Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանին ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանը դատապարտեց 20 տարի ժամկետով ազատազրկման:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որեւէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանին որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ ներկայացնելն ակնհայտորեն ուղղված է եղել նրան ազգային պատկանելության հիմքով քրեական հետապնդման ենթարկելու և արդյունքում տևական ժամանակով ազատազրկման դատապարտելու նպատակով արհեստական հիմքերի ստեղծմանը:

Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Ադրբեջանում մարդու իրավունքների բիրտ ոտնահարման հերթական դրսևորումն է, որն ամբողջովին համահունչ է այդ երկրի իշխանությունների որդեգրած աղաղակող ստի և կեղծիքի տրամաբանությանը։ Առանց ապացույցների կամ դրանց ակնհայտ կեղծմամբ Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված անհիմն քրեական հետապնդումը և հետագա դատապարտումը վկայում են վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչների ակնհայտ խախտումների մասին: Ընդ որում, նման իրավիճակը վկայում է նաև Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա ազգային պատկանելության հիման վրա իրականացվող անհիմն քրեական հետապնդման, հետևաբար նաև՝ խտրականության արգելքի խախտման մասին:

Մարդու իրավունքների նման ակներև խախտումների փաստը լուրջ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ  հանրությանը՝ ձեռնարկելու համար հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար:

Նախկինում Ադրբեջանում հայտնված ազգությամբ հայերի նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքը և այդ անձանց հետագա ճակատագիրը ստիպում է առավել հետամուտ լինել Կարեն Ղազարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքների և վարվելակերպի տարրական պայմանների պահպանմանը: Այս առումով ակնկալվում է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային, տարածաշրջանային և ունիվերսալ այլ մարմինների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը: ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ Ադրբեջանի՝ նման հայատյացությամբ և ռասիզմով համեմված վարքագիծը լկտի ցինիզմի դրսևորում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների և միջազգային հանրության հանդեպ. այն պետք է արժանանա միջազգային հանրության համահունչ արձագանքին:

Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշպանության բոլոր միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում հաստատակամորեն հետամուտ լինել Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանը:

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված  քաղաքացիական անձանց և զինծառայողներին՝ միմյանց արտահանձնելու քաղաքական հանձնառության տեսական հնարավորությունը: