Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԱՌՈՒՄՈՎ»



«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԱՌՈՒՄՈՎ»Փետրվարի 17-21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացավ «IDEX-2019» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում էր աշխարհի շուրջ 95 պետություն: 

Ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ:

Հայկական տաղավարում ներկայացված  ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն արժանացավ միջազգային ռազմական փորձագետների բարձր գնահատանքին:

 

Ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը դիտարժան եւ տպավորիչ ելույթներով հանդես եկան նաեւ մեր բանակի զինվորական նվագախումբը, Պատվո պահակախումբն ու «Երեւանյան թմբուկներ» խումբը:

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԱՌՈՒՄՈՎ»-Աբու Դաբիում մեր Պատվո պահակախումբը նոր վարժությունով ներկայացավ,-ասում է  ՀՀ ԶՈՒ Պատվո պահակային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Սոկրատ Վարդանյանը,- տղաներն այդ վարժությանը «Մկրատ» անվանումն են տվել:

Մկրատի նման զենքը շարժելով, միլիմետրերի ճշգրտությամբ, հստակ ու հատու, անթերի  կատարած այս համարն օտարազգի  հանդիսատեսը ծափերի տարափով ընդունեց:

Տպավորիչ էր նաեւ զինվորական նվագախմբի  համերգային շարանցումը՝ նվագելուն զուգընթաց:

-Նվագացանկում շեշտադրված էր հայկական ազգային երաժշտությունը,- նշում է  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր դիրիժոր, գնդապետ Արմեն Պողոսյանը:

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԱՌՈՒՄՈՎ»Նվագախմբի տղաների ելույթները չէին սահմանափակվում  միայն ցուցահանդեսի բացման արարողության մասնակցությամբ, հայկական տաղավարի մոտ մշտապես  հնչում էին մեր ազգային նվագարանները՝ հոգեպարար դուդուկն ու զիլ զուռնան…

«Ջումհուրիեթ Արմինիա» (Հայաստանի Հանրապետություն-արաբերեն) անունն  այդ օրերին ամենահաճախն էր հոլովվում արաբական հեռուստատեսության եթերում եւ մամուլում: ««IDEX-2019»  ցուցահանդեսի հանդիսավոր արարողության ամենանշանակալից եւ ուշագրավ պահերից էին  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի ելույթները»- գրում է «Gulf News»-ը: «…Զինվորականն անվախ, անվնաս անցնում էր սրերի միջով, որոնք կատարյալ, իդեալական համաչափությամբ շարժվում էին վերեւից ներքեւ: …Պարզվում է՝ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային գերտերություն է զինվորական նվագախմբի առումով». սա էլ  «The National»-ի գնահատանքն է:

♦♦♦

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԱՌՈՒՄՈՎ»Հայկական զինվորական մշակույթը ներկայացնող տպավորիչ կատարումների մասին հրապարակումներով հանդես եկավ ոչ միայն արաբական, այլ նաեւ միջազգային մամուլը:

Բրիտանական հեղինակավոր  «The Guardian»-ն  իր էջերում նույնպես անդրադարձել էր Պատվո պաhակախմբին ու զինվորական նվագախմբին. «Մեծ եւ տպավորիչ, փայլուն շոու ներկայացրին»:

Մեզ համար՝ հանդիսատեսի համար, փայլուն կատարում, իսկ այդ ամենի հետեւում քրտնաջան, նվիրված ու պատասխանատու  աշխատանք է, որի արդյունքն ինչպես միշտ՝  բարձր մակարդակ եւ արհեստավարժություն եւ ամենակարեւորը՝  Հայաստան անունը  օտար հողում հպարտորեն հնչեցնելու  եւս մի հնարավորություն:

 

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #7 (1278) 27.02.2019 - 5.03.2019, Ազգային բանակ, Ռազմական


28/02/2019