Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ
ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ

ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍՈ՞վ  իմանա՝ ինչպե՞ս կընթանար, ինչպե՞ս կդասավորվեր գնդապետ Վահե Ավագյանի կյանքը, եթե Արցախյան շարժումը չվերածվեր համազգային պայքարի: Պատերազմը շատերի երազանքի ճանապարհը փոխեց:

Հայրը՝ վաստակաշատ մանկավարժ, մայրը՝ բուժաշխատող, երկուսն էլ սիրված եւ նվիրված  իրենց կոչմանն ու մասնագիտությանը.  երեւի թե Վահեն շարունակեր ծնողներից մեկի ուղին,   եթե…

Պատերազմ էր… Իրենց տանը հաճախ էին հավաքվում Արցախյան ազատամարտի մասնակից  հարազատ-բարեկամներն  ու ոգեւորված-խանդավառ խոսում, պատմում էին կռվից, ազատամարտիկների ինքնամոռաց  նվիրումից:

Ու հենց այդ  ոգեղենությունն ու ինքնաբուխ նվիրումն էլ Վահեին ուղղորդեցին.  ուզում էր նրանց կողքին կանգնել, նրանց հետ կռվել ու բաղձալի հաղթանակը մոտեցնել….

Դպրոցից հետո՝ 1994թ. ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան եւ ավարտելուց հետո «Լեյտենանտ» սպայական կոչումով նշանակվեց դասակի հրամանատար:  Ծառայեց տարբեր զորամասերում՝  զբաղեցնելով տարբեր պաշտոններ, ներկայումս մարտական հերթապահություն իրականացնող N զորամասի հրամանատարն է:

 

ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ-Պարոն Ավագյան, Դուք արդեն քառորդ դար զինվորական համազգեստ եք կրում. բանակի  կայացման բոլոր փուլերի ականատեսն եք:

-Հրաշքի նման էր մեր բանակի ծնունդը. երկիրը՝ շրջափակման մեջ,  երկրաշարժ, փախստականներ, էս հարեւաններով շրջապատված, աշխարհագրական էս դիրքով  հասնել նման արդյունքի, հավատացեք, հավասարազոր էր հրաշքի:  Երբեմն  հիշում-մտաբերում  եմ մեր զինված ուժերի կազմավորման սկզբնական ժամանակաշրջանն ու փորձում համեմատության եզրեր գտնել: Անհամեմատելի է: Այսօրվա զինվորը չի էլ կարող պատկերացնել այդ  ահռելի տարբերությունը:  Պարզունակ որսորդական հրացանների փոխարեն այսօր արդեն  ժամանակակից զինտեխնիկա ունենք, զգալիորեն  բարեփոխվել են  սոցիալ-կենցաղային պայմանները՝ բարեկարգ զորանոցներ, տաք համազգեստ…

-Այս տարիների ընթացքում  փոխվել է նաեւ մեր հակառակորդի  համազգեստը, զենքն ու զինանոցը, բայց նույն նենգ թշնամին է՝ նույն «ձեռագրով»: Վաղուց չէ, որ Դուք նշանակվել եք Ադրբեջանի հետ մեծ ճակատ ունեցող պետական սահմանի այս հատվածի պահպանությունն իրականացնող զորամասի հրամանատար: Թիկունքում հակառակորդի անմիջական նշանառության  տակ ապրող սահմանամերձ բնակավայրեր են: Հակառակորդն էլ ժամանակ առ ժամանակ, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակում է ոչ միայն դիրքերի ուղղությամբ,  հաճախ թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը, քիչ չեն եղել դեպքերը, որ գյուղի ժողովուրդն իր մշակած բերքն ու բարիքը հավաքել է թշնամու կրակատարափի տակ: Այս պահի դրությամբ, ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանագծի այս հատվածում՝ կայու՞ն է,  թե՞ նկատելի լարվածություն կա:

-Աշնան սկզբին ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծեց սահմանամերձ մի քանի բնակավայրերի ուղղությամբ, այդ կրակոցներից ոտքի  շրջանում վիրավորում ստացավ գյուղի խաղաղ մի բնակիչ: Թշնամու այդ սանձարձակ պահվածքին համարժեք պատասխան տրվեց: Սեպտեմբերից այս կողմ այլեւս կրակոցներ չկան: Այս պահի դրությամբ  օպերատիվ-մարտավարական վիճակը հանգիստ է, լարվածություն չկա: Թեեւ հակառակորդի «ձեռագիրը» լավ գիտենք եւ երբեք չենք թուլացնում զգոնությունը: Միշտ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում հակադարձելու: Ձեռքներս էլ ծալած չենք նստում, անընդմեջ ամրացնում-ամրապնդում, արդիականացնում ենք մեր պաշտպանողական կառույցները, ամրացնում ենք համապատասխան ուղղությունները, բարելավում մարտական հերթապահության կրման պայմանները, լրակահավորում մարտական հենակետերը: Մարտական բոլոր հենակետերն այսօր ապահովված են մշտական հոսանքով, որոշ հենակետերում լուծված է նաեւ ջրի խնդիրը: Վերադաս հրամանատարության աջակցությամբ  ծավալուն աշխատանքներ են կատարվել եւ կատարվում:

-Ավարտվել է  հերթական զորակոչը, եւ զորամասերը համալրվել են նորակոչիկներով: Ծնողներին ամենաշատն անհանգստացնում է իրենց որդիների անվտանգությունը: Ի՞նչ է արվել եւ արվում,  որ սպան ու զինվորը առավելագույնս պաշտպանված լինեն: 

-Նախ՝ նշեմ, որ մենք մարտական հենակետերում ժամկետային  ծառայողներ չունենք,  մեր ժամկետայինները զորամասերում են եւ տեսական ու գործնական պարապմունքներով  մշտապես կատարելագործում են իրենց  մասնագիտական (հրետանի, ՀՕՊ….) որակներն ու ունակությունները: Առաջնագծի պաշտպանությունը կազմակերպվում է պայմանագրայինների ուժերով: Բոլոր դիրքերում տեղակայված են դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգեր, ինչն էլ  հնարավորություն է ընձեռում  անվտանգ,  հուսալի եւ անընդմեջ  դիտարկում իրականացնել,  ժամանակին նկատել հակառակորդի ամեն շարժը: Առաջնագիծն  ինժեներաամրաշինական առումով եւս կատարելագործվում է ժամանակին համահունչ եւ համաքայլ:

Բնականաբար, այս ամենը չափազանց կարեւոր է  եւ նպաստում է անվտանգության ապահովմանը,  բայց  ամենակարեւորը մարդկային գործոնն է՝ զինվորն էլ, սպան էլ պետք է խստորեն պահպանեն ծառայողական կարգապահությունը, հետեւեն անվտանգությունից բխող բոլոր կանոնադրական հրահանգներին:

-Պարոն գնդապետ, սպա-զինվոր միջանձնային հարաբերությունները եղել եւ մնում են բանակի մարտունակությանը միտված ամենակարեւոր բաղադրիչներից մեկը: 

-Զինվորական անձնակազմում առաջին հերթին պետք է տիրեն առողջ բարքեր, տրամադրող մթնոլորտ, վստահություն: Անհնար է ունենալ մարտունակության բարձր աստիճան,  եթե անձնակազմի ներսում  մարդկային հարաբերությունները առողջ հիմքի վրա չեն, եթե չկա փոխադարձ հարգանք, վստահություն,  միմյանց հանդեպ հանդուրժողականություն: Յուրաքանչյուր սպա, զինվորական հմտություններից զատ, պարտադիր պետք է մի քիչ հոգեբան, մի քիչ էլ մանկավարժ լինի:

ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍ-Հրամանատարի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ  անձնակազմում միասնականության ներդաշնակ մթնոլորտ տիրի՝ մի ընտանիքի պես…

-Համամիտ եմ: Բոլոր հաջողությունները, հաղթանակները  ձեռք  են բերվում հրամանատար-ենթակա ամուր կապի, փոխադարձ հարգանքի  ու  փոխըմբռնման շնորհիվ: Զինվորը (զինվորը նաեւ իմ սպան է. մենք բոլորս էլ հայրենիքի զինվորներ ենք, պարզապես տարբեր կոչումներով) պետք է հավատա, վստահի հրամանատարին, որ կարողանա խիզախորեն դիմակայել ցանկացած փորձության: Եթե հարգես, սիրես ու գնահատես քո զինվորին, թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ պատերազմական իրավիճակում անպարտելի կլինես: Ի վերջո, գնահատված զինվորն ու սպան առավել հպարտությամբ ու նվիրումով կծառայեն, առավել  կկարեւորեն իրենց գործն ու իրենց առաքելությունը:

Ճիշտ ձևակերպեցիք՝ մի ընտանիքի պես: Մեզնից ամեն մեկը ոչ թե   ձեռքերը ծալած  պետք է նստի  ու սպասի,  որ վերադասը ինչ-որ ցուցում տա, նոր կատարի, մտածելով՝ կարեւորն իմ գործում չեմ թերացել, այլ հարկ է՝ ամենքս էլ համապատասխան նախաձեռնողականություն հանդես բերենք, սրտացավություն, ինչպես հարազատ օջախում, նկատել ենք որեւէ թերություն, խնդիր, ինքներս շտկենք, ինքներս կատարելագործենք: Սա նշանակում է՝ մի քայլ էլ առաջ գնալ:

-Պարոն գնդապետ, մի փոքր էլ պատմեք Ձեր ընտանիքից: 

-Ծառայության բերումով տարբեր վայրերում եմ եղել, անընդհատ  տեղափոխվել: Ինչ կարգի զորամաս էլ որ տեղափոխվել եմ, սահմանային որ գոտում էլ եղել եմ՝ կինս եւ երկու դուստրերս  միշտ կողքիս են եղել:

-Սահմանամերձ գյուղերի բնակչությունն առանձնահատուկ սեր եւ հարգանք ունի զինվորի, զինվորականի հանդեպ. զինվորն է իրենց խաղաղ կյանքի երաշխավորը:

-Սահմանին ապրող ամեն բնակիչ սահմանապահ է, իրենք էլ պակաս չեն ծառայում, թե  տարօրինակ, կասկածելի մի բան նկատեն, պարտադիր տեղեկացնում են՝   հրամանատա՛ր, սա էսպես չի…

Նոր տարուն, Բանակի տոնին էլ  գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպում, տարբեր դպրոցներից ու մանկապարտեզներից նամակներով ու քաղցրավենիքով լի ծանրոցներ են ուղարկում մեր զինվորներին: Թիկունքի ջերմությունը, հարգանքն ու սերն է՛լ ավելի են բազմապատկում զինվորի  ուժը:

 

ԱՄՈՒՐ ՈՒ ՊԻՆԴ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ

ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԵՍԶորամասի հրամանատար, գնդապետ Վահե Ավագյանի ուղեկցությամբ ուղեւորվում ենք մարտական հենակետ: Զինվորական ամենագնացը սրընթաց առաջ է շարժվում,  վարորդ Կարոն, վարպետորեն  հաղթահարելով ճանապարհի բազում  խոչընդոտները,  հասցնում է հենակետ: Ճանապարհի փոշին կուլ տված մեր թոքերն անհագորեն շնչում են մաքուր ու անապակ օդը:

Անձյուն ձմեռ է, թեեւ ավելի շատ կարծես գարուն լինի: Խաղաղ լռություն է, քիչ է մնում չհավատաս, որ պատերազմի ու խաղաղության սահմանագծին ես:

Առաջնագծում պայմանագրային զինծառայողներ են՝ հիմնականում տեղի սահմանամերձ գյուղերի բնակիչներով համալրված:  Տեղանքին ծանոթ լինելը հեշտացնում է ծառայությունը, այսկերպ նաեւ զբաղվածության խնդիրն է լուծվում, եւ պայմանագրային զինծառայողը միաժամանակ ընտանիքի կողքին մնալու հնարավորություն է ունենում:

Ջոկի հրամանատար, սերժանտ Աշոտ Թորոսյան.

-Արդեն վեց ու կես տարի պայմանագրային հիմունքներով ծառայում եմ: Փոփոխությունը շատ մեծ է, նկատելի, օր օրի ամրապնդվում, ամրանում է առաջնագիծը: Գիշերային տեսանելիության սարքերով դիտարկում ենք կատարում, յուրաքանչյուր շարժ գրի է առնվում դիտորդի մատյանում: Մենք այստեղ նաեւ մեր հենակետն ամրացնելու աշխատանքներ ենք կատարում` պատ ենք շարում, կահավորում ենք, ամրապնդում:

Այս վերջին շրջանում հանգիստ է, խաղաղ: Էս վեց  տարիների ընթացքում կրակոցներ շատ են եղել տարբեր տեսակի զենքերից, հատկապես  գյուղերի ուղղությամբ կրակոցները գարնանն ու աշնանն են ակտիվանում՝ գյուղատնտեսական եռուն աշխատանքների ժամանակ, մեկ-մեկ էլ լուսարձակող փամփուշտներով են կրակում՝ հիմնականում վախեցնելու նպատակով: Մեր ջոկի զինվորները գիտեն, որ աննպատակ, անիմաստ չպիտի կրակեն եւ ոչ մի փամփուշտ: Եթե կրակում ենք` սոսկ զսպելու, սաստելու, լռեցնելու նպատակով:

Ժամանակի ընթացքում առավել խորն եմ զգում, հասկանում, որ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը անփոխարինելի են: Ռուսաստաններում ապրող հարազատ-ծանոթ շատ ունեմ, կանչում են, ասում են՝ արի, էստեղ մի աշխատանք կգտնես, բայց չեմ գնում, չեմ հեռանում: Ո՞ւմ թողնեմ իմ հողը…. Դու պետք է տեր կանգնես, շենացնես, ծաղկեցնես քո երկիրը: Հողը կանգուն է, երբ մարդիկ ապրում-արարում են  այդ հողի վրա…Համ էլ մի բան հաստատ է՝ օտարի հողը երբեք հայրենիք չի դառնա:

Մի օր հեշտ, մի օր դժվար ապրում եմ իմ հողի վրա: Մի աղջիկ ունեմ եւ զույգ տղա` երկու ապագա հայրենիքի զինվոր…

Զյույցին միանում է 27-ամյա Արտյոմ Հալիվորյանը, բանակից զորացրվելուց կարճ ժամանակ անց պայմանագրային ծառայության է անցել:

-Պատվաբեր է մեր աշխատանքը՝ սահմանը պահում ենք, պաշտպանում: Մեր գյուղն էլ սահմանի բերանին է, անընդհատ կրակոցների տակ: Մեր հողը մենք պիտի պաշտպանենք: 15 օր ծառայում ենք, 15 օր տանը մնում: Մի աղջիկ ունեմ՝ երկու  տարեկան: Իջնում եմ տուն՝ երեխուս կարոտած, տունուտեղս կարոտած…

Մենք էստեղ ենք մեր երեխեքի համար, մեր ծնողների, մեր հայրենիքի համար: Ամուր ու պինդ կանգնած ենք:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ