Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

ԴԺվարին ժամանակներ էին, ի լրումն մնացյալի, սահմանամերձ բնակավայրերի հետ Պաշտկոմն ուղիղ կապ դեռ չուներ: Եվ կապի բաժնի առաջնահերթ խնդիրներից մեկն այդ հարցը լուծելն էր:

Այս ընթացքում էլ ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, և Վլադիմիր Մկրտչյանը նշանակվեց կապի վարչության պետի պաշտոնակատար: Եկան նաև Արմեն Ազարյանը, Գրիգոր Ամալյանը, Դավիթ Հարությունյանը… Ապա ծառայության ընդունեցին Պռոշյան ավանի ԱՀԿ-ի աշխատողներին ու սկսեցին ունեցած կապի միջոցների ընձեռած հնարավորությունների սահմաններում կապի զորքերի կառուցվածք մշակել: Պաշտպանության նախարարությունում դեռ մի քանի հեռախոսագիծ կար, մարտական գործողություններում ընդգրկված զորամասերի հետ անգամ նորմալ ռադիոկապ չկար, գլխավոր շտաբի կապի հանգույցը լրիվ ավերված ու թալանված էր, ու կարճ ժամանակում մեծ աշխատանք կատարվեց` նախարարությունն ընդհանուր հեռախոսակապին միացնելու և բարձր հրամանատարությանը գծային կապով ապահովելու համար:

Պատերազմը սաստկանում էր, նախկին խորհրդային հրամանատարության հետ հարաբերությունները մերթ վատանում էին, մերթ լավանում: Զինվորական կապի մասնագետներ գրեթե չկային, վառելիք՝ նույնպես, որ ստուգեին ընդունվող հրամանատարաշտաբային մեքենաների աշխատանքը: Ընդունում էին, հաճախ երկու մեքենայից մեկը հավաքում և իսկույն ուղարկում էին մարտական գործողություններում ընդգրկված զորամասեր:

Մեկ այլ բարդություն էլ կար. հիմնականում հանձնվում էին կենտրոնական՝ մայրուղային կապի միջոցներ, իսկ մարտավարական (գնդային և բրիգադային) օղակի կապի միջոցների ձեռքբերման հարցում լուրջ դժվարություններ եղան:

1992-ին Արցախի հյուսիսում մարտական գործողությունների ընթացքը վկայեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերում կառուցվածքային մեծ փոփոխություններ կատարելու և զորքերի ենթակայությունը հստակեցնելու անհրաժեշտությունը, ինչը, կապի կազմակերպման ասպարեզում ևս, մեծ վերափոխումներ էր պահանջում, որոնց ընթացքում յուրաքանչյուր սխալ մեծ կորուստների պատճառ էր դառնալու: Դրանից հետո միայն պարզ կդառնար, թե ում կապի ինչ միջոցներ են անհրաժեշտ, հանգուցային կայանները որտեղ պիտի տեղակայվեն, ով ինչ հաճախականություններում է աշխատելու… Այդ խնդիրը փայլուն իրականացվեց, և զորքերի կապի ու ղեկավարման ասպարեզներում որևէ դժվարություն չառաջացավ:

Արցախում զինվորական կապավորների կառուցած գծալարային կապի առաջին խոշոր համակարգը Ստեփանակերտ-Մարտակերտ կապուղին էր: Որոշ տեղերում էլ հրամանատարներն էին կապի միջոցներ ճարել և կարևոր հենակետերի հետ գծալարային կապ ապահովել:

Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնում տարեվերջին Վլադիմիր Մկրտչյանին փոխարինած Ալեքսանդր Բալբաբյանը հրավիրեց Ֆերդինանդ Սոլոմոնյանին, Գագիկ Մկրտչյանին, Արմեն Քրդյանին, Գարեգին Սահակյանին, իսկ ամռանը եկել էին կադրային երիտասարդ սպաներ Լևոն Դոխոյանը, Սահակ Իսկանդարյանը, Արայիկ Բեգլարյանը, ով 1992-ին զոհվեց Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում…

92-ի աշնանը սկսվեց երկտարյա սպաների զորակոչը: Զորակոչվեցին անգամ հիմնարկ-ձեռնարկությունների ու գիտահետազոտական ինստիտուտների մասնաճյուղերի տնօրեններ, որոնցից շատերը նշանակվեցին զորամասերի կապի պետեր, և հնարավորության դեպքում նրանց հետ մարտավարական ու հատուկ մասնագիտական պարապմունքներ էին անցկացվում, ապա իրենք էին գնում ու սովորեցնում իրենց զորամասերում: Դժվար օրեր էին, և նրանց ուսուցումը ևս նույնչափ դժվար էր. լամպի լույսով տեխնիկական գրականություն էին կարդում, հաճախ անգամ ՀՇՄ-ները կայանատեղից հանելու համար քարշակի բենզին չէր լինում, ու երբեմն դուրսն արևի լույս, բայց իրենք մթության մեջ տեխնիկան էին ուսումնասիրում…

Վարչության սակավաթիվ սպաներն անընդհատ սահմաններում էին, ու գնդապետ Բալբաբյանը գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին բողոքել էր. «Ինքս ինձ հայհոյում եմ, ինքս լսում, ինքս էլ հետևություններ անում…»:

Երկտարյա ծառայության սպաները մեկշաբաթյա դասընթացներից հետո մեկնում էին զորամասեր: Ալեքսանդր Բալբաբյանը հիշում է, որ երբ պետք էր մի քանիսին Մեղրի ուղարկել, պարզվեց, որ ոչ ոք այնտեղ չի եղել. միայն Երևանն ու մերձակայքը գիտեին: Գնդապետը տխուր կատակել էր, թե գնացեք ու ճանաչեք ձեր հայրենիքը: Նրանք էլ անտրտունջ գնացել ու պատերազմ էին հաղթել…

Ամեն զորամասում արդեն գրագետ մասնագետներ կային. Սամվել Մադոյանն ու Տիգրան Մաղաքյանը, Արտյուշա Մարուխյանն ու Կառլեն Արշակյանը, Աշոտ Սարգսյանը, Արթուր և Արա Սարգսյանները: Իսկ կենտրոնական ենթակայության կապի զորամասի հրամանատար նշանակվեց փոխգնդապետ Վազգեն Աղաջանյանը:

1993-ի սկզբից, ռազմաճակատի ամբողջ երկայնքով ծանր մարտերին ու զինված ուժերի կառուցվածքի ստեղծմանը զուգընթաց, սկսվեց կապի զորքերի ձևավորումը: Սահմանամերձ շրջանների կռվող բոլոր ուժերի միավորումով ստեղծվում էին կանոնավոր զորամասեր, և ամենուր շտաբի ձևավորման հետ մեկտեղ ծագող առաջին հարցը կապի համակարգի կազմակերպումն էր: Մյուս ցավոտ խնդիրը խոսակցական աղյուսակների ու գաղտնագրված կապի բանալիների մշակումն էր: Այս ասպարեզներում վարչության սպաները, հատկապես վարչության պետի տեղակալ Լևոն Դոխոյանը, Գարեգին Սահակյանն ու Լևոն Մաթոսյանը հսկայական գործ կատարեցին:

Կապի պետերի ու ստորաբաժանումների առաջին հրամանատարների վիճակը դժվար էր. և՜ գծալարային, և՜ ռադիոկապի ստորաբաժանման հրամանատար պիտի լինեին, տիրապետեին զորամասում եղած կապի բոլոր միջոցներին: Ազատագրումների արդյունքում կապի բավական միջոցներ ձեռք բերեցին նաև ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը: Երբ կապի միջոցները շատացան, և նորոգման ու սպասարկման հարցն օրախնդիր դարձավ, Գարեգին Սահակյանի ջանքերով կազմավորվեց նորոգման գումարտակը:

Միաժամանակ, ամբողջ թափով ընթանում էր նաև զորատեսակների, հատկապես հակաօդային պաշտպանության ու հրթիռահրետանային զորքերի կապի համակարգի ստեղծումը, հարաբերական խաղաղության կարճատև պահերին կազմակերպվում էին զորամասերի կապի ծառայության պետերի ու կապի ստորաբաժանումների հրամանատարների ուսումնական հավաքներ:

Դեռ 1993 թվականն էր, պատերազմը սաստկանում էր, բայց Հայաստանի Հանրապետության զինված ուժերն արդեն կապի զորքեր և կապի ու ղեկավարման անխափան գործող համակարգ ունեին…

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ