Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅԵՐԸՀատված ՌԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը» գրքից

 

Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ:  Մակեդոնական բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը` անառիկ: Չորրորդ օրը մակեդոնացիները շատ զարմացան, երբ տեսան, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ:

-Բերդի պաշտպանները երևի անձնատուր են լինում,-զեկուցեցին Մակեդոնացուն,-նրանք լավաշ են կախել աշտարակից:

Ալեքսանդր Մակեդոնացին խելացի մարդ էր, նա անմիջապես հասկացավ հայերի մտադրությունը:

-Վերացրե՛ք պաշարումը և շարժվենք առաջ,-կարգադրեց նա,- երևում է, հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է:

Ժողովրդական ավանդություն

 

…Վրա հասավ 331 թվականը: Իսոսի ճակատամարտից (Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ III-ի՝ Աքեմենյանների հարստության վերջին արքայի երկրորդ մեծ ճակատամարտը՝ Ք.ա. 333 թ.) անցել էր երկու տարի, և հասունացել էր Դարեհի հետ վճռական բախման պահը: Պետք էր շարժվել Պարսից տերության խորքը, դեպի արևելք: Կասկած չկար, որ թշնամին սպասելու էր Ալեքսանդրին այդ ճանապարհի որևէ հատվածում:

Կտրելով Սիրիական անապատն ու հետևում թողնելով Եփրատը, Ալեքսանդրը մտավ Միջագետքի տափաստանը և շարժվեց դեպի 500 կիլոմետր հեռավորության վրա հոսող Տիգրիսը: Ամռանը դա արևախանձ հարթավայր էր՝ ծածկված կիզիչ փոշու հաստ շերտով: Վերջապես, զորքը կանգնեց արագընթաց Տիգրիսի ափին, որտեղից դեպի հյուսիս գտնվում էր Վանա լիճը, իսկ առջևում, ու դրան անկարելի էր հավատալ՝ պարսիկների հայրենիքը: Հենց այդտեղ Ալեքսանդրի հետախուզությունը տեղեկացրեց, որ Դարեհը իր մեծաքանակ զորքով բանակել է Գավգամելայում (ներկայիս Իրաքի Էրբիլ քաղաքի մոտակայքում):

Գավգամելայի ընդարձակ հարթավայրը հարմար էր պարսկական զորքի ծավալման համար: Ըստ ժամանակակիցների՝ Դարեհի բանակը գերազանցում էր Ալեքսանդրինը մոտ հինգ անգամ: Այն ուներ 200 000 հետևակ, 45 000 հեծելազոր, 200 մանգաղակիր մարտակառք ու 15 մարտական փիղ:

Մինչ Դարեհն սպասում էր Ալեքսանդրին, հրամայեց հարթել տեղանքն ու լցնել փոսերը՝ իր մարտակառքերի գրոհը հեշտացնելու համար: Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, երկյուղելով հակառակորդի անսպասելի հարձակումից, պահեց իր բանակը մարտական զգոնության վիճակում, ինչը հոգնեցրեց զինվորներին: Մինչդեռ հունամակեդոնական զորքը լավ հանգստացավ:

Այդ ճակատամարտի առանձնահատկությունը ուժերի անհավասարությունն էր: Երբ բանակները շարվեցին դեմ-դիմաց, պարզվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը չորս կիլոմետր էր, իսկ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը: Այդպիսով, Մակեդոնացու առաջնահերթ խնդիրը թշնամական շրջափակումից խուսափելն էր:

Հակառակորդները դիրքավորվեցին հետևյալ կերպ. Դարեհը իր առաջապահ մասում ճակատի երկարությամբ շարեց հեծյալներին, երկրորդ գծի թևերում՝ հետևակին, իսկ ինքը, ինչպես Իսոսի ճակատամարտի ժամանակ, մնաց կենտրոնում: Ալեքսանդրը, զգուշանալով շրջափակումից, կիրառեց զորքերի եռաճակատ դասավորություն: Նա կենտրոնում տեղադրեց փաղանգը, իսկ ձախից ու աջից՝ Պարմենիոնի (Փիլիպոս II-ի և Ալեքսանդր Մեծի նշանավոր զորավարը) ու իր գնդերը: Մինչ այդ, Ալեքսանդրի փաղանգը առիթ չէր ունեցել ցուցաբերելու իր հնարավորությունները, բայց Գավգամելայում հաստատելու էր իր փառավոր համբավը:

ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅԵՐԸՀայկական զորքի մասնակցությունը Դարեհ III-ի զինյալ ուժերի կազմում հիշատակում են և՛ անտիկ, և՛ ավելի ուշ դարաշրջանի հեղինակները: Ըստ Ռուփոսի (Քվինտուս Կուրցիոս  Ռուփոս. 1-ին դարի հռոմեացի պատմիչ, «Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն» աշխատության հեղինակ) և Արիանոսի (2-րդ դարի հույն պատմիչ, «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատության հեղինակ)՝ Գավգամելայում արյաց աջ և ձախ զորաթևերում ներկայացված էին Հայաստանի միացյալ ուժերը՝ կուսակալ Երվանդի ու զորավար Միթրաուստեսի գլխավորությամբ: Ցավոք, տեղեկությունները, որոնք լույս կսփռեին գնդերի քանակի, դասավորության և գործողությունների ընթացքի վրա՝ միմյանց հակասում են:

Ռազմարվեստում գործում է մի կարևոր սկզբունք, ըստ որի՝ հակացուցվում է ընտրած մարտավարության կտրուկ փոփոխությունը մարտի ընթացքում: Ալեքսանդրը մտադրված էր հարկադրել թշնամուն խախտել կանոնները և կատարել չնախատեսված ու հապճեպ վերադասավորումներ:

Երբ հակառակորդ կողմերը դիրքավորվեցին, Ալեքսանդրը շարժեց իր գլխավորած թևը, բայց ոչ թե առաջ, ինչպես սպասում էր թշնամին, այլ դեպի աջ: Այդպիսով՝ նա տեղափոխեց մարտադաշտը դեպի չմաքրված, խորդուբորդ հատված և դժվարացրեց պարսկական մարտակառքերի գրոհը: Ալեքսանդրի աջակողմյան տեղաշարժը, սակայն, ծառայում էր է՛լ ավելի կարևոր նպատակի՝ այն խափանում էր թշնամու արագաշարժ հեծելազորի ու դանդաղաշարժ հետևակի միասնականությունը, ինչի հետևանքով նրանց միջև կարող էր ճեղքվածք առաջանալ: Նման հնարավորությունը հաջող օգտագործելու դեպքում Մակեդոնացին կարող էր մխրճվել այդ ճեղքվածքի մեջ ու խառնել թշնամական շարքերը:

Դարեհը, չհասկանալով Ալեքսանդրի զորաշարժը, նետում է իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա: Սակայն ճակատային գրոհը փաստորեն վերածվում է արագաշարժ մակեդոնական հեծյալների հետևից ընկնելուն: Եվ ինչպես ակնկալում էր Ալեքսանդրը՝ պարսիկների շարքերում ճեղք է գոյանում:

Հեթայրները (թագավորի «բարեկամներ». մակեդոնական բանակի ծանր հեծյալներ) արագ վերադասավորվում են ու սեպաձև բռունցքով մխրճվում ճեղքվածքի մեջ: Նրանց թիկունքում թաքնված պելտաստները (մակեդոնական բանակի թեթև հետևակայիններ՝ «վազողներ») առաջ են նետվում և իրենց գործողություններով շեղում պարսիկ հեծյալների ուշադրությունը: Դա հնարավորություն է տալիս հետևակին ու փաղանգին միավորվելու հեթայրների հետ և բազմապատկելու գրոհի սաստկությունը:

Ինչ վերաբերում է պարսիկների մարտակառքերի չեզոքացմանը, ապա այստեղ մակեդոնացիք հատուկ հնարք էին մշակել: Հետևակը միջանցքներ բացեց ու դրանց մեջ քշեց մարտակառքերը: Առաջացած որոգայթներում պարսիկներն ընկան նետաձիգների հարվածներից, հատկապես խոցելի դարձան անպաշտպան թևերը: Անհաջող եղավ նաև փղերի գրոհը. ամեհի կենդանիներին խրտնեցրին հատուկ տախտակներով, որոնց վրա խփել էին ցից մեխեր:

Ալեքսանդրի թևում մարտը թեժանում էր: Պարսիկների զանգվածի մեջ թափանցած մակեդոնական ջոկը մասնատվեց, ու այժմ արդեն թշնամին մտավ առաջացած արանքի մեջ: Նրանց մի զորաթևը Բաբելոնի կուսակալ Մազեոսի գլխավորությամբ շրջափակեց Պարմենիոնի գունդը, իսկ մյուսը Բակտրիայի կուսակալ Բեսոսի առաջնորդությամբ հարձակվեց Ալեքսանդրի զորախմբի վրա:

Այստեղ անհրաժեշտ է վկայակոչել հայոց այրուձիու մասին սկզբնաղբյուրների տեղեկությունները: Ստուգապես հայտնի է, որ հայկական հեծելազորին հաջողվեց կապադովկացիների հետ նեղել Պարմենիոնին և դուրս գալ նրա թիկունքը: Արիանոսի հավաստմամբ՝ մակեդոնական ձախ թևին անխուսափելի կործանում էր սպառնում, և հավանաբար, այդպես էր կլիներ, եթե Ալեքսանդրը նրան օգնության չուղարկեր հեթայրների ու հիպասպիստների (մակեդոնական բանակի վահանակիր հետևակային) ընտրանի ջոկատներին:

ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՎ ՀԱՅԵՐԸՄինչ Պարմենիոնի թևը դիմակայում էր արյաց բանակի կատաղի հարվածներին,  Ալեքսանդրը, Արքայից արքային գերելու մոլուցքով բռնված, որոշեց առաջանալ նրա ուղղությամբ, ինչպես դա արեց Իսոսում: Հսկայական դաշտի փոշու օվկիանոսը ցնցվում էր կռվողների ճիչերից ու նժույգների խրխնջոցից: Մարտի բեկումնային պահն էր: Մի կողմից՝ Դարեհի ուղղությամբ ահարկու դոփյունով շարժվում էր մակեդոնական փաղանգը, մյուս կողմից՝ սրընթաց մոտենում էր ինքը՝ Ալեքսանդրը: Կաթվածահար եղած արքան նոր միայն հասկացավ իրեն շրջապատելու միտումը: Արքային անվայել սարսափով համակված Դարեհը անմիջապես շրջեց մարտակառքը և դարձյալ դիմեց փախուստի: Այդ պահից Գավգամելայի ճակատամարտը դարձավ անկառավարելի ու վերածվեց սպանդանոցի: Ալեքսանդրը նետվեց Դարեհի հետևից, բայց նրան հասավ օգնություն խնդրող Պարմենիոնի սուրհանդակը: Մոլեգնած Ալեքսանդրն ստիպված եղավ ընդհատել Դարեհի հետապնդումն ու հետ վերադառնալ: Հայկական գնդերը կռվում էին արիաբար և մարտադաշտը լքեցին միայն Դարեհի փախուստից ու մյուս գնդերի ջախջախումից հետո, և «ոչ ոք նրանց թիկունքը չտեսավ…»:

Գավգամելայի կատաղի մարտում հեթայրները մեծ կորուստներ ունեցան: Ինչ վերաբերում է պարսկական հեծելազորին, ապա նրա մի ստվար զանգվածին հաջողվեց ճողոպրել:

Գավգամելան այն վճռորոշ հարվածն էր, որից հետո Աքեմենյանների տիրապետությունն այլևս ոտքի չկանգնեց: Ճակատամարտը ունեցավ հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն, համարվում է ռազմական արվեստի գլուխգործոց և դասվում է պատմության մեջ մեծագույնների շարքը: Հին պատմիչների հավաստմամբ՝ «մակեդոնացիների սեպաձև հարվածը շրջեց պատմության ընթացքը»:

Գավգամելայի ճակատամարտում պարտությունից հետո հայրենիք վերադարձած հայ իշխաններն սկսեցին հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել: Զորավար Միթրաուստեսը հաստատվեց Փոքր Հայքում և հռչակեց այն անկախ թագավորություն: Կուսակալ Երվանդը դարձավ Մեծ Հայքի թագավոր՝ վերականգնելով Աքեմենյանների կողմից ընդհատված հայոց պետականությունը:

Չնայած Ալեքսանդրը Գավգամելայի ճակատամարտում հաղթանակից հետո իր նվաճած երկրների ցանկում թվարկում էր նաև Հայաստանը, այն հիմնականում մնացել էր նրա ռազմարշավների ուղիներից դուրս: Ք.ա. I դարի հույն պատմիչ և աշխարհագետ Ստրաբոնը նշում է մի դեպք հայերի ու մակեդոնական բանակի ստորաբաժանումներից մեկի անմիջական բախման մասին: Դա տեղի էր ունեցել հայկական Սպեր գավառի մոտակայքում, որտեղ ուղարկվել էր հունական զորախումբ՝ տեղի ոսկու հանքերը գրավելու նպատակով: Հայտնի է, որ հույները պարտություն կրեցին և դուրս մղվեցին Հայաստանից, իսկ հրամանատարը սպանվեց մարտում: