Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 150
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 150Թումանյանը տեսել է եւ ապրել մարդու մեծ տառապանքը, հայտնաբերել աստվածայինը՝ տանջվող, հասարակ հոգիների մեջ: Եվ, դրա հետ միասին, միշտ աչքը պահել է երկնային ահեղ անցվոր Սիրիուսի խորհրդավոր ընթացքին: Թումանյանի երգը թափանցել է մանուկ հոգիների մեջ, մտել կենցաղ, ողողել հոգիները՝ հարազատ զգացումներով, ազդել մեր ընթացքի, գեղարվեստական մտածողության, քաղաքական հույսերի եւ հայկական փիլիսոփայության վրա: Դա մեր երկրի ձայնն է, մեր երկրի շունչը, երկրի հոգու եւ կյանքի պատկերը, հավերժական, որքան ինքը՝ երկիրը …

 

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ

 

ԱՂԹԱՄԱՐԻ ԿՂԶՈՒՄ

 

Սրտիս խորքերեն,

Հովեն թե ծովեն

Մի ձեն եմ լսում.-

Ո՛նց է մի աղջիկ

Մեղմ ու հանդարտիկ

Անվերջ արտասվում:

 

Կոպիտ աշխարհ է,

Մարդը միշտ չար է,

Կյանք է կործանում,

Կյանքն էլ կործանված

Որ անցավ գնաց,

Էլ ետ չի դառնում…

 

Սրտիս խորքերեն,

Հովեն թե ծովեն

Մի ձեն եմ լսում.-

Ո՛նց է մի աղջիկ

Մեղմ ու հանդարտիկ

Անվերջ արտասվում:

 

«Թամա՜ր… Ա՜խ, Թամա՜ր…»

Իզո՜ւր… ոչ մի բառ…

Չի պատասխանում:

Սերը որ կորավ,

Սիրտը որ մեռավ,

Արցունքն է մնում…

Սրտիս խորքերեն,

Հովեն թե ծովեն

Մի ձեն եմ լսում.-

Ո՜նց է մի աղջիկ

Մեղմ ու հանդարտիկ

Անվերջ արտասվում…

1915

♦♦♦

ԲԱՐՁՐԻՑ

 

Իմ բարի սրտի էն մեծ խոհերից,

Էն մեծ խոհերի անհուն խորերից՝

Կամեցավ՝ ելավ իմ հզոր հոգին,

Որ բարձրից նայի Աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝

Մարդկային ամեն հնարքներից վեր,

Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝

Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:

 

Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝

Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝

Պարզ, ամենատես հայացքովը նա

Ճառագեց ներքև՝ աշխարհքի վրա:

 

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ,

Եվ հայրենիքներն անձուկ նրա մեջ,

Եվ աստվածները նրանց զանազան,

Եվ սուրբերը խիստ, խտրող ու դաժան:

 

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.

Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,

Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,

Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:

 

Ու ոչ մի երկիր չկա հանգչելու-

Խոր, արարչական հանգիստն անխռով,

Ու ոչ մի անկյուն չկա շնչելու

Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով…

 

Անպատում վշտով վերստին նայեց

Իմ էս մեծ սրտին՝ աշխարհքից էլ մեծ,-

Անսահմա՜ն աշխարհք, և սեր ընդհանուր

Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր…

 

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու-

Խոր, արարչական հանգիստն անխռով,

Էնտեղ հանգչելու, էնտեղ շնչելու

Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

1915

♦♦♦

ՍԻՐԻՈՒՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ

 

Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցվոր,

Ո՞ւրկից եկել,

Ո՞ւր ես թեքել,

Ո՞ւր ես ճեպում էդքան հզոր, Անճառ թափով,

Անծեր ճամփով,

Դարե՜ր, դարե՜ր հազարավոր:

 

Սիրիո՛ւս, երկնից շքեղ գոհար,

Որ խաղում ես,

Փաղփաղում ես

Ճերմակ ու բիլ լուսով քո վառ

Ու զարդարում,

Ջվարթ վառում

Մեր գիշերվան ճակատը մառ-

 

Ի՜նչքան աչք են վրադ հառել,

Նայում են քեզ

Հիմի մեզ պես,

Ի՜նչքան աչք է նայել, մարել,

Եվ կամ ի՜նչքան Դեռ պիտի գան,

Որ անհայտից կյանք չեն առել:

 

Ո՞վ առաջինն ասավ ողջերթ

Քեզ մեր հողից,

Մարդու ցեղից, Կամ ո՞ւմ աչքում պիտի անհետ

Մի օր հատնի,

Մարի, մթնի

Հրաժեշտի շողդ հավետ…

 

Բարի ճամփա՛, հյո՛ւրդ մեր հին.

Եվ թե տեսնես՝

Մեզնից էսպես

Մի հարցում տուր հզոր մահին.

-Մարդու քանի՞

Սերունդ կանի Մի հրաժեշտն աստեղային:

1922

♦♦♦

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

 

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում

Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝

Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,

Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,

Զարկվա՜ծ հայրենիք,

Զրկվա՜ծ հայրենիք:

 

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,

Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,

Ավարներով, ավերներով, խնջույքներով արյունի,

Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,

Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,

Ողբի՜ հայրենիք,

Որբի՜ հայրենիք:

 

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհրդավոր ճամփին նորի ու հնի.

Հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին,

Հույսի՜ հայրենիք,

Լույսի՜ հայրենիք:

 

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նո՜ր հայրենիք,

Հզո՜ր հայրենիք…

1915

♦♦♦

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

 

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,

Ու մենք անհատնում

Էն անլույս մթնում

Երկա՜ր դարերով գնում ենք դեպ վեր

Հայոց լեռներում,

Դժվար լեռներում:

 

Տանում ենք հնուց մեր գանձերն անգին,

Մեր գանձերը ծով,

Ինչ որ դարերով Երկնել է, ծնել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում,

Բարձր լեռներում:

 

Բայց քանի անգամ շեկ անապատի

Օրդուները սև

Իրարու ետև

Եկա՜ն, զարկեցին մեր քարվանն ազնիվ

Հայոց լեռներում,

Արնոտ լեռներում:

 

Ու մեր քարվանը շփոթ, սոսկահար,

Թալանված, ջարդված

Ու հատված-հատված

Տանում է իրեն վերքերն անհամար

Հայոց լեռներում,

Սուգի լեռներում:

 

Ու մեր աչքերը նայում են կարոտ

Հեռու աստղերին,

Երկնքի ծերին,

Թե երբ կբացվի պայծառ առավոտ

Հայոց լեռներում, Կանաչ լեռներում:

1902

♦♦♦

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

 

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝

Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,

Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով

Մարած են, մեռած, փռված ու ցրված հազար հազարով…

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,

Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից

Մասիսն ու Արան, Սիփանն ու Սրմանց, Նեմրութ, Թանդուրեք,

Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,

Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,

Անհաս, աննվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գլխի վերև…

 

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նման,

Կանչեցի թշվառ էն հոգիներին՝ ցրված հավիտյան

Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,

Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։

-Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կմնա…

 

Աջիցս Եփրատ, ձախիցս Տիգրիս՝ ահեղ ձեներով,

Սաղմոս կարդալով՝ անցան, գնացին խոր-խոր ձորերով,

Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հսկա բուրվառից,

Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,

Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,

Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խնկելու

Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,

Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…

-Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կմնա…

1915