գումարտակի ուժերը տեղաբաշխվում են Չիչագլի սարից հարավ-արևելք ձգվող ճանապարհի մերձակայքում, որտեղից Չիչագլիի բարձունքները շատ լավ երևում էին: Այդ ժամանակ բարձունքների երեք հիմնական հենակետերից երկուսը թուրքերի, իսկ մեկը՝ արցախյան մարտիկների վերահսկողության ներքո էին: Մինչ Շուշիի առանձնակի գումարտակի  այստեղ տեղափոխվելը՝ արցախյան զորամասերը Չիչագլիի բարձունքները գրավելու ապարդյուն փորձեր արել էին:

Պետոն դեռևս չէր հասցրել ինչպես հարկն է տեղաբաշխել գումարտակի ուժերը, երբ ադրբեջանցիները գրավեցին նաև արցախյան մարտիկների հսկողության տակ եղած հենակետը:

Այդ վիճակում բարձունքը միայն եղած ուժերով, հանպատրաստից վերցնելու փորձը վտանգավոր էր ու գրեթե անհնարին: Քանի որ հակառակորդի զինվորների տեսադաշտը բաց էր, ապա նրանք կարող էին, առանց մեծ ջանքեր գործադրելու, բարձունքներում տեղադրված  գնդացիրներով ճշգրտորեն հարվածել հարձակվողներին ու մեծ կորուստներ պատճառել:

Չիչագլիի վերջին բարձունքը թշնամուն հանձնելը տհաճ, բայց արդեն կատարված իրողություն էր: Քանի որ Չիչագլիի այդ բարձունքից շատ հեռու չէր գումարտակի տեղաբաշխման վայրը, ապա ադրբեջանցիները, նոր վերցրած հենակետում ամուր դիրքավորվելուց հետո, կարող էին կրակի տակ վերցնել ամբողջ գումարտակը: Այդ սպառնալիքից խուսափելու համար Պետոն հարկադրված գումարտակը տեղաբաշխում է այնպիսի վայրում, որտեղից Չիչագլիի բարձունքը այլևս չէր երևում:

Ի՞նչ պիտի արվեր:

Նախ, հարկավոր էր պահպանել զինվորների մարտունակությունը, թույլ չտալ, որպեսզի նրանք մրսեն ու հիվանդանան:

Քանի դեռ մարտական գործողությունները չէին սկսվել, դեռևս նախապատրաստական փուլում էին, Պետոն, գումարտակի զինվորներին ցրտահարությունից, ինչպես նաև հոգնածությունից զերծ պահելու նպատակով հրահանգում է զորաջոկատներին՝ պարտադիր, ամեն օր կատարել  լիցքային վարժություններ, առավոտյան անպայման վազել ու ոչ մի դեպքում անգործության չմատնվել:

Չնայած եղանակային անտանելի պայմաններին, գումարտակի մարտիկներին, շնորհիվ կատարած ամենօրյա լիցքային վարժությունների, հաջողվում է խուսափել սառչելուց ու հիվանդանալուց: Նրանք պահպանում են իրենց մարտունակությունը, իսկ ադրբեջանցիներից շատերը, ինչպես պարզվեց հետագայում, ցրտահարվել էին ու մնացել բարձունքներում:

Անհրաժեշտ էր նաեւ պարզել տեղանքի ընդհանուր յուրահատկությունները, բարձունքում տեղաբաշխված հակառակորդի դիրքերի և այնտեղ եղած ուժերի իրական դասավորվածությունն ու մանրամասները: Երկաթյա օրենք էր՝ մինչեւ որեւէ գործողություն ձեռնարկելը Պետոն ինքը պետք է գնար հետախուզության և անձամբ ուսումնասիրեր բոլոր այն նրբությունները, որոնց համակողմանի վերլուծությունն ու իմացությունն անհրաժեշտ էր մարտական գործողությունները հաջողությամբ մշակելու և իրականացնելու համար:

Լեռնագագաթներին բուք էր, իսկ ներքևում լեռնալանջերը պատված էին մինչև կես մետր ձյան շերտով: Լեռնաշղթայի վրա, կարծես մեկը մյուսին հաջորդող ու լրացնող բազմաթիվ բլուրները վերածելով պաշտպանական հարմարավետ հենակետերի, ադրբեջանցիները փաստորեն նաև բնական ամրակուռ պարիսպներով էին կասեցնում արցախյան ուժերի առաջխաղացումը: Ճիշտ է, մասնակիցների վկայությամբ՝ թշնամու ուժերն այնքան էլ բազմաքանակ չէին, բայց տիրելով տեղանքի իշխող բարձունքներին՝ նրանք ձեռք էին բերել դիրքային շատ մեծ առավելություն: Արցախյան զորամասերի արդյունավետ գործողություններին զգալի չափով խոչընդոտում էր նաև այն, որ նրանց հարձակման գոտին՝ մինչեւ թուրքերի գրաված դիրքերը, ընդհատվում էր անտառային շերտով, իսկ բաց դաշտում բարձունքների վրա հարձակում գործելն անհամեմատ դժվարին խնդիր է: Պաշտպանության նման հզոր համակարգը խորտակելու համար անհրաժեշտ էր ուժերի հարաբերակցության ճշգրիտ հաշվարկ, մարտավարական ճկունություն, անսպասելի հարվածներ և,  իհարկե, ֆիզիկական ահռելի ուժերի ներդրում: Թվում էր, թե դիրքային անվիճելի առավելություն ունեցող հակառակորդի պաշտպանական դիրքերի խորտակումը անիրականանալի խնդիր է, բայց Պետոն պատրաստ էր հաղթահարել նաև այդ դժվարությունները, եւ իզուր չէ, որ նա հաղթանակող հրամանատարի անուն էր վաստակել:

«Սարերը չափչփելու ժամանակ,- վերհիշում է երգիչ-ազատամարտիկ Մակիչը,- Պետոն նայեց, նայեց թշնամու դիրքերին և ասաց. «Մկո՛, ի՞նչ ենք անելու, այստեղ անելու գործ չկա»:

Պարզվում է, որ ադրբեջանցիները, հիմնական ուշադրությունը բեւեռելով Չիչագլիի բարձունքներին, անընդհատ նորանոր ուժերով համալրում ու ուժեղացնում էին այդ հենակետերը: Տվյալ իրավիճակում դա շատ կարեւոր և նուրբ հանգամանք էր, որի նշանակությունը Պետոն անմիջականորեն նկատում է ու պատշաճ գնահատում: Բազմակողմանիորեն հաշվարկելով ստեղծված կացության նրբությունները՝ նա համաձայն Մակիչի, որոշում է. «Բոլորը սպասում են, որ մենք առաջին հերթին այդ բարձունքները Չիչագլիի՝ թուրքերից վերահսկվող երեք բարձունքները, կվերցնենք, որպեսզի տիրենք ու նոր առաջանանք: Բայց մենք ուրիշ բան կանենք. կկտրենք դեպի սարը ձգվող ճանապարհը, և նրանք կորցնելով թիկունքի հետ կապող հաղորդակցության ուղին՝ կհայտնվեն շրջափակման մեջ»:

Խնդրի լուծման գաղտնիքը հայտնի էր: Պետոն գումարտակի սպայակույտի պետ Ռոմիկի, որը նույնպես համանման մարտավարությամբ գործելու կողմնակիցն էր, ուղեկցությամբ մեկնում է Վանք գյուղ՝ ռազմական խորհրդում ներկայացնելու մարտական գործողության հենց այդ տարբերակը:

«Առաջարկեցինք,- նշում է Ռոմիկը,- որ սարը թողնենք մեր թիկունքում, հենակետեր դնենք, որ նրանք չիջնեն սարից ու մեր ճանապարհը փակեն: Առաջարկեցինք այդտեղ պաշտպանություն դնել, որ նրանք չիջնեն եւ աշխատենք մյուս բարձունքների, մասնավորապես՝  2071-ի վրա: Եթե գրավեինք այդ բարձունքը, ապա կփակվեր դեպի Չիչագլի սարը տանող ճանապարհը, և այնտեղ այլև ոչ մի մեքենա ու տեխնիկա չէր կարող գնալ: Օգնության ճանապարհը փակում էինք, ու եթե կարողանայինք գոնե մի երկու օր պահել, ապա նրանք ստիպված կլինեին սարից իջնել: Ձմեռ էր, ցուրտ, եթե նրանց փոխարինելու եւ սննդի հարցը չկազմակերպվեր, ապա նրանք բնականաբար չէին կարողանա այնտեղ մնալ»:

Փաստարկը միանգամայն տրամաբանական էր ու հիմնավորված, և ռազմական խորհուրդը, հուրախություն Պետոյի և Ռոմիկի, ընդունում է հենց այդ առաջարկությունը:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Պատմության էջերից


07/03/2019